ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Գուրգեն Բորյան / ԿԱ´Մ ՎԱՀԱՆՈՎ, ԿԱ´Մ ՎԱՀԱՆԻՆ
00:46, 20.06.2014
7593 | 0
Հունիսի 20-ին (1915) ծնվել է ԽՍՀՄ գրողների միության անդամ Գուրգեն Բորյանը
Դրամատուրգ, բանաստեղծ, մանկագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր («Սարոյան եղբայրներ» կինոնկարի սցենարի համար, 1970թ.), ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1971), 1936-ից ԽՍՀՄ գրողների միության անդամ Գուրգեն Բորյանը ծնվել է Շուշի քաղաքում 1915 թվականի հունիսի 20-ին։

Ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը։ 1938-1941-ին եղել է «Գրական թերթ» -ի խմբագիրը, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ՝ զինվորական թերթի թղթակից, 1938-1941-ին և 1950-1954-ին՝ Հայաստանի խորհրդային գրողների միության քարտուղար, 1958-1968-ին՝ «Լիտերատուրնայա Արմենիա» -ի, ապա «Սովետական Հայաստան» ամսագրի խմբագիր, 1968-1971-ին՝ ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրի առաջին տեղեկալը։ Բեմադրվել են նրա «Բարձունքներում» (1949), «Հրաշալի գանձ» (Հրաչյա Ղափլանյանի համահեղինակցությամբ), «Նույն հարկի տակ», «Կամուրջի վրա» (1961) պիեսները։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են նախկին ԽՍՀՄ ժողովուրդների մի շարք լեզուներով։ Պարգևատրվել է Կարմիր աստղի, աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով։ Մահացել է Երևանում։


Մահացել է 1971թ.-ի ապրիլի 15-ին Երևանում։

ԿԱ´Մ ՎԱՀԱՆՈՎ, ԿԱ´Մ ՎԱՀԱՆԻՆ
(Դասական Ուղղագրութեամբ)


Գուրգեն Բորյան
1944 թւական, Ապրիլ




Նորից անցայ ես նաիրեան իմ աշխարհով՝ վեր ծովերէն...
Առաւօտի մշուշ քօղը դանդաղ լուծւում էր կապոյտում,
Եւ փռւած էր նորից իմ դէմ շքեղատես ու վեհորէն
Հայոց բարձրիկ աշխարհը պերճ, ինչպէս կապոյտ մի հեքիաթում.
Փռել էր նա զմրուխտ փէշերն Արարատի հրաշք հովտում,
Խիզախ հայացքն Արագածի քառագագաթ ալմաստ գահին:
Հարցմունք արի ծարաւ հոգով, հայրենական սէրն իմ սրտում.
-Ի՞նչ խօսք տանեմ որդիներիդ, հայոց երկիր, այս գոռ ժամին...
Ասաւ՝ մի խօսք ունենք հնուց եւ այն էլ տար որդիներիս
Բարի ետ գան հողն հայրենի,
Կամ վահանո´վ, կամ վահանի´ն...

Դարեր եկան, դարեր անցան, բայց անմեռ է պատգամը հին,
Մեր քաջ նախնեաց խօսքն իմաստուն՝
Կա´մ վահանով, կա´մ վահանին
«Կամ վահանով» - նշան է այդ՝ քաջը յաղթած դարձել է տուն,
Եւ մարտերում վայր չի գցել զէնքը - պատիւը քաջորդու:
«Կամ վահանին» - նշան է, որ զինակեցները ռազմի դաշտից
Իրենց անխոց վահաններին հայրենական հողն են բերել
Կամ դին ընկած մեր դիւցազնի՝ անմահութեան աստղը ճակտին,
Կա´մ նրա բոց անունն անմեռ, որ պիտ ապրի դար ու դարեր:
Եւ ես պատգամը մեր նախնեաց նորից գրում եմ մատեանում
Ահեղ կռւի այս գոռ ժամին
Կամ վահանո´վ, կամ վահանի´ն...

Եւ վերացաւ մի պահ հոգիս, միտքս կտրեց անցաւ դարեր,
Հայացքիս դէմ հազար կայծակ բոցկլտացին ու շողացին,
Ռազմի շարքով պարթեւալանջ հայոց խաջերն ելան իմ դէմ.
Սուրաց անցաւ փրփուր բաշով քաջ Վարդանի գոռ այրուրին...
Սպարապետ, սեպուհ, ռազմիկ թռչում էին - «Դէ, օ´ն յառա´ջ...»
Փայլում էին տէգ ու վահան եւ նիզակները սուրսայրի:
Շողում էին դրօշները հոծ գնդերի շարքի առաջ,
Որոնց հպարտ ճակատներին աստղն էր փայլում Աւարայրի.
Եւ լսեցի խրոխտ մի ձայն թռած քաջաց կուռ կրծքերից.
Պատգամն է մեր, խօսքն է մեր հին՝
Կամ վահանո´վ, կամ վահանի´ն...

Դողաց հողն իմ ոտքերի տակ... երկինք ելաւ որոտն ահեղ.
Արեգակի նետերն հրէ դարձան գարնան մի լոյս անձրեւ.
Եւ ոռոգեց հողը մեր հին իմաստութեան մի բոց հեղեղ.
Եւ ուռճացաւ աշխարհն հայոց՝ հովիտ ու դաշտ, ծիլ ու տերեւ:
Արծիւն պրկեց թեւերն հզօր, բազէն կանգնեց ապառաժին
Ու պղնձեայ փողը մեր հին երկնեց կռւի կոչը արի,
Հերոսութեան մեր սուրբ հոգին դարձաւ հուր շանթը վրէժի
Եղաւ ընդոստ թծնամու դէմ, աւիւն տալով հայ քաջերին,
Ոգեկոչեց ռազմի դաշտում զինւորներին կանչով նորից, -
Դուք տուն դարձէք վայել քաջին՝
Կամ վահանո´վ, կամ վահանի´ն...

Մայրը թողած մորմոքն հոգու սրտի անտես ծալքերի տակ,
Աստւածային ծով աչունքից սրբեց յակինթ արցունքն իր,
Կինը նայեց ցաւին հպարտ, վշտի լեռանն ամպակուտակ,
Հարսը մետաքս գործեց ծածուկ՝ շռայլ նւէր սիրեցեալին:
Հաւատի մեծ վսեմ ծովում կորաւ քուրմը սպասումի
Եւ տխրութեան միգում շողաց արիութեան կատարն անբիծ:
Մեր մարգարէ պապը սիրով յանձնեց հողին կարաս գինին,
Ասաց - կգա´յ ժամ խնդութեան եւ կյորդի գինին նորից...
Արդ՝ սպասենք մեր քաջերին, մեծ է ժամը, ահեղ տարին,
Բայց սպասենք սիրեցեալին՝
Կամ վահանո´վ, կամ վահանի´ն...

Արդեօք երա՞զ էր մի շքեղ, թէ՞ երջանիկ, վսեմ վայրկեան...
Նայեմ... երկինքը պարուրեց ծիածանը կախարդական,
Նայեմ, արեւն էին բերում բիւր ազգերի քաջերն անմեռ,
Արեւն էր այդ ազատութեան, յաղթանակի արեւն էր մեր:
Արեգակի գունդը հրէ, ասես ոսկէ վահան լինէր,
Որ ծածկել էր կրծքերն հզօր հակեան բազում ռազմիկների,
Եւ նրանց հուր, լուսեղ լանջին որպէս աւանդ սուրբ ու անմեռ
Փայլում էին անունները հերոսաբար ընկածների...
Իսկ առջեւում շողշողում էր եօթ գոյներով ծիածանի, -
Կըգանք միայն հողն հայրենի

ԿԱՄ ՎԱՀԱՆՈ´Վ, ԿԱՄ ՎԱՀԱՆԻ´Ն...


Գ. Բորյանի երկերի մատենագրություն
Բանաստեղծություններ, Երևան, Պետհրատ, 1937, 36 էջ:
Արևի համբյուրը, Երևան, Պետհրատ, 1939, 28 էջ:
Ճանապարհ դեպի ծովը, Երևան, Պետհրատ, 1940, 135 էջ:
Մարտիկի երդումը, Երևան, Հայպետհրատ, 1941, 20 էջ:
Կրակե լեզվով, Երևան, Հայպետհրատ, 1942, 95 էջ:
Մանկական բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ, 1942, 15 էջ:
Հրացոլք, Երևան, Հայպետհրատ, 1945, 102 էջ:
Ծաղկեփունջ, Երևան, Հայպետհրատ, 1946, 37 էջ:
Երևանյան լուսաբաց, Երևան, Հայպետհրատ, 1947, 159 էջ:
Բարձունքներում, Երևան, Հայպետհրատ, 1949, 94 էջ:
Հատընտիր, Երևան, Հայպետհրատ, 1953, 215 էջ:
Այո և ոչ, Երևան, Հայպետհրատ, 1955, 51 էջ:
Բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ, 1957, 223 էջ:
Ճոճանակ, Երևան, Հայպետհրատ, 1958, 9 էջ:
Նույն հարկի տակ, Երևան, Հայպետհրատ, 1958, 132 էջ:
Որն է լավը, Երևան, Հայպետհրատ, 1958, 12 էջ:
Ինչու, Երևան, Հայպետհրատ, 1959, 58 էջ:
Երեք դրամա, Երևան, Հայպետհրատ, 1963, 290 էջ:
Ես, դու, նա, Երևան, «Հայաստան», 1965, 78 էջ:
Ընտիր երկեր, Երևան, «Հայաստան», 1966, 563 էջ:
Դեմ առ դեմ (կինովիպակ), Երևան, «Հայաստան», 1968, 106 էջ:
Անտառի փեսացուն, Երևան, «Հայաստան», 1969, 39 էջ:
Նույն հարկի տակ (դրամաներ), Երևան, «Հայաստան», 1972, 485 էջ:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13069 | 0
01:01, 08.12.2017
29951 | 0
23:45, 27.08.2017
21696 | 0
դեպի վեր