Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 484.13, EUR 556.80, RUB 7.41, GBP 630.63
+11 °C, +11 °C ... +20 °C Vaghy:+20 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Այսօրվա շատ դժվար ապրող սերունդը չէ, որ իր զրկանքները շարունակելով պիտի վճարի ապագա թոշակառուներին». Հրանուշ Խառատյան
17:20, 13.06.2018

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօրվա շատ դժվար ապրող սերունդը չէ, որ իր զրկանքները շարունակելով պիտի վճարի ապագա թոշակառուներին:

Ուզում եմ հասկանալ, երբ կառավարությունն ասում է, թե կուտակային կենսաթոշակի համար վճարող քաղաքացիները հուլիսի 1-ից 5 տոկոսի կփոխարեն կվճարեն 2,5 տոկոս, իսկ կառավարությունը մինչ այս վճարած 5 տոկոսի փոխարեն կվճարի 7,5 տոկոսը, որտեղի՞ց է վերցնելու այդ 7,5 տոկոսը կազմող գումարները: Որքան հասկանում եմ՝ պետական բյուջեից: Այսինքն՝ քաղաքացիների վճարած եկամտահարկից: Չի՞ ստացվում արդյոք, որ կառավարությունն այդ ապագա թոշակառուների համար այսօր գումար վճարելու համար պիտի առանց այն էլ սուղ, բայց անհրաժեշտ ինչ որ ծախսեր կրճատի, օրինակ՝ կրթությունից, առողջապահությունից, կամ, օրինակ, կարող էր ավելացնել բյուջեից աշխատավարձ ստացողների աշխատավարձերը կամ թոշակառուների թշվառ թոշակները, կամ գերթշվառների սոցիալական նպաստները, բայց հիմա դա չի անի, որպեսզի այսօրվա երիտասարդներն ապագայում քիչ թե շատ շոշափելի թոշակ ստանան: Եվ բեռ չդառնան հասարակության վրա: Եվ այդ ապագա թոշակի մեջ այսօրվա հարկատուների ներդրումը լինելու է 7,5 տոկոս, բուն թոշակառուներինը՝ 2,5 տոկոս: Սրա՞ մասին ենք խոսում, թե իբրև այսօրվա երիտասարդները կուտակայինով ապահովում են իրենց ծերության թոշակը, իսկ իրականում այդ թոշակն ապահովելու են 40-50 տարվա աշխատանքային ստաժ ունեցող այսօրվա 50.000 դրամ ստացող կիսասոված թոշակառուներին կրկին կիսասոված պահելով:

Կամ հարցի մյուս կողմը: Մի բան է 100.000 դրամ աշխատավարձով աշխատողի համար վճարվող 7;5 տոկոսը, բոլորովին այլ բան՝ մեկ մլն աշխատավարձ ստացողի համար վճարվող 7.5 տոկոսը: Ստացվում է, որ հենց հիմիկվանից տաս անգամ բարձր աշխատավարձ ստացողի ապագա թոշակի համար այսօրվա սուղ բյուջեի միջոցներից կուտակվելու է տաս անգամ ավել թոշակի գումար, և սա՝ ոչ թե նրա եկամտից, այլ բոլոր հարկատուների գումարներից: Հասկանալի է, իհարկե, որ 1 մլն աշխատավարձ ստացողն արդեն իսկ ավելի շատ եկամտահարկ է վճարում, բայց ո՛չ տաս անգամ ավել: Չխոսելով «արդարության» մասին, որը մեր հեղափոխության կարևորագույն արժեքն ենք համարում, և որն այս դեպքում շատ կասկածելի «արդարություն» է, ո՞րն է սրա նպատակահարմարությունը հասարակական համերաշխության մասով: Որ այսօրվա տարեցներն ատեն այսօրվա երիտասարդների՞ն իրենց թոշակների հնարավոր բարձրացման կորստի համար, կամ՝ ցածր աշխատավարձ ստացողները բարձր ստացողներին ատելու և՞ս մեկ առիթ ունենան:

Այս վատ մշակված ծրագիրը հնարավոր էր դարձել ՀՀԿ ռեժիմի դեպքում, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ արտագաղթի մեծ չափերի պատճառով Հայաստանը դառնում էր շատ ծերացող երկիր և շուտով տարեցների թիվը պիտի գերակշռեր աշխատունակների թվին՝ նրանց վրա ընկնելով որպես ծանր բեռ: Փորձում էին ինչ որ լուծում տալ այդ սպասվող մղձավանջին:

Հարցի մյուս կարևոր կողմն այն է, որ գյուղացիությունն այդպես էլ չի հասկացել «կենսաթոշակային համակարգ» կոչվածը, չի ներգրավվել կուտակայինի մեջ և ինչպես այսօր չի ստանում աշխատանքային թոշակ, քանի որ կոլխոզում աշխատող կամ տնամերձով ապրող գյուղացու աշխատած տարիներն «աշխատանքային ստաժ» չեն համարվում, այդպես էլ ապագայում թոշակ չի ստանալու՝ հիմնադրամներում ապագայի թոշակ չկուտակելով: Նա ոչ մի գործատու, հաշվապահ չունի, նա եկամուտ եթե ունի էլ, ֆորմալ «աշխատավարձ» չունի և ոչ ոք նրան չի կարող հարկադրել ընդգրկվել պարտադիր կուտակայինի մեջ: Նա հենց գործնական կամավորն է, ում մենք համարում ենք աշխատող, բայց ով միշտ դուրս է ընկնում աշխատող մարդկանց հաշվարկներից: Արդյունքում այսօրվա երիտասարդ գյուղացիները՝ ապագա տարեցների առնվազն 1/3-ը թոշակային տարիքի շրջանում ՀՀ-ում այդպես էլ թոշակի երես չեն տեսնի և սոցիալական բեռ կմնան այդ ապագա հասարակության վրա: Գուցե այդ ապագա հասարակությունն էլ իր կառավարության նիստում մի որոշում կընդունի, որի համաձայն կուտակայինով իրենց թոշակների մի մասը վճարած քաղաքացիներին կտան հենց այդ՝ իրենց վճարած մասով, իսկ պետական բյուջեից համալրած 7,5 տոկոսի մասին բաժին կհանեն ապագա թոշակ չստացողների՞ն:

Կարծում եմ մեր կառավարությունը պարտադիր կուտակայինի մասով մինչև վերջնական որոշումը հաստատելը մտածելու լուրջ պատճառներ ունի: Այսօրվա շատ դժվար ապրող սերունդը չէ, որ իր զրկանքները շարունակելով պիտի վճարի ապագա թոշակառուներին»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր