ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Արտերկրում եմ ապրում և խաբելու որևէ բան չունեմ». Անահիտ Արոյանը մանրամասներ է ներկայացրել
02:05, 02.09.2018 | mamul.am
14031 | 0

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում 2017 թվականի հուլիսին կայացած մինչև 18 տարեկան աղջիկների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անժելիկա Ստեփանյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ մեկ տարի առաջ, իր մենամարտից հետո, հավաքականի ավագ մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն ապտակել և հայհոյել է իրեն։ MAMUL.am-ի թղթակիցը զրուցեց կողմերի և ներկաների հետ՝ պարզելու հանգամանքները։ 17-ամյա Անժելիկան մեղադրեց մարզչին, Ռաֆայել Մեհրաբյանը հերքեց իր հասցեին հնչեցրած մեղադրանքները, գերծանր քաշային կարգում հանդես եկող Լիանա Մանուկյանը և Հայաստանի հավաքականի անդամ Անի Հովսեփյանը նույնպես հերքեցին մեղադրանքները։ MAMUL.am-ի թղթակիցը զրուցեց նաև Սոֆիա մեկնած մյուս մարզուհու՝ Անահիտ Արոյանի հետ։

- Ես հիմա Հայաստանում չեմ մարզվում։ Արտերկրում եմ ապրում և մարզվում, այդ պատճառով խաբելու որևէ բան չունեմ։ Ես դահլիճում եմ եղել, չեմ տեսել, ու չեմ ասի, որ հարված է եղել։ Եթե ընկեր Մեհրաբյանը հարվածած լիներ, ես կասեի, որ հարվածել է։ Տեսել եմ, որ պաշտպանիչ սաղավարտն է հանել։ Իրոք այն բավականին կոշտ էր, նույնիսկ երբ իմն էր հանում, դեմքս քերծվել էր։ Բայց դա ընկեր Մեհրաբյանի մեղքը չէ, այլ սաղավարտ արտադրողներինը։ Ընկեր Մեհրաբյանը ո՛չ ինձ է հարվածել, ո՛չ էլ Լիանային։ Նա նման բան չէր անի նաև այն պատճառով, որ գիտեր, որ ամեն ինչ նկարահանվում է։ Ես նույնպես պարտություն եմ կրել Սոֆիայում, բայց ընկեր Մեհրաբյանն ինձ ոչ մի ավելորդ բան չի ասել։ Ես հաղթել եմ այդ մենամարտը, բայց մրցավարներն ինձ հաղթանակ չեն տվել, դա բոլորն են տեսել։ Ընկեր Մեհրաբյանն ինձ ասել էր, որ հաղթել եմ մենամարտը, բայց մրցավարը չի տվել։ Հա՛, իմ հետ էլ է կոպիտ խոսել մարզումներին, բայց ես հասկացել եմ, որ այդ մարդն ի օգուտ ինձ է խոսում։ Ընկեր Մեհրաբյանը կոպիտ է խոսում մենամարտի ընթացքում՝ ոգևորելով մարզիկին, որ մրցակցին հաղթի։ Դա նորմալ է։ Օրինակ, իմ մենամարտի ժամանակ ամեն ռաունդից հետո ընկեր Մեհրաբյանն ասում էր․ «Կրում ես, հալալ լինի, կրում ես, տենց շարունակի»։ Եթե բոլորին վիրավորել է, ինձ էլ թող ինչ-որ պահի վիրավորեր, բայց այդ մարդն ինձ ոչինչ չի ասել։ Աղջիկներից էր դժգոհ՝ Անժելիկայից և Լիանայից, քանի որ լավ մենամարտ չանցկացրեցին։ Նա նրանց վրա ջղայնացել էր, բայց հայհոյանք կամ ապտակ չի եղել։ Չեմ տեսել նման բան, եթե տեսած լինեի՝ կասեի, որ հարվածել է։

- Անժելիկան նշել է, որ պարոն Մեհրաբյանը քեզ և Լիանա Մանուկյանին նույնպես հայհոյել է։

- Անժելիկայի մենամարտից հետո Մեհրաբյանը ոչ մի բան չի խոսել մեզ հետ։ Մենք գնացել ման ենք եկել, Սոֆիան ենք տեսել։ Ոչ մի կոնֆլիկտ չի եղել։ Երբ Բուլղարիայից վերադարձել ենք, ես ֆեդերացիայում եմ իմացել, որ նման բան է տեղի ունեցել։ Օդանավակայանում Անժելիկայի քույրը՝ Նանեն, հարձակվել էր ընկեր Մեհրաբյանի վրա՝ զայրացած պատասխան պահանջելով։ Հետո ծնողներն են խառնվել, ուզում էին ծեծեին ընկեր Մեհրաբյանին, անվտանգության աշխատակիցների միջամտությամբ միայն ամեն ինչ հանդարտվեց։ Մենք այդ ժամանակ ենք իմացել, որ ինչ-որ բան է տեղի ունեցել, բայց չենք հասկացել, թե հստակ ինչ։

- Անժելիկան նշել է նաև, որ դու ու Լիանան, ձեր ծնողների հետ միասին, բողոքել եք ֆեդերացիայում։

- Չի եղել նման բան։ Մեր ծնողներին ոչ կանչել էին, ոչ էլ գնացել էին։ Գնացինք ֆեդերացիա՝ փոխնախագահ Լիանա Թադևոսյանի մոտ։ Ինձ ու Լիանային կանչել էին ինչ-որ թղթեր ստորագրելու, բայց պարզվեց հանդիպում էր, որին ներկա էին Անժելիկայի մայրն ու քույրը։ Նրանք բողոքում էին ընկեր Մեհրաբյանից, ընկեր Նազարյանից, ընկեր Աղամալյանից, բոլորից։ Ես այդ պահին էլ հասկացա, որ նրանք ֆեդերացիայի փոխնախագահ Լիանա Թադևոսյանի հետ շատ մոտ են։

- Անժելիկան նշել է նաև, որ պարոն Մեհրաբյանը ողջ ընթացքում ալկոհոլի ազդեցության տակ է եղել։

- Չի եղել նման բան։ Անժելիկան ստում է։ Ես նրան խմելիս կամ հարբած չեմ տեսել։ Ինձ հետ խմիչք չեմ տարել։ Մեհրաբյանն մեզ չի ասել որ խմիչք տանենք մեզ հետ, չի եղել նման բան։ Մենք ֆեդերացիայի գույքն ենք բերել մեզ հետ, որ ֆեդերացիան ավելորդ գումար չծախսի, ոչ թե Մեհրաբյանի համար խմիչք։

- Քո կարծիքով, ինչո՞ւ է Անժելիկան մեկ տարի լռելուց հետո հիմա բարձրաձայնել այս մասին։

- Չգիտեմ։ Մի տարի է անցել, եթե իրոք նման բան տեղի ունեցած լիներ, շուտ աղմուկ կբարձրացնեին՝ անկախ ամեն ինչից։


Նշենք, որ MAMUL.am-ը լրագրողական հետաքննություն է անցկացրել՝ պարզելու միջադեպի հանգամանքները։ Մյուս մանրամասները կներկայացնենք ավելի ուշ։


Հեղինակ՝ Կատարինե Այդինյան

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր