ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Ցուցահանդես Նկարիչների Միությունում
01:17, 03.10.2012
6303 | 0

Մեծ էներգիա և տարիների կուտակված պաշար է ներկայացված Ռոբերտ Մանուկյանի` ՀՆՄ-ի լայնարձակ սրահում կայացած ցուցահանդեսում: Սա նկարչի առաջին անհատականն է այս դահլիճում: Ցուցադրությունն ամբողջական է, դիպուկ և սպասված…

Առաջին հայացքից անմիջապես դիտորդին է տրվում նկարների թեմատիկ, ֆորմատային ու գունային բազմազանությունը: Անկեղծությամբ համակված յուրաքանչյուր աշխատանք Մանուկյանի հոգևոր աշխարհի անմիջական ծնունդ է: Մանուկյանը 20-րդ դարի երկրորդ կեսի այն իրատես նկարիչն է, ով հավատարիմ է մնում իրատեսական կանոններին` պահպանելով աստծո ստեղծած աշխարհի հանդեպ ակնածանքն ու սերը, ներկայացնելով մի այնպիսի ժառանգություն, որն անխոս ուսանելի է նոր եկող երիտասարդ սերնդի համար: Մանուկյանն այն նկարիչն է, ով ձգտում է նյութական ճշգրիտ իրեղենության, շոշափելիության, տարածականության: Ցուցահանդեսում է ամբարված այն հարուստ ստեղծագործական ունեցվածքը, որին Ռոբերտ Մանուկյանը նվիրել է իր կյանքը:

Գրավչական տեղ ունեն նկարչի "ընկերական շարժ" աշխատանքները, որտեղ պատկերել է իր լավագույն ընկերներին: Սրանք ծաղրանկարներ չեն, այստեղ չկա ծաղր, սրանք յուրաքանչյուր անձի խարակտերային հապճեպ ֆիքսումներ են:

Նկարչի դիմանկարային շարասյունը կարծես լինի 20-րդ դարի հայ գեղանկարիչների աշխատանքների հաջորդականության ինքնատիպ շառավիղը` կրելով դիմանկարչական արվեստում շարունակական բնույթ, արդի դիմանկարչության լրացյալ ու ռեալիստական աշխատանքների մեղմ ակորդներ: "Կինը արջուկով" (1969 թ.), "Անահիտ" (1975 թ.), "Մարգարիտան" (1965 թ.) դիմանկարներում ակնհայտ են հայ կնոջ հետպատերազմյան տարիների տանջված ու թախծոտ դիմագծերի կնիքը:

Մանուկյանը կոմպոզիցիաներում ներկայացրել է գրական կենսոլորտի կարիֆեյների, որոնց համադրելով կոմպոզիցիոն ճշգրիտ պեղված ֆոնին` հասել է մանուկյանական յուրատիպ մեկնաբանության:

"Հին Աշտարակ" (1994 թ.), "Հայրավանք" (1993 թ.), "Ջրհեղեղ", "Շորժա 84. Արմինե Կալենցի հայտնությունը" (1988 թ.) նկարները ակնհայտորեն թեմատիկ ու գունային դոմինանտ թիրախ ու գերնպատակ է համարել հայեցիության շեշտակիությունը: Արևի ծիրանային ճառագայթները, որոնք անթաքույց առկա են Մանուկյանի գրեթե բոլոր բնանկարներում, իրենց գունային ու երկրաբանական տեսակով, անխոս, միմիայն, հայեցի են…

Գրաֆիկական գործերը գեղանկարչականի հետ հավասարազոր են ներկայացված: Այտեղ նկարիչն ավելի անմիջական է, լակոնիկ ու կարեվեր: "Ծովափ" աշխատանքը` կատարաված տուշով, թերևս, մեր նկարագրածի դիպուկ օրինակն է:

Լինոփորագրություններն ու օֆորտային աշխատանքները, սակայն, այլ նկարագիր ունեն: Նրանցում արտահայտված է Ռ. Մանուկյանի Թերլեմեզյանում (1951 թ.) Գեղարվեստաթատերական ինստիտուտում (1957 թ.) անցկացրած ու ուսանած տարիների գրագետ մրջնորդայնությունը: Կոմպոզիցիոն բարդ լուծումները, տեխնիկաների տարբերականության իմիտացիաները, հանգեցնում են դիտորդի անհագ ու անսպառ դիտողականությանը: Լինոփորագրություններում առկա է շարքային մտածողություն "Ճանապարհներ" (1988 թ.), "Ողբ" (1990 թ.), "Կյանքի ճանապարհները" (1980 թ.), որոնք հիմնված են պատմական իրադարձությունների խրոնոլոգիայի և հասարակական խնդիրների սինթեզման վրա` արվեստում:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Լիլիթ Ստեփանյան
դեպի վեր