ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Երևանում առաջին անգամ կանցկացվի ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես
01:10, 21.07.2018 | mamul.am
2865 | 0

Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ Երևանում աշնանը կանցկացվի «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես. Հայաստան, 2018 - Ժամանակակից արվեստի հնչյուններ» (International Contemporary Art Exhibition: Armenia 2018. Soundlines of Contemporary Art) խորագրով ցուցահանդեսը: Սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում ցուցադրությունը Երևանի 7 տարբեր վայրում կներկայացնի ավելի քան 50 միջազգային արվեստագետի աշխատանքները:

Ցուցահանդեսը կլինի առաջինը, որ կներառի ժամանակակից արվեստի տարբեր ասպեկտներ՝ նկարչություն, քանդակ, լուսանկարչություն, վիդեո արվեստ, ինստալյացիա և պերֆորմանս՝ երկխոսության սկիզբ դառնալով աշխարհի տարբեր ծայրերից եկած արտիստների համար:

ICAE2018-ը նաև ներառում է «Ժամանակակից արվեստի բաց հնչյուններ» նախագիծը, որի շրջանակում արտիստները կարող էին առցանց ուղարկել իրենց աշխատանքները: Համադրողների կողմից ընտրված գործերը կցուցադրվեն Հայաստանի նկարիչների միությունում: Մասնավորապես, կցուցադրվեն Հայաստանից Արամ Դանիելյանի, Զաք Դեմիրճյանի, Անուշ Ղուկասյանի, Աննա Գրիգորյանի, ԱննաՀարությունյանի, Աշոտ Հարությունյանի, Թեհմինե Հարությունյանի, Արթուր Հովհաննիսյանի, Մարիա Սալմասյանի, Արշակ Սարգսյանի,Արամ Իսաբեկյանի, Զառա Մանուչարյանի, Լիլիթ Մելիքյանի, Փարավոն Միրզոյանի, Մերի Մունի, Շվեյցարիայից Ժոզետ Թարամարկազի, Նիգերիայից Լոգո Օլուվամույիվա Ադեյեմիի, Իտալիայից Ալեսանդրո Պիցցոյի աշխատանքները:

Ավելին, նախագծի կրթական բաղադրիչի շրջանակում աշխատաժողովներ կանցկացվեն Հայաստանի առաջատար մշակութային կենտրոններում, ինչպիսիք են Թումոն, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը, Հայաստանի գեղարվեստի ակադեմիան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր