mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.03, EUR 550.85, RUB 7.23, GBP 617.31
+20 °C, +18 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Չո Լա Աունի անունն արձանագրվեց «Մատյան Մարդասիրաց» ձեռագրում
02:00, 13.06.2018

2018թ. հունիսի 10-ին «Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկիր Չո Լա Աունի անունն արձանագրվեց «Մատյան Մարդասիրաց» ձեռագրում, որը 21-րդ դարի բացառիկ մատյան է և առաջինը, որը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում։

«Մատյան Մարդասիրացն» «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեության տարեգրությունն ամփոփող ձեռագիր մատյան է և հանրությանն է ներկայացվել 2018 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի ոգեկոչման օրը։ Այդ օրն ազդարարվել են նաև «Ավրորա» մրցանակի 2018թ. հերոսների անունները՝ արձանագրվելով «Մատյան Մարդասիրաց» ձեռագրում: Այն ամեն տարի համալրվելու է «Ավրորա» մրցանակի ազդեցությունը ներկայացնող պատմություններով, ինչպես նաև մրցանակի հերոսների և դափնեկիրների պատմությունները ներկայացնող 365 (նահանջ տարում՝ 366) բառանոց տարեգրություններով։

«Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունի անվան արձանագրմանը նվիրված հանդիսավոր արարողությանը մասնակցում էին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև «Ավրորա» մրցանակի նախորդ տարիների դափնեկիրները՝ Մարգարիտ Բարանկիցեն և Թոմ Քաթինան։ Միջոցառման բարձրակետերից էր այն հուզիչ պահը, երբ Վարդան Գրեգորյանն իր ստորագրությունը զետեղեց «Մատյան Մարդասիրացի» տիտղոսաթերթումա, որն ապրիլի 24-ին ստորագրվել էր Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի կողմից։ Բոլոր համահիմնադիրների ստորագրությամբ տիտղոսաթերթը դառնալու է ձեռագրի անքակտելի մասը։

Հյուրերին սպասում էին «Ավրորայի» կամավորները՝ 2018թ. դափնեկրին պատվելու։ Պաշտոնական մասի ավարտից հետո հյուրերը հնարավորություն ունեցան ըմբոշխնելու հայկական երգի և պարի «Կարին» համույթի ներկայացումը և միանալու հայկական ավանդական քոչարի շուրջպարին։ Ներկաներին ներկայացվեց նաև երաժշտական ռիթմիկ գործ՝ «Վահագն» դհոլահարների համույթի կատարմամբ։

Մատենադարանը միջնադարյան ձեռագրերի և տպագիր գրքերի հարստագույն հավաքածուներից մեկն է աշխարհում, ուր պահվում են պատմությունից ու փիլիսոփայությունից մինչև բժշկության ոլորտին վերաբերող մատյաններ։ «Մատյան Մարդասիրացը» կպահվի հայկական մշակութային և մարդասիրական արժեքների պահպանության կարևորագույն կենտրոն Մատենադարանում ներկայումս ամփոփված ավելի քան 20,000 պատմական մեծարժեք ձեռագրերի կողքին։ «Ավրորա» մրցանակի 2019թ. հերոսների անունները հայտնի կդառնան և կգրվեն «Մատյան Մարդասիրաց» ձեռագրում 2019թ. ապրիլի 24-ին։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր