ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Քաղաքապետարանը ոտնահարել է հաշմանդամիս իրավունքները՝ վտարելով ինձ օրինականորեն ձեռք բերած տարածք-սրճարանից». քաղաքացի
14:00, 11.07.2018 | mamul.am
5229 | 0

Առաջին կարգի հաշմանդամ Արմեն Ստեփանյանը, ով զրկվել է փոքրիկ բիզնեսից, իր ոտնահարված իրավունքները վերականգնելու ակնկալիքով դիմել է ՄԻՊ Արման Թաթոյանին, «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանին, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին:

Ներկայացնելով խնդիրը Ա. Ստեփանյանը նշել է, որ 2016թ-ին քաղաքային իշխանությունների կողմից վտարվել է Հանրապետության և Խանջյան փողոցների միջև գտնվող օղակաձև այգու հատվածում իր իսկ տանջանք-քրտինքով ստեղծած, օրինական փաստաթղթերով և պայմանագրով ձեռք բերած 320քմ տարածք-սրճարանից: «Արդյունքում ձեռքիցս խլեցին 320քմ տարածք և ձևակերպեցին որպես 40քմ, որի ներքո հնարավոր չէ ապահովել սրճարանի նորմալ գործունեությունը»,- MAMUL.am-ի հետ զրույցում պատմում էր Երևանի Վարդանանց 10 շենքի բնակիչ Արմեն Ստեփանյանը: «Թե ինչերի միջով անցա մոտ 1.5 տարի, չեմ կարող նկարագրել... իմ ընտանիքի գոյությունը պահպանելու և շինարարությունը կազմակերպելու համար ստիպված էի ահռելի պատքեր կուտակել. լռում եմ, թե ինչ տանջանքով ստացա բոլոր փաստաթղթերը` շինթույլատվությունից մինչև ավարտական ակտը… Այս տարածքում է գտնվում նաև իմ` առաջին կարգի հաշմանդամիս հանապազօրյա հացը վաստակելու, երեխայիս ուսման վարձը տալու, դեղորայք գնելու միակ միջոցը, ինչպես նաև ևս մի քանի ընտանիքի ապրուստի միակ միջոցը»:

Մանրամասնելով խնդիրը՝ քաղաքացին նշում է, որ 29.07.1991թ Երևանի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի հասարակական սննդի վարչության թիվ 236 հրամանով բացված թիվ 223 պաղպաղակ-սրճարանը հետագայում՝ 08.09.1997թ. հ. 5233 պայմանագրով, ՀՀ կառավարության 1993թ. մայիսի 3-ի թիվ 200 որոշման հիման վրա սեփականաշնորհվել է «Հրաչիկ» ՍՊԸ-ի կողմից և մինչ 2016թ-ի ապրիլը, կառուցապատման իրավունքով գտնվել է Հանրապետության 44/4 հասցեում` համաձայն քաղաքապետի հ. 5507-Ա որոշման: «Գործունեության բոլոր տարիներին ես` որպես տնտեսվարող սուբյեկտ և օրինապաշտ, հայրենասեր երևանցի, միշտ պատշաճ կերպով կատարել եմ կենսաթոշակային, հարկային և այլ տիպի բոլոր վճարումները, այդ թվում՝ մեկ միլիոն հինգ հարյուր վաթսուն հազար (1 560 000) ՀՀ դրամ տարեկան տարածքի վարձակալության վճարը»,- հավաստիացնում է «Հրաչիկ» ՍՊԸ-ի սեփականատերը:

«2012թ-ին քաղաքապետարանի կողմից շարունակ մերժվել են իմ հետ հերթական պայմանագիր կնքելու դիմումները (յուր. պայմանագիրը կնքվում էր սովորաբար 5 տարի ժամկետով, ժամկետը լրանալուն պես երկարացվում, նորն էր կնքվում), գրավոր պատասխաններում նշելով, որ այգիներում գտնվող սուբյեկտներն ուսումնասիրվում են և հաշվառվում, ինչի ավարտից հետո նոր կանդրադառնանք Ձեր դիմումներին (արդեն 21 տարի էր այդտեղ էի, ի՞նչը պիտի նոր հաշվառեին...Ա.Ս. ), իսկ բանավոր էլ՝ փափուկ բարձ էին դնում՝ անգամ պատասխանելով, որ պայմանագիրն այնքան էլ կարևոր չէ` «հանգիստ աշխատեք Ձեզ համար»: Նպատակը՝ այգին մեր՝ իրավաբանական սուբյեկտներիցս ազատելու գործընթացին օրինական բնույթ տալն էր, այիսնքն՝ «չունես պայմանագիր՝ գնում ես այգուց» և միևնույն ժամանակ, այլ սուբյեկտի` «Հենրիկ Նավասարդյան» ՍՊԸ-ի հետ, ով հանդիսանում էր քաղաքային իշխանությունների մտերիմը, պայմանագրերը երկարաձգվել էին մինչև 2021թ-ը»,- պատմում է մեր զրուցակիցը:

Քաղաքացի Ստեփանյանը պնդում է, որ այս ամենը «գեղեցիկ գծագրված» մենաշնորհի արդյունք է, քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից դիրքի չարաշահման և կոռուպցիոն դրսևորում: «Հարգելի պարոն Փաշինյան, դիմում եմ Ձեզ` հավատալով, որ իրականություն կդարձնեք Ձեր խոստումը՝ արդարացնել քաղաքացիների հույսերը և վերականգնել արդարությունը: Որպես կրկնակի տուժող և խաբված անձ` թե որպես փոքր բիզնեսի ներկայացուցիչ, ում իրավունքներն ու ազատությունները բազմակիորեն ոտնահարվել են, թե որպես Կենտրոնի բնակչության մաս, որը զրկվեց իր այգուց»,- դիմելով վարչապետին ասում է նա: Ա. Ստեփանյանը խնդրում է ստեղծել հանձնաժողով՝ ուսումնասիրելու համար կոռուպցիայի և մենաշնորհի այս դեպքը և տալ համապատասխան հրահանգներ՝ բավարարելու իր օրինական պահանջը՝ նշված տարածքը տրամադրելով իրեն վարձակալության կարգով` կառուցելու սանհանգույց և կազմակերպելու սրճարանի բնականոն աշխատանքը:

«Նաև խնդրում եմ անցկացնել այգու վերանորոգման համար քաղաքապետարանի կողմից իրականացված գումարների վերաբերյալ ստուգում և ուշադիր ուսումնասիրել հատկապես վերջին 3-6 ամսվա բոլոր փաստաթղթերը, քանզի շեղումը նախագծից ակնհայտ է և փաստացի իրականացվել է կեղծ վարչարարություն և թղթաբանություն»,- ասում է Արմեն Ստեփանյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր