ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Մարտունիի բնակիչներն ու քաղաքապետն` ընդդեմ փոքր ՀԷԿ-ի
19:05, 13.05.2018 | mamul.am
9556 | 1

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքը պահանջում է «Մարտունի» փոքր ՀԷԿ-ը շահագործող ընկերությունից վերացնել բնապահպանական խնդիրները և փոխհատուցում տալ պատճառված վնասների դիմաց:

«Ես տեսնում եմ, որ ոչ մի նորմ չի պահպանվում, դրել, հերն անիծել են գետի: Այդ գետում պետք է ջուր լինի, ձուկ լինի, ամբողջ ջուրը վերցրել են, անգամ անասուններին ջրելու համար ջուր չկա»,- էկոլուրի հետ զրույցում ասել է Մարտունիի քաղաքապետ Արմեն Ավետիսյանը:

Նա նշել է, որ կան բնակիչներ, որոնց հողատարածքում ՓՀԷԿ-ի շինարարության ժամանակ հենասյուներ են տեղադրել, խոստացել են փոխհատուցում տալ, բայց մինչ օրս չեն տվել:
«Այդ ՀԷԿ-ը խեղել է մեր բնությունը, Մարտունի գետում անգամ գորտ չի մնացել: Մենք այստեղ 8 ամիս ձմեռ ենք անցկացնում, այս ջրի և ձկան համար ենք մնացել: Ինչի՞ են եկել, տանում մեր ռեսուրսը, ո՞րն է մեր օգուտն այդ ՀԷԿ-ից»,- ասել է «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը:

Նա պնդել է, որ փոքր ՀԷԿ-ը կառուցվել է անօրինական, հանրային լսումներ բնակիչների մասնակցությամբ չեն անցկացվել: ՓՀԷԿ-ի մասին իմացել են միայն այն ժամանակ, երբ շինարարությունն ավարտվել է:

«Մենք ՀԷԿ-ի ջուրը չենք փակել, բայց նախազգուշացրել ենք իրենց, որ գան, բոլոր թղթերը բերեն, տեսնենք` պահպանվե՞լ է օրենքի տառը, իրավունք ո՞ւնի այդ ՀԷԿ-ն աշխատելու: Կստուգենք ամեն ինչը, հետո կորոշենք` թողնում ենք աշխատի, թե` ոչ,- ասել է քաղաքապետ Արմեն Ավետիսյանը և հավելել,- ոչ մի խոստում չեն կատարել, համայնքի համար ոչինչ չեն արել, մի քանի կոպեկ հողի վարձ են տալիս ու վերջ»:

Հարցին` ինչո՞ւ նախկինում չեք բարձրաձայնել այս խնդիրները, քաղաքապետը պատասխանել է. «Նախկինում գիտեինք, որ դրանք չեն լուծվելու, իսկ հիմա վստահ ենք` մինչև վարչապետ հասնելու է մեր բողոքը»:

Մարտունեցիները ՓՀԷԿ-ի ղեկավարության հետ պայմանավորվել են հանդիպել մայիսի 14-ին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր