ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, +2 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում կարող են հանգեցնել հակամարտության ծավալման
21:35, 26.08.2016 | mamul.am
4446 | 0
Ինչպես հայտնի է, օգոստոսի 24-ին Թուրքիան ռազմական գործողություններ էր սկսել Սիրիայում: Թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ նպատակը սիրիական Ջարաբլուսը ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից ազատելն է: Փորձագետները, սակայն, այն կարծիքին են, որ Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմական գործողության հիմնական նպատակը քրդերն են: Քրդերն իրենց հերթին գիտակցում են դրության լրջությունը և կոչ են անում միջազգային հանրությանը կանգնեցնել Էրդողանին: Քրդական «Դեմոկրատական դաշինք» կուսակցությունը Թուրքիայի գործողությունները սիրիական Ջարաբլուսում օկուպացման փորձ է համարում և կոչ է անում անհապաղ դուրս հանել թուրքական զորքերը երկրի տարածքից, Sputnik գործակալությանը հայտարարել է Ֆրանսիայում այդ կուսակցության ներկայացուցիչ Հալիդ Իսան: Հակառակ դեպքում նա խոստացել է, որ քրդերն իրենք կվտարեն թուրքերին իրենց տարածքից: Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Թուրքիայի գործողությունները Սիրիայում և «երկրորդ Հյուսիսային Կիպրոս» չթույլատրի, ասվում է Մոսկվայում սիրիական Քրդստանի ներկայացուցչության պաշտոնական հայտարարության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ակադեմիական ինստիտուտի Միջազգային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Վլադիմիր Սոտնիկովի կարծիքով, Թուրքիայի օպերացիան կապված է քրդերի գործողությունների հետ, որոնց աջակցում է Վաշինգթոնը ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դեմ նրանց պայքարում:
Փորձագետները միակարծիք են այն հարցում, որ թուրքական բանակի գործողություններն էլ ավելի կբարդացնեն հարյուր հազարավոր փախստականների դրությունը թուրք-սիրիական սահմանին: Բացի այդ, վերլուծաբանները չեն բացառում սիրիական հակամարտության ծավալումը, նրա դուրս գալը նոր մակարդակի վրա և տարածաշրջանի լրջագույն ապակայունացումը: Կկատարվեն արդյոք նրանց մտավախությունները թե ոչ, կախված է Անկարայի պլաններից և մի շարք պատահական գործոններից, որոնք հաճախ որոշիչ դեր են խաղում պատերազմական քաոսի պայմաններում:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր