ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Պերճ Զեյթունցյան, «Վերջին արևագալը» վեպից հատված
18:35, 24.04.2014
10586 | 0
Ոչ ոք և ոչինչ չի մոռացվել

1915թ.: Դեր Զորի անապատ: Միլիոնավոր մարդկանցից կազմված կենդանի քարավան, որ փորձում էր հաղթահարել բոլոր տեսակի ֆիզիկական ու հոգեբանական լլկանքները, քաղցն ու ծարավը` վերապրելու, գոյատևելու հույսը աչքերում: 20-րդ դարասկզբին համայն մարդկության գիտությամբ ու անտարբեր թողտվությամբ կատարված ոճրագործությունը 95 տարի անց դեռևս չի ստացել իր արժանի դատապարտումը: 95 տարի առաջ ապրիլի 24-ին աքսորվեց ու մահապատժի ենթարկվեց մի ողջ ժողովրդի մտավորական սերուցքը: Մոտ 2 մլն անմեղ զոհերի արյունը ծանրացած է ոչ միայն Թուրքիայի, որ Օսմանյան Թուրքիայի «ժառանգորդն» է, այլև բոլոր այն պետությունների խղճին, որոնք սակարկման առարկա են դարձրել ոչ միայն հայերիս, այլև ողջ մարդկության դեմ կատարված Ցեղասպանությունը: Ամեն տարի հայությունը ուշի ուշով հետևում է միջազգային անցուդարձին, որոնց առանցքում Հայոց Ցեղասպանությունը դատապարտող օրինագծի քննարկումներն են: Ինչպե՞ս ձերբակալվեցին մեր Մեծերը, ի՞նչ օրեր անցկացրին աքսորի ընթացքում, տեղեկանում ենք Պերճ Զեյթունցյանի «Վերջին արևագալը» վեպից, որից էլ ներկայացնում ենք որոշ հատվածներ: ...Հյուրանոցի դատարկ միջանցքում Զոհրապն ու Թալեաթը հայտնվեցին դեմ-դիմաց: - Վստահ եղիր, Թալեա՛թ, մի օր հաշիվ պիտի պահանջվի ձեզանից, և դուք չպիտի կարողանաք արդարացնել ձեր ոճիրները: Ասաց ու զարմանալի մի խաղաղություն իջավ հոգու վրա: Կարծես ամբողջ կյանքը ապրել էր այդ մի հատիկ նախադասությունն ասելու համար: Գրիգոր Զոհրապի ձերբակալությունը Հնչեց դռան զանգը: Զոհրապը դուրս եկավ սենյակից: Տեսավ ոստիկանապետ Քել Օսմանին, երկու սպայի ու չորս ոստիկանի: Մի մարդու համար շատ չէ՞ր յոթ հոգին: Արդյոք ասի՞ Քել Օսմանին, որ աշխարհի բոլոր սահմանադրական երկրներում պառլամենտի անդամը անձեռնմխելի անձ է, թե՞ թող այսպես անգրագետ ու անտեղյակ էլ ապրի: Լավ էր ճանաչում ոստիկանապետին: Քանի-քանի անգամ հինգ ոսկիանոց թղթադրամ էր խոթել նրա գրպանը և օրհնանքի ի¯նչ խոսքեր լսել: Իսկ հիմա այնպես է իրեն պահում, որ կարծես առաջին անգամն է տեսնում Զոհրապ էֆենդուն: Կլարան, դուստրերը, Խաչիկը և խոհարար Մկրտիչը իրար պինդ կպած կանգնել էին անկյունում: Չնայեց նրանց, չուզեց տեսնել աղջիկների սարսափահար աչքերը: Որպեսզի գոնե իր վերջին ուժերը կարողանա պահպանել: - Դո՞ւ ես Գրիգոր Զոհրապը, - հարցրեց Քել Օսմանը: - Այո, ես եմ մեբուս Գրիգոր Զոհրապը: Իսկ դու Քել Օսմանը չե՞ս: «Քել» թուրքերեն նշանակում էր ճաղատ: Զոհրապը չկարողացավ նրանց ստիպել, որ գոնե ժպտային իրենց պետի մականվան վրա: Ուզում էր խայթել, հեգնել, ծաղրել Քել Օսմանին` դեռ երեկ հավատարիմ շան պես իր շուրջը պտտվող, քծնող ու ծառայամիտ այս ոստիկանապետին: Նրանք քրքրում էին գրասեղանի գզրոցները, գրադարանը, որովհետև այն ամենը, ինչ ծավալ ունի, կարող էր վտանգ թաքցնել սահմանադրական կայսրության համար: Ոստիկաններն արդեն հասցրել էին լցնել իրենց հետ բերած տոպրակները: Զոհրապի թղթերն էին հավաքել, որովհետև ամենավտանգավորը մտքերն են, և ոչ թե զենքը: Զոհրապը վերջին անգամ նայեց իր հարազատներին: Հարկավոր էր մի բան ասել, գոնե մի քիչ Զոհրապ դառնալ: Երբ մի պահ ետ ընկավ ու առանձին մնաց Քել Օսմանի հետ, տասը ոսկիանոց մի թղթադրամ խոթեց ոստիկանի գրպանը: Օսմանը չմերժեց և թույլ տվեց, որ էֆենդին էլի առաջվա պես շռայլ լինի: Ռուբեն Սևակը և Դանիել Վարուժանը աքսորի ժամանակ - Հիմա ի՞նչ կուզեիր Դանիել, - դարձյալ իրենց անկյունում էին ծվարել Վարուժանն ու Սևակը: - Ի՞նչ հրաշք ըլլար... - Կկարծես մեծ բանե՞ր պիտի երազեմ, - ժպտալու փորձ արեց Վարուժանը: - Լոգարան տանեին... Մաքուր սպիտակեղեն, նոր շապիկ, փափուկ անկողին... Մեկ հատ ալ թաշկինակ... Աս է հիմա ինծի համար հրաշքը... - Իսկ ես գիտե՞ս ինչ կուզեի, - ոգևորվեց Սևակը: - Կուզեմ հիմա Զոհրապի քովն ըլլալ... Աչքովս տեսնել, թե ինչպես ինքը պատին սեղմած է Թալեաթ փաշային... ... «Տեր ողորմեա, Տեր ողորմեա, Տեր ողորմեա, Ամենասուրբ երրորդություն, Տո¯ւր աշխարհիս խաղաղություն...»: - Կոմիտասն է, Դանիել, - հանկարծ երջանիկ ճչաց Ռուբենը: Հարևան բանտից, որ նույնպիսի մի ախոռ էր, մեղմ լսվում էր աքսորյալների տխուր «Տեր ողորմեան»: Մեկը մյուսից վարակված, մեկը մյուսից ուժ առած բարձրացրին ձայները, ու երկու բանտերը միացան իրար: - Սա իր վերջին երգչախունբն է, - հուզմունքից Սևակը ամուր բռնել էր ընկերոջ թևից: - Ամենաանվարժը, բայց ամենահանճարեղը... Կոմիտաս և Դանիել Վարուժան Կոմիտասը Վարուժանի ուղեկցությամբ տուն մտավ. - Ես իմացեր եմ, որ դուն նոր բանաստեղծություններ ես գրել... Տուր կարդամ... Մի վախնար, անվնաս կվերադարձնեմ... - Ինծի համար մեծ պատիվ է, որ դուն կուզես կարդալ իմ գործերս, - անկեղծորեն ասաց Վարուժանը, որն իր «Մշակականքը» դեռ ոչ ոքի ցույց չէր տվել: - Ավելորդ բաներ մի՛ խոսիր, տո՛ւր, - ջղայնացավ Կոմիտասը: -Իմացել եմ` «Հացին երգի» շարունակությունն է... Նախանձում եմ քո հավատին... Որովհետև այս օրերուն խաղաղ կյանքի մասին գրելու համար մեծ հավատ է պետք, - և ինքն իր դեմ ատելությամբ լցված` բռնկվեց հանկարծ: - Ես էլ եմ ուզում ունենալ... Բոլորդ կարող եք, միայն ե՞ս չեմ կարող... Կոմիտասին այնքան էլ հեշտ չէ կոտրելը... Ես Պոլիս եմ գնում: Չեմ գիտեր ովքեր միջնորդեր են, և ինձ թույլ են տված վերադառնալ: - Հրա՜շք է, հայր սուրբ, հրա՜շք, - աթոռից վեր թռավ Վարուժանը: -Այդ ապուշները չեն հասկցած, որ քեզ փրկելով, միայն մեկ մարդ չէ, որ կփրկեն... - Ձեր պատիժը կլինի մահը, իսկ իմ պատիժը կյանքը պիտի լինի... Իսկ երգի մասին էլ չխոսիս... Ես քեզ նման հիմար չեմ, որ այս գեհենի մեջ մշակի խաղաղ կյանքը ներբողեմ... Ես այս տետրակները քեզ կհանձնեմ ուրիշի միջոցով: Եթե դիտողություն ունենամ, լուսանցքներուն կգրեմ: - Հա՛յր սուրբ, գուցե իսկապես սա մեր վերջին հանդիպումն է, - Վարուժանն աթոռակը տարավ, դրեց ուղիղ նրա դիմաց ու նստեց դեմ առ դեմ: -Ուրեմն թող իմ ձայնս միշտ հնչե քու ականջներուդ մեջ... Ինչ ալ ընեն մեզի, կըլսես, դուն պարտավոր ես երգել ու երգեցնել... Դուն ինձմե լավ գիտես, որ երգը մեր երկրորդ այբուբենն է... Դուն իրավունք չունիս կիսատ ձգելու... Մահը, եթե կուզես գիտնալ, կիսատ մնացած երգն է... Ամեն նահատակված հայի դիմաց` ե՛րգ... - Լռե՛, Վարուժան, - հանկարծ գոռաց Կոմիտասն իր անկյունից: - Քո նմաններուն պատճառով է այս ժողովրդի մեջ հավատն ապրում: Դու ես ստիպում, որ նա ապրի ու տառապի: Իսկ նրա կամքը հարցրե՞լ ես... Գուցե նա մեռնել է ուզում, միայն թե չտառապի: Քո գեղեցիկ զառանցանքները բանաստեղծություններիդ համար պահիր... Ես հայի մեկ հառաչանքը չեմ փոխեր քո այս բոլոր տետրակներուն հետ... - Ափսոս, ձայն չունիմ, որ Կոմիտաս վարդապետին սքանչելի երգերը երգեի: «նտունին», «Մոկաց Միրզան» ... «Գարուն ա, ձուն ա արելը», - նկատեց Վարուժանը: - Այդ քո ասած Կոմիտասը նույնպես հանցագործ է: Փառք Աստծո, որ նա այլևս չկա... Էլ չի կարողանա խաբել ժողովրդին, էլ չի ներշնչի նրան, որ հանճարեղ է նա, որ ինքնուրույն երգ ունի, որ այդ երգը նման չէ ոչ մեկի երգին... - Տո՛ւր իմ տետրակներս, - պահանջեց Վարուժանը: - ... «Գարուն ա, ձուն ա արել», - հանկարծ, ականջը կարծես հեռավոր մի ձայնի, շշնջաց Կոմիտասը: -Ես եմ գրեր... «Անտունի», «Մոկաց Միրզա» ... Ես եմ գրեր... - Այո, հայր սուրբ, դո՛ւն, դո՛ւն, - զգալով, թե ինչպես հրաշքով նախկին Կոմիտասն էր արթնանում, Վարուժանը գլխով արեց երջանիկ: Պի՛նդ կաց, վարդապետ, - աղերսում էր Վարուժանը: - Ինչո՞ւ այսքան շուտ հանձնվեր ես... Դուն հիմա պարտավոր ես մեր բոլորի փոխարեն աշխատիլ... Չէ՞ որ մենք պիտի դադրինք ըլլալե, իսկ դուն, փառք Աստծո, պիտի ապրիս... Դուն իրավունք չունիս, կլսե՞ս, իրավունք չունիս թուլանալու... Մի ջնջեր քու ըրածդ, մի ժխտեր քու անցյալդ, վարդապետ... Ամեն նահատակված հայի դիմաց` մեկ երգ... Դուն միայն կարող ես վրեժ լուծել... Ոչ միայն քու, այլև մեր վրեժը, քու ընկերներուդ վրեժը, հա՛յր սուրբ.. Հայոց ցեղասպանությունը դատապարտող առաջին միջազգային փաստաթուղթը 1915թ. մայիսի 24-ին Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կառավարությունների միացյալ հրապարակային զգուշացումն է Թուրքիային: Ուրուգվայի Սենատը և Ներկայացուցիչների պալատը առաջինն էին, որ 1965թ. ապրիլի 24-ը սահմանեցին 1915թ. ազգային կոտորածին զոհ գնացածների հիշատակի օր:

Կարդալ ավելին: http://www.pressident.am/news/8/5169-oc-oq-e-ocinc-ci-moracvel.html
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13067 | 0
01:01, 08.12.2017
29951 | 0
23:45, 27.08.2017
21694 | 0
դեպի վեր