Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցը բարդ կացության մեջ է հայտնվել։ Այս մասին հայտնում է մարզադպրոցի տնօրեն Ալեքսանդր Կիրակոսյանը։ «Երբ ես այստեղ որպես տնօրեն աշխատանքի անցա, ոչինչ չկար։ Շուրջ 60 պատուհաններից ոչ մեկի վրա ապակի չկար, միայն մի քանի մեքենա աղբ կար: Անհրաժեշտ էր շատ արագ լծվել աշխատանքի: Ես այն տնօրեններից եմ, ով բախտ է ունեցել աշխատել այնպիսի կոլեկտիվի հետ, ինչպիսին մերն էր: Աշխատեցինք մի մարդու նման, նվիրվեցինք այս պատերին, այստեղ մարզվող սաներին ու որոշ չափով կարողացանք հաստատության մեջքն ուղղել։ Բայց մարզադահլիճը վերանորոգման կարիք ունի, սանհանգույցների ու հանդերձարանների նորոգումն էլ կիսատ մնաց՝ ֆինանսների բացակայության պատճառով, տանիքի վերանորոգման հետ կապած ևս մի փոքր խնդիր կա։ Ինչքան էլ աշխատակազմը նվիրյալ լինի, որքան էլ որ լավատես լինենք, միևնույնն է, քաղաքապետարանի ոչ մեծ հատկացումներով զգալի արդյունքներ չենք ունենա»,- նշել է նա: |