ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Հովհաննես Շիրազ, Հայոց դանթեականը/հատված/
21:00, 23.04.2014
7089 | 0

ԳԻՇԵՐ ԱՅԳԱՀԱՌԱՉ

ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

2
Եվ ահա երբ որ գիշերվա աչքը խավարը կոխեց,
Լուսինն Աստծո հավերժավառիկ կանթեղը կախեց
Մեր գլխի վրա` մեր ճամփաներին,
Որ անվախ այցենք հայոց դերզորված մահ - ճամբարներին:
Եվ ճեղքել էինք գետը մոռացման,
Որ ափ դուրս գայինք հուշերի նավով, -
Երբ Անդրանիկի ոգին էլ անձայն
Եվ սպառազեն հայտնվեց ցավով:
Ու մունջ զարմանքով ես վեր նայեցի
Եվ ճանաչեցի ոգին, որդու պես:
Օ, նայիր, Դանթե, - մեղմ շշնջացի, -
Վշտի վկան է մեր ամենատես,
Աչքով է տեսել կոտորածն հայոց`
Հայոց կոտորածն` այնքան բազմահոծ,
Որ չէր ամբարի քո դժոխքն անգամ,
Ու որպես հորը` կորուստն իր որդուց`
Մահից այն կողմ էլ լլկում է նրան,
Երբ որ հիշում է նախճիրներն հայոց`
Գալոց ծով մեղքերն հավերժակնիք...
Եվ ճամփագլխին մեր այս անդրանիկ
Հայոց նոր ոգի Անդրանիկը լուռ
Հոնքերի աղեղն աչքերով զինեց,
Բարբառեց որպես մերկացող մի թուր`
Ասես սրբությամբ ինձ էլ այպանեց,
Բանալով մի հին վշտի վարագույր,
(Որ դեռ չի բացել ոչ մի հայ գուսան,
Ոչ մի բանաստեղծ), - ու որպես օձից`
Նա այս վշտով էլ խոցված ինձ նման,
Լեզվի բոցն հանում սրտի հնոցից`
Բացում էր դժոխքն հայ դանթեական:
Մի աչքը թրի նման էր շողում,
Մյուսն արցունքի նման էր դողում, -
Այպանել ուզեց հայ պոետներիս,
Քանզի ինձ նայեց իր աչքի տակով,
Թե՞ լուռ կշտամբեց նա ողջ հայերիս`
Մեր պիղծ լռության դաժան հրաշքով...
- Ով է այս ոգին, - հարցուց լուռ Դանթեն, -
Աչքից էլ զենք ու զրահ կկաթեն...
- Գարիբալդին է, - ասացի, - հայր իմ,
Հայ Աստծուն էլ զենքով մտերիմ...
Բայց թող իր ողջն էլ երկնքի դեռ դինջ ալլահին հասնի`
Միայն թե իր սուրբ արցունքի տեսածն աշխարհ չտեսնի;-
Եվ խորհրդավոր ուրվականը մեծ`
Հայ Գարիբալդին իսկույն հառաչեց.
- Ախ, յավրում, հայեր, ի՞նչ ասեմ ձեզի,
Ի՞նչ շուտ մոռացաք մերոնց ու մեզի...
- Օ, հայր իմ, - ասի, - և քե՞զ մոռացանք,
Շինելդ թափ տաս`
Արճիճե կարկուտ կթափվի դեռ տաք,
Արցունքների պես մայրերի` վայոց,
Որոնք հեղեցին այս եղեռնն հայոց:
Եվ քեզ չտայինք մեր պարտքը` մանկուց,
Ո՞վ մեզ կրակից մայր Արազն անցուց`
Քարավանների չորս կողմը վահան` ձին ծառս հանելով,
Ճիշտ յոթը հարյուր հազար հայերուս մահը վանելով,
Ուր Սպիտակդ վրնջուն սևն էր օսմանի զորքաց,
Քիչ է Մասիսն էլ` թե ճամփիդ փռենք` ի տեղ մեր գորգաց,
Օ, քիչ է, հայր իմ, աստղածով գորգն էլ,
Բայց շղթայվեցավ մեր սիրո զորքն էլ...
- Հապա ինչո՞ւ է աճյունս դրսում...
Ի՞նչ ունի հայը մեղսափարիզում,
- Ով է այս ոգին, - հարցուց լուռ Դանթեն, -
Աչքից էլ զենք ու զրահ կկաթեն...
- Գարիբալդին է, - ասացի, - հայր իմ,
Հայ Աստծուն էլ զենքով մտերիմ...
Բայց թող իր ողջն էլ երկնքի դեռ դինջ ալլահին հասնի`
Միայն թե իր սուրբ արցունքի տեսածն աշխարհ չտեսնի;-
Եվ խորհրդավոր ուրվականը մեծ`
Հայ Գարիբալդին իսկույն հառաչեց.
- Ախ, յավրում, հայեր, ի՞նչ ասեմ ձեզի,
Ի՞նչ շուտ մոռացաք մերոնց ու մեզի...
- Օ, հայր իմ, - ասի, - և քե՞զ մոռացանք,
Շինելդ թափ տաս`
Արճիճե կարկուտ կթափվի դեռ տաք,
Արցունքների պես մայրերի` վայոց,
Որոնք հեղեցին այս եղեռնն հայոց:
Եվ քեզ չտայինք մեր պարտքը` մանկուց,
Ո՞վ մեզ կրակից մայր Արազն անցուց`
Քարավանների չորս կողմը վահան` ձին ծառս հանելով,
Ճիշտ յոթը հարյուր հազար հայերուս մահը վանելով,
Ուր Սպիտակդ վրնջուն սևն էր օսմանի զորքաց,
Քիչ է Մասիսն էլ` թե ճամփիդ փռենք` ի տեղ մեր գորգաց,
Օ, քիչ է, հայր իմ, աստղածով գորգն էլ,
Բայց շղթայվեցավ մեր սիրո զորքն էլ...
- Հապա ինչո՞ւ է աճյունս դրսում...
Ի՞նչ ունի հայը մեղսափարիզում,
Մեզ ինքն Աստվածն էլ արեց մտահան,
Եվ կրծքիդ` օտար հող է, ի՞նչ վահան...
Ով արծիվ` այժմ աղավնյա ոգի,
Այն պիղծ օրերում ընդդեմ մողոքի`
Մեզ հույս չմնաց քո սրից բացի...
Տես` Մասիսն ինքը երկնքի աչքն է` մեր վրա հառած,
Բայց սառած աչքն է երկնում ապշածի...
Էլ ինչպե՞ս կուլ տամ նշխարն իմ հացի,
Երբ դեռ հուշերի ձեռքը կարևեր
Որ քարդ էլ վերցնի` ախ, վկատ արդար,
Դուրս կգան տակից գանգերն անհամար
Ու կմռնչան յոթերկինքն ի վեր.
- Ով ցավերի ծով ծնած պիղծ դավեր,
Ով մահիկակեռ դու նեռ յաթաղան`
Ջրդեղված ափին ժանտ Հռենոսի...
Դու ես հայ անտառն արել տեղահան`
Այրել դժոխքում այս տարտարոսի: -
Եվ լռեց մի պահ իր սուրբ թախիծով:
- Ով սադայելի գրիչ յաթաղան,
Այն դու գրեցիր կոտորածն հայոց`
Անապատների մագաղաթներին`
Մելան դարձնելով արյունն իմ որդոց,
Այնպես գրեցիր, որ դարեր կարդան
Գանգե լեռների բազմակետերով,
Որ դարը դարին ակնապիշ հարց տա,
Թե` "Է՞ր է գրվել արնագետերով
Հայ դանթեականն ու այսքան դժնի`
Ո՞ր մեղքի համար հայոց գութանի...
- Հայոց ո՞ր մեղքիս, - քրթմնջաց անզուսպ,
Կրկընեց սուրբին զորավարը սուրբ, -
Ինչո՞ւ նեղ ժամիս ինձ մենակ թողիք.
Որ այսպես մնանք առանց հայրենի՞ք:
Եվ դեռ ճնշվում են օտարի հողով
Իմ ոսկորներն էլ օտար հողի տակ... -
Ողբաց Անդրանիկն ու սրտի դողով
Ես մրմնջացի. "Ախ, հայր իմ, գնանք,
Քո սուրբ աճյունն էլ դեռ տուն կբերենք`
Աճյունի նման մեծ Կոմիտասի,
Քո անմահ սրին պատյան կդարձնենք
Միայն արծաթյա ձյունը Մասիսի,
Միակ պատյանը հայոց թրերի,
Գալիք աշտանակն հայ գիր – մոմերի...
Միայն Մասիսն է` իղձը մեր վաղվան,
Որ մեր գետերն էլ կարմիր չթվան...":

3Ժպտաց հուր ոգին թուր Անդրանիկի`
Պատյանից ցայտող թրի շողքի պես,
Հսկելու ելավ մեզ` դառած ոգի,
Եվ ուր գնայինք` ուղեկցում էր մեզ`
Մեր գլխով քնքուշ սահող հավքի պես,
Կամ ինչպես լուսինն` սփոփող լացով,
Նույնիսկ շշուկը ոգեթևերի
Մենք լսում էինք երկրում ավերի:
Դեռ ննջում էին հող, երկինք ու ծով,
Երբ անցանք Արազն հուշերի նավով
Ու մտանք մթին անտառ մի, սակայն
Մեզ ճամփա բացեց համր լուսնկան,
Եվ աչքերս, հանկարծ, խոտի մեջ տամուկ
Ինչ – որ մարդկային ոտնահետք գտան:
Առաջ գնացինք լուռ ու անշշուկ`
Ճեղքելով վայրի սեզը կուսական,
Եվ ահա ինչ – որ ձայներ լսվեցին,
Նիրհող ծառերի սոսափի նման,
Ու խորքից ինչ – որ աչքեր մարդկային
Նայեցին ահով ու նորից կորան,
Ու Բագրևանդի այս լեռնահովտում
Հայտնվեց հրաշք մի դառն ու տրտում, -
...Պառկել էր եղնիկն ու նրա կրծքին
Երկու կաթնակեր մանուկներ տեսանք,
Որ ծծում էին կուրծքը եղնիկի`
Իրենց այս տխուր բախտին անտեղյակ:
Աչքերը թխլիկ, սևորակ էին
(Սև շատ է տվել հայ Աստվածն հային...),
Կաթը սառել էր մեկի շրթունքին,
Եղնիկի կաթը` վայ տալով...թուրքին,
Խաղում էր անհոգ ձագն էլ եղնիկի
Մանուկների հետ` մի մանուկի պես...
Ու նայում էինք աչքով զարմանքի,
Երբ մայր եղնիկը գլուխը ծռեց
Ու մեղմիվ լիզեց մազերը մեկի:
Ու մի մոր նման անտառն հառաչեց,
Հառաչեց խումբն էլ մեր բազմաոգի,
Ու նայում էի, մտորում սակայն,
Թե ո՞ւր է նրանց մայրը իսկական...
Մինչ այս թախիծն էր իմ սիրտը կրծում`
Տեսա, որ Դանթեն ժպտում է կրկին,
Եվ աչքն ու հայացքն` իր հոգու լեզուն`
Օրհնության պես էր ձգել եղնիկին...
- Օ, գնանք, Դանթե, ու ճամփա ընկնենք,
Ու քեզ դեռ անհայտ մեր ճամփաներին
Գուցե նրանց մոր մի մազը գտնենք,
Եվ գուցե այնտեղ քո շրթունքներին
Ժպիտը հանգչի ու սրտակեղեք`
Դու երանի տաս այս մանուկներին,
Որոնց այս վայրի եղնիկն է փրկել,
Մինչ մարդը միակ մորից է զրկել...
Բայց սա դեռ շիթն է մեր ծով եղեռնի,
Որ մեր կոկորդից նոր պիտի բռնի...
...Ելանք անտառից, բայց դեռ սիրտս խեղճ
Հայ մանուկների բախտն էր արտասվում,
Լուսինն էլ` ամպի պաղ բարուրի մեջ`
Իմ աչքին մի որբ մանուկ էր թվում,
Որ մայրը` Աստված, նետել կես ճամփին`
Ինքը աղետից փախել էր ճիչով...
Ու գնում էինք, դեռ անցնում լռին
Որբացած լուսնի արցունքի միջով...
Բայց Դանթեն ի՞նչ էր խորհում` չգիտեմ,
Դեռ ճակատը հարթ ու սիրտը քնած`
Լռության քայլով գալիս էր անդեմ,
Երբ որ գիշերվա ծովը անդորրած
Ինչ – որ ձայներով վետվետաց նսեմ,
Հայտնվեց ինքն էլ` լուսինն էլ կորած,
Դարձավ Աստծո մի աչքն այսուհետ:
Ու մեծանալով ձայները` մոր պես
Հերարձակ` խմբով հովտից հասան մեզ:
Վրդովվեց տիրած անդորրն իմ սիրած,
Եվ ահա ցրիվ աղմուկն ամբոխվեց,
Խարազան շաչեց ու մայրեր լացին,
Խավարում մեկը շղթա թափ տվեց
Ու մեկն հառաչեց, ու հայտնվեցին
Հայ մոր ու մանկաց դեմքերով հյուծված`
Քարավանի պես ելան մեր ճամփին,
Ու նրանց շուրջը սև ձիերն հեծած,
Ասկյարներն էին վայրագ մոլեգնում,
Նախրապանի պես քշելով նրանց,
Ծեծելով նրան, ով ետ է ընկնում.
- Չքվեք, գյավուրներ, ալլահն թուր ունի,
Ձեր Աստվածն ի՞նչ է, երբ որ թուր չունի...

4

Մեր խումբը ճամփից ընկրկեց մի քայլ
Ու մտասևեռ նայում էր լռին,
Ու դեռ գալիս էր ամպի պես մռայլ,
Խոլ ու խռովյալ գետը մարդկային,
Ձգվում էր երթը հառաչքով գոցված,
Թողած Վան ու Մուշ ու թողած Բերկրի,
Հայոց երկիրը մի սիրտ էր խոցված`
Ու երթը կարծես մրմունջն էր երկրի.
Հայ մայրերն էին, հայ քույրերն էին`
Շղթան ոտքերին ու շանթն աչքերում,
Գեղջուկներ էին, որոնց գերանդին
Ձեռքից խլել էր ոսոխն արտերում,
Շղթայել ձեռքերն ու երկրից հանում`
Գլխատելու էր իմ ազգին տանում...
Բայց ով ետ մնար երթից մի վայրկյան`
Նստեր մի քարի, որ հանգստանար,
Գետնին կմխեր գնդակը նրան,
Որ այն քարի պես էլ վեր չկենար...
Քաշում էր ահից ձեռքը մայրական
Քնած, բայց ահից քայլող մանուկին,
Բայց մանուկն հանկարծ, տերևի նման,
Մոր ձեռքի ծառից ընկնում էր գետին,
Հեծվորը հասնում` զարկում էր սրով,
Խոցում էր անգամ մանկանը վտիտ,
Ճզմում էր մորը ... իր սմբակներով`
Թե` "Ինչո՞ւ, գյավուր, ետ մնաց որդիդ,
Գնա, որ տեսնեք Բաղդադի խուրմա,
Անապատն` աչքիդ ավազե սուրմա...
Ձեր Հայաստանը էլ չեք տեսնի դուք,
Չպիտի մնա ոչ մի հայ մանուկ:
Խային է հայ ցեղն` ընդդեմ ջեննաթի,
Խայինը խային թայն է ջհուդի...
Չքվեք... ջեննաթին ի՞նչ Աստվածաշունչ...": -
Եվ քարավանը չքվեց անմռունչ.
Հազար հազարներ էին ցնցոտի,
Հազար հազարներ` բոկոտն, անոթի,
Ընթանում էին և ըմբոստ, և հեզ,
Զենքերը խլված` գերի զորքի պես,
Ծովացած ամբոխն, ասես լեռան տակ` համր կռանում,
Իր մեջքին առած անտես վիթխարի իր խաչն էր տանում,
Դաեր տարել էր, էլի` կտանի`
Մինչև մեզ վրա Աստված իր երկու աչքը բաց անի:
Բայց դեռ մայր հողին, Անթեյի նման,
Ընդդեմ մայր հողից տեղահանության`
Մռունչ էր հանում հայությունը հեզ,
Շղթայված, անզեն մի առյուծի պես, -
Եվ ահա ճակատն արյունած մի կին
Կռացավ արագ մի քար վերցրեց,
Զարկեց հեծվորին, և այնպես ուժգին,
Որ մահիկնանեղ ճակատը ցրեց,
Թափվող արյունը ճերմակ նժույգին
Շիկնող ամոթի շապիկ հագցրեց`
Երբ ընկավ իր դև հեծվորն ահագին,
Ու կախվեց մնաց ոտքն ասպանդակին,
Եվ ձին քարշ տալով` կրկնակի պատժեց`
Փշրելով թուրքի գանգը, բայց թե ի՞նչ`
Մոր մեծ կտորն էլ ականջը մնաց,
Սմբակների տակ այն ձիախրխինջ,
Ալլահաքրքիջ ճամփեքին արնած...

5

… Լուսինն ամպահար` հոնքերը կիտեց,
Մի կին իր գրկի բարուրը գաղտնի
Գանձի պես ափի ծաղկանց մեջ նետեց,
Հույսով, որ բախտը որդուն կգտնի...
Եվ շարունակեց ճանփան, մի վայրկյան
Ետ նայեց, ճչաց, թե` "Մերոնք կգան,
Թե հայրը կգա, Անդրանիկը կա,
Աղբյուր Սերոբը, Սմբատը կգա,
Կա Անդրանիկը, կգա հայ Քեռին,
Գերի չի մնա հայը ձեր ձեռին,
Վայ ձեզ, ասկյարներ", - ճչաց կիսաշունչ: -
Նետվեց Մուրադ գետն հայրենամռունչ: -
Դանթեն իր դափնին հանեց ճակատից
Ու բաց գլխի հետ խոնարհեց կարծես,
Դուրս ելավ մի պահ լուսինն էլ ամպից,
Մայր գետում խեղդված մոր դիակի պես...
Ու բռնագաղթը վշտով ամբոխվում
Եվ այնպես ծանր է ընթանում, որ, տես`
Հայրենի հողն է ոտքերից կախվում,
Մանկան փեշիցը տուն քաշող մոր պես, -
Ինչպե՞ս թողնեին իրենց տունն ու բույն` բախտի հովանի,
Ինչպե՞ս լքեին Հայկ աստղի արմատ դրախտը Վանի,
Հով Արտամետի խնձորի ծովը` այս ո՞ւմ են թողնում`
Որ թո՞ւրքը վխտա Բյուրակնի եդեմ ծաղկե անկողնում...
Օ, նայիր հայր իմ, մեծ Նարեկացի,
Ո՞ւր պիտի գտնեն թոնիրն էլ հացի,
Վանա ծովն` անուշ քույրը Սևանա,
Ինչպե՞ս թողնեին անհայ` սևանա...
Միթե վայ չի գա զույգ հայոց հացին...
- Իրավ, - հառաչեց մեծ Նարեկացին, -
Օհ, ինչպե՞ս անհոգ անցնեին, ինչպե՞ս,
Երբ վանդակ դրված արտույտների պես
Քշվում, տարվում են վանդակն հրակեզ`
Անապատները` հազարներն այս հայ,
Հազար – հազարներն այս հազարավայ,
Այս գեղջուկները և այս գեղջկուհիք,
Այս պայմաններն, այս պարմանուհիք,
Այս անհարսնացած հարսներն Հիսուսի,
Արժանի սիրույն լոկ Քրիստոսի,
Վանից, Տարոնից, Սասունից հանվում`
Դեպի դժոխք են դրախտից վանվում,
Եվ ինչպե՞ս մարմինն իր սիրտը տանի,
Երբ սրտից կախ է հողը հայրենի: -
Ծառս էին հանում ոխով հնօրյա
Թուրքերը ձիերն ամբոխի վրա`
Մահվան քշելով անտեր ամբոխին,
Առաջ մղելով ետ մնացողին...
Հանկարծ հայտնվեց` զինամահ լռած
Հայր Կոմիտասը` աչքերը չռած,
Դողացին գունատ շուրթերը կարկամ,
Ինչպես կես մահից փախած ուրվական:
Լուռ արձանացավ, ինչպես դժոխքում,
Չռվեցին աչքերն` առավել սոսկուն,
Սրտով դեռ կենդան, մտքով անզրահ`
Ասես լուռ մեխվեց ամբոխի վրա,
Քարացավ` մինչև քարվանը քշվեց`
Տեղահան հայ ազգն անհետ մշուշվեց
Դեղնադագաղում անապատների,
Որոնց ալլահն էլ դժվար թե ների...
...............................................................
Կնճռվում էինք, ու երթը կարծես
Իմ խոցված ու խոր սրտից էր ելնում,
Հեռանում ելնող հառաչանքիս պես
Բայց արցունքիս պես աչքիս մեջ մնում:
Եվ արտասվում էր լուսինն էլ կանգնած,
Մահից փրկըված մորս պես լռին,
Քանզի քշում էր ոսոխը կանանց`
Լուսնից էլ անմեղ լուսնի քույրերին,
Նոր հարս – մայրերին, քույրերին իմ կույս,
Վարդ - աղջիկներին տանում էր նա դուրս`
Մահիճ դարձնելու իր գիշերներին...
Դուրս էին տանում, որ խոլ կործանեն
Հղի հարսներին, որ էլ չծնեն,
Որ մաղվի ազգը – ձեռ քաշի Մասսից,
Չքանա հայը երկրի երեսից...
................................................................
Օ, չգաս Հիսուս, թե դեռ պիտի գաս`
Քեզ էլ կտանեն խաչելու...չգաս...

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13069 | 0
01:01, 08.12.2017
29951 | 0
23:45, 27.08.2017
21695 | 0
դեպի վեր