ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Նարինե Կռոյան, «Սկալպ»
20:01, 18.04.2014
3486 | 0


Նարինե Կռոյան / «Սկալպ»


Ամառային երեկոյի մութը մի տեսակ ցանցառ էր:

Հեռվում այրվող կարմրավուն հորիզոնը հերթական շոգ օրն էր խոստանում` Հրաչիկին ստիպելով բացել բոլոր հնարավոր օդանցքները` պատուհաններն ու դռները, նույնիսկ` մուտքի դուռը: Սակայն բնակարանում նիրհող օդը երևի գնալու տեղ չուներ ու պատրաստ էր իր իսկ հեղձուկից խեղդվելու, միայն թե մնար այնտեղ, որտեղ էր: Միջանցիկ քամի հրահրելու Հրաչիկի բոլոր ջանքերը ևս ապարդյուն էին: Թվացյալ փրկությունը «Ջերմուկ» -ի արագ տաքացող շիշն էր ու բաց պատշգամբը, ուր մինչև աշխարհի վերջը պատրաստ էր սպասել անգամ աննշան զեփյուռի, ինչպես մոլեռանդ հավատացյալն է սպասում Քրիստոսի երկրորդ գալստյանը:

Կնոջ` Հրանուշի` անկողին մտնելու հորդորներն անիմաստ էին: Տապից նվաճած մեկ-երկու աստիճանը գիշերվա համար հաղթանակ համարվել չէր կարող, քանի որ քամին հավանաբար գիշերվա դաշնակիցը չէր և առավել ևս` ցերեկվանն էլ չէր եղել:

Մարող աղմուկն ու շշուկնեը տապին գումարեցին նաև գիշերվա սովորական լռությունը, և Հրաչիկին հանկարծ թվաց, թե այդ ամենի մեջ ինչ-որ չարագուշակ, անվերջանալի ու անբնական բան կա: Մտածեց, որ աշխարհում երևի ամեն բան կանգ է առել` կենդանի ու անկենդան բոլոր արարվածները` անկախ դրանք արարողի կարգավիճակից և ժամանակի ու տարածության մեջ ունեցած հնարավորություններից:

«Իսկ գուցե՞ այս ամենն իրականություն է: Գուցե՞ իսկապես կանգ է առել տիեզերքն ու մոլորակները պտտող հավերժական թվացող մեխանիզմը, և սա աշխարհի ու իր վերջին գիշերն է….»:

Նա աներևույթ ժպտաց իր չծերացող երևակայության թռիչքի, օրվա ու գիշերվա առօրեականության մեջ չտեղավորվող մտքերի վրա ու գլուխը դրեց պատուհանագոգին խաչած ձեռքերին:

Հանկարծ հասկացավ, որ չի լսվում նաև պատի հին ժամացույցի տկտկոցը: Սիրտն սկսեց անսովոր թպրտալ: Վախեցավ: Կոպերն ամուր սեղմվեցին, ու գլուխը դանդաղ թեքեց ժամացույցի կողմը: Ի վերջո աչքերն իրենք բացվեցին ու անմիջապես էլ սառան. ժամացույցը չէր աշխատում: Սլաքները տասն անց կեսի վրա էին, երբ դրսում ակնհայտ ուշ գիշեր էր. «Մի՞թե սա է վերջը… Երանի քնած լինեի…» ։

Շփոթված ու այլայլված վեր կացավ աթոռից ու ակամա գնաց դեպի ժամացույցը: Երբ արդեն տեղում էր, հասկացավ, որ ձգվելու ուժ չունի. այսօր կարծես սովորականից ցածրահասակ էր կամ ժամացույցն էր վեր բարձրացել կախված տեղից: Թոռն էր կախել, երբ դեռ աղջիկներն այստեղ էին, երբ դեռ չէին մեկնել:

Որոշեց, որ ամեն գնով պիտի լարի ժամացույցն ու վերադարձավ աթոռի ետևից:

Զգեստապահարանի ծուռ հայելին մի պահ մոլորված ինչ-որ կերպարանք որսաց ու անմիջապես էլ նրան բաց թողեց ապակյա իր ցանցից: Բաց պատուհաններից սեփականատիրոջ իրավունքով ներս մտած հսկայական լուսինը ևս մի ծերունու տեսավ` փոքրիկ, սպիտակամազ մի բարի թզուկի, որ ասես ինչ-որ հեքիաթում մոլորվել ու հայտնվել էր իր համար օտար վայրում և չգիտեր անելիքը:

Հրաչիկն աթոռը ետևի երկու ոտքի վրա քարշ տվեց ժամացույցի տակ ու տնքոցով վրան բարձրացավ: Երբ ժամացույցի թափանցիկ դռնակն արդեն հասանելի էր, հասկացավ, որ ուղղելու բան չկա. չգիտեր` ժամը քանիսն է:

Ծերունին բնազդաբար ծածկեց ժամացույցի դռնակն ու լարախաղացի նման օրորվելով` սկսեց ցած իջնել: Զայրույթի՞ց էր, թե՞ անկարողության գիտակցումից, թե՞ մեկից, որ մյուսի պատճառն էր, չգիտեր: Աչքերն իրենք-իրենց լցվեցին. չէր ուզում արտասվել:

Գլուխն սկսեց անտանելի ցավել: Պատկերացրեց, թե ինչպես է պատանեկության տարիներին սիրելի արկածային գրքերի միջի կարմրամորթ հնդկացին դանդաղ հանում իր գանգամաշկը: Սակայն հանձնվել չէր պատրաստվում: Ափով սրբելով աչքերը` Հրաչիկն ուղղվեց դեպի պատշգամբի մյուս կողմը: Այնտեղ աղջիկների նվիրած նոթբուքն էր, կամ ինչպես Հրանուշն էր ասում` «Սկալպ» -ը, որ վաղուց հեռացած դուստրերին և օտարացող թոռներին տեսնելու, նրանց հետ խոսելու միակ մխիթարությունն ու հնարավորությունն էր:

Համակարգչի էկրանին բաբախող ժամացույցը համոզեց, որ աշխարհի վերջը այս անգամ ևս հետաձգվում է, ու ծերունին, կարծես թեթևացած, հոգոց հանեց, սակայն որոշումը չփոխեց. պատի ժամացույցը պիտի աշխատեր, որպեսզի կյանքը շարունակություն ունենար, որպեսզի մոլորակը պտտվեր, քամի լիներ:

Դարձյալ ժամացույցի մոտ էր: Սակայն աթոռի վրա այս անգամ բարձրանալը գրեթե անհնարին էր: Ականջներում չաշխատող ժամացույցի զարկերն էին:

Վերջապես: Սլաքներն իրենց տեղում էին, մնում էր միայն զսպանակի բանալին պտտեր: Սակայն ինչ-որ բան հանկարծ կանգ առավ ի՛ր մեջ` գլխում, հենց գանգամաշկի տակ: Հրաչիկը չհասցրեց ըմբռնել տեղի ունեցածը: Նա քամուց քշվածի նման գլորվեց գետնին ու մեռավ` զարմացած ու մենակ:

Հրանուշը միայն առավոտյան տեսավ ամուսնուն` ժամացույցի բանալին ձեռքի մեջ սեղմած:

- Կաթված է, ուղեղի կաթված…. միանգամից է մեռել, բախտը բերել է, - բժիշկներն ասացին:

Հրանուշը չհասկացավ, ու դրանից վիշտը դույզն-ինչ չամոքվեց.

- Գոնե հիվանդանար, պառկեր, նազ աներ: Վրեն ամակ ունենայի….

Անորոշության մեջ նա պարտավոր էր եսասեր լինել, որովհետև մենակ էր: Լավ, անբացակա հարևաններ ուներ կողքին, սակայն մենակ էր ու լքված: Ամուսնու դագաղի կողքին նստած` անհարմար էր զգում իր մենակության համար և ամբողջ բողոքն էլ հենց այդ մասին էր. «Այ անխիղճ, անսիրտ մարդ, ես հիմա ի՞նչ անեմ` մենակ, անտեր-անտիրական…»:

Մյուսներին, որ կամա թե ակամա ցավակցության էին եկել, այլ բան էր հետաքրքրում.

- Ո՞նց էլ իմացել է, թե երբ է մեռնելու…

- Հա: Ասում են` հենց իր ձեռով էլ բարձրացել, կանգնացրել է ժամացույցը….

- Ինչի՞….

- Չգիտե՞ս: Որ իր մեռնելու ճիշտ ժամը իմանան, ժամացույցը սխալ չկանգնացնեն…

-Հաաաա՜, - խորհրդավոր ձգում էր ժամացույցի զարմանահրաշ պատմությանը տեղեկացող հերթական ունկնդիրը` իր իմացածը հաջորդին նոր, ավելի գունեղ մանրամասներով փոխանցելու ակնկալիքով:

Հանգուցյալի դագաղը երկու շարքով պարսպող աթոռները հիմնականում դատարկ էին: Միակ մշտական նստակյացը Հրանուշն էր, որ չնայած շոգին, չգիտես ինչու, մրսում էր: Իհարկե, ժամանակ առ ժամանակ նրա կողքին տարատեսակ կանայք էին նստում, սակայն Հրանուշը այդպես իրեն ավելի ու ավելի միայնակ էր զգում: Ի վերջո, չհամբերեց ու հարևանի հարսի ականջին փսփսաց.

- Նինիկ ջան, ձեր «Սկալպ» -ով Արմինեին ու Ադրինին խաբար արա, ջանիդ մեռնեմ:

Մնում էր սպասել:

Երեկոյան ժամը հինգին մոտ, վերջապես հույսի աղոտ մի շող երևաց.

- Հրանուշ տոտա, Արմինեին ու Ադրինեին մի կերպ գտանք: Ասեցին` անտառ, քեֆի էին գնացել: «Սկայպ» -ով հազիվ կապվեցինք: Շատ լաց եղան խեղճերը: – Նինիկն էր շողը բերողը:

Հրանուշը թեթևացած շունչ քաշեց. շուտով աղջիկները կգան: Հոր մահը նրանց գոնե մի անգամ էլ տեսնելու հնարավորություն կտա: Առավոտյան կգան, հո իրեն մենակ չե՞ն թողնի: Հորը վերջին անգամ կտեսնեն, սիրտները կհովանա:

Սակայն երեկ բացակայող քամին ուրիշ լուր բերեց.

- Հրանուշ ջան, երեխեքը չեն կարա գան, - նեղվելով ասացին ականջին:

Հրանուշը մոռացավ ով էր: Նա աթոռի վրայից սկսեց ցած սահել` փլվելով կողքին նստածի վրա:

- Ախչի Լենա, Ժենիկ, դեղ բերեք, էս կնգա ուշքը գնաց:

Երբ գիտակցությունը ետ եկավ, փորձեց մարսել, ըմբռնել անհավանական իրողությունը.

«Ասում են` զագրան պասպորտ չունեն, չեն հանել: Էսօր էլ շաբաթ է: Ամեն տեղ փակ է: Երկուշաբթի էլ, որ դիմում տան, ամենաքիչը մի շաբաթ կքաշի: Ասում են` առանց զագրան պասպորտի երկրից դուրս չեն թողնում: Համ էլ տասը օրից որ գան` էլ ի՞նչ: Բա էլ արժե՞….»:

Նինիկն էլ իր հերթին մի քանի անգամ կրկնեց նույն բանը: Թվաց, թե վշտահար այրին կորցրել է իրականության, որևէ բան լսելու, հասկանալու կարողությունը:

Հրանուշն ամեն ինչ հասկացել էր և ուզում էր ամուսնու տեղը լինել, նրանից առաջ գետինը մտնել` «թող մի քիչ էլ նա ամոթից մեռներ»: Հրանուշը ստիպված էր խաղալ` ինչպես անհայտ, բայց տաղանդավոր դերասան, ում հատկապես հաջողվում էին մեկ դերասանի թատրոնի համար գրված դերերը:

Քիչ անց ներկայացման տեսարանը փոխվեց: Նինիկը կրկին ներս մտավ` այս անգամ բաց նոթբուքը ձեռքին: Նա հանգուցյալի վրա թեքելով համակարգիչը` դանդաղ պտտվեց դագաղի շուրջը, հետո այն տվեց Հրանուշին ու մոտեցավ միջանցքում ծխող տղամարդկանց: Նոթբուքը Հրանուշի գոգին երկար ու աղեկտուր հեծկլտաց:

Տղամարդիկ դիակի կողքից մի երկու հանդիպակաց աթոռ հանեցին և նրանց փոխարեն սեղանիկներ դրեցին: Նինիկենց ու իրենց նոթբուքները դրեցին սեղանիկների վրա ու երևի չհավանեցին: Հրանուշը լուռ ու ոչինչ չհասակացող աչքերով միայն հետևում էր տարօրինակ տեսարանին: Երբ համակարգիչները բարձրացնելու համար սկսեցին դատարկել գրադարակները ու դնել նրանց տակ, Հրանուշն ամեն ինչ հասկացավ: Ուզում էր ճչալ, մազերը պոկել, բայց միայն չորացած թաշկինակը ցավեցնելու չափ աչքերին սեղմեց:

«Սկայպ» -ն սկսեց աշխատել. երկու նոթբուք` երկու դուստր` դեմ դիմաց, ինչպես որ պիտի լիներ իրականում: Հրանուշն իր դիմաց Արմինեին տեսավ: Դստեր ընտանիքն էր: Աթոռները կողք-կողքի էին շարել` ասես երևակայական դագաղի երկայքով ու լաց էին լինում: Աթոռների շարքի ետևում ցավակից ծանոթ-բարեկամների կանայք էին կանգնած` Արմինեին մխիթարողները: Աղջիկն անկեղծ արտասվում էր, բայց չգիտես ինչու, Հրանուշի ծիծաղը եկավ: Նա ամոթից խոնարհեց հայացքն ու սկսեց արհեստական հազալ:

Կողքի համակարգչում Ադրինեի լացի ձայնն էր:

Ամեն ինչ պարզ էր: Աղջիկներն իր կողքին էին, ավելին` հոր դիակի կողքին:

Հաջորդ առավոտյան նոթբուքները դարձյալ իրենց տեղում էին, պարզապես Հրանուշին խնդրեցին հակառակ կողմում նստել` մեջքով դեպի դուռը: Բացատրեցին, որ գրքերի վրա համակարգիչները հազիվ են հարմարեցրել, ու շարժել չի կարելի: Պատկերը նույնն էր, միայն այս անգամ իր դիմաց Ադրինեի աթոռաշարքն էր, իսկ կողքին` Արմինեի: Ճիշտ է, օրվա ընթացքում Հրանուշը ստիպված էր մի քանի անգամ դես ու դեն գնալ` փոխելով աթոռները, որպեսզի աղջիկները կարողանան դեմ առ դեմ նստել, խոսել, կիսվել որդիական դարդ ու ցավով, սակայն դա երևի բավական չէր:

- Մամ, դու մի քիչ էն կողմ նստի, էլի, կամեռան փակում ես: Համ էլ Ադրինի հետ թաքուն խոսալու բան կա: - Արմինեն էր:

Հրանուշը ստիպված եղավ սենյակում անիմաստ պտտվել` ձևացնելով, թե ամուսնու մեծադիր նկարին է ուզում մոտիկից նայել, խոսել նրա կենդանի հայցքի հետ:

- Ժողովուրդ ջան, մի քիչ էս նոթբուքերը պտտեք, էլի: Տեսնենք` ո՞վ կա, ո՞վ չկա: - Արդեն Ադրինեն էր:

Եվ քանի որ համակարգիչները շարժել չէր կարելի, սենյակում, միջանցքում ու խոհանոցում գտնվողները ասես ինչ-որ անհայտ ծիսական արարողակարգով սկսեցին պտտվել դագաղի շուրջբոլորը, որպեսզի մերթ մի, մերթ մյուս նոթբուքին հայտնեն իրենց ցավակցությունը, խոսեն մեռելատերերի հետ, մի երկու խոսք փոխանակեն: Ոմանք անգամ հասցրեցին հարցնել Ռուսաստանում կյանքի, փողի, աշխատանք լինել-չլինելու մասին, այնպես որ, Հրանուշը ևս ստիպված էր նրանց հետ պտտվել` մի աթոռից քոչելով մյուսի վրա, զսպել, չծիծաղել ու այնքան սուտ հազալ, որ վերջապես ուժասպառ եղավ: Ուզում էր անկեղծ լաց լինել, սգալ ամուսնու` հազար տարվա իր հավատարիմ ու փնթփնթան կողակցի անժամանակ մահը, որովհետև մահը միշտ անժամանակ է լինում, բայց այլևս արտասուք չկար: Նա կարծես այդտեղ էլ չէր:

Երևի ննջել էր, երբ Արմինեի ճչոցից տեղում վեր թռավ.

- Վայ, քոռանամ ես, հորս երեսին ճանճ կա: Այ մամ, մի ճյուղ վերցրա, ծաղիկ բերող չի եղե՞լ, քշի: Պարապ մի նստի:

Հատակին դույլի մեջ դրված ծաղիկների միջից մի ճյուղ առանձնացրին, դրեցին Հրանուշի ձեռքերի մեջ ու հեռացան:

- Հորս գլխի մոտ եմ ուզում նստել, վայ, խեղճ հերա ջան, - ճչալու հերթը Ադրինեինն էր, ու Հրանուշն անցավ գլխի մյուս կողմը:

- Ես էլ եմ ուզում, - Արմինեն էլ հետ չմնաց անհատակ վշտից մղկտացող քրոջից:

Հրանուշին ստիպված էին տանել հանգուցյալի ոտքերի մոտ:

Համակարգիչներով ու գրքերի կույտով սեղանիկները մի քանի տղամարդ զգուշորեն տեղադրեցին հանգուցյալի գլխին զուգահեռ, և աղջիկներն այդ կապակցությամբ մի ուրիշ կերպ, առանձնակի ընդգրկումով լաց եղան: Սակայն լացուկոծն ստիպված էին պարբերաբար ընդհատել` «Մամ, ճանճը…» գոռալու համար:

Կամ հեռու էր նստած, կամ էլ ձեռքի ճյուղն էր կարճ, չէր կարողանում ամուսնու դեմքը հավանած ճանճին քշել: Մի կերպ ձգվում էր, կամ էլ վեր էր կենում` քստքստացնելով հասնում հանգուցյալի գլխավերևը, քշում աներես միջատին ու կրկին վերադառնում իր տեղը` դիակի ոտքերի մոտ:

- Այ մամ, էդքան դժվա՞ր է… Մի ճանճ է, էլի…

Հրանուշն այս անգամ չհասկացավ, թե աղջիկներից որ մեկն էր խոսողը: Զգաց, որ դա այդքան էլ կարևոր չէ: Նա պարզապես առանց վեր կենալու ձգվեց դեպի ճանճն ու … սայթաքեց: Սեղանիկներից մեկի վրայի գրքասյունը փլվեց, ու մետաղյա համակարգիչն ընկավ հանգուցյալի դեմքին:

Հրանուշը ոչինչ չզգաց: Երբ անլսելի աղմուկի տակ ներկայացման դեկորները նախկին տեսքին բերեցին, նա նույնիսկ զվարթացավ` չարաբաստիկ ճանճին ամուսնու ճակատի վրա շունչը փչած տեսնելով:

Աղջիկները տարօրինակ լուռ էին:

«Խռովել, նեղվել են…»:

Նոթբուքներից հանկարծ ինչ-որ ծանոթ ձայն լսվեց: Հասկացավ` սուրճ են խմում: Ցավակիցները նրանց մենակ չէին թողնում:

Իջնող երեկոյի հետ Հրանուշը կարծես թեթևացավ.

- Հրաչիկ ջան, էգուց կպրծնես…

Նա մտածեց ամուսնու թաղման մասին և հանգուցյալի ոտքերի մոտ նստած հասկացավ, որ նախանձում է նրան:

Գիշերը հանգիստ ու երկար քնեց: Գիտեր, որ հանգուցյալի մոտ ամուսնու եղբոր որդիներն էին գիշերելու, ու ոչ մի «Սկալպ» : Գիտեր, որ նրանք էլ կթաղեն ծերունուն: Մի բան չգիտեր. ո՞վ էր իրեն թաղելու, երբ ոչ ոք չլիներ, երբ այդ տղաներն էլ արդեն ուրիշ մի երկրում լինեին …..

Առավոտյան Հրանուշը գլուխը բարձր նստեց իր տեղը` ամուսնու ոտքերի մոտ, ու համբերատար սպասեց եռօրյա անտրամաբանական բեմադրության հանգուցալուծմանը:

Գերեզմաններից ուղիղ տուն եկավ: Հոգեհացի էլ չգնաց: Շտապում էր: Վերջապես, երբ արդեն տանն էր, անբացատրելի ժպիտը դեմքին, հպարտ ու իր նման մանրաքայլ պատշգամբ մտավ: Մի կողմում մեռած ժամացույցն էր, մյուս կողմում էլ գանգամաշկը հանող «Սկալպ» -ը:

Երկուսն էլ գիրկն առավ ու պատուհանից զգուշավոր դուրս նայեց: Մոտակայքում կարծես ոչ ոք չկար: Կարելի էր ազատվել կուրծքը սեղմող բեռից: Վերջ:

Ներքևից ինչ-որ սառը, մետաղական զրնգոց լսվեց, որ կառչելով շենքի պատերից` փորձեց մագլցել վեր ու ներս սողոսկել, սակայն չգիտես որտեղից հայտնված քամին անտեսանելի ձեռքով պոկեց այն տաք պատուհանագոգից ու տարավ հեռու, շատ հեռու…

Հրանուշն արդեն կարող էր սրտի ուզածի չափ լաց լինել, բայց սրտի ուզածն ուրիշ էր: Աչքերի առջև նոթբուքներին խորապես ցավակցողների կորամեջք հերթի, դագաղի շուրջը անհեթեթ պտույտների հետագծի, իր` հոպոպի նման դեսուդեն, մի աթոռից մյուսը ցատկելու, սգավոր աղջիկների անմխիթար վշտի չանցնող տեսարանն էր: Վերջինը, որ նրան վերջնականապես հավասարակշռությունից հանեց և պատրաստ էր տապալել գետնին, ճանճն էր. ճանճը հոգին հանգուցյալի վրա փչեց ու այդպես էլ չլքեց նրան:

Հրանուշը ձեռքերն անսպասելի զարկեց ծնկներին ու սկսեց …. ծիծաղել, ծիծաղել բարձրաձայն ու անզուսպ: Այդպես հեշտ էր: Այդպես նաև լաց են լինում:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13090 | 0
01:01, 08.12.2017
29969 | 0
23:45, 27.08.2017
21719 | 0
դեպի վեր