ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«ՀՀ-ն ցածր մանկամահացությամբ երկրների շարքում է, բայց դեռ շատ անելիք ունենք». Ա. Թորոսյան
23:10, 06.09.2018 | mamul.am
2802 | 0

Երևանում սեպտեմբերի 6-7-ն անցկացվում է Մանկական վիրաբուժության և նյարդավիրաբուժության միջազգային համաժողովը: Երևանի պետական բժշկական համալսարանն այս նպատակով հյուրընկալել է ավելի քան 80 մանկական վիրաբույժի և նյարդավիրաբույժի Հայաստանից և Արցախի Հանրապետությունից, ինչպես նաև շուրջ 70 մասնագետի` արտերկրից:

Ներկայացվում են մանկական վիրաբուժության և նյարդավիրաբուժության արդիական հարցերին նվիրված դասախոսություններ և զեկույցներ, ուշագրավ կլինիկական դեպքեր:

Կարևորելով այս համաժողովի անցկացումը` առողջապահության նախարարը շեշտել է, որ մոր և մանկան առողջության պահպանման գերակայությունն ամրագրված է նոր կառավարության ծրագրում:

Հայաստանի վիճակագրական միտումները լավատեսության հիմք են տալիս: Վերջին 10 տարվա կտրվածքով` մանկական մահացության ցուցանիշը երկրում կրճատվել է մոտ 1/3-ով: Նախարարը փոխանցել է ԱՀԿ գնահատումները, ըստ որոնց` այս ընթացքում մեր երկիրը հաջողել է մանկական մահացության միջին ցուցանիշից հասնել ցածր` 10 պրոմիլից նվազ ցուցանիշի և դասվել աշխարհի ցածր մանկամահացություն ունեցող երկրների շարքին, ինչն արդեն լուրջ ձեռքբերում է:

«Հայաստանում ևս մանկական վիրաբուժությունը զարգացում է ապրում: Ընդամենը մի քանի տասնամյակ առաջ ծանր, անխուսափելի մահվան ելքերով վիրաբուժական դեպքերն այսօր ունենում են բարենպաստ ավարտ: Բայց, անխոս, կան նաև խնդիրներ այս ոլորտում: Դժբախտ պատահարների և մանկական տրավմատիզմի դեպքերը շարունակում են բարձր թվեր գրանցել (վերջին տասնամյակում 0-18 տարեկանների շրջանում տարեկան գրանցվում է 16- 17 հազար նոր դեպք, ցավոք, երբեմն մահվան ելքով):

Մանկական վիրաբուժական ծառայության համակարգային խնդիրների շարքում օրակարգային է մանկական վիրաբույժների սղության խնդիրը հատկապես մարզերում: Մարզային մակարդակում մանկական վիրաբուժական ծառայությունները համալրման և կանոնակարգման կարիք ունեն: Կարիք կա նյարդավիրաբուժության մեջ ներդնել բուժման արդիական եղանակներ, բարելավել տրամադրվող օգնության որակը»,- մանրամասնել է նախարար Թորոսյանը` հանդիպումից ակնկալելով նոր խթան այս ուղղությամբ համատեղ աշխատանքներում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր