ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Կանաչ միջոցառումներ՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (CWR) և Ուրցաձոր համայնքում
13:30, 07.07.2018 | mamul.am
9777 | 0

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործակցության արդյունքում, էլեկտրական հեծանիվների լիցքավորման արևային կայաններ են ստեղծվել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) երկրորդ անտառակայանի և Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի տարածքում: «Արևորդի» հասարակական կազմակերպության «Կանաչ շարժունակություն» նախագծով կառուցված հեծանվակայանները զինված են արևային վահանակներով և մարտկոցներով: Արդյունքում, հեծանիվները լիցքավորվելու են բացառապես արևային էներգիայով՝ կանխելով մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումը։ Ծրագրի կարևոր մյուս նպատակը էկո-տուրիզմի զարգացումն է։

Կանաչ միջոցառումներ՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (CWR) և Ուրցաձոր համայնքում

Կանաչ միջոցառումների շարքում, գործարկվել է նաև արևային ջրատաքացուցիչ համակարգ՝ Արարատի մարզի Շաղափ գյուղում գտնվող «Հօլանի» բնամթերքի մշակման արտադրամասում: Բնապահպանական բաղադրիչով ջրատաքացուցիչը թույլ կտա արտադրամասն ապահովել մշտական տաք ջրով՝ առանց արտանետումների տաքացնելով մինչև 300 լիտր ջուր: «Հօլանի»-ն սոցիալական նպատակ հետապնդող ձեռներեցություն է։ Հասույթը ներդրվում է Ուրցաձոր համայնքային փնջի տնտեսական և սոցիալական զարգացման գործում՝ նպաստելով աղքատության կրճատմանը։

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (CWR) աշխատանքների արդյունավետության բարձրացման նպաստելու համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անձնական աջակցությամբ ձեռք է բերվել հրդեհաշիջման աշխատանքներին հարմարեցված և տեխնիկական անհրաժեշտ միջոցներով կահավորված՝ լիաքարշակ 2 մեքենա: Դրանցում կան նաև անտառապահների համար նախատեսված աշխատանքային գործիքներ՝ դաշտային աշխատանքները կազմակերպելու համար։ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանին նվիրաբերված մեքենաներն օգտագործվելու են արագ արձագանքման նպատակով՝ անտառային հրդեհների դեպքում։

Կանաչ միջոցառումներ՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (CWR) և Ուրցաձոր համայնքում

Մեքենաների ձեռքբերմանն աջակցել են նաև Բնության պահպանության միջազգային միության Նիդերլանդների կոմիտեն (IUCN NL) և բրիտանական Համաշխարհային հողային միավորում (WLT) կազմակերպությունը։

«Եթե յուրաքանչյուրն սկսի ավելի խորն ընկալել, թե որքան կարևոր է բնապահպանությունը, լրջորեն կնպաստի իր և սերունդների առողջ ապրելակերպին: Կանաչ տեխնոլոգիաներն անչափ կարևոր են և ոչ այն պատճառով, որ դրանք նորաձև են համարվում: Ամբողջ աշխարհում, մարդկությունն արդեն իսկ սկսել է նախընտրել կանաչ մտածողությամբ կենցաղավարությունը, քանի որ գիտակցում է հակառակ տրամաբանության վնասները: Մենք ևս այդ մտածողության կրողներն ենք և ավելի քան 10-ը տարի, մեր գործընկեր կազմակերպության հետ, ձգտում ենք հնարավորինս առաջնորդվել այդ սկզբունքով: Ուրախ եմ արձանագրել, որ իրականացվող ծրագրերը կարևոր դեր են ունենալու մաքուր միջավայրի ստեղծման, ինչպես նաև համայնքի ու էկոտուրիզմի զարգացման գործում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Կանաչ միջոցառումներ՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (CWR) և Ուրցաձոր համայնքում

Հեծանվակայանում հնարավոր է վարձակալել էլեկտրական հեծանիվ կամ լիցքավորել դրանք։ «Կանաչ շարժունակություն» ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աջակցությամբ՝ «Արևորդի» հասարակական կազմակերպության կողմից։ Նախագծի նպատակը ջերմոցային գազերի արտանետումները բացառող այլընտրանքային փոխադրամիջոցի՝ էլեկտրական հեծանիվների կիրառման տարածումն է:

Կանաչ միջոցառումներ՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (CWR) և Ուրցաձոր համայնքում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր