ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Հին Երևան. Մկրտիչ Ենգիբարյանի տունը». Ռուբեն Շուխյան
20:10, 18.09.2018 | mamul.am
3819 | 0

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հին Երևան. Մկրտիչ Ենգիբարյանի տունը.
«Հին Երևան» ծրագրով վերակառուցվելու է նաև Բյուզանդի 4 հասցեում գտնվող 20-րդ դարի սկզբի մի յուրօրինակ շինություն՝ Մկրտիչ Ենգիբարյանի տունը:

Շենքի կառուցման ժամանակահատված է համարվում 1907-1910 թվականները, իսկ ճարտարապետն է եղել Երևանում բազմաթիվ շենքերի հեղինակ, տաղանդաշատ ճարտարապետ Բորիս Մեհրաբյանը: Հայտնի է, որ այս շենքը պատկանել է վաճառական, Երևանի քաղաքային խորհրդի (դումայի) պատգամավոր Մկրտիչ Ենգիբարյանին, ով նաև բավականին հաջողակ գործարար էր և զբաղվում էր Պարսկաստանից և Թուրքիայից նավթի արտահանմամբ: Կա այսպիսի մի պատմություն, ըստ որի Մկրտիչ Ենգիբարյանը ճարտարապետին պատվիրել էր հենց այս տիպի՝ երեք առանձնացված սյունազարդ մուտքերով շենք, քանի որ նա երկու որդի է ունեցել, և այսպիսով շենքի աջակողմյան և ձախակողմյան հատվածները նախատեսել էր իր երկու զավակների համար:

Հետաքրքիր և թերևս քիչ հայտնի փաստ է նաև այն, որ այս նույն շենքում 1918-1920 թվականներին ապրել է Հայաստանի Առաջին Հանրապետության ականավոր ռազմական և պետական գործիչ, 1918 թվականի Բաշ-Ապարանի մայիսյան հերոսամարտի կազմակերպիչ Դրոն՝ Դրաստամատ Կանայանը իր ընտանիքով: Կարծում ենք, որ շենքի վերականգնման աշխատանքների ավարտից հետո այստեղ պարտադիր պետք է տեղադրվի հայ ազգային ազատագրական շարժման մեծ նվիրյալի համապատասխան հուշատախտակը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր