ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Մեղրու Սբ. Հովհաննես վանքի պեղումներն ավարտին են մոտենում, ինչ արտեֆակտներ են հայտնաբերվել
23:50, 11.04.2018 | mamul.am
12629 | 0

Սյունյաց տան պատմիչ Ստեփանոս Օրբելյանը, Սյունիքի եպիսկոպոսանիստ վանքերն ու անապատները թվարկելիս առաջինը հիշատակում է Մեղրու Սբ Հովաննես վանքը: Ավելի ուշ՝ 17-18-րդ դդ., վանքի գոյության մասին տեղեկություններ է հաղորդում Աբրահամ Կրետացի կաթողիկոսն՝ իր «Պատմություն» աշխատությունում: Եվ վերջապես հայր Ալիշանը կարճ անդրադարձ կատարելով Մեղրիի եկեղեցիներին` հստակեցնում է Մեղրու վանքի տեղադրությունը, նշանակությունը և պարզեցնում անվան հետ կապված շփոթությունը: ժողովրդի շրջանում վանքը հայտնի է նաև «Անապաստանաց վանք» անվամբ, որից հասկանալի է դառնում, որ եկեղեցին նաև կացարան է եղել բազմաթիվ անապաստան ներգաղթյալերի համար:

Այսպիսով 13-րդ դարից գոյություն ունեցող սրբատեղին իր երկրորդ ծաղկումն է ապրել ուշ միջնադրում` ամենայն հավանականությամբ վերաշինվելով Պարսկաստանից ներգաղթած հայորդիների կողմից:

Մեղրու Սբ. Հովհաննես վանքի պեղումների արդյունքում հայտնաբերված արտեֆակտները

Այսօր երբեմնի վանքից կանգուն է միայն գմբեթավոր բազիլիկ եկեղեցին, որի պատերը շարված են անմշակ գրանիտով, իսկ գմբեթն՝ աղյուսով, ինչը բնորոշ է Մեղրիի և Նախիջևանի եկեղեցաշինությանը: Եկեղեցու միակ մուտքը արևմտյան մասում է, խորանի երկու կողմերում կան մեկական ցածրիկ ավանդատներ, որոնցից հարավայինի տակ թաքստոց-գաղտնարան է: Եկեղեցու երկու մույթերին առկա են 18-րդ դարում արված սրբերի, հրեշտակների և հոգևորականների որմնանկարներ: Կանգուն է նաև ուշ շրջանում կառուցված գավիթ-նախասրահի մի հատված, կացարանների և տնտեսական սենյակների հիմքեր:

Մեղրու Սբ. Հովհաննես վանքի պեղումների արդյունքում հայտնաբերված արտեֆակտները

2016թ. Ֆրանսիայում գործող «Երկիր և մշակույթ» հայկական, բարեգործական կազմակերպությունն ստանձնեց Մեղրիի Սբ Հովհաննես վանքի վերականգնման պատասխանատու և նվիրական աշխատանքը, որի իրականացման հիմնական մեկենասներն են ամերիկահայ բարերարներ Հայկ և Հիլդա Մանճիկյանները: Ըստ ծրագրի` նախատեսվում են եկեղեցու և նրան հարող տարածքի հնագիտական պեղումներ, քանդված հատվածների, գմբեթի, հնարավոր է նաև գավիթի վերականգնում և հիմքերի ամրակայում, տարածքի բարեկարգում, որմնանկարների վերականգնում: Հիշյալ աշխատանքներին ներգրավվել են նաև կամավորներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:

Այս օրերին շարունակվում են դեռևս 2016թ. մեկնարկած պեղումները (հնագետներ Հ. Բադալյան, Ա. Նալբանդյան. Տ. Ալեքսանյան), որով կավարտվի հուշարձանի հնագիտական հետազոտումը: Աշխատանքների արդյունքում եկեղեցուց արևմուտք բացվել են մի շարք օջախներ, թոնիրներ, ճարտարապետական կառույցների հատվածներ: Աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են թերի և ամբողջական խաչքարեր, կավե և մետաղե իրեր և այլն: Գտածոների շարքում մեծ թիվ են կազմում հատկապես եկեղեցական իրերը` մոմակալներ, կանթեղների, աշտանակների մասեր, թասերի հատվածներ, բոժոժներ այլն:

Այս տարի կատարվում են նաև հարավային ավանդատան տակ կառուցված և դեպի աղոթասրահը ձգվող գաղտնարանի պեղումները, որի ընթացքում հայտնաբերվել են ուշմիջնադարյան փաստաթղթերի, ձեռագիր և տպագիր մատյանների էջերի և կազմի պատառիկներ:

Մեղրու Սբ. Հովհաննես վանքի պեղումների արդյունքում հայտնաբերված արտեֆակտները
Նույն հատվածի պեղումներից են հայտնաբերվել նաև տպագիր Ճաշոցի (կամ Շարակնոց) մի էջ` ներկայացնելով ավետման թեման:
Մեղրու Սբ. Հովհաննես վանքի պեղումների արդյունքում հայտնաբերված արտեֆակտները

Նշենք նաև, որ պեղումներին զուգահեռ ընթանում են եկեղեցու վերականգնման աշխատանքները (վերականգնող ճարտարապետ Ստ. Նալբանդյան): Ներկայումս արդեն վերականգնված են եկեղեցու հյուսիս-արևմտյան քանդված հատվածը, գմբեթը, որին շուտով կտեղադրվի նաև խաչը:

Արման Նալբանդյան

Տիգրան Ալեքսանյան

ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր