ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Նորի՞ց կոալիցիա ՀՀԿ-ի հետ. պարզաբանում է Մհեր Շահգելդյանը
17:05, 17.01.2017 | mamul.am
3981 | 0

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե «Հայկական վերածնունդ»-ն ընտրություններից հետո կոալիցիա կկազմի՞ ՀՀԿ-ի հետ, ասել է. «Թե ում հետ մենք կոալիցիա կկազմենք, կախված կլինի մեր հավաքած ձայներից… Քաղաքական ուժերը դաշինքներ կազմում են ընտրություններից հետո, եթե քաղաքական ուժերը հավաքում են որոշակի ձայներ, ունեն որոշակի ծրագրեր, եթե այդ ծրագրերը դաշինքների արդյունքում կարող են իրականացնել տարբեր քաղաքական ուժերի հետ, կարող են դաշինք կազմել»: Այս հայտարարությունը քննարկման թեմա դարձավ. Առաքելյանն, ըստ էության, չբացառեց, որ ՀՎԿ-ն ՀՀԿ-ի հետ հնարավոր է կոալիցիա կազմի:
Հիշեցնենք, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը, որն այսօր հանդես է գալիս «ՀՎԿ» անվամբ, տարիներ առաջ կոալիցիա էր կազմել իշխանության հետ, իսկ 2014-ին դուրս գալով այդ կազմից հայտարարեց, որ իր` այնտեղ մնալն այլևս նպատակահարմար չէ, քանի որ իրենց` ՕԵԿ-ականների ձայնը լսելի չէ, իրենց ու ՀՀԿ-ականների իրավունքները հավասար չեն և այլևս ազդեցություն չեն կարողանում ունենալ տարբեր հարցերի լուծման հարցում:
MAMUL.am-ի թղթակիցը «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Մհեր Շահգելդյանից փորձեց ճշտել` արդյոք հնարավո՞ր է կուսակցությունը նման քայլի գնա նախորդ հայտարարություներից հետո և ի՞նչը կարող է պատճառ դառնալ դրա համար:
Մ. Շահգելդյանն սկզբում չցանկացավ մեկնաբանել Էդգար Առաքելյանի մամուլի ասուլիսը` խորհուրդ տալով նրանից պարզաբանում վերցնել: Այնուամենայնիվ, որպես կուսակցության ներկայացուցիչ, Մ. Շահգելդյանին խնդրեցինք պատասխանել վերոնշյալ հարցին: «Բազմիցս խոսել ենք այն մասին, որ մենք կոալիցիայի կգնանք միայն այն դեպքում, երբ կունենանք ռեալ ազդեցություն` քաղաքական որոշումների ընդունման վրա, որը մեզ հնարավորություն պետք է տա փոխել այն բազմաթիվ խնդիրները, որոնք այսօր առկա են, որոնք բերում են սոցիալական ծայրահեղ վատ վիճակի և այլն: Իսկ կոալիցիաները երբեք ինքնանպատակ չեն, մեր պաշտոնական դիրքորոշումը սա է»,- պատասխանեց պատգամավորը:
Դիտարկմանը, թե ՀՀԿ-ի հետ հնարավոր կոալիցիան շատերի համար անհասկանալի է, մեր զրուցակիցն ասաց, որ նախկինում, երբ կուսակցությունը նման հայտարարությամբ հանդես եկավ, խնդիրն այն էր, որ եթե սկզբում իրենք կարողանում էին իրենց ծրագրերն առաջ տանել, ապա հետագայում, պարզվեց, որ` ոչ:
«Օրինակի համար աղետի գոտու վերականգնումը, Գյումրու խնդիրները, ճգնաժամի պայմաններում ավանդների պահպանման հարցը, սոցիալական բազմաթիվ խնդիրների ֆինանսավորումը և այլն, որոնք սոցիալական լրջագույն խնդիրներ են: Հետագայում պարզ էր, որ ազդեցություն այլևս չկար, չէինք կարողանում գործել և կոալիցիայում մնալը մեզ համար արդեն նպատակահարմար չէր»,- եզրափակեց Մհեր Շահգելդյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր