ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+10 °C
Ում է սատարելու Տիգրան Կարապետյանն Աժ ընտրություններին
15:45, 17.01.2017 | mamul.am
4458 | 0

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը որոշել է սատարել Սեյրան Օհանյանին: Այդ մասին նա հայտնեց MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում:

- Պարոն Կարապետյան, ամիսներ առաջ Դուք հարցազրույցներից մեկում ասել էիք, որ չեք կողմնորոշվել՝ կմասնակցե՞ք սպասվելիք խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ։ Այժմ հստակեցվե՞լ է` մասնակցելո՞ւ եք, թե՞ ոչ:

- Այո, մասնակցելու եմ:

- Որևէ կուսակցությունից առաջարկ ստացե՞լ եք դաշինքով մասնակցելու:

- Մենք որոշել ենք սատարել Սեյրան Օհանյանին որպես առաջնորդ` Վիկտոր Դալլաքյանի կուսակցության միջոցով: Այսինքն` դաշինք ստեղծել Վիկտոր Դալլաքյանի հետ` համախմբվելով Սեյրան Օհանյանի շուրջ:

- Դուք նաև ասել էիք, որ կընդունեք միայն ընդդիմադիր թևի առաջարկները։ Համարում եք, որ Ս. Օհանյանը ընդդիմադի՞ր դիրքերից է հանդես գալիս:

- Այո, ես համարում եմ, որ Սեյրան Օհանյանն ազնիվ մարդ է և ազնիվ է իր մղումներով, իսկ Վիկտոր Դալլաքյանի հետ ես վաղուցվանից հարաբերություններ ունեմ, համակրում եմ նրան: Այնպես որ, որոշումը ոչ միայն Ժողովրդական կուսակցությանն է, այլև իմ անձնականը:

- Այս հերթական ընտրությունները հույսեր ներշնչո՞ւմ են` դրական փոփոխությունների առումով:

- Լրագրողները միշտ ասում էին` մեզ պետք է առաջնորդ, որի շուրջ ժողովուրդը համախմբվի: Հիմա, ես կարծում եմ, այդպիսի առաջնորդը Սեյրան Օհանյանն է, որը կարող է դրական փոփոխություններ անել:

- Հույս ունե՞ք, որ այս ընտրություններն արդար ճանապարհով կկայանան և կեղծիքներ չե՞ն լինի ինչպես միշտ:

- Կեղծիքներ միշտ եղել են, միշտ էլ կլինեն. հարկավոր է դեմն առնել: Դրա համար ներուժ պետք է լինի. դրա համար համախմբվել է պետք: Պետք է կուսակցություններն իրենց ներուժը մեկտեղ անեն և փորձեն կանխել անարդարությունը:

- Պարոն Կարապետյան, կխնդրեի գնահատեիք նաև ներկա կառավարության քայլերը. գո՞հ եք նրա գործունեությունից, կայացրած որոշումներից:

- Ճիշտն ասած` հույս է ներշնչում, որ ինքնուրույն է գործում: Նախագահի հրահանգի տակ չի ընկնում կարծես թե, այլ ձգտում է ինքնուրույն քայլեր անել: Տեսնենք ինչ կլինի, գնահատական տալու համար դեռ շուտ է: Շատ բաներ դեռ պարզ չեն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր