ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Փոփոխություն պատվաստումների քաղաքականության մեջ. երեխան կստանա միայն 4 դեղաչափ վեցավալենտ պատվաստանյութ. ԱՆ
18:25, 21.06.2018 | mamul.am
7828 | 0

Առողջապահության նախարարությունը հայտնում է պատվաստումների քաղաքականության մեջ առաջիկա փոփոխությունների մասին: Այս առումով պարզաբանենք հետևյալը. նախ հնգավալենտ (դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլուսային Բ վարակ) և բերանային (կաթիլով ստացվող) պոլիոմիելիտի պատվաստանյութերը կփոխարինվեն միանգամից մեկ՝ վեցավալենտ պատվաստանյութով:

Երեխան պատվաստումների այսօրվա օրացույցով ստանում է 4 դեղաչափ հնգավալենտ պատվաստում և դրանց հետ 5 դեղաչափ բերանային կենդանի և 1 դեղաչափ ապաակտիվացված ներարկման պոլիոմելիտի պատվաստանյութ: Փոփոխության արդյունքում երեխան կստանա միայն 4 դեղաչափ վեցավալենտ պատվաստանյութ՝ պահանջվող նվազագույն քանակը (դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլուսային Բ վարակ, ապաակտիվացված պոլիոմելիտ): Վեցավալենտն ամբողջությամբ կփոխարինի ներկայում ստացվող հնգավալենտ պատվաստմանը՝ մեկտեղելով մինչ այժմ առանձին ստացվող պատվաստանյութերը:

Բացի այդ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության երաշխավորմամբ, փոխվում է պոլիոմելիտի պատվաստանյութի բաղադրությունը. դրա մեջ մտնող թեև թուլացված, բայց կենդանի վիրուսը փոխարինվում է ոչ կենդանի, ապաակտիվացված վիրուսով: Նախատեսվում է մինչև 2020 թվականն ապահովել «Աշխարհն առանց պոլիոմիելիտի» կարգավիճակը, որի շրջանակներում բոլոր երկրները 2018-ից աստիճանաբար կատարում են նշված փոփոխությունը: Հայաստանը ևս որդեգրում է ԱՀԿ մոտեցումն ու այս աշնանից փուլային անցում կկատարի պատվաստումների նոր ընթացակարգին:
Այս մոտեցումն արդեն կիրառվում է զարգացած տարբեր պետություններում, ինչպես նաև հետխորհրդային մի շարք երկրներում՝ Վրաստան, Մերձբալթյան հանրապետություններ, և փաստել է իր արդյունավետությունը:

Բացի պոլիոմելիտի պատվաստանյութից՝ փոփոխվում է նաև կապույտ հազի բաղադրիչը. դեղաչափը մնում է նույնը, փոխվում է հակածինների կազմը:

Այս համատեքստում որոնք են հնգավալենտի և վեցավալենտի տարբերությունները. Վեցավալենտն առավել փոքր թվով երեխաների մոտ կառաջացնի ջերմային ռեակցիա, քանի որ դրա բաղադրության մեջ կապույտ հազի հակածինները մոտ հինգ անգամ պակաս են:
Ակնկալվում է, որ հետպատվաստումային առավել թեթև ընթացքի դեպքում կավելանա պատվաստումների քանակը, ինչի արդյունքում կնվազի կապույտ հազով ընհանուր հիվանդացությունը: Այնինչ, նկատենք, որ վերջին շրջանում վարակի որոշակի աշխուժացում է նկատվում:
Պատվաստանյութերի մեկտեղմամբ պատվաստումների թվի կրճատումը՝ 3 ներարկման փոխարեն 2-ը, նաև հոգեբանական ազդեցություն կունենա:
Միաժամանակ, նախարարությունը վստահեցնում է, որ պատվաստման ողջ գործընթացի պատշաճ իրականացումը, մասնավորապես, ընթացակարգերի ճշգրիտ պահպանումը և հետպատվաստումային դիտարկումներն առաջնահերթ են և մշտապես գտնվում են ուշադրության առանցքում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր