ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Սերգեյ Սմբատյանն ու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ կունենան Եվրոպայի լավագույն բեմերում
23:15, 19.05.2018 | mamul.am
3266 | 1

Մայիսի 19-31-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթներ կունենա Մալթայում, Ավստրիայում և Գերմանիայում։ Համերգները կայանալու են եվրոպական լավագույն դահլիճներում՝ Բեռլինի ֆիլհարմոնիայում, Վիեննայի Musikverein-ում, որի Մեծ դահլիճը Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգասրահն է և իր ժամանակակից լուծումներով ու ակուստիկայով աշխարհի լավագույն համերգասրահներից մեկն է, Մյունխենի մշակութային կենտրոնում՝ Philharmonie Gasteig, որտեղ իր ելույթներն է ունենում Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախումբը,Գերմանիայի Շտուտգարդ, Վիսբադեն քաղաքների հեղինակավոր դահլիճներում, որտեղ բեմ են բարձրանում աշխարհի անվանի նվագախմբերն ու արտիստները։

Եվրոպական շրջագայությունները կմեկնարկեն մայիսի 19-ին Մալթայի մայրաքաղաք Վալետայից։ Վեց համերգների ընթացքում Եվրոպայի երաժշտասերներին կներկայացվեն մալթացի ժամանակակից հեղինակներ Ալեքսեյ Շորի, Ալբերտ Գարզիայի և ռուս մեծ կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու ստեղծագործություններից։

Նվագախմբի հետ որպես մենակատար հանդես կգան մեծանուն երաժիշտներ՝ դաշնակահարներ Նարե Արղամանյանը, Ինգոլֆ Վանդերը, ալտահար Դավիթ Աարոն Քարփենթերը։

Նշենք, որ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հիմնադրվել է 1968 թվականին, և այս տարի նշվում է կոլեկտիվի 50-ամյա հոբելյանը։ Նվագախումբը բազմիցս հանդես է եկել մաեստրո Սմբատյանի ղեկավարությամբ՝ գեղեցիկ զգացումներ պարգևելով ունկնդիրներին։ Մալթայի ֆիլհարմոնիկն այս երկրի առաջատար երաժշտական կոլեկտիվն է` մալթական կատարողական արվեստի ավանդույթների կրողն ու զարգացնողը։ Այն տարեկան շուրջ 70 համերգ է ունենում Մալթայում և այլ երկրներում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր