ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Երգիչ Գոշն՝ իր նոր տեսահոովակի և հետագա անելիքների մասին
01:15, 28.05.2018 | mamul.am
13588 | 0

Օրերս երգիչ, դերասան Գոշը ներկայացրեց իր նոր՝ «Սրտիս հասցեն» երգը և տեսահոլովակը: Երգի խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, իսկ երաժշտությանը՝ Վարդան Գալստյանը: Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Դավիթ Զոհրաբյանը՝ «Ոսկե դպրոց» սիթքոմի շրջանակներում, որտեղ այժմ նկարահանվում է Գոշը՝ մարմնավորելով գլխավոր հերոսներից մեկին:

MAMUL.am-ը զրուցել է երգչի հետ՝ տեսահոլովակի նկարահանման մանրամասների, այն սիթքոմի շրջանակներում նկարահանելու որոշման և հետագա անելիքների մասին:

«Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր դրական արձագանքների համար, որոնք ստացել եմ այս օրերի ընթացքում: Իսկապես ուրախ եմ, որ ինձ, ինչպես նաև սիթքոմին հետևողների շրջանում գնահատվել է իմ նոր աշխատանքը,- նշեց Գոշն, ապա շարունակեց,- ինչ վերաբերում է տեսահոլովակը սիթքոմի շրջանակներում նկարահանելուն, ասեմ, որ սա քայլ էր, որի միջոցով մենք փորձեցինք թարմություն հաղորդել իմ և դերասանուհի Եվա Զոհրաբյանի կերպաներին՝ Դավիթին և Անիին, ովքեր «Ոսկե դպրոց»-ում հանդես են գալիս որպես սիրահար զույգ»,- պատմեց երգիչ-դերասանը:

Վերջինիս խոսքով՝ իր և սիթքոմի անձնակազմի կողմից տեսահոլովակը նման կերպ մատուցելն այլ նպատակ չի ունեցել. «Գուցե շատերի մոտ տպավորություն լինի, որ սա PR քայլ էր մեր կողմից, բայց, հավատացեք, նման բան չկա: Ես պարզապես ցանկանում էի որակյալ, գունավոր, ինչ-որ մի տեղ նաև սիրահար զույգերի սրտերին դիպչող աշխատանք կատարել, որը, կարծում եմ, ինձ մոտ ստացվեց՝ շնորհիվ այն մարդկանց, որոնց հետ աշխատել եմ»,- նկատեց Գոշը:

Անդրադառնալով տեսահոլովակի հերոսուհուն՝ Եվա Զոհրաբյանին, Գոշն ասաց. «Ինչպես արդեն նշեցի, սիթքոմում իմ և Եվայի կերպարները սիրահար զույգ են և, բնականաբար, այս դեպքում տեսահոլովակի հերոսուհին պետք է լիներ հենց Եվան: Եվ հենց այս փաստից ելնելով՝ տեսահոլովակի նկարահանման օրերին անգամ խնդիր չունեինք կերպարի մեջ մտնելու, սա, կարծես թե, շարունակությունն էր այն ամենի, ինչը մինչ այդ ներկայացվել էր «Ոսկե դպրոց»-ում: Եվայի, ինչպես նաև սիթքոմի ողջ անձնակազմի հետ աշխատելն իսկապես ինձ համար շատ հաճելի էր»,- շեշտեց Գոշը:

Հարցին՝ արդյո՞ք հնարավոր է ապագայում այս տեսահոլովակն ունենա իր տրամաբանական շարունակությունը, Գոշը պատասխանեց.

«Չեմ կարծում, քանի որ արդեն սկսել եմ նախապատրաստվել իմ նոր երգի և տեսահոլովակի աշխատանքներին, որը, հավանաբար, հեռուստադիտողների դատին կհանձնեմ հուլիս ամսին: Այն արդեն կլինի իմ՝ թվով 4-րդ տեսահոլովակը: Որքան էլ որ սիթքոմի շրջանակներում զբաղվածությունս շատ է, միևնույնն է, անում եմ ամեն բան, որպեսզի իմ` երգչի գործունեությունը որևէ կերպ չտուժի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր