ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Զարուհի Փոստանջյանը քարոզարշավի շրջանակներում այցելել է «Վարդաշեն» ՔԿՀ
23:45, 17.09.2018 | mamul.am
3788 | 0

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ և Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը սեպտեմբերի 17-ին նախընտրական քարոզչությունն իրականացրեց Զեյթուն թաղամասում, Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ և 8-րդ զանգվածներում և Ջրվեժ թաղամասում, Ավան, Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջաններում:

Ինչպես «հայտնում են «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունից, Զարուհի Փոստանջյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ընդգծեց, որ Երևանում խնդիրները գրեթե բոլոր տեղերում էլ նույնն են՝ աղբահանություն, ոռոգման ցանցի բացակայություն, կանաչ տարածքների վերացում, հնամաշ և անսարք վերելակներ, շքամուտքերի վերանորոգման խնդիրներ և այլն՝ հավելելով, որ իր կողմից քաղաքապետի լիազորություններ ստանձնելիս՝ կկառուցվեն վերելակաշինական և աղբամշակման գործարաններ: Զարուհի Փոստանջյանը նաև շեշտեց, որ քաղաքապետի թեկնածուներից ովքեր ունեն ծրագիր, պետք է մասնակցեն բանավեճի, ներկայացնեն իրենց ծրագրերն ու սկզբունքները, և թող հանրությունը որոշի, թե ում կվարձի որպես Երևանի քաղաքապետ:

Այնուհետև ավագանու թեկնածուների և քարոզչական խմբի հետ քաղաքապետի թեկնածուն քայլեց թաղամասի կենտրոնական և հարակից փողոցներով: Ճանապարհին բազմաթիվ քաղաքացիներ ողջունում և հաղթանակ էին մաղթում Զարուհի Փոստանջյանին, լուսանկարվում «Երկիր Ծիրանի»-ի նախագահի հետ, մեքենաներից նույնպես մարդիկ ողջունում և իրենց աջակցությունն էին հայտնում:

«Զարուհի», «Երկիր Ծիրանի» վանկարկումներով, քարոզչական նյութեր բաժանելով և ներկայացնելով կուսակցության նախընտրական Ծրագրի հիմնադրույթները՝ «Երկիր Ծիրանի»-ի քարոզչական խումբը շրջեց գրեթե ողջ Զեյթուն թաղամասով: Անցորդները, առևտրականները, բնակիչներից շատերը շենքերի պատուհաններից՝ ողջունում էին Զարուհի Փոստանջյանին:

Քաղաքացիներն իրազեկվում էին, որ Երևանի քաղաքապետ Զարուհի Փոստանջյանի ընտրվելու դեպքում՝ մայրաքաղաքի կառավարումը կիրականացվի բաց ու թափանցիկ, Երևանը կազատվի կոռուպցիայից և աղբից, առողջապահությունը կլինի հասանելի, կպաշտպանվեն մշակութային արժեքները և սեփականության իրավունքը, Երևանը կազատվի տրանսպորտային խցանումներից, կստեղծվեն աշխատատեղեր, կիրականացվեն սոցիալական ծրագրեր, տեղի կունենա լայնածավալ կանաչապատում: Երևանցիների և Երևանի համար կարևորագույն այդ և մյուս ծրագրերը, որոնք ներառված են կուսակցության նախընտրական Ծրագրում, կարող է կյանքի կոչել միայն ազնիվ, անկաշառ և մայրաքաղաքը սիրող Զարուհի Փոստանջյանը:

Այնուհետև քարոզարշավը շարունակվեց Ավան վարչական շրջանում, որտեղ նույնպես Զարուհի Փոստանջյանը շրջեց փողոցներով, բակերով և այգիներով: Քաղաքացիներն այստեղ ևս անկեղծ ջերմությամբ էին ողջունում քաղաքապետի թեկնածուին և շեշտում, որ Զարուհի Փոստանջյանին են ցանկանում տեսնել որպես Երևանի քաղաքապետ:

«Արդարություն և օրենք» կարգախոսով, Երևանին և երևանցիներին ծառայելու անսուտ խոստումով, քարոզչական նյութեր բաժանելով և հաղթելու անսասան հավատով՝ Զարուհի Փոստանջյանը թիմակիցների հետ շրջեց ողջ Ավան համայնքում:

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը ավագանու թեկնածուների և քարոզչական խմբի հետ եղավ նաև Նոր Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածում և Ջրվեժ թաղամասում, որտեղ նույնպես բնակիչների ջերմ ու անկաշկանդ զրույցներ ունեցավ: Ներկայացնելով ծրագրային հիմնադրույթները՝ Երևանի քաղաքապետի թեկնածուն քաղաքացիներին հիշեցնում էր, որ նրանք իրենց ծառայելու համար իրավունք և հնարավորություն ունեն սեպտեմբերի 23-ին վարձելու Երևանի քաղաքապետ՝ իրենց ընտրությամբ:

Այնուհետև Զարուհի Փոստանջյանը թիմակիցների հետ այցելեց Նուբարաշեն վարչական շրջան, որտեղ ևս քարոզչական խումբն իրազեկում էր բնակիչներին կուսակցության ծրագրային հիմնադրույթների, կարգախոսի և քվեաթերթիկում «Երկիր Ծիրանի»-ի համարի (N 4) մասին:

Նուբարաշենում Զարուհի Փոստանջյանը թիմակիցների հետ պտտվեց փողոցներով և շենքերի բակերով, որտեղ «Երկիր Ծիրանի»-ի ջանքերով արդեն վերացել էր տարիներ շարունակ բնակիչներին հանգիստ չտվող գարշահոտությունը: Նուբարաշենցիները շնորհակալություն հայտնեցին Զարուհի Փոստանջյանին՝ այդ գարշահոտությունից իրենց ազատելու համար, ինչին ի պատասխան՝ Երևանի քաղաքապետի թեկնածուն շեշտեց, որ հիմա արդեն պետք է վերացնել Նուբարաշենի աղբավայրը, կառուցել աղբամշակման գործարան և նրանից ստանալ ապրանքներ և էներգիա: Բնակիչները վստահեցրին, որ իրենց ձայնը տալու են Զարուհի Փոստանջյանին և միացան քայլերթին՝ դեպի «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներ:

Հասնելով «Նուբարաշեն» ՔԿՀ՝ Զարուհի Փոստանջյանը կարճ ելույթ ունեցավ և նշեց, որ պետք է հասնենք նրան, որ դատական ակտերը կայացվեն արդար և անկախ դատարանի միջոցով: Այս պահին դեռ չունենք այդպիսի համակարգ, քանի դեռ չենք լուծել մեր երկրում քաղաքական համակարգի խնդիրը, չենք ներդրել ժողովրդավար համակարգ, հակակշիռների և զսպումների մեխանիզմ: Զարուհի Փոստանջյանը շեշտեց, որ բոլորը, այդ թվում՝ ՔԿՀ-ի առջև գտնվող երիտասարդները, պետք է պայքարեն օրենքի և իրավունքի երկիր ունենալու համար, և եթե մարդը մեղադրվում է հանցագործության մեջ, ապա այդ մեղադրանքը նույնպես պետք է լինի օրինական՝ դա՛ է իրավական և զարգացած երկրի գրավականը: Եվ պետք է բոլորս օգտվենք իրավունքի գերակայությունից, և բացվեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ի (որտեղ պահվում է շուրջ 1000 կալանավոր) դռները, դուրս գան ավտորիտար ռեժիմի զոհ դարձած կալանավորները և հասնեն իրենց հարազատներին: Քաղաքապետի թեկնածուի այս խոսքերին հաջորդեցին բուռն ծափահարություններ, և քարոզչական խումբը «Համաներում» վանկարկումներով ուղղվեց դեպի «Վարդաշեն» ՔԿՀ:

Զարուհի Փոստանջյանը թիմակիցների հետ այցելեց «Վարդաշեն» ՔԿՀ, որտեղ պահվում է քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը: Զարուհի Փոստանջյանը կուսակիցների և համախոհների հետ «Արդարացում Շանթին, համաներում բոլորին» վանկարկումներով ողջունեցին բանտարկյալներին և պահանջեցին Շանթ Հարությունյանի անհապաղ արդարացում:

Երեկոյան Զարուհի Փոստանջյանը, ավագանու թեկնածուները և քարոզչական խումբը եղան նաև Էրեբունի վարչական շրջանում և շրջեցին կենտրոնական ու հարակից փողոցներով:

Շուրջ 9 ժամ տևած քարոզարշավի ընթացքում քաղաքացիներին այսօր բաժանվեցին հազարից ավելի քարոզչական նյութեր, հարյուրավոր մարդիկ ցանկություն հայտնեցին աջակցել և իրենց վստահության ձայնը տալ Զարուհի Փոստանջյանին, շուրջ երկու տասնյակ քաղաքացի էլ ցանկություն հայտնեց անդամակցել «Երկիր Ծիրանի» կուսակցությանը:

Անխախտ սկզբունքներ, մեծ սեր Հայրենիքի և մայրաքաղաքի հանդեպ, վճռական պայքար կեղծիքի, ապօրինությունների և կոռուպցիայի դեմ, քաղաքացիական ու քաղաքական անբիծ անցյալ և հմուտ կառավարման կուտակված գիտելիքներ՝ այդ որակներն ունի Զարուհի Փոստանջյանը, և օրեցօր ավելի շատ երևանցիներ են դա զգում, տեսնում և համոզվում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր