ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Ինչպե՞ս են բուհերը դիմակայելու ֆինանսական դժվարություններին. Արայիկ Հարությունյանը հանդիպել է պետական բուհերի ռեկտորների հետ
23:35, 21.07.2018 | mamul.am
6763 | 0

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպում է ունեցել պետական բուհերի ռեկտորների հանդիպման ընթացքում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության ֆեյսբուքյան էջը, նախարարը նշել է, որ այս տարի շուրջ 50 տոկոսով նվազել է առաջին կուրսի ուսանողների թիվը, որն իր ազդեցությունն է ունենալու բուհերի վրա: Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է՝ հակաճգնաժամային ինչպիսի՞ ծրագրեր են իրականացրել բուհերը և ի՞նչ լուծումներ գտել, քանի որ խնդրի մասին հայտնի է եղել դեռևս տարիներ առաջ: Ներկաները նշել են, որ ռեկտորների խորհուրդը բազմիցս քննարկել է այս հարցը, ինչպես նաև առանձին բուհեր իրավիճակային լուծումներ են փորձել գտնել: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշել է, որ մայր բուհը դեռևս 6 տարի առաջ խնայողությունների ծրագիր է մշակել, որի հետևանքով այսօր հնարավոր է եղել պահպանել ֆինանսական կայունություն: Ավելին՝ նա նշել է, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամին այլևս գումար չփոխանցելու արդյունքում սեպտեմբերի 1-ից 15 տոկոսով կբարձրանան ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը: Նա մտահոգություն է հայտնել դեռևս նախկին կառավարության օրոք գիտության ոլորտի ֆինանսավորման կրճատման վերաբերյալ, որը, ըստ ռեկտորի, հարվածել է գիտությամբ զբաղվողներին: Հանդիպմանը ներկա բոլոր ռեկտորներն անդրադարձել են իրենց բուհերում առկա ֆինանսական հիմնախնդիրներին, մասնավորապես, բարձրացվել է բուհերի աշխատակիցներին բժշկական ապահովագրություն տրամադրելու, ինչպես նաև գնումների գործընթացի և տարբեր հիմնավորումներով ուսանողների վարձավճարների զեղչերի վերաբերյալ հարցեր: Ռեկտորները հավաստիացրել են, որ նախորդ տարիների ընթացքում այս խնդրին նախապատրաստվել են իրենց անձեռնամխելի ֆոնդերի, ֆինանսական խնայողությունների, միջազգային կառույցների հետ համագործակցության, օտարերկրյա ուսանողների ներգրավման և այլ միջոցների շնորհիվ, որի հետևանքով, ըստ նրանց, աշխատակիցների կրճատումներ գրեթե չեն լինելու: Հանդիպման ավարտին նախարարը ռեկտորներին զգուշացրել է, որ նոր ուսումնական տարվանից խիստ վերահսկողություն է իրականացվելու դասապրոցեսի և ուսանողների հաճախելիության խնդրին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր