ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Ուզում եմ, որ հայ ժողովուրդը հասկանա՝ որքան լուրջ միջոցառում է սա». Արի Զաքարյան
16:05, 08.09.2018 | mamul.am
8296 | 0

Հոկտեմբերի 10-ից 13-ը Երևանը կընդունի գեղասահքի 2018 թվականի Գրան Պրիի երիտասարդական փուլը։ Առաջնությանն ընդառաջ՝ MAMUL.am-ի թղթակիցը զրուցեց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի փոխնախագահ, աշխարհում հայտնի գործակալ Արի Զաքարյանի հետ։

«Երևանում Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցի բացվելուց հետո մեր կապերը Սահքի միջազգային միության՝ ISU-ի հետ շատ ավելի բարելավվեցին։ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանի ջանքերով, Լեհաստանի ֆեդերացիայի անդամ Սարգիս Թևանյանի օգնությամբ, կարողացանք այնպես կազմակերպել, որ այս տարի գեղասահքի 2018 թվականի Գրան Պրիի երիտասարդական փուլն անցկացվի Հայաստանում ՝Երևանում։ Սա շատ մեծ քայլ է մեզ համար և միջազգային մասշտաբով Հայաստանի համար։ Դեռևս չկա մասնակիցների վերջնական կազմը, սակայն վստահորեն կարող եմ ասել, որ մեծ մրցումներ են լինելու։ Շատ հայտնի մարզիչներ կգան Հայաստան, օրինակ Բրայան Ժուբերն արդեն մարզչի կարգավիճակով իր սանի հետ կգա Հայաստան։ Հուսով ենք՝ շատ հետաքրքիր առաջնություն կլինի»,- նշեց Զաքարյանը։

Գեղասահքի ասպարեզում մեծ փորձ ունեցող մասնագետը հույս հայտնեց նաև, որ միջոցառումն անուշադրության չեն մատնի նաև երկրի առաջին դեմքերը։

«Հույս ունեմ, որ մեր նոր Հայաստանի ղեկավարությունը կմտածի այս միջոցառմանը մասնակցելու մասին, քանի որ սա Հայաստանի դեմքն է միջազգային ասպարեզում և շատ կարևոր է, որ այսպիսի միջացառմանը նրանք էլ ուշադրություն դարձնեն։ Խոսքը ֆինանսական աջակցության մասին չէ, այլ ուղղակի ուշադրության։ Հիմա ամենաշատը մտածում եմ, որ շատ կարևոր է բոլոր հյուրերի մոտ մեր պատիվը բարձր պահել և հիացնել մեր երկրով և հյուրընկալությամբ։ Օրինակ, երբ Տալլինում անց էր կացվում Եվրոպայի առաջանությունը, մասնակցում էր Վրաստանը ներկայացնող մենասահորդուհի Ելենա Գեդևանիշվիլին, այդ ժամանակվա Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ներկա էր դահլիճում՝ իր երկրի մարզուհու մրցելույթին, և այդ պահը շատ բարձրացրեց Վրաստանի հեղինակությունը Սահքի միջազգային միության աչքերում։ Սահակաշվիլին ցույց տվեց, որ Վրաստանի ղեկավարությունն անտարբեր չէ գեղասահքի նկատմամբ։ Ես չեմ ասում անպայման պետք է երկրի առաջին դեմքերը ներկա գտնվեն, բայց իհարկե, լավ կլինի, որ նրանք ներկա գտնվեն։ Մենք պետք է ցույց տանք, որ պետությունն աջակցում է այս մարզաձևին և մենք հպարտ ենք, որ նման առաջնություն անց է կացվում Հայաստանում։ Շատ կարևոր է, որ քաղաքն ապրի այդ իրադարձությամբ, իմանա, որ այդպիսի բան է կատարվում մեր երկրում և հասկանա, թե ինչ կարևորություն ունի դա մեր երկրի համար։ Մեզ համար կարևոր է, որ բոլոր հյուրերը, տուն վերադառնալուց հետո, ցանկանան կրկին գալ Հայաստան և միայն դրական տպավորություններ ունենան մեր երկրից։ Ինձ համար մեր երկրի պատիվն է կարևոր։ Ուզում եմ, որ մեր ժողովուրդն ուրախ լինի, որ նման միջոցառումը Հայաստանում է կայանում, և հասկանա, թե որքան լուրջ միջոցառում է սա։ Ես արտերկրում եմ լինում տարվա մեծ մասը, և փաստում եմ, որ սփյուռքը մեծ խինդով է ընդունել Թավշյա հեղափոխությունը, մենք ուշադիր հետևել ենք բոլոր ուղիղ եթերներին, մեր հայ ազգի հետ ենք եղել միշտ։ Լոս Անջելեսից Մոսկվա թռիչքիս ընթացքում Սերժ Թանկյանին շատ մոտ էի նստած, մեծ էմոցիաներով փոխանակվեցինք այդ օրը։ Այս նոր ալիքը, ուղիղ եթերները շատ կարևոր են սփյուռքի համար, որովհետև ոչ միայն ԶԼՄ-ների միջոցով ենք հետևում հայաստանյան իրադարձություններին, այլև վարչապետի և այլ պաշտոնյաների ֆեյսբուքյան ուղիղ եթերներից ենք տեղեկանում, թե ինչ է կատարվում հայրենիքում։ Ես իրոք հույս ունեմ, որ երկրի առաջին դեմքերը չեն շրջանցի նաև գեղասահքի աշխարհի գավաթի երևանյան փուլը։ Շատ կուզենամ, որ ապշեցնենք բոլոր հյուրերին»։

Կատարինե Այդինյան

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր