ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Պարզվել է լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտած անձանց ինքնությունը
18:55, 23.05.2018 | mamul.am
4899 | 1

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Lragir.am տեղեկատվական հարթակի լրագրող Թ.Ենոքյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:

2018թ. մայիսի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել 2018թ. ապրիլի 20-ին Երևան քաղաքի Արմենակյան-Մյասնիկյան փողոցների հատման մոտակայքում Lragir.am տեղեկատվական հարթակի լրագրող Թ.Ենոքյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործը։

Թ.Ենոքյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել: Վերջինիս ցուցմունքի համաձայն՝ 2018թ. ապրիլի 20-ին՝ ժամը 13-ի սահմաններում, Նորք-Մարաշ տանող ճանապարհին մի խումբ քաղաքացիներ փակել են փողոցը, իսկ մեկ այլ խումբ բռնություն կիրառել ցուցարարների նկատմամբ: Իրեն տեսնելով՝ երկու անձ՝ արական և իգական սեռի, բռնություն են գործադրել իր նկատմամբ՝ հարվածել տեսախցիկին, քաշել մազերը՝ արգելելով նկարահանում կատարել, որով խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական գործունեությունը:

Քրեական գործով ձեռնարկվել են մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, քննության առարկա դարձվել դեպքի վերաբերյալ առկա տեսագրությունը։

Արդյունքում՝ պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, նրանք Երևան քաղաքի բնակիչներ են: Կասկածյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր