Վրաստանի նախագահի հրավերով Թբիլիսիում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ։ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի Պետականության վերականգնման 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու հրավերի և ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Նա ասել է, որ մի քանի օրից Հայաստանը ևս կնշի Առաջին Հանրապետության 100-ամյակը։ Նախագահի խոսքով, երկու ժողովուրդների համար պատմական այս հոբելյանների հիմքում ընկած է ազատության գաղափարը, որը շարունակում է առաջնորդող մնալ նաև այսօր: Նախագահ Սարգսյանը հայ-վրացական երկկողմ հարաբերությունները բնութագրել է որպես բարիդրացիական և գործընկերային, որոնք շարունակում են դինամիկ զարգանալ փոխվստահության մթնոլորտում։ «Ավանդական բարեկամության և մեր ժողովուրդների միջև փոխըմբռնման պատմական հենքի վրա խարսխված ակտիվ միջպետական երկխոսությունը լուրջ նախադրյալներ է ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար»,- ասել է Հայաստանի ղեկավարը։ Երկու երկրների նախագահները խոսել են նաև Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխությունների և հայ-վրացական հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Նրանք վստահություն են հայտնել, որ կողմերը համատեղ ջանքերով ի զորու են ոչ միայն պահպանել եղածը, այլև նոր ազդակ հաղորդել փոխշահավետ համագործակցությանը՝ այն բարձրացնելով որակապես նոր մակարդակի: |