ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Նոր Նորքի նախկին թաղապետ Արմեն Ուլիխանյանն ինչո՞ւ էր մի քանի դպրոցների տնօրենների ցուցում տվել՝ աշխատելու Արտակ Զեյնալյանի օգտին». Կարինե Հարությունյան
00:30, 19.09.2018 | mamul.am
15277 | 6

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հեղափոխություններն ինչպես մաքրում են, այնպես էլ՝ սրբում: Հեղափոխությունները նաև զտում են: Ոչ միայն զտում, նաև զատում են: Նայած, թե ով ինչի է ձգտում: Այս համատեքստում մի երկու հարց` «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին: «Որովհետև նույն սահմանադրական հանրաքվեն էլ վերջիվերջո Ազգային ժողով է գալու, ու էդ մարդիկ, որ մի անգամ ձեզ օգնել են, կարող է հիմի չօգնեն»,- երեկ ասել է նա:
Պարոʹն Սարգսյան, դուք ձեր ձայնը Նիկոլի՞ն եք տվել, թե՞ ժողովրդին: Եթե Նիկոլին եք տվել, կարող եք էլ չտալ, տնօրինեք այն, ինչպես կկամենաք, իսկ եթե, այնուամենայնիվ, ժողովրդին եք տվել, ինչպե՞ս հասկանալ ձեր երեկվա հայտարարությունը: Ի՞նչ եք կարծում, եթե ժողովուրդը հավաքվի նույն հրապարակում՝ այնքան, որքան կանգնած էր մայիսի 1-ին և 8-ին, չե՞ք քվեարկի ԱԺ-ի նոր ընտրությունների օգտին:
Լա՛վ, ենթադրենք՝ եղավ այնպես, ինչպես դուք եք ակնարկում: Մտածե՞լ եք, թե ի՞նչ է լինելու ձեզ հետ՝ ժողովրդի համակրանքը վայելող իշխանությանը չաջակցելուց հետո: Արդեն մեկ անգամ անխոհեմ եք գտնվել՝ հեղափոխության ժամանակ չկանգնելով ՔՊ կուսակցության կողքին և փորձել եք ձեր սխալը սրբագրել ձեր իսկ քվեարկությամբ: Երկրորդ անգամ նույն անխոհեմությունը թույլ տալուց հետո ձեզ ոչինչ չի օգնի: Մեր ժողովուրդը մարդասեր է, բայց ոչ կույր: Քաղաքական հարթակում ժողովուրդը կարող է անողոք լինել, հատկապես, երբ խոսքն իր ապագային է վերաբերում:
Պարոն Սարգսյան, վիրավորվել եք, որ ձեզ մեղադրում են ՀՀԿ-ի հետ համագործակցելու համա՞ր: Նոր Նորքի նախկին թաղապետ Արմեն Ուլիխանյանին հարցրե՞լ եք, թե ինչու էր մի քանի դպրոցների տնօրենների ցուցում տվել՝ աշխատելու Արտակ Զեյնալյանի օգտին: Ուլիխանյանը պետական պաշտոնյա էր, նախկին իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչ և աշխատում էր ձեր թեկնածուի օգտին: Սա ձեզ չի՞ մտահոգել:
Մի ուրիշ բան: Արտակ Զեյնալյանին այդքան գովում եք, լավ եք անում: Զեյնալյանին էլի գովողներ կան, ինչպես և գովողներ կան մյուս թեկնածուներին: Զեյնալյանը նաև ձեր ընկերն է, ինչպես նաև Արդարադատության նախարար: Կասե՞ք, թե ինչու է նա երեք ամսվա նախարար լինելով արձակուրդ վերցրել՝ ավագանու ընտրություններին մասնակցելու համար: Այդ արձակուրդն ինչպե՞ս է ձևակերպվել: Եթե օրենքը թույլ է տալիս, երեք ամսվա աշխատողին արձակուրդ վերցնել՝ ընտրություններին մասնակցելու համար, ապա այստեղ մնում է հարցի զուտ բարոյական կողմը. այդքան կարևո՞ր էին այդ ընտրությունները՝ արդարադատության համակարգում օր առաջ առողջացման գործընթացներ սկսելուց: Իսկ եթե օրենքը չի նախատեսում արձակուրդ, էլի բախվում ենք բարոյականությանը: Եվ եթե անգամ օրենքը նախատեսում է, կուզենայի ես՝ որպես քաղաքացի, իմանալ՝ Զեյնալյանն այդ արձակուրդը իր հաշվի՞ն է վերցրել, թե՞ պետության: Ամենևին կասկած չունենալով Զեյնալյանի մարդկային անբասիր նկարագրի առնչությամբ, այնուամենայնիվ, հարց. ինչու՞ Արդարադատության նախարար Զեյնալյանը ՔԿՀ-ում լինելով չայցելեց հացադուլ հայտարարած ցմահ բանտարկյալին:
Էլի կարելի է շարունակել, բայց սահմանափակվեմ ձեր քաղաքական հետագիծը հիշելով.
2003-ին ձեր թեկնածությունը հանեցիք Ստեփան Դեմիրճյանի օգտին, սակայն իրականում ոչ թե դա Դեմիրճյանի օգտին էր, այլ այն համոզմունքից դրդված, որ ժողովուրդը երկուսիդ մեջ Դեմիրճյանին է նախընտրում: 2008-ին միացաք Լևոն Տեր-Պետրոսյանին՝ կրկին ոչ Տեր-Պետրոսյանի համար, այլ որովհետև համոզված էիք, որ ասպարեզում եղած թեկնածուներից առաջին նախագահն է ի զորու համախմբել ընդդիմադիր ուժերին այն ժամանակվա ռեժիմի դեմ պայքարում: Եվ վերջապես 2018-ին հեղափոխության ողջ ընթացքում ԱԺ պատերից դուրս չգալով, երբ արդեն փաստ էր հեղափոխության հաղթանակն ու անշրջելի, մի ճիշտ բան արեցիք՝ քվեարկեցիք Նիկոլ Փաշինյանի թեկնածության օգտին: Բայց այդ ճիշտ բանը, առաջին հերթին, ձեզ համար արեցիք: Ձեզ համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր