ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Johnson & Johnson-ը մանկական ցանափոշու` քաղցկեղածին ազդեցությունների հետ կապված դատական 3-րդ հայցն է պարտվել
16:05, 28.10.2016 | mamul.am
11737 | 0

ԱՄՆ Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքի դատարանի երդվյալ ատենակալները մեղավոր են ճանաչել Johnson & Johnson ընկերությանը և պարտադրել 70 միլիոն դոլարի փոխհատուցում վճարել Քալիֆորնիայի բնակչուհուն: Դատարանն ապացուցել է, որ կինը ձվարանի քաղցկեղով է հիվանդացել Johnson & Johnson ընկերության արտադրած Baby Powder մանկական ցանափոշին կիրառելուց հետո:
Սա արդեն 3-րդ հայցն է, որով Johnson & Johnson-ին պարտավորեցնում են փոխհատուցում վճարել տալկի հիմքով ստեղծված ցանափոշու պատճառով: Նախորդ 2 դեպքում ընկերությանը պարտավորեցրել են վճարել 127 միլիոն դոլար:
Johnson & Johnson-ը պնդում է, որ ցանափոշու կիրառումը բացարձակապես անվտանգ է և պնդումները, թե տալկը քաղցկեղածին ազդեցություն ունի, անհիմն են: Ընկերությունը մտադիր է բողոքարկել դատարանի վճիռը:
Նշենք, որ արդեն ավելի քան 1500 կին դատական հայց է ներկայացրել ընդդեմ Johnson & Johnson-ի, և փաստաբաններն ուսումնասիրում են ևս 1000 հնարավոր հայց:
Հայցերի մեծ մասը ներկայացվել է Սենթ Լուիսի դատարան, մոտ 300 հայց ներկայացվել է Լոս Անջելեսի, ևս 200-ը` Նյու Յորքի:
Johnson & Johnson-ի դեմ հայցատուներին պաշտպանող փաստաբանական ընկերությունն այլ հետազոտություններ է ներկայացրել, համաձայն որոնց` տալկի և ձվարանի քաղցկեղի առաջացման միջև կապ հայտաբերվել է դեռևս նախորդ դարի 70-ական թվականներին: Համաձայն այդ ուսումնասիրությունների` ձվարանի քաղցկեղի առաջացման հավանականությունը 40%-ով ավելի բարձր է այն կանանց մոտ, ովքեր սեռական օրգանների շրջանում պարբերաբար և երկար ժամանակով տալկ են օգտագործում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր