ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Կառավարությունն ավելի քան 5 միլիոն դրամի վճարովի հեռուստաալիքներ է գնել. Արամ Հարությունյանի արձագանքը
13:35, 25.03.2018 | mamul.am
4378 | 0

«Ազատության» տեղեկեցմամբ, Կառավարության աշխատակազմը վճարովի ալիքներ դիտելու համար պետբյուջեից 2,5 միլիոն դրամ է հատկացրել: Ավելին, պայմանագիր է կնքել «Յուքոմ» ընկերության հետ, որի համաձայն աշխատակազմը հնարավորություն կունենա դիտելու նաև մանկական՝ «Տուն-տունիկ», «Детский мир», «Baby TV» և նմանատիպ այլ հեռուստաալիքներ:

Ըստ նույն լրատվամիջոցի՝ Ֆինանսների նախարարության էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգում տեղադրված պայմանագրերում նշված է, որ առնվազն 10 գերատեսչություններ և կոմիտեներ 2018 թվականի ամբողջ ընթացքում վճարովի հեռուստաալիքներ դիտելու համար 5 միլիոն դրամից ավելի գումար են վճարել։

Որքանո՞վ է այս ծախսն արդյունավետ և ինչպե՞ս կարող է այն ազդել տվյալ գերատեսչության գործունեության վրա:

Հանրային խորհրդի անդամ, նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը մեր թղթակցի այս հացադրմանը հակիրճ պատասխանեց. «Նախ պետք է հասկանալ, ուսումնասիրել, ստուգել, հետո նոր մեկնաբանել: Սակայն մի բան պարզ է, եթե դա կառավարության աշխատանքները բարելավելու համար է՝ լավ գործ է, բայց եթե դա պետք է ծառայի խաղեր խաղալուն, ապա լավ չի»:

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այլ կարծիքի է. «Ես կարծում եմ, որ Կարեն Կարապետյանն այնքան էլ իրավիճակին չի տիրապետում, և չի բացառվում, որ դա հատուկ սարքած է նրան վարկաբեկելու համար: Կարեն Կարապետյանը քաղաքական գործիչ չէ, այսպես ասած՝ չունի այն «հոտառությունը», որպեսզի հասկանա, որ եթե անգամ ինչ-որ մեկին պետք էր, կամ եթե նույնիսկ իրեն էր պետք, ապա ինչի համար դա պիտի արվեր: Օրինակ, նույն թանկացումների հետ կապված այդ պահն ընտրվեց այնպես, որպեսզի, կոպիտ ասած, վարկաբեկվի Կարեն Կարապետյանը: Հնարավոր է՝ սա նույնպես ինչ-որ տեղ «սղղացրել են», գնացել է, որովհետև, ի վերջո, անկախ ամեն ինչից, լծակային իմաստով իշխանության մեջ ֆորմալ առումով Կարեն Կարապետյանն է, որ հավակնություններ ունի այսօրվա իշխանության ղեկին եղած մարդկանց մեջ: Դրա համար պետք է սև գույներով ներկայացնեն Կարեն Կարապետյանին: Առաջին օրվանից Կարապետյանի վրա գնաց նաև սև փիառը, հետևաբար, չի բացառվում որ սա դրանցից մեկն է: Չեմ բացառում, որովհետև որևէ տրամաբանություն չկա դրա մեջ»,- ասաց Ա. Հարությունյանը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանը, որը հրաշալի տիրապետում է այդ համակարգին և գիտի թե ովքեր են շրջապատում Կարեն Կարապետյանին, կարող են անել այնպես, որ հերթական անգամ հիասթափեցնեն մարդկանց:

«Մի մարդ, ով քաղաքական գործիչ չէ, ուզում է լավ մաթեմատիկոս լինի, երաժիշտ կամ բժիշկ, չի կարող տեսնել այն վտանգները, որոնք կարող են իր դեմ օգտագործվել»,- կարծիք հայտնեց Արամ Հարությունյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր