ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Գրիգոր Նարեկացի, Մեղեդի Ծննդյան
12:22, 09.01.2014
24144 | 0
ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ

ՄԵՂԵԴԻ ԾՆՆԴՅԱՆ

Ծավալվել են աչքերը ծով
Առավոտվա ծովի վրա ծիծաղախիտ,
Ինչպես երկու փայլակնաձև արեգակներ.
Շողն է նման լուսացնցուղ այգաբացի:
Թափվում էին այտերից՝ վառ
Դափնեվարդի ու նռնենու ծաղկաթերթեր.
Գեղաշիտակ իրանից սիրտն էր կարկաչում
Հուզավարար կենսատու սեր:
Կամար կապած թևերը գիրգ՝
Երգում էր նա ախորժալուր ու գեղգեղուն,
Ելևեջներն հյուսում իրար.
Շարժվում հանդարտ ու ճեմում էր թիկնեթեկին:
Բերանն երկթերթ, շրթունքներից վարդն էր կաթում.
Լեզվի տավիղն էր քաղցրերգում հուզումնահորդ.
Շողում էին նույն կենսավառ
Սիրով չքնաղ ու գինեթույր
Ծամերն իրենց գիսակներով խոպոպավոր:
Այդ վարսերը համերամ զա՜րդ, համորեն զա՜րդ,
Ոլորք առած եռահյուսակ՝
Բոլորվել են այտերի շուրջ.
Լուսափայլ է ծոցը, կարմիր վարդով լցված,
Դաստակներն են մանուշակի ծիրանի փունջ:
Բուրում էր նա կնդրուկի պես
Աստվածային հրով լցված մի բուրվառի.
Ձայնն էր մեղուշ, քաղցրանվագ:
Զարդարված էր պատմուճանով գեղեցկատես,
Որ բեհեզի կապույտ, որդան ու ծիրանի
Գույներով էր ոսկեշողում.
Գոտին կամար, արծաթափայլ,
Ոսկետտուն ու նրբակերտ՝
Պաճուճված էր ակնեղենով շափյուղայի:
Երբ շարժվում էր մարգարտափայլ գեղեցկությամբ,
Քայլերի հետ շողն էր կաթում իր ոտերից:

Քեզ պսակող թագավորին
Ու նորածին այն Փրկչին փա՜ռք
Հավիտյանս հավիտենից. ամեն:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
12981 | 0
01:01, 08.12.2017
29883 | 0
23:45, 27.08.2017
21572 | 0
դեպի վեր