ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Պարույր Սևակ / Վազգեն Վեհափառի խոսքը՝ Պարույր Սևակի Հոգեհանգստի ժամանակ
19:29, 17.06.2014
6446 | 0

1971 թ. այս օրը ավտովթարից մահացել է Պարույր Սևակը, հայ մեծանուն բանաստեղծ (ծն. 1924 թ.) ։

Քառասուներեք տարի առաջ այս օրը` 1971 թվականի հունիսի 17-ին, Պարույր Սևակը կնոջ և երկու որդիների հետ ավտոմեքենայով դուրս եկավ հայրենի Չանախչի գյուղից: Նրա մեքենան անցավ ճանապարհի դժվարին, ոլորապտույտ հատվածը և վթարվեց Երասխավան գյուղից 8 կմ վերև, զառիվայր իջնող հարթ խճուղու վրա:

Մեծ բանաստեղծն ու նրա կինը` Նելլի Մենաղարաշվիլին, զոհվեցին:

Պարույր Սևակ (Պարույր Ռաֆայելի Ղազարյան) ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։

Պարույրը գրել ու կարդալ գիտեր դեռ 4-5 տարեկանում: Գրելու փորձեր արել է դեռ 11 տարեկանում: Սևակ գրական կեղծանվամբ (ի հիշատակ Ցեղասպանության զոհ դարձած Ռուբեն Սևակի) նա ստորագրվել է հրատարակված իր առաջին իսկ բանաստեղծությունների տակ:
1940թ. գերազանց առաջադիմությամբ ավարտելով դպրոցը` Պարույր Սևակն ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Իսկ 1950-55թթ Սևակը ուսանել է Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտում: Ավարտելուց հետո 4 տարի դասավանդել է նույն բուհում: Պարույր Սևակն ամուսնացել է իր համակուրսեցու` Մայա Ավագյանի հետ: Շատ չանցած` ծնվել է նրանց առաջնեկը` Հրաչյան: Որոշ ժամանակ անց բաժանվելով Մայայից` Պարույր Սևակն ամուսնացել է Նելլի Մենաղարիշվիլու հետ, որը նրան որդի է պարգևում` Արմենը:
1963-71թթ Սևակը եղել է Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1966թ. Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար: 1970թ.Պարույր Սևակը պաշտպանել է դիսերտացիա` ստանալով բանասիրական գիտությունների դոկտորի կոչում: Մահացել է 1971թ. հունիսի 17-ին` ավտովթարից և թաղվել հայրենի գյուղում:

Պարույր Սևակի բանաստեղծություններից.

Անջատում

Լռություն է: Խորունկ: Խորհրդավոր:
Ամե՜ն ինչ է լռել: Եվ լռել է այնպես,
Ինչպես բառարանում բառն է լռում:

Եվ գիշերը չունի տասներկու ժամ,
Այլ կրկնակի: Խոտի թարմ բուրմունք է գալիս
Այս ասֆալտի՞ց արդյոք,
Թե՞ այս տըրամվայից,
Որ ձգվել է հիմա լուռ փողոցում`
Ինչ-որ հեքիաթական թրթուռի պես:
Ուրեմն անջատված է հոսանքն էլեկտրական:

«Անջատվա՜ծ է»:
Այս բառն ինձ դարձըրել է կշեռք
Եվ ուզում է իր ճիշտ քաշն իմանալ: Սակայն
Իմ խեղճ թվացույցին այդքան թվեր չկա՜ն…

Ո՞ւր ես: Ի՞նչ ես անում: Անջատվա՜ծ ենք:
Մագնիսական դա՛շտ կա: Անջատվա՞ծ ենք:
Խնձորն էլ են քամում – հյութը հանում միջից:
Այդպես էլ մենք ահա… անջատվա՜ծ ենք…

Ֆուտբոլասեր չեմ ես: Բայց աչքերիս դիմաց
Ինչ-որ մի գնդակ է անվերջ կաղում-խաղում:
Խենթանում են այսպե՞ս: Գնդակն ի՞նչ գործ ունի
Ի՛նձ հետ, լռությա՛ն հետ և մեր անջատմա՛ն հետ…

Եվ այս սեր կոչվածը գուցե սեր չէ բնավ,
Այլ շչակի ձայն է, կայարանի աղմուկ,
Եվ կանացի ձեռք է` ճյուղի նման ջարդված…

Տեսնես թե աշխարհում կա՞ գեթ մի կենտ լեզու,
Որ չունենա իր մեջ այս «անջատվել» բայը:
Թե կա` ես փոխում եմ ազգությո՜ւնըս…

Կա՞: Պատասխան չկա: Լռություն է:
Ճիշտ է, որ պատասխան իրոք չկա,
Բայց և լռությո՛ւն չէ: Համատարած ճի՜չ է:
Համատարած կա՜նչ է: Համատարած գոռո՜ց:

Քառահատոր հսկա բառարանը հիմա
Մե՛կ բառով է լցված` «անջատվել» -ով:

Եվ մե՛կ միտք է հիմա մեջըս գոռում-գոչում,
-Աշխարհում կա՞ արդյոք գոնե մի կե՛նտ լեզու,
Որ չունենա իր մեջ այս «անջատվել» բայը:
Թե կա` ես փոխում եմ ազգությո՜ւնըս…

***

Աթիլլայաբար

Դեռ նոր հանդիպած` մենք բաժանվեցինք,
Իրար նոր գտած` կորցըրինք իրար:

Այսպես` դանակի սրությունն են միշտ բութ մատով փորձում:
Այսպես` մտովին – անգիտակցաբար մեծ մեղք են գործում:

Այսպես` տալիս են, բայց ավելի քան թերևըս առնում:
Այսպես` հառնում են, բայց` ավելի շուտ` թերևըս մեռնում:
Ուրիշի մարմնով, այսպե՛ս, սեփական հոգին են բեռնում
Ու ծանրանում են, բայց ավելի շատ թեթև են դառնում:

Այսպես` մի ժամով «Հավերժ քաղաքը»` Հռոմն են առնում.
Աթիլլայաբար հասցընում մտնել,
Բայց չեն հասցընում կրակի մատնել…

***

Դու

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Դո՛ւ՝
հասարա՜կ մի դերանուն,
Եվ ընդամենն այդ քո երկո՛ւ հատիկ տառով
Այս բովանդակ աշխարհին ես ինձ տեր անում…

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու ես գարնան հողի նման
Քո կենսատու ջերմությանն եմ ընտելանում…

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Եվ ահա ես
Երջանկության համն եմ զգում իմ բերանում,
Անջատումին ըմբերանում
Եվ թերանում եմ կատարել հրամանը տառապանքի…

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու ես, անգի՛ն,
Ինձանից ինքս վերանում`
Փոշիացած հերոսների
Ու ծնվելիք հանճարների
Դասակին եմ ընկերանում…

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու երբ հանկարծ
Թողնում ես ինձ ու հեռանում`
Լքված տան պես ճեղք եմ տալիս,
Ծեփըս թափում, անտերանում,
Եվ կսկիծը, ցեցի նման,
Բույն է դնում իմ սյունի մեջ,
Ձեղունի մեջ ու գերանում…

Դո՛ւ`
երկու տա՜ռ,
Դո՛ւ`
հասարա՜կ մի դերանուն…

***

Ցավն է հաճախ առաջ մղում

Անհարմար է բոբիկ քայլել,
Այս կոշիկն էլ շատ է նեղում:
Ինչպե՞ս քայլել առանց ուղու,
Այս ճամփան էլ շատ է շեղում:
Դոփել տեղո՞ւմ: Բայց դրանից
Ո՛չ կոշիկըդ կլայնանա,
Ո՛չ էլ ցավը կմեղմանա…
Ցա՜վն է հաճախ առաջ մղում:

***
Լուսնահար կարոտ

Սկսվում է գիշերն արդեն:

Եվ աստղերը,
Որ ողջ ցերեկ խոր քուն մտան,
Հիմա իրենց ճառագայթե
Սուր փշերն են ոզնու նման նորից ցցում`
Ընդդեմ մթան:

Եվ անպաշտպան իմ կարոտը,
Որ անցել է խոր ընդհատակ
Ու չի ուզում նորից տրվել շղթաների ու կապանքի,
Իմ կարոտը մատնըվում է քո անունից.
Լրտեսի՛ պես նա մատնում է տառապանքին:

Մեծ քաղաքը լեթարգիական քուն է մտնում,
Իսկ ես` լուսնո՛տ,
Ես` լուսնահա՜ր,
Շեղ-սայթաքուն կտուրներով
Ու քիվերով ատամնաբաց,
Մինչև անգամ շանթարգելով,
Ահա նորից քեզ եմ գալիս`
Կյանքըս կրկին վտանգելով:

Եթե հանկարծ դու քո հեռվից նկատեիր
Ու ձայն տայիր`
Ճչալու պես «ա՜խ» անելով`
Իմ վտանգված կյանքի համար վախենալով,
Գիտե՜ս` ինչո՛վ կվերջանար,
Իմ ցանկալի՜ս:

Գիտե՛ս.
Մահո՜վ է վերջանում,
Երբ լուսնոտին ձայն են տալիս:

Բայց ես բնա՜վ երկյուղ չունեմ,
Թե կընկնեմ ցած
Եվ իմ արյամբ հալեցնելով ձյունը մայթում`
Դռնապանին գեթ կազատեմ ձյուն քերելուց:
Այդ չի՛ լինի,
Որովհետև ձայն չե՜ս տա դու,
Եվ դա- ո՛չ թե բարությունից,
Այլ… պարզապես չսիրելո՜ւց…

armversion.am կայքից
_______________________


Ստորև Ձեզ ենք ներկայացնում Վազգեն Վեհափառի խոսքը՝ Պարույր Սևակի Հոգեհանգստի ժամանակ

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13090 | 0
01:01, 08.12.2017
29969 | 0
23:45, 27.08.2017
21719 | 0
դեպի վեր