ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս»-ում հատվել է 282 ծառ . մեղադրանք է առաջադրվել ևս 2 անձի
20:50, 15.08.2018 | mamul.am
4821 | 0

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի մի շարք պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս երկու պահաբաժինների անտառապահների:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2014-2017թթ. «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահաբաժիններում իրականացվել են ապօրինի ծառահատումներ, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ ապօրինի ծառահատումներն իրականացվել են առանձին անտառապահների կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի արդյունքում. ապօրինի կերպով չի հաշվարկվել բնությանը պատճառված վնասի չափը, ժամանակին միջոցներ չեն ձեռնարկվել՝ տարբեր տեսակի ծառերի ապօրինի հատման դեպքերը բացահայտելու, դրանք կատարած անձին կամ անձանց համապատասխանաբար վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև՝ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ:

Բացի այդ, առանց պահաբաժնի տարածքում համապատասխան ստուգումներ իրականացնելու ստորագրվել են իրականությանը չհամապատասխանող ընդունման-հանձնման արձանագրություններ, որոնց համաձայն` պահաբաժիններում անտառախախտման արձանագրություններով չձևակերպված ապօրինի հատված ծառեր չեն հայտնաբերվել:

Քրեական գործի տվյալներով՝ 2014-2017 թթ. ընթացքում «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի թիվ 2 պահաբաժնի անտառապահ Ա.Զարգարյանի պաշտոնավարման ժամանակ նշված պահաբաժնում ապօրինի հատվել է ընդհանուր 282 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառ, որի հետևանքով պետությանը պատճառվել է 62.515.000 ՀՀ դրամի վնաս, իսկ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի թիվ 1 պահաբաժնի անտառապահ Տ.Գրիգորյանի պաշտոնավարման ժամանակ նշված պահաբաժնում՝ ընդհանուր 206 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառ, որի հետևանքով պետությանը պատճառվել է 31.412.000 ՀՀ դրամի վնաս։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Տ.Գրիգորյանին և Ա.Զարգարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին և 315-րդ հոդվածի 2-րդ մասերով:

2018թ. օգոստոսի 15-ի դրությամբ՝ նշված քրեական գործի շրջանակներում ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել 10 անձի:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ապօրինի ծառահատումների դեպքի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր