mamul.am
Ամբողջական տարբերակ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Գեղամ Սարյան, Մարմարակերտ գեղուհին
12:03, 15.02.2014

Գեղամ Սարյան - Մարմարակերտ գեղուհին



(հունական առասպել)
Պիգմալիոնը՝ Կիպրոսի նկարիչը մեծարվեստ,
Որ գեղեցիկ ոչ մի կին չըգտավ իր ճաշակով,
Ատեց կանանց ու քաշվեց հեռու դղյակն իր համեստ,
Ապրեց մենակ՝ իր հոգու երազների հմայքով:
Ապրեց մենակ: Բայց խոհերի մեջ մշտավառ
Ճառագայթում էր չքնաղ ու անմարմին մի էակ,
Իր հանճարի պատկերած գեղեցկության մի տիպար
Լուռ, մենավոր իր հոգու այցելուն էր շարունակ;
Եվ մի գարնան առավոտ գեղուհին այդ խոհածին,
Երբ ծաղկոցներն արթնացան փարթամությամբ մի անբավ,
Աներևույթ ու հանդարտ, նկարչի հետ միասին,
Ստվերի պես հեզասահ, արհեստանոցը մտավ:
Եվ Պիգմալիոնն ըսկսեց մարմին տալ իր խոհերին.-
Առավ ծովի փրփուրի ճերմակությունն անարատ,
Առավ հասակյ նոճու երկնասլաց ու նրբին,
Առավ երկնի աստղերից նրանց հմայքը առատ,
Անմեղությունն հավաքեց եղնիկներից անտառի,
Արեգակը պարգևեց ճառագայթներն իր դեղձան,
Եվ Պիգմալիոնը կերտեց, կերտեց առանց դադարի
Չքնաղագեղ աղջըկա մարմարակերտ մի արձան;
Կերտեց, նայեց, հմայվեց նկարիչը խանդավառ,
Անհուն մի սեր բռնկվեց Պիգմալիոնի կրծքի տակ,
Ախ թե հանկարծ ջերմանար գեղեցկուհու այտը սառ,
Ախ թե իրեն երկարեր բազուկներն իր ըսպիտակ;
-Ո՞Ւմ աղոթեմ ես, չքնաղ, որ քեզ տա շունչ ու արյուն,
Որ նախանձով չընայի Աֆրոդիտեն քո տեսքին,
Երբ իմանա քո հանդեպ ունեցած սերըս անհուն,
Երբ իմանա ուզում եմ ունենալ քեզ որպես կին:
Եվ լռությունն էր լինում Պիգմալիոնին պատասխան,
Գեղաքանդակ արձանը նայում էր համր ու լռին,
Տառապանքով էր լցնում նկարչի սիրտը միայն
Իր հանճարի ստեղծած մարմարակերտ գեղուհին:
Մերթ նա հանձնում էր իրեն անտառների կանաչին
Եվ կամ նստում էր երկար մենակ հեռու ծովափում,
Նա ունկնդիր ջրերի խռովահույզ շառաչին
Փոթորկահույզ իր հոգու սիրո վիշտն էր ամոքում:
Եվ մի անգամ, երբ հոգնած քնել էր նա անտառում,
Տեսավ հանկարծ երազում երկնքի դուռը բացված,
Ինքը կանգնել իր չքնաղ գեղեցկուհուն էր նայում,
Երբ անսովոր մի լույսով Աֆրոդիտեն շողշողաց:
Եկավ անհուն բարությամբ եկավ կանգնեց իր կողքին,
Նայեց արձան աղջկան, նայեց, տխրեց սրտում ցավ,
Ասաց - որքա՜ն վեհություն, անմեղություն կա դեմքին,
Շոյեց գլուխն արձանի, հեկեկալով հեռացավ...
Եվ Պիգմալիոնը զարթնեց... Ծառերն էին հառաչում,
ՈՒ խոնարհում էին վար իրենց ճյուղերը ճկուն,
Թվաց, թե ծովը հեռվից ինչ-որ երգ էր շառաչում,
Նա վեր կացավ ու հանդարտ վերադարձավ դեպի տուն:
Վերադարձավ ու նայեց մարմարակերտ գեղուհուն,
Վերադարձավ ու տեսավ ժպտում էր նա հերարձակ,
Տեսավ արձանն իր կերտած գորովանքով մի անհուն
Դեպի իրեն է մեկնում բազուկներն իր սպիտակ:
Եվ Պիգմալիոնն անսահման խնդությունից արբեցած՝
Հըրաշակերտ գեղուհու փարթամ ուսերը գրկեց,
Պատվանդանի վրայից համբուրելով բերեց ցած,
Նայեց...զղջաց սարսափով, դարձավ նրան ու գոչեց.
-Դարձիր նորից դեպի քո պատվանդանի բարձունքին,
Այնտեղ արվեստ էիր դու, անմահ էիր ու անհաս,
Հազար էիր՝ դարձար մեկ, մահկանացու, միայն կին,
Դարձիր, ապրիր դարերում, գեղեցկության իմ երազ:
Եվ հեզասահ քայլերով գեղեցկուհին ելավ վեր,
Զգեստներն իր շրշյունով պատվանդանին թափվեցան,
Կանգնեց այնտեղ իբր անմահ գեղեցկություն, հավերժ
ՈՒ վերստին դարձավ նա մարմարակերտ մի արձան:
Եվ Կիպրոսի նկարիչ Պիգմալիոնը մեծարվեստ,
Գեղեցկության ու սիրո աստվածուհու լույս կամքով
Ապրեց նորից երջանիկ, դղյակի մեջ իր համեստ,
Ապրեց մենակ՝ իր հոգու երազների հմայքով:


Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
18:18, 05.07.2014
դեպի վեր
© 2011-2014 ՄԱՄՈՒԼ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են: