ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Եթե մեծ պատերազմ սկսվի, կառավարությունն ու օլիգարխները կփախչեն, կմնա խեղճ ժողովուրդը». Նիկոլայ Ծատուրյան
12:45, 18.04.2016 | mamul.am
29575 | 16

ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանն ի տարբերություն շատերի, չի հպարտանում, որ հայ բանակն այս օրերին կռվեց 80-ականների զենքով:
«Դա հպարտանալու բան չի, մեռանք հպարտանալով: Իսկ ինչո՞ւ պետք է 80-ականների զենքով կռվենք: Ես էլ եմ հպարտանում մեր զինվորների հերոսությամբ, բայց մյուս կողմից, ինչո՞ւ պիտի զոհ տանք: Եթե մենք լավ զենք ունենայինք, Ադրբեջանը չէր համարձակվի հարձակվել մեզ վրա, բայց գիտի, որ ողորմելի վիճակում ենք: Նա 7-8 անգամ գերազանցում է իր զենքի քանակութամբ ու որակով»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռեժիսորը:
Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ, եթե այս ամենը շարունակվի, մենք կճանաչենք Ղարաբաղի անկախությունը, նրա խոսքով` ինչ-որ մի քայլ է. «Բայց այդ «եթե»-ները շատ են մեզ մոտ, իսկ ո՞վ է ասում, որ չի շարունակվի: Եթե մի պետություն կուտակում է 5 միլիարդի զենք, նա պետք է դա օգտագործի չէ՞, հո մեռյալ կապիտա՞լ չի, ո՞ւմ վրա պետք է օգտագործի, պարզ չէ՞, որ մեր»,- նշեց նա: Ռեժիսորի համոզմամբ` նման մի հարձակումը նորից մեծացնում է արտագաղթը: «Հայերը պետք է մի բան շատ լավ գիտակցեն, եթե պատմության ընթացքում վերացել են մեծ պետություններ, ո՞վ է ասում, որ այսօր չի կարող Հայաստանը վերանալ: Այդ գիտակցությունը պետք է լինի բոլորիս մոտ: Հայերը մի սովորություն ունեն, երբ որ հանգիստ իրավիճակ է, բոլորն անջատ են, հենց մի բան է պատահում, փառք Աստծո, գոնե այդ ժամանակ միավորվում ենք»,- մեզ հետ զրույցում ասաց Նիկոլայ Ծատուրյանը:
Լայնածավալ գործողությունների վերսկսման հավանականությանն անդրադառնալով` նշեց, որ ցավոք, չի կարող չվերսկսվել: «Վախենալով եմ ասում, բայց բավականին շուտ եմ կանխատեսում այդ վերսկսումը: Շատ եմ վախենում, որ ապրիլի 24-ի օրերին նորից սկսեն: Մենք պետք է պատրաստ լինենք: Հիմա մեր մեծահարուստները պետք է կարողանան ինչ-որ գումարներ հատկացնել, զենք ձեռք բերել, որ մեր սփյուռքն աշխատի դրա վրա, ոչ թե գնան, պլակատները բացեն, դեսպանատների առաջ կանգնեն, դրանք դատարկ բաներ են»,- համոզված է ռեժիսորը: «Պետք է սփյուռքում ապրող հարուստներն էլ, մենք էլ գիտակցենք, որ կարող ենք երկիր կորցնել, համախմբվենք ու զենք ձեռք բերենք, այլապես ոչինչ չենք կարող անել: Եթե վաղն, Աստված չանի, լայնածավալ պատերազմ սկսվեց, մեր թեʹ օլիգարխները, թեʹ հարուստները, և թեʹ կառավարությունը, որն արդեն տներ ունի ֆրանսիաներում, ու կղզիներ` իսպանիաներում, կթողնի, կփախչի և կմնա խեղճ ժողովուրդը»,- վստահ է Ծատուրյանն, ում կարծիքով` ժամանակն է, որ ազգը զգոնանա: «Բավական է նայենք, թե որ պետությունն ինչ կարծիք ունի մեր մասին, այս ստրկամտությունը` «վա՜յ, մեր մասին վատը հանկարծ չխոսեն...», թող խոսեʹն, ինչի՞ էդ ինքնավստահ ապուշ Ալիևի հեչ պետքը չի, թե ինչ կխոսեն: Հետո ինչքա՞ն կարելի է պաշտպանվել, նախահարձաʹկ եղիր: Եղել են դեպքեր, երբ մերոնք նախահարձակ են եղել, բայց վերևից հրաման է եկել` հեʹտ եկեք, որովհետև Մոսկվան էդպես ա ասել... դե հերիʹք է, անընդհատ Մոսկվան է սա ասում, Մոսկվան էն ա ասում, մենք էլ անընդհատ լսում ենք: Բավական է այդ ստրկամտությունը»,- մտահոգություն հայտնեց նա:
«Բավական է խեղճ լինենք ու լաց լինենք: Ինչքան լացում ենք, այնքան թուլանում ենք»: Ռեժիսորն այս թեմայով մի անեկդոտ հիշեց. «Հայերի քթերն ինչո՞ւ են մեծ, հենց մի դժբախտություն է պատահում, բոլորս ասում ենք` քոռանամ ես ու քթներս քսում ենք ներքև, երկարում ա: Իսկ ռուսինն ինչո՞ւ է կուրնոս (կճատ-խմբ.), որ դժվարություն է ունենում, քիթը վերև է հանում ու ասում` «ничего, переживём»: Նիկոլայ Ծատուրյանին ամենից շատ մտահոգում է մեր ազգին բնորոշ ստրկամտությունը. «Մոսկվայից գալիս ա Մեդվեդևն ու հայտարարում. «Մենք վաճառել ենք զենք ու կշարունակենք վաճառել: Սա էլեմենտար մեսիջ է` ռուսներն են այս ամենը հրահրում: Այս պատերազմը ռուսներին շատ է պետք... Մերոնք այսքանից հետո զենք չեն առնում, ապուշ քաղաքականություն են վարում: Հերիʹք է: Ինքնասիրությունը ոʹչ փողից է կախված, ոʹչ էլ հզորությունից: Ստրկամտությունից պետք է ձերբազատվենք»,- ամփոփեց Նիկոլայ Ծատուրյանը:

Հարցազրույցը` Անի Մնացականյանի

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր