ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
ՀՀ ոստիկանությունը Սաֆարովի արտահանձնման հարցով ուղերձ է հղել ԱՊՀ ՆԳ նախարարներին
11:30, 03.09.2012 | mamul.am
1754 | 3

Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարարության արտոնմամբ` Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ընթացքում հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության համար 2004թ. փետրվարի 19-ին ձերբակալված և ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելը, ապա և Ադրբեջանի նախագահի կողմից ոճրագործին անհապաղ ներում շնորհելը հարուցել են հայ հասարակության ցասումն ու մտահոգությունը: Իրենց այս համատեղ գործողություններով Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունները դուռ բացեցին նման հանցագործությունների կրկնության համար: Այս որոշմամբ նրանք ուղերձ են հղում մարդասպաններին, որ էթնիկ կամ կրոնական ատելության հողի վրա կատարված սպանությունը կարող է անպատիժ մնալ:

Արդարադատության, մարդու իրավունքների, մարդկայնության ու քաղաքակրթության կանոնների ոտնահարման այսօրինակ աննախադեպ գործողության հանդեպ իր միանշանակ վերաբերմունքն է արտահայտել նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:

ԱՊՀ ներքին գործերի նախարարների խորհրդի` Բաքվում կայանալիք նիստի մասնակիցներին հասցեագրված ուղերձում, մասնավորապես, ասվում է. ''Ինչպես գիտեք, Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Հունգարիայի իշխանությունները գործարքի մեջ են մտել Ադրբեջանի իշխանությունների հետ, ինչի արդյունքում ՆԱՏՕ-ի ուսումնական հավաքի ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած պահին կացնով սպանելու համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի զինծառայողը արտահանձնվել է Ադրբեջանին, և նրան անհապաղ ներում է շնորհվել Ադրբեջանի նախագահի կողմից: ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարությունները կոչված են պայքարելու հանցավորության բոլոր դրսևորումների դեմ, այն դեպքում, երբ պետությունը, որի տարածքում տեղի է ունենալու ՆԳ նախարարների խորհրդի նիստը, խրախուսում է աղաղակող հանցագործությունը: Այսպիսով, հանցավորության հակազդման հարցերի քննարկումն Ադրբեջանի տարածքում, բարոյական առումով, համարում ենք անհնարին'':

Ուղերձում նշվում է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը չի մասնակցի Բաքվում կայանալիք համաժողովին, իսկ ՀՀ ոստիկանության պետը ԱՊՀ մասնակից-պետությունների ՆԳ նախարարների խորհրդի նախագահի իր լիազորությունները պատվիրակում է Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարին:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության հաջորդ քայլով հետ են կանչվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ Բուդապեշտի իրավապահ մարմինների միջազգային Ակադեմիայում վերապատրաստում անցնող ոստիկանության 10 ծառայողներ:

ՀՀ ոստիկանության պետի` ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանին հղած ուղերձում ասվում է. ''Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բարձր է գնահատում հայ ոստիկանների վերապատրաստման նպատակով տարբեր թեմաներով պարբերաբար դասընթացներ կազմակերպելու Ձեր ջանքերը, որոնք նպաստում են նրանց մասնագիտական կատարելագործմանը եւ գիտելիքների խորացմանը: Սակայն Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը ստեղծված իրավիճակում չի կարող մնալ մի երկրի տարածքում, որը հրաժարվել է արդարադատությունից և գործարքի մեջ է մտել Ադրբեջանի իշխանությունների հետ: Ելնելով վերոգրյալից` տեղեկացնում եմ Ձեզ, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը մոտակա օրերին կլքի Բուդապեշտը և կվերադառնա Հայաստան: Կարծում եմ` ԱՄՆ կառավարությունն ըմբռնումով կմոտենա մեր քայլին, առավել ևս, որ ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման արդեն իսկ իր մտահոգությունն է հայտնել Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունների գործողությունների վերաբերյալ'':

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր