ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Հաստատվել է Խաչատրյանի միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
11:10, 20.05.2018 | mamul.am
4411 | 2

Հաստատվել է Խաչատրյանի միջազգային մրցույթի ժյուրիի կազմը։ Հիշեցնենք, որ այս տարի մրցույթը կայանալու է թավջութակ մասնագիտությամբ։ Ժյուրին կազմված է 7 անդամից՝ երաժշտական աշխարհում հեղինակություն վայելող անուններ, որոնք հունիսի 6-14-ը մրցութային փուլերի ընթացքում ունկնդրելու են երիտասարդ թավջութակահարներին և որոշելու հաղթողներին։

Եվ այսպես՝ խաչատրյանական ժյուրին նախագահելու է մեծանուն թավջութակահար, Միչիգանի պետական համալսարանի պրոֆեսոր, լարային գործիքների ամբիոնի ղեկավար Սուրեն Բագրատունին։ Boston Globe-ը Սուրեն Բագրատունուն անվանում է «հազվադեպ ձեռքբերումների հասած թավջութակահար»:

Ժյուրիի կազմում է լինելու Deutsche Gramophone-ի արտիստ Մեհաե Ռյոն, ում վիրտուոզ կատարումները նրան դասում են Կորեայի Հանրապետության ամենաճանաչված թավջութակահարների շարքին: Ժյուրիին անդամակցում է հայտնի թավջութակահար, պրոֆեսոր Լին-Յի Ու Յանը, ով թավջութակ է դասավանդում Թայվանի պետական մանկավարժական համալսարանում: Լին-Յի Ու Յանը պահանջված ուսուցիչ է, միաժամանակ համերգներով հանդես է գալիս տարբեր երկրներում:

Ժյուրիի կազմում են նաև միջազգային մրցույթների դափնեկիր, մենակատար, կամերային երաժիշտ Վիկտոր Ուզուրը, ՌԴ ժողովրդական արտիստ, թավջութակահար, մանկավարժ, Մարիինյան թատրոնի մենակատար և դիրիժոր Սերգեյ Ռոլդուգինը, հայտնի Jess-Trio-Wien տրիոյի թավջութակահար Շտեֆան Կրոպֆիտշը, ինչպես նաև՝ հանրահայտ թավջութակահար Վեն-Սին Յանը։

Խաչատրյանի միջազգային մրցույթը տարածաշրջանի ամենահեղինակավոր երաժշտական ստուգատեսն է։ Այն Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է։

Նշենք, որ մրցույթի 1-ին մրցանակակիրը կստանա դրամական պարգև՝ 15000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2-րդ տեղը զբաղեցրած երաժիշտը կարժանանա 10000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մրցանակի, իսկ երրորդ մրցանակակիրը՝ 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարգևավճարի։ Կշնորհվեն են նաև մի շարք հատուկ մրցանակներ:
«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր