«Կանոնակարգն ասում է, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ. այսինքն՝ հենքում պետք է ունենանք այն, թե քաղաքական ո՞ր ուժն է ընդդիմություն, որպեսզի տեղակալի հարցում իրավաբանորեն սխալ չունենանք: Խմբակցությունը, որն ընդդիմադիր է, իրավունք է ստանում առաջադրելու թեկնածու»,- հայտարարեց հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը: Արդեն հայտնել էինք, որ գաղտնալսումների հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը մեկնարկել է, որի ընթացքում հանձնաժողովականները փոխնախագահ են ընտրելու: Գևորգ Կոստանյանը հարց հնչեցրեց՝ «Ելք» դաշինքն ընդդիմադի՞ր խմբակցություն է, կամ «Ծառուկյան» դաշինքը, կամ ՀՅԴ-ն, որպեսզի առաջադրելու իրավունք ստանա: «Ծառուկյան» դաշինքից Գևորգ Պետրոսյանն ասաց. «ՀՀ-ում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ դասական իմաստով մաքուր ընդդիմություն գոյություն չունի: Տրամաբանական է, որ տեղակալը չլինի ՀՀԿ-ից»,- ասաց նա: Կոստանյանը հարցրեց՝ «վերջը «Ծառուկյան» դաշինքն ընդդիմադի՞ր է, թե՞ ոչ». «Մենք Աժ-ում ընդդիմադիր խմբակցություն ենք, բայց նաև ներգրավված ենք կառավարության գործունեության մեջ: ՀՀ-ում դասական իմաստով մաքուր ընդդիմություն գոյություն չունի. դա է իրականությունը»,- արձագանքեց Պետրոսյանը: «Ժողովուրդ, հիմա ո՞վ ա ընդդիմություն»,- հարցը կրկնեց Կոստանյանը: «Ծառուկյան» խմբակցությունից Սերգեյ Բագրատյանն ասաց. «Կառավարությունից դուրս մնացած ուժերն ընդդիմություն են, այսինքն՝ ՀՀԿ-ն: Այո, նոնսես է, որ ՀՀԿ-ն ներկայացնում է ԱԺ նախագահի և երկու տեղակալների պաշտոնը, բայց քանի որ հանձնաժողովի նախագահը ՀՀԿ-ից է, ապա մյուս կուսակցություններից պետք է լինի»: Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ ճիշտ կլինի այս պահին ընդդիմություն համարել նրանց, ովքեր ԱԺ ձևավորման ժամանակ իրենց հայտարարել էին ընդդիմություն: Ի վերոջ, Գևորգ Կոստանյանն առաջարկեց «Ելք»-ից Ալեն Սիմոնյանի թեկնածությունը՝ նկատի ունենալով, որ նա մասնագիտությամբ իրավաբան է: Առաջարկը միաձայն ընդունվեց: |