ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ինչպես կառավարությունը կհանձնի ստուգատեսը. կշարունակի՞ ՀՀԿ-ի կեղտոտ ոճը, թե՞ ոչ». Գևորգ Գորգիսյանը` բոյկոտող ուժերի առաջարկի մասին
14:25, 12.01.2017 | mamul.am
3407 | 0

Արդեն հայտնել էինք, որ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների կողմից ստորագրվել է Վանաձոր քաղաքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու առաջարկը, որն ուղարկվել է կառավարություն: Նշենք, որ արդեն երեք ամիս ավագանու նիստեր չեն անցկացվում և որոշումներ չեն ընդունվում` ընդդիմադիրների բոյկոտի պատճառով:
«168 ժամ»-ի` ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին ուղղված հարցին՝ եթե կառավարությունը ոչ իր օգտին որոշում կայացնի, այսինքն՝ դադարեցնի քաղաքապետի լիազորություններն ու նոր ընտրություններ նշանակի, ի՞նչ է պատրաստվում անել, նա այսպես էր պատասխանել. «Ո՞րն է ոչ իմ օգտին որոշումը, իսկ ո՞վ է ասել, որ նոր ընտրությունների նշանակումն ինձ համար ոչ իմ օգտին որոշում է: Իմ լիազորությունները չեն դադարեցվում. ավագանու ժամկետն է կրճատվում, իսկ դա նշանակում է՝ նոր ընտրություններ, և որևէ մեկը չի ասել, որ դա ինձ ձեռնտու տարբերակ չէ: Այնպես որ, դա իմ դեմ կամ իմ կողմ չէ»: Ճշտող հարցին՝ այսինքն՝ մտածում է, որ նոր ընտրություններ եթե լինեն, նորից ի՞նքն է ընտրվելու Վանաձորի քաղաքապետ, նա պատասխանել էր. «Ես ոչ մի բան չասացի մտածելու մասին, ուղղակի ասում եմ՝ ո՞վ է ասել, որ դա իմ դեմ է»:
MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գևորգ Գորգիսյանն, արձագանքելով Ասլանյանի հայտարարությանն ասաց. «Մամիկոն Ասլանյանը մինչև հիմա չի գիտակցել` ինչ ընտրակարգով է Վանաձորում ընտրություն ընթացել, այսինքն` համամասնական ցուցակով: Մտածում է` ինքը հավաքել է ամենաշատ ձայնը և կարծում է` նոր ընտրության դեպքում ևս ինքը կլինի: Բայց եթե նույնիսկ նույն քանակի ձայն հավաքի, ընդդիմադիր դաշտում պատկերն արդեն այլ է: Այս պարագայում մենք ռեալ շանսեր կունենանք` 40%+1 ձայն հավաքելու և հնարավորություն` ստանձնելու քաղաքի ղեկավարումը»: Հարցին` ի՞նչ սպասելիքներ ունեք կառավարությունից, Գորգիսյանն ասաց, որ սա նաև ստուգատես է նոր վարչապետի և կառավարության համար. «Կարեն Կարապետյանը նշանակվելուց հետո հայտարարեց, որ ամեն ինչ ժողովրդի համար է անելու և օրինական: Այժմ մեզ մնում է սպասել գործադիրի պատասխանին»: Դիտարկմանը` իսկ ի՞նչ կասեք որոշ ՀՀԿ-ականների արձագանքին, ըստ որի` հոկտեմբերի 10-ի քվեարկությունը համարվում է ավագանու նիստ, այսինքն` 3 ամսվա մեջ մեկ նիստ գումարվել է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Օրենքի տրամաբանությունը վերաբերում է ավագանու գործունեությանը, իսկ որոշ ՀՀԿ-ականների ասածն օրենքի հերթական տարընթերցման արդյունք է կամ կեղտոտ ոճ, որով ՀՀԿ-ն խաղում է: Տեսնենք` կառավարությունը կշարունակի՞ այդ ոճը, թե՞ ոչ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր