ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Մրցույթի հանձնված գրքերս ետ եմ ստանում էջերն իրար կպած, անգամ չեն էլ թերթում». գրող Էդուարդ Խաչիկյանի բաց նամակը
00:10, 24.05.2018 | mamul.am
7420 | 1

ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ ԿԱՄ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈԳԵՎԱՐՔԸ

ԲԱՑ ՆԱՄԱԿ՝
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ
ՀՀ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Երևան, 2017-18թ.թ. ՙՊետական մրցանակ՚ գրականության բնագավառում:
Հանձնաժողովում նորից կեղծիք ու շշուկներ՝ գորշը սպիտակեցնելու, ճերմակը սևացնելու ջղամաշ տենդացավ, մտերմիկ-խնամիական կապեր՝ մրցանակաբաշխության ավարտից հետո շրխկուն կենացներով և բարոյականի գլխատում՝ ի փառս ամենակարող Մամոնայի: Բանից պարզվում է, այս երկրում գեղարվեստական արձակն այլևս տեղ չունի, արձակի հողն ամլացել է, արարման երակը չորացել, պարզվում է՝ 8 տարի շարունակ հաղթողի դափնիները տանում են կամ հոգնած քերթվածքները կամ էլ…
Աստված սրանց հետ:
Ամեն ոք ստեղծում է ճիշտ այնքան, որքան տրված է ի վերուստ, բայց հանձնաժողո՛վը. էս սարն ի՛մն է, էս ծառն ի՛մն է, ծառում փչակ կա, փչակում` մի բույն… Մինչ այժմ էլ ինձ համար անհասկանալի է, թե ինչպես են դրանք ձևավորվում՝ ինչպես են տարիներ շարունակ նույն աթոռին սերտաճում մարդիկ, որոնք ընտրությունը կատարում են ո՜չ ըստ երկի գեղարվեստական արժանիքի, այլ քավոր-սանիկության ու ծանոթության դիմակի տակ թաքնված, այն էլ՝ «նախագահի մրցանկի» անվան տակ:
Եվ չեն կարդում:
Նախապես «վճռում» են, թե գրական երամից ով է բոլորի առջևից թռչելու և վերջ: Մրցույթի հանձնված գրքերս ետ եմ ստանում էջերն իրար կպած, անգամ՝ չեն էլ թերթում։ Հանձնաժով-ճահիճ, որ սովոր է կուլ տալ տարազան արժեքներ, որ թողնում է միայն թեթև-անկշռելին՝ հանց եթերային փոշի. գորշ, ցեխագույն ու անպատճառ նամշահոտ:
Անպատժելիությունը նոր մորուտ է ծնում՝ գորշի հիշողությունը երակներում…
Թևակոտո՞ր է խոսքս. է՜, թող՝ մեր լավատեսության ճակատին կացնով են զարկել, կացնի բութ կողմով, ցուլ տապալելու նման: Ութ անգամ անցա մրցանակային քավարանի միջով, տեսա անկիրք ու անտարբեր դեմքեր, համբերեցի-դիմացա, և այդպես էլ չհասկացա, որ ոգորման թիանավում բոլորն էլ նույն վիճակում են, բացառությամբ թմբուկահարի, որին շնորհված է «չափ պահողի» պաշտոնը:
Չէ՜, խառնափնթոր քաոսը չի հստակվում, չեն երևում կառամատույցի փրկարար ուրվագծերը. ո՞վ է հրապարակայնորեն ներկայացնելու «շահած» երկի իրական արժեքը, ո՞վ է «մերժված» գործի մերժվածությունը հիմնավորելու:
Չի՜ք: Սոսկ շահել է այսինչն ու վերջ, հաջորդ անգամ՝ այնինչն ու վերջ. ամենակուլ մսաղաց, որն աղում է ամեն ինչ, բացի մսահան ոսկորներից:
Նախորդ յոթ պատմավեպերս՝ «Սարգիս զորավար»-ից մինչև «Սմբատ Գունստաբլ» անտեսի ձեռքով խոտանվեցին, իսկ «Եվ արևը մայր մտավ լուսաբացին» վեպս, և որը 2015թ. արժանացավ ՀՀ Գրողների միության և Մշակույթի նախարարության Դ. ԴեմԻճյանի անվան լավագույն արձակ անվանակարգին, նույնպես դեն շպրտվեց ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՎԱՆ «ՄՐՑՈՒՅԹԻՑ»։ Իհարկե, ես չէ, որ պետք է դրանք արժևորեմ: Գիրքը ընթերցողինն է և նա է իրական դատավորը, այն տրոփող զարկերակը, որ զգում է երկի երկարակեցությունն ու մահաժամը:
Այս անգամ ներկայացրել էի «ԳՐԱՎԱՃԱՌԸ» վիպակը որ ծանոթ է ֆեսյբուքյան գրքասեր ընկերներիս և որն ունեցել է բազմաթիվ դրական արձագանքներ: Եւ ի՞նչ: Նորից նույնը. գորշ, միանման հոգնած դեմքերը, որ թշնամի են հայրենի գրականությանը. նշեմ միայն, որ անհիշելի ժամանակներից վերոհիշյալ անփոփոխ հանձնաժողվի «անփոխարինելի» նախագահ՝ Ազատ Կոմունարի Եղիազարյանը վաղուց հանգած հրաբուխ է՝ 75 տարեկան է, հանձնաժողովի անդամ՝ Նատալիա Ալեքսանդրի Գոնչար՝ 81 տարեկան, թարգմանչուհի, որը բավարար չափով չի տիրապետում հայրենին և այլն։
Հանձնաժողովի աշխատանքներն աննկատ վերաճել են բիզնեսի՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։ Իսկ ամենից զավեշտալին այն է, որ ոչ ոք չգիտե, թե ինչպե՞ս է կազմավորվել այդ հանձնաժողը և ո՞ւմ կողմից, որն իրեն իրավունք է վերապահել հայ ստեղծագործողներին մրցակցության մեջ դնել հանրաճանաչ օտարների կողքին։ Թերևս երկու տարի առաջ հերթական հաղթող ճանաչվեց Զավեն Բոյաջյանի կողմից իտալերենից թարգմանված Էկոյի «Վարդի անունը» վեպը, այս տարի՝ Արա Առաքելյանի՝ Հերման Հեսսեի «Հուլնքախաղ» վեպի թարգմանությունը։ Բայց խնդիրն այն է, որ ոչ միայն ոտնահարվում են հայ գրողի իրավունքներն, այլև հանձնաժողովում համապատասխան մասնգետներ չկան, որոնք կորոշեին, թե այդ թարգմանությունն արժանի՞ է մրցանակի, թե՞ ոչ։ Բացի այդ, Հայաստանում վաղուց ի վեր գործում է «Թարգմանչաց տոնը»՝ իր համապատասխան պարգևներով. ի՞նչ կապ ունի թարգմանությունը գրական մրցույթի հետ։
Եվ հռետորական մի հարցադրում ևս՝ ՍՈՒՅՆ ՀԱՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՔԱՆԻ՞ ԱՆԴԱՄ ԿԱ, ՈՐ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ Է ԻՏԱԼԵՐԵՆԻՆ ԿԱՄ ԳԵՐՄԱՆԵՐԵՆԻՆ։
21 գիրք եմ հեղինակել և երեք գեղարվեստական ֆիլմ, անցել արցախյան արնացայլ ճանապարհով, տեսել եմ պաշտոնի մեջ պարփակված մտավորականի երկվությունը, իմաստնացել մազերիս ճերմակով, բայց Աստծո կամոք դեռ կամ, որպեսզի գրիչս ծառայեցնեմ ժողովրդիս: Դա՝ ես: Սակայն ի՞նչ անեն այն երիտասարդ, հիրավի տաղանդաշատ գրողները, որ հույս են փայփայում, թե գրական դափնի շահելով՝ կհարթեն իրենց ապագա գրքերի տպագրության գործը, կգտնեն այն ուղին կամ մոգական շավիղը, որ դեպի Պառնաս է տանում:
Ավա՛ղ, ինքնահաստատման ու ճանաչման ջղահան անող ճիգեր, ուրիշ ոչինչ:
Հանձնաժովի նախագահ և նորի թշնամի Եղիազարյանը՝ Ծուռ Դավթի նման ճոճեց իր «Թուր կեծակին», զարկեց առանց զարկվելու վախի, քանզի առջևում ո՜չ Մսրա Մելիք կար, ո՜չ էլ Մսըր աշխարհ: Գիտեր՝ ո՞վ է իրեն դատելու, ո՞վ է բռնելու բարոյականը քանիցս բռնաբարած իր «վայ գրականգետի» սև ձեռքը. երևի ճիշտ էր մեծանուն պոետը, ասելով՝ ագռավը թող հա՜ կռկռա, պանիրը մեկ է՝ կարմրաթուշ աղվեսինն է…
Ո՞վ է, «պատվելինե՜րս», ձեզ իրավունք տվել սպանել հավատը, գլխատել թվացյալ ողջակեզը կամ դատավորի մուրճիկն իջեցնել Քերթության ճակատին, ո՞վ է իրավել, որ գրականության դեմքին խորշոմներ նկարեք:
Այո՜, աթոռը որքան սերտաճելու, նույնչափ և ժանգակալելու հատկություն ունի, եթե անգամ… փայտից է: Մինչև ե՞րբ է ազգակործան այս անբարոն իր հաղթարշավը շարունակելու, ե՞րբ է գրողը զգալու, որ գնահատվում է ըստ տաղանդի, ըստ աստվածատուր շնորհքի, բայց ոչ կամոքն պատեհապաշտների, որոնց նախընտրելի տիրույթը… լորձածոր սարդոստայն է.
Կարծում եմ, որ սույն Հանձնաժովի կոռումպացված կազմը պետք է հրատապ լուծարվի, իսկ մրցույթի ընթացակարգը զարգանա հրապարակային քնարկումների միջոցով, այլապես՝ մի՞թե մեր ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԷԼ այս ախտածին ուռուցքը շարունակելու է իր մետաստազներ տալու հայակործան հատկությունը…

Էդուարդ Խաչիկյան, ՀԳՄ անդամ

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր