ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Վեհափառի աշունը
00:26, 20.06.2014
10930 | 0
Երկար ժամանակ գերիշխող այն մտայնությունը, թե եկեղեցին անձեռնմխելի կառույց է, եւ նրա մասին, ինչպես ասում են` կամ լավ, կամ ոչինչ, խիստ նպաստավոր է հոգեւոր դասի համար, քանի որ ամեն անգամ, երբ որեւէ մեկը համարձակվում է հրապարակավ քննադատական խոսք հնչեցնել կղերականների հասցեին, անմիջապես հետեւում է պատասխան սաստումը. «Ինչպե՞ս կարելի է ստվեր նետել Առաքելական սուրբ եկեղեցու վրա»: Բայց արի ու տես, որ ստվեր նետելու արհեստածին ջանք չկա, քանի որ ստվերն ինքնին արդեն գոյություն ունի, եւ այն խիստ թանձր է, այնքան թանձր, որ նկատեցին նույնիսկ իրենք` մինչեւ վերջերս ոչինչ չնշմարող հոգեւոր դասի ներկայացուցիչները: Մենք չենք թվարկի այն բոլոր աղմկահարույց իրադարձությունները, որոնք վերջին շրջանում հերթական անգամ հասարակության ուշադրությունը բեւեռեցին եկեղեցու ներսում առկա խոցերին, այլ պարզապես կփորձենք մեկ անգամ էլ հայացք նետել փակ վարագույրից ներս, որտեղ պահվում է հոգեւոր խավի իրական դեմքը` գլխավորությամբ վեհափառ հայրապետի, ում անձն ու գործը հանրության կողմից այդպես էլ չարժանացան միանշանակ գնահատականի` փոխարենը հեշտորեն վերածվելով ամենախոցելի թիրախի:

ՆՈՐ ԿԱԹՈՂԻԿՈՍ, ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ինչո՞ւ այսպես ստացվեց: Հարցի պատասխանը հազիվ թե պետք է որոնել միայն վերջին դեպքերի համատեքստում: Իրականում այս ամենը նոր չէ, եւ դրա արմատները թաղված են անցած տարիների մեջ, երբ քայլառքայլ հիմք էր դրվում ու ձեւավորվում էր ապագա կաթողիկոսի մոտալուտ թագադրումը: Ամենայն հայոց կաթողիկոս դառնալու առաջին փորձի ձախողումից հետո Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին Ներսիսյանը չհուսահատվեց, բայց եւ չմոռացավ նրանց, ովքեր «նպաստեցին» իր անհաջողությանը: Առաջին հերթին` Լեւոն Տեր-Պետրոսյանին (2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ կաթողիկոսական դերակատարության ու պահվածքի շարժառիթներում անպայման պետք է տեսնել այդ հին վերքի կսկիծը եւ եթե ոչ վրեժխնդրությունը, ապա գոնե հակադարձման քայլը): Հոգեւոր առաջնորդի հետագա վերելքի ու անկումների ճանապարհին իշխանության մասնակցությունն էլ հենց առանցքային դարձավ նոր գահակալի ստանձնած քաղաքականության ձեւավորման հիմքում: Եվ այստեղ է, որ պետության հետ եկեղեցու հարաբերությունների կառուցման մեջ կաթողիկոսը կատարեց իր ամենամեծ եւ ամենաճակատագրական սխալը` Ամենայն հայոց վեհափառի դիրքերից նահանջելով մինչեւ իշխանության հպատակ ծառայողի ստորին աստիճանը: Իր դիրքորոշումը պայմանավորելով եկեղեցու շահով` կաթողիկոսը սկզբնապես հանգեց այն եզրակացությանը, որ էականն այն չէ, թե իշխանությունն ինչպես կվերաբերվի եկեղեցուն, այլ այն, թե եկեղեցին ինչպես կհարաբերվի իշխանության հետ: Խաղատախտակի վրա թողնելով երկու գլխավոր ուժերին` նա այդպես էլ մոռացության տվեց երրորդին` ժողովրդին: Եվ եթե պարբերաբար ու համառորեն հավատացյալ հանրությունը նրան հիշեցնում էր իր տեսանելի ու շոշափելի գոյությունը, միեւնույն է, գահակալության 14 տարիների ընթացքում կաթողիկոսը նույնիսկ կես քայլ չի նահանջել այս գործելակերպից: Եվ տրամաբանորեն հասկանալի է, թե ինչու առաջին անգամ Գարեգին Երկրորդի օրոք հասարակությունը բացահայտ կերպով հակադրվեց եկեղեցուն եւ կաթողիկոսին` հրապարակավ հայտարարելով. «Վեհափառ, դու ճիշտ չես»:

ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԻ ԳՎԱՐԴԻԱՆ
Երկրորդ աններելի սխալը, աշխարհիկ ձեւակերպմամբ ասած, նրա վարած կադրային քաղաքականությունն էր: Իր ընտրությունից անմիջապես հետո Գարեգին Երկրորդն Էջմիածին տեղափոխեց ողջ Արարատյան թեմի վարչակազմը` ընդհուպ քարտուղար, վարորդ, օպերատոր եւ խոհարար: Նրա երիտասարդ համակիրները շատ շուտով զբաղեցրին Մայր Աթոռի բոլոր կարեւոր եւ առանցքային պաշտոնները` դուրս մղելով նրանց, ովքեր ավելի փորձառու էին, սակայն նորերի պատկերացմամբ վստահելի չէին: Մնացյալ աթոռները բաշխվեցին Գարեգին Բ-ի մտերիմների, համակուրսեցիների եւ ընտրության հարցում աջակցած անձանց միջեւ: Իհարկե, եղան նաեւ ընդվզողներ, բայց դրանք պատժվեցին անմիջապես եւ անխնա (հիշենք Տիրան արք. Կյուրեղյանին, Ներսես արք. Պոզապալյանին, մի քանի վանահայրերի ու քահանաների): Եթե Մայր Աթոռի պատերի ներսում կաթողիկոսի սուրը կտրում էր աջուձախ, ապա դրսի աշխարհի հետ սերվելու համար նրան ժամանակ էր հարկավոր: Նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք կաթողիկոսի կենսական տարածքները սահմանափակ էին: Քոչարյանը չէր մոռացել, որ 1999-ի հոկտեմբերի 27-ի գիշերը Գարեգին Երկրորդը գնացել էր ոչ թե նախագահական նստավայր, այլ պաշտպանության նախարարություն: Ու թեեւ պահպանվում էին հարաբերությունների պատշաճության արտաքին ատրիբուտները, այնուամենայնիվ, կաթողիկոսի երկրորդ շնչառությունը բացվեց միայն Սերժ Սարգսյանի իշխանության գալուց հետո: Մարտի 1-ի չեզոքությունն այդ հավատարմության առաջին լուրջ հավաստիքն ու երդումն էր: Իսկ հետո վրա հասավ փոխհատուցման ժամանակը: Իբրեւ վաստակի պատասխան` ոչ նախագահը, ոչ կառավարությունը որեւէ հարցում կաթողիկոսին մերժելու հակում չունեին: Եկեղեցապատկան տարածքնե՞րն է պետք վերադարձնել` խնդրեմ: Մայրաքաղաքում նստավա՞յր ես ուզում` հարց չկա: Սեւանա կղզում քոթեջնե՞ր ես դնում` դիր: Պետք է հարկերի՞ց ազատել` ազատեցինք: Բիզնես ծրագրե՞ր ունես` գործիր ազատ… Եկեղեցու քարտեզի վրա հայտնվեցին նորաթուխ թեմեր ճիշտ այն սկզբունքով, ինչ սկզբունքով մեր կառավարությունն է արհեստականորեն ավելացնում նախարարությունների կամ առանձին գերատեսչությունների թիվը` մեծ ծառայություններ մատուցած յուրայիններին եկամտաբեր պաշտոններով պարգեւատրելու համար: Սակայն եկեղեցու պարագայում դա ուներ եւս մի հետին նպատակ: Ստացվում էր, որ տրոհվում էին խոշոր թեմերը` նվազեցնելով իրենց ազդեցության գոտիները: Իսկ այդպիսիներին վերահսկելն ավելի հեշտ էր: Մյուս կողմից, եկեղեցու վերնախավում կավելանար կաթողիկոսի յուրայինների թիվը: Այսպես, «անհնազանդ» դիտվող Սյունիքի թեմից պոկվեց ու ձեւավորվեց Վայոց թեմը, եւ հենց Սյունիքի առաջնորդ Աբրահամ սրբազանին էլ բաժին հասավ այդ փոքրիկ կտորն այն դեպքում, երբ նրա տեղում բազմեց ոչնչով աչքի չընկած աբեղա Զավենը: Գուգարաց թեմը զոհաբերեց իր տարածքները` ծնունդ տալով Տավուշի թեմին: Այստեղ թեմակալ նշանակվեց յուրային, Արարատյան թեմից եկած Թորգոմ վարդապետը: Իսկ ահա Արարատյան թեմը, որն ընդգրկում է ահռելի տարածք ու միլիոնանոց հավատացյալ հոտ, բացարձակապես ոչ մի սանտիմետր չկորցրեց, ընդհակառակը` ամրացավ ու հարստացավ մայրաքաղաքում եւ հարակից շրջաններում ձեռք բերած նորանոր հաստատություններով ու կառույցներով: Սփյուռքի ամենաընդարձակ ու մարդաշատ` Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմը կաթողիկոսը նվիրաբերեց հարազատ եղբորը` Եզրաս Ներսիսյանին, ով այն ժամանակ նույնիսկ եպիսկոպոս էլ չէր: Հետզհետե ձեւավորվեց նաեւ հակադրության երկրորդ ճակատը: Ի հայտ եկան կաթողիկոսի «երիտգվարդիականները» կամ, ինչպես Մայր Աթոռում են սիրում շեշտել, Սեւանի դպրանոցի նախկին սաները` ի հակակշիռ ճեմարանականների: Եթե վերջինները համարվում էին հոգեւոր կեցության դասական կեցվածքի կրողները, ապա առաջինները ներկայացան որպես «ոսկե երիտասարդություն»` հոգեւոր արժեքների հետ նույն հարթության վրա դնելով նյութական բարիքների նկատմամբ անթաքույց ուշադրությունն ու պրագմատիկ (իմա` բիզնես) մտածողությունը: Նրանց համար օրինակ վերցնելու եւ բարի նախանձի առարկա են այն ավագները, որոնք կաթողիկոսի խրախուսական հայացքի ներքո արդեն վերածվել են պետության վարչական գործիքի կամ կուսակցական դաշտի դեկորատիվ ատրիբուտի: Եվ այսպես, սքեմավորների փոքրիկ կլանների ձեւավորումը հետզհետե ծնունդ տվեց այն մթնոլորտին, որ այսօր առկա է հոգեւոր շրջանակներում: Անվերջանալի ինտրիգները, բանսարկությունները, փոխադարձ խայթոցները վաղուց են դարձել այս միջավայրի անքակտելի բաղկացուցիչը: Պատմում են, որ որոշ հոգեւորականների միջեւ ատելությունն այնքան մեծ է, որ նույնիսկ երեկոյան` Էջմիածնից Երեւան վերադառնալիս, հրաժարվում են տեղ գրավել նույն ավտոբուսում:

ԵԿԵՂԵՑՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ
Եկեղեցական իշխանության վերաբաշխումը չէր կարող անհետեւանք մնալ: Նրանք, ովքեր կորցրին, համալրեցին դժգոհների բանակը: Այս խմբի ներկայացուցիչներին դասական իմաստով այլախոհներ չես համարի, քանի որ նրանք հիմնականում առաջնորդվում են ոչ թե գաղափարական, այլ շահադիտական եւ անձնական նկատառումներով: Հանդիսանալով եկեղեցու երեւելիներ, նրանց համար անընդունելի է կառավարման այն ձեւը, որն իր հետ բերել է Գարեգին Երկրորդը: Սակայն բացահայտ առճակատման գնալու փոխարեն նրանք նախընտրում են կիրառել «իմ վասալի վասալը քո վասալը չէ» հին-փորձված գործելակերպը: Մայր Աթոռից նրանք որեւէ նյութական օժանդակություն չեն ստանում: Ավելին, մի տեսակ վերածվել են Էջմիածնի համար մոմ ու խունկ վաճառող խանութպանների: Ու եթե լուռ պայմանն այդպիսին է` «եղունգ ունես` գլուխդ քորիր», ապա յուրաքանչյուրը դեմ չէ իրեն վերապահված տարածքում փոքրիկ կաթողիկոսիկ ներկայանալ` դրա դիմաց ոչինչ չպահանջելով Էջմիածնից: Այսինքն` քանի որ տնտեսությունն ինքնաբավ է, ապա ենթակայությունը նույնպես պայմանական է. «Ով փողը տալիս է, նա էլ պատվիրում է երաժշտությունը»: Իսկ փող գտնելն առանձնապես դժվար չէ: Ամեն մի մարզում կամ քաղաքում միշտ էլ կարելի է գտնել մեկ-երկու «աստվածավախ» օլիգարխ, ովքեր պատրաստ են լի պահել թեմի ու թեմակալի գրպանը` փոխարենն ունենալով հնազանդ հոգեւոր դաս ու հավատացյալներ: Արտասահմանյան թեմերում նույնն անելը շատ ավելի դյուրին է: «Աչքից հեռու, սրտից դուրս», - ասում են նրանք` հույսը դրած ոչ թե Մայր Աթոռի, այլ տեղի ունեւոր ծխականների բարեհաճության վրա: Ու քանի որ նույն աղբյուրներից է ձեւավորվում ու հոսում նաեւ Էջմիածնի ոսկեբեր գետակը, ապա կողմերը, ինչպես ասում են, պարտք ու պահանջ չունեն. ես ինձ համար, դու` քեզ համար: Կաթողիկոսը նույնիսկ խուսափում է հովվապետական այցելություններ կատարել այս ինքնիշխան թեմերին: Շատ ավելի դժվար է պատվախնդիր պատրիարքությունների հետ, որոնց ահռելի կարողություններն ու ազդեցության աստիճանը թույլ են տալիս երբեմն ուղղակի խոսել հավասարը հավասարի դիրքերից, առավել եւս, որ պատրիարքները շարքային քահանաներ չեն, որոնց կարելի է սպառնալ, կարգալույծ անել եւ հարցը համարել փակված: Միայն թե վերջին շրջանի տհաճ իրադարձությունները հարվածի տակ առան ոչ միայն վեհափառի անձը, այլեւ հոգեւոր դասի հեղինակությունը: Այդ պատճառով էլ չեզոքներն ու կիսանկախները տագնապեցին. դա կարող է նվազեցնել կամ իսպառ ցամաքեցնել այն աղբյուրները, որտեղից սնվում են: Անախորժությունների ցանկը գերազանցում է բոլոր թույլատրելի սահմանները: Սկսած Լեզվի ինստիտուտի շենքի ավերումից, ամառային կինոթատրոնի զավթման փորձերից, երթուղային գծերի շահագործումից մինչեւ Վրաստան կատարած այցը, Տեր Հակոբի հետ կապված կոնֆլիկտը, Ժնեւի հոգեւոր հովիվ Հայրիկ աբեղայի, ապա Ֆրանսիայի թեմի առաջնորդի հրաժարականից մինչեւ Նավասարդ սրբազանի «օֆշորային սկանդալներն» անխուսափելիորեն պիտի պարտադրեին համբերությունը հատած համարձակ մեկին վեր կենալ ու բարձրաձայն կոչ անել կաթողիկոսին` անհապաղ ամրացնել Հայ եկեղեցու «հոգեւոր հիմքերը», որոնք, ըստ նրա (այս պարագայում` ըստ Երուսաղեմի պատրիարքի), թուլացել են: Ցավոք, դեռ սակավ են ահազանգը լսելու համարձակություն ունեցողները: Բազում են դատարկաբաններն ու ճառ ասողները:

ՅՈ ԵՐԹԱՍ, ՀՈՎՎԱՊԵՏ
Սակայն վերադառնանք կաթողիկոսի ճակատագրին, ում առաջիկայում դժվարին ժամանակներ են սպասվում: Այս օրերին Գարեգին 2-րդի համար ամենածանր հարվածը պիտի դիտվի այն փաստը, որ «խռովարարների» թիկունքում ոչ բացահայտ, սակայն ակտիվորեն գործում է թերեւս նրա ամենալուրջ մրցակիցը` Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը: Իսկ ո՞ւմ վրա կարող է հենվել կաթողիկոսը: Ո՞վ է պատրաստ մինչեւ վերջ հավատարիմ մնալ նրան: Ցանկը մեծ լինել չի կարող: Բոլորին կարելի է կասկածել, բացառությամբ մեկից` հարազատ եղբորից: Իսկ մյուսները` նյութապաշտ ու փառատենչ յուրայինները, իրենց տիրոջը կուրանան մինչեւ առաջին աքլորականչը: Վեհափառի պայքարի միջոցների զինանոցը եւս չափազանց նվազել է: Մնացել են միայն վարչական լծակները, եւ, ամենայն հավանականությամբ, նա հենց այդպես էլ կվարվի` պատժիչ գործողություններ կիրառելով «խռովարարների» ու նրանց համախոհների դեմ: Զուգահեռաբար պետք չէ բացառել, որ իր անձը փրկելու համար նա կարող է զոհաբերել մեկ-երկու զանցառուի` ընդհուպ Կճոյան ու նմաններ: Սակայն սա հազիվ թե փրկություն լինի, քանի որ հոգեզավակների զոհաբերումն իր հետ կբերի դիրքերի առավելագույն թուլացում: Ի վերջո, պետք է նաեւ ընդունել, որ, ասենք, Նավասարդ սրբազանի պարագայում խնդիրը ոչ թե Կճոյանի անձի անձեռնմխելիությունն է, որ թույլ չի տալիս կաթողիկոսին կտրուկ քայլերի դիմել, այլ այն, որ ձեռք տալ Կճոյանին` նույնն է, թե ձեռնոց նետել իշխանությանը: Իսկ իշխանության դեմ նա ոչ գնացել է, ոչ երբեւէ կգնա: Այս իմաստով հայ եկեղեցու պարագլխի վարքը միշտ լինելու է կանխատեսելի ու միակողմանի: Խոսակցություններն այն մասին, թե կաթողիկոսին կարող են անվստահություն հայտնել ու հեռացնել գահից, ներկա պահին որեւէ շոշափելի հիմք չունեն: Նախ, եկեղեցու կանոնադրությունը հնարավորություն է տալիս վեհափառի իշխանությունն անձեռնմխելի պահել (բացառությամբ մեկ-երկու սողանցքի, որոնք էական չեն): Մյուս կողմից, դեռեւս չկա ձեւավորված եւ հստակ գործողությունների ծրագիր ունեցող այն ուժը, որը կարող է երեւան գալ եւ շոշափելի հարված հասցնել կաթողիկոսի դիրքերին: Այս պարագայում միակ քիչ թե շատ ազդեցիկ տարբերակը (որի սերմերն արդեն նետված են) ուղղակի եւ անուղղակի անհնազանդությունն է (վկան` եպիսկոպոսական ժողովին պատրիարքի չմասնակցելու փաստը, Հայր Եղիայի հրաժարումն Էջմիածնի միաբանության անդամությունից, բայց ոչ կոչումից ու կարգից, Կանադայի թեմի վերջին դեպքերը, ուր ցանկանում էին թեմակալ փոխել, եւ այսպես շարունակ): Սա է, որ իրավիճակը դուրս կբերի վերահսկողությունից: Սա է, որ վերջին հարվածը կհասցնի հովվապետի առանց այդ էլ սասանված հեղինակությանը: Իսկ ինչ վերաբերում է սեպտեմբերի 21-28-ը կայանալիք եպիսկոպոսական ժողովին, ապա այն կարող է լինել, կարող է եւ չլինել շրջադարձային: Դա ներկա պահին էական չէ: Սա սոսկ ժամանակի հարց է: Խնդիրը նաեւ այն չէ` կաթողիկոսը կպահպանի իր իշխանությունը, թե ոչ, այլ այն, որ սասանված հեղինակության պայմաններում նա չափազանց խոցելի է դարձրել ողջ եկեղեցու վարկը, իսկ դա ազդանշան է բոլոր նրանց համար, ովքեր դեմ չեն նախահարձակ լինել: Ինչպես ասում են, սուրբ տեղը դատարկ չի մնում:

Արման ՎԱՀԱՆՅԱՆ



Մամուլի խոսնակ` Ազատ Խոսք
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ազատ Խոսք
դեպի վեր