ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+24 °C
«Միշտ աշխատելու ենք հնարավորինս բարձր պահել մեր հայրենիքի և մեր ազգի անունը». Լև Սարգսյան
03:50, 10.08.2018 | mamul.am
6394 | 0

Էդինբուրգում ընթացող ջրացատկի Եվրոպայի առաջնության 10 մետր սինքրոն աշտարակացատկ մրցաձևում Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Հարությունյան - Լև Սարգսյան զույգն այսօր նվաճեց բրոնզե մեդալ, որն անկախ Հայաստանի պատմության ջրացատկ մարզաձևում մեծահասակների պայքարում նվաճած առաջին մեդալն է։ Պատմական նվաճման համահեղինակ Լև Սարգսյանն իր տպավորություններով կիսվեց MAMUL.am-ի թղթակցի հետ։

«Ճիշտն ասած սկզբից մտածում էի, որ ուժեղ կտպավորվի այս հաղթանակը, բայց հիմա ուղղակի չեմ կարողանում մտքերս դասավորել, որ հասկանամ այն, թե ինչ հաղթանակ է սա իմ և իմ երկրի համար։ 2017-ին Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնությունում ես իրոք հասկացա, որ կարող ենք եվրոպական ասպարեզում պայքարել մեդալի համար, և այս տարի ապացուցեցինք մեր ուժը և միևնույն ժամանակ կարողացանք լավ իմաստով զարմացնել բոլոր մարդկանց, ովքեր գտնվում էին այդ պահին լողավազանում և հետևում մեր մրցմանը։

Առանց չափազանցնելու չի եղել այնպիսի մարդ, ով չի մոտիկացել և չի շնորհավորել մեզ կամ ասել՝ որքան աշխատանք և մակարդակ ցույց տվեցինք այս մրցմանը։ Ավելին, առաջին օրվանից այլ երկրների մարզիկները, մարզիչները, բժիշկները, մրցավարները, ընդհանրապես բոլորը ձգտում էին մեր հաղթանակին։ Բոլորը նկատում էին, որ մենք արժանի ենք և ամեն կերպ մեզ դա ցույց էին տալիս՝ ողջ սրտով և հոգով»,- նշեց Լևը՝ ավելացնելով. «Անչափ շնորհակալ եմ ծնողներիս, որովհետև իրենք ամեն ինչ ներդրել են իմ սպորտի մեջ։ Ծնունդով Ռուսաստանից եմ՝ Ստավրոպոլ քաղաքից։ Ընտանիքս 25 տարուց ավելի ապրում է այնտեղ, բայց ես սպորտի համար պարտավոր եմ շատ ժամանակ մնալ Հայաստանում։ Մի ժամանակ այդ պատճառով ընտանիքս բաժանվում էր երկու մասի՝ ես և մայրիկս Հայաստանում էինք, հայրս և քույրս՝ Ռուսաստանում։ Ես հասկանում եմ, որ իմ համար շատ բարդ էր այդ շրջանը, բայց գիտակցում եմ՝ ծնողներիս համար ավելի բարդ էր։ Նրանք այդ խնդրի վրա փակում էին աչքերը, փակում էին աչքերը նաև ֆինանսական ծախսերի վրա։ Անչափ շնորհակալ եմ իրենց, որ այդ ամեն ինչն անում են ինձ համար։

Բացի այդ, կա իմ հարազատ սպորտային ընտանիքը, իմ մարզիչները, ովքեր 15 տարի ինձ դաստիարակում են որպես մարդ և որպես մարզիկ, աշխատում են ինձ հետ։ Շնորհակալ եմ զույգիս՝ Վլադիմիրին, որովհետև սինքրոնը թիմային մարզաձև է և հաղթանակին հասնում ենք երկուսով, նույն կերպ և պարտվում ենք երկուսով։

Ես անչափ շնորհակալ եմ Աստծուն՝ մեզ ուժ տալու համար, որ լուրջ վնասվածքներով (Վլադիմիրի ձեռքն է վնասված, իմ՝ ուսահոդի կապաններն են վնասված) կարողացանք հավաքվել և Հայաստանի դրոշը բարձրացնել այդ մակարդակի մրցմանը։

Եվ վերջինը, բայց նույն չափ կարևոր ինձ համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ձգտում էին մեր հաղթանակին։ Մեզ համար անչափ կարևոր է ձեր սերը և մենք միշտ աշխատելու ենք հնարավորինս բարձր պահել մեր հայրենիքի և մեր ազգի անունը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր