ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Մեր և նոր կառավարության միջև կա երկխոսություն». «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյան
11:40, 18.05.2018 | mamul.am
6631 | 0

«Երեկվա հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր: Խնդիրները շատ-շատ են, քննարկվել են դրանց պատճառները, լուծման ուղիները: Մենք լիովին գիտակցում ենք, որ դրանց լուծումը հեշտ չէ: Կարևորներից մեկը քաղբանտարկյալների թեման է: Իհարկե, այդ մասին էլ խոսվեց. դրա ուղղությամբ կոնկրետ գործողություններ են անհրաժեշտ: Միևնույն ժամանակ, մենք այս փուլում կարևորում ենք այն ձեռքբերումը, որին հասանք պայքարի միջոցով, և պետք է չանենք այնպիսի գործողություն, որը կարող է վնաս հասցնել դրան: Այն փաստը՝ երկխոսության, որ կա այսօր մեր և նոր կառավարության միջև, ողջունում ենք և ակնկալում, որ բարձրացված բոլոր հարցերը շուտափույթ իրենց լուծումը կստանան»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով երեկ՝ «Սասնա ծռեր» խմբի աջակիցների պատվիրակության հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանն, ասաց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը: Նա նշեց, որ այս պահին նպատակահարմար չի համարում ներկայացնել քննարկման մանրամասները. «Միայն մի բան հստակ է, որ այս երկխոսության թեման փակված չէ: Կառավարության հետ նման քննարկումները շարունակական են լինելու: Մեր խնդիրներին հանգուցալուծում կլինի, թե ոչ, միևնույն է, մենք շարունակելու ենք մեր պայքարը, մեր բողոքի ակցիաները, որոնք հիմնականում ուղղված են դատաիրավական համակարգի դեմ: Այդ ակցիաներն հենց այնպես չեն արվում, դրանք իրենց պատճառներն ունեն»,- շարունակեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնության անդամներն այսօր բողոքի ակցիաներ են իրականացրել ՀՀ գլխավոր դատախազության, Վճռաբեկ դատարանի մոտ: Հարցին՝ արդյոք դատարանների առջև իրականացվող ակցիաները որևէ կապ ունե՞ն վարչապետի հանդիպման հետ, մեր զրուցակիցն ասաց, որ բացարձակ չունեն. «Երեկ էլ, նախորդ օրերին էլ, եթե հիշում եք, մինչև վարչապետին հանդիպելը, նմանատիպ ակցիաներ եղել են նաև Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի մոտ: «Այդ ակցիաներն ուղղված են այդ կառույցների դեմ, ոչ թե իշխանության: Այո, քաղաքական իշխանությունը չպետք է միջամտի դատական գործընթացներին, բայց նաև չպետք է «լուռ» և «համեստ» լինի այդ անարդարությունների հանդեպ: Իսկ մեր ակցիաներն հենց այդ կառույցների անարդար դիրքորոշմանն են ուղղված»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր