«Այս կյանքում ամեն մարդ ինքն է որոշում իր տեղը»,- ասել է թատրոնի և կինոյի դերասան, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը: Այսօր Սոս Սարգսյանի հիշատակի օրն է. մահացել է 2013 թվականի սեպտեմբերի 26-ին թոքերի բորբոքումից: Սոս Սարգսյանը հոգեբանական ռեալիզմի դպրոցի նշանավոր ներկայացուցիչներից է հայ բեմում: «Ինչ որ մի ժամանակ մարդն ուզեց ինքն իրեն ճանաչել ու հորինեց թատրոնը։ Բեմը, թատրոնը ինձ համար մարդն է, նրա էությունը, շարժումը, կյանքը: Մենք դերասան չենք, մենք զինվոր ենք ու մեր զինվորի պարտքը պիտի կատարենք»,- կարծիք է հայտնել Սոս Սարգսյանը: «Սոս Սարգսյանն ի՞նչ խաղաց. խաղաց հայի ճակատագիր, խաղաց հայի դառնություն, անգամ նրա ժպիտի մեջ կար հայի դարդը»,- վարպետի մասին ասել է ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը: «Այս կյանքում ամեն մարդ ինքն է որոշում իր տեղը». այսօր Սոս Սարգսյանի հիշատակի օրն է Սոս Սարգսյանը ծնվել է 1929-ին` Ստեփանավան քաղաքում։ Տեղափոխվելով Երևան աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես դերասան։ 1954-1991-ին աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում` որպես դերասան։ 1991-ին հիմնադրել է Համազգային թատրոնը, որն էլ անվանվել է Սոս Սարգսյանի անունով: Սիրված դերասանը նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս», Հայաստանում և ԽՍՀՄ մյուս տարածքում նկարահանված բազմաթիվ այլ ֆիլմերում։ Ռուսաստանցի բեմադրիչների նկարահանված ֆիլմերում առավել հայտնի են իր խաղացած Գիբարյանի (Տարկովսկու «Սոլյարիս»), թափառիկ արտիստի (Վ.Բորտկոյի «Առանց ընտանիքի»), Ֆեոֆան Պրոկոպովիչի (Ա.Պուշկինի «Միխայլո Լոմոնոսով») դերերը։ |