Դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանը Գերմանիայում վիրահատվել է երրորդ անգամ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Երևանի բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը: «Շատ լավ լուր ունենք Գերմանիայից!!! Հիշեցնենք, որ Ալբերտին արդեն երկու անգամ վիրահատել են Գերմանիայում այս տարվա սկզբին։ Սա վերջին՝ պլաստիկ վիրահատությունն էր։ Նախնական քննության տվյալներով՝ ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Դալլաքյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել 2016թ. հունիսի 24-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի գետնատնակում՝ դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով: Մասնավորապես՝ պարզվել է, որ դասակի հրամանատար, լեյտենանտ Ա.Նահապետյանը ինքնաձիգը լիցքավորելուց հետո պատահաբար սեղմել է ձգանն, ինչի արդյունքում արձակված գնդակը դիպել է գետնատնակում գտնվող Ա.Դալլաքյանի գլխին՝ անզգուշությամբ պատճառելով գլխի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում՝ կյանքին վտանգ սպառնացող: |