ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Գրիգոր Զոհրապ / կենսագրություն, բանաստեղծություններ, հուշագրություն
23:12, 25.06.2014
15216 | 0
Գրիգոր Զոհրապը ծնվել է հունիսի 26-ին, (1861) հայ նշանավոր գրող, քաղաքագետ, փաստաբան և բարեգործ:

Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում։ Հայրը` Խաչիկ էֆենդին, սարաֆ էր, բնիկ ակնեցի, մայրը` Էֆթիկ հանըմը, Մալաթիայից էր։

Զոհրապը նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում։ 1870- ին մահանում է Խաչիկ էֆենդին։ Մայրը ամուսնանում է նշանավոր փաստաբան Ավետիս Յորտումյանի հետ և երկու որդիների` Միհրանի ու Գրիգորի հետ տեղափոխվում է Օրթագյուղ։ Եղբայրները ուսումը շարունակում են տեղի նշանավոր Թարգմանչաց վարժարանում։ Այստեղ սովորելու տարիներին են վերաբերում Զոհրապի առաջին գրական նախափորձերը` ոտանավորներ, հաջող շարադրություններ։

1876 թվականին Զոհրապն ընդունվում է այդ ժամանակ Թուրքիայի միակ բարձրագույն հաստատությունը` Կալաթասարայի վարժարանը, որը բացվել էր 1868 թվականին ֆրանիսական կառավարության հովանովորությամբ և Կ. Պոլսի ֆրանսիական դեսպանի անմիջական հսկողությամբ։ Ուսանում է երկրաչափական գործը։ Բաժինն ավարտում է փայլուն գիտելիքներով։ 1880 թվականին աշխատանքի է անցնում խորթ հոր իրավաբանական գրասենյակում, իբրև գրագիր և միաժամանակ սկսում է հաճախել Կալաթասարայի իրավագիտության բաժինը։ Սակայն շուտով վարժարանը, որն ուներ 45 հայ, 2 իսլամ, 2 հրեա և 3 հույն ուսանող, փակվում է իսլամ աշակերտներ չունենալու պատճառով։

1881-ին բացվում է «Հուգուգի» վարժարանը։ Մեկ տարի անց Զոհրապը տեղափոխվում է «Հուգուգ», որտեղ երկու տարի սովորելուց հետո հեռանում է` վկայական չստանալով։ 1884-ին Էդիրնե քաղաքում քննություն է հանձնում և ստանում փաստաբան-իրավաբանի վկայական։

Զոհրապը գրական ասպարեզ է մտնում, երբ 1878-ին հանդիպում է Նիկողայոս Թյուլպենճյանին և դառնում նրա հրատարակած «Լրագիր» օրաթերթի աշխատակիցը։ Ընդամենը 17 տարեկան էր նա, սակայն դրսևորեց իրեն իբրև ազգի ճակատագրով մտահոգ անհատ։

1880-ական թվականների սկզբներին մուտք գործելով հրապարարակախոսական ասպարեզ՝ Զոհրապը դարձավ ժամանակի գրական շարժման մասնակիցներից և արդյունավետ գործիչներից մեկը։

1883թ. նա հրատարակում է Ասիական ընկերության «Երկրագունտ» հանդեսը, Հակոբ Պարոնյանի խմբագրությամբ։ 1885թ. հանդեսում սկսում է տպագրել իր անդրանիկ վեպը` «Անհետացած սերունդ մը» վերնագրով։ 1887-ին վեպը տպագրում է առանձին գրքով։

1888թ. Զոհրապն ամուսնանում է Կլարա Յազըչյանի հետ։

1889թ. ծնվում է Զոհրապի անդրանիկ որդին՝ Լևոնը, 1891-ին՝ ավագ դուստրը՝ Դոլորեսը, 1892-ին՝ կրտսեր որդին՝ Արամը և 1896-ին՝ կրտսեր դուստրը՝ Հերմինեն։

1891թ. Զոհրապն ընտրվում է Ազգային ժողովի երեսփոխան, սակայն Ժողովի նիստում նրա ընտրությունը չի վավերացվում, 30 տարեկանը լրացած չլինելու պատճառով։

1892թ. Զոհրապի խմբագրությամբ հրատարակվում է «Մասիս» ազգային, գրական, քաղաքական հանդեսը։ Նրա գրիչն այս շրջանում հատկապես բեղուն էր։ 1893-ին հանդեսը դադարում է լույս տեսնել։

Զոհրապի գրական գործունեությունը բուռն վերելք է ապրում 1880-ական թվականների վերջերին և 1890-ականների սկզբներին։ «Արևելք» օրաթերում, ապա «Մասիս» -ում տպագրվում են նրա առաջին նորավեպերը։ Իր գրական ստեղծագործության հիմնական մասը նա ստեղծել է 1887-1893 թթ.։ Այս շրջանում Զոհրապը գրել է երկրորդ անավարտ վեպը` «Նարդիկ», նորավեպերի մեծ մասը, բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ` ճանաչվելով իբրև գրող և հրապարակախոս։

Հետագայում, երկար լռությունից հետո՝ սկսած 1898 թվականից, Զոհրապը նորից է երևում գրական ասպարեզում, այս անգամ որպես ճանաչված ու վաստակած գրող և հասարակական գործիչ։ 1894-95 թվականները զարհուրելի էին արևմտահայերի համար։ Սկիզբ առան ու մինչև 1896 թվականը շարունակվեցին զանգվածային կոտորածները։ Հայ առաջադեմ մտավորականների մեծ մասը ստիպված էր հեռանալ Կ. Պոլսից և հաստատվել Եվրոպայում, Եգիպտոսում։

Հուսահատության ու ազգային կորովի անկման այս շրջանում Զոհրապը հեռացել էր գրական ասպարեզից։ Նա ավելի զբաղված էր փաստաբանական գործերով, կարևոր դատավարություններով։

Պոլսում Զոհրապը որպես իրավաբան-փաստաբան հայտնի էր հատկապես օտարահպատակներին, քանի որ տիրապետելով ֆրանսերենին՝ շատ հաճախ պաշտպանում էր նրանց գործերը Թուրքիայի առևտրական առաջին դատարանում։ Զոհրապը Պոլսի ռուսական դեսպանատան թարգմանիչն էր ու իրավագետ-խորհրդականը։ Օգտվելով այդ հանգամանքից՝ ռուս օտարահպատակների դատեր էր վարում և ուներ Եվրոպա ազատորեն երթևեկելու իրավունք։

1898-ին օրաթերթի վերածված «Մասիսը» լույս տեսավ դարձյալ Զոհրապի խմբագրությամբ։ Նա կրկին վարեց բուռն ստեղծագործական կյանք, միաժամանակ զբաղվելով փաստաբանությամբ։

Սակայն 1906 թվականին Արդարադատության նախարարի կարգադրությամբ Զոհրապին արգելվեց թուրքական դատարաններում դատեր պաշտպանել։ Պատճառը մի բուլղար հեղափոխականի դատական պաշտպանությունն էր։ 1908 թվականին Թուրքիայում վերահաստատվեց Սահմանադրությունը։ Կայսրության բոլոր անկյուններում անցկացվեցին միտինգներ, ցույցեր՝ հավասարության, եղբայրության, համագործակցության կարգախոսներով։ Զոհրապն այդ ժամանակ Փարիզում էր։ Այնտեղ նա հաջողել էր հրատարակել իր ֆրանսերեն իրավագիտական աշխատությունը, մասնագիտությամբ աշխատանք գտնելու երաշխիքներ ուներ և հետագայի համար նախատեսում էր ընտանիքով բնակության հաստատվել Եգիպտոսում։

Տեղեկանալով Թուրքիայում Սահմանադրական կարգեր հաստատվելու մասին՝ նա հույսերով և լավատեսությամբ Փարիզից շտապեց Պոլիս։

1908 թվականին Զոհրապն ընտրվեց թուրքական Պառլամենտի պատգամավոր։ Նա ակտիվ մասնակցություն էր ունենում խորհրդարանական գրեթե բոլոր քննարկումներում, ամեն ջանք գործադրում էր Խորհրդարանի կողմից արդարացի օրենքներ ընդունելու համար։ Իր մասին նա ասում էր. «Ես Սահմանադրության փաստաբանն եմ» ։

Զոհրապը հարգված և երևելի անձնավորություն էր երկրի թե՛ ազգային, և՛ թե համընդհանուր հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում։

Զոհրապը նաև երեսփոխան էր Ազգային ժողովի, որը 1914 թվականին բարձրացրեց Թուրքիայում հայկական բարեփոխումների հարցը և այս կապակցությամբ դիմեց եվրոպական տերություների միջամտությանը։

Հունվարին Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեց հայկական բարեփոխումների վերաբերյալ համաձայնագիրը, որը արևմտահայերի՝ Թուրքիայում ապահով կյանքի երաշխիքն էր։ Այդ գործում Զոհրապի մասնակցությունը վճռական էր։ Սակայն սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, և համաձայնագրիրը մնաց թղթի վրա։ Թուրքիայի համար ստեղվեցին նպաստավոր պայմաններ հայերի ցեղասպանությունն իրականացնելու համար։ Մեկ գիշերվա ընթացքում, ապրիլի 24-ին, ձերբակալվեց և աքսորվեց Պոլսի հայ մտավորականությունը։ Զոհրապը ամեն ջանք գործադրեց՝ ազատելու անմեղ ազգակիցներին։ Նա դիմեց պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնցից շատերի հետ մտերիմ հարաբերություների մեջ էր, այդ թվում՝ ներքին գործոց նախարար Թալեաթ փաշային, Խորհրդարանի նախագահ Սայիդ Հալիմ փաշային։ Նրանք բոլորն էլ տալիս էին դրական, հուսադրող պատասխաններ։

Սակայն շուտով Զոհրապին ևս ձերբակալեցին։ Նրան էլ սպասվում էր նույն դաժան ճակատագիրը, ինչպես իր միլիոնավոր տարաբախտ հայրենակիցներին։

1915 թվականի հուլիսին աքսորի ճանապարհին դաժանորեն սպանվեց Գրիգոր Զոհրապը։



Անծանոթը

Փողոցին մեջ կերթար, կարծես կը սահեր,
Հուշիկ քայլով, դանդաղ, գրեթե շփացող,
Դեմքը կազե լաչակի մեջ կը պահեր,
Պատմուճան մը ուներ հովեն ծըփացող:

Աղվո՞ր, տգե՞ղ, ինչ փույթ. բավեց որ մտքես
Մարմին մը տամ ես ուզածիս պես իրեն,
Վրդովիչ հով, պչրանք մը լուռ, վերջապես
Ամեն բաներն որոնց համար կը սիրեն:

Ու տարիներ սրտիս խորքը ջանացի
Պահել զինքը մասունքի պես, և մե՛կուն
Չըսի անոր հրապույրները կանացի
Որ գիշերներս ըրին խռոված և անքուն:

Ի՞նչպես եղավ, ո՛վ երազի ծնունդ կին,
Որ ըստուգիվ մարմին առած, խրոխտ ու վես,
Դեռ անցյալ օր թատրոնի մը հոծ մուտքին`
Չճանչցողի մը պես ամցար իմ քովես:
.
Զատկի առթիվ

Անկյուն մ'ունիմ սրտիս մեջ ուր՝
Կառանձնանամ ամեն ատեն,
Վերհիշումներ երբոր տըխուր
Երկրեն զիս պահ մը կանջատեն։

Հոն` կը կենամ ես ծնադիր
Ինչպես առաջքը խորանին,
Եվ ուր միայն կը ծաղկի իր
Կես սուգին մեջ եղրևանին։

Հոդ շարված են իրարու մոտ
Մութ փոսերը իմ իղձերուս,
Հիշատակներ` հիմա աղոտ,
Անուններ` զոր չըսեր լեզուս։

Խոլ տենչանքներ, թռիչք անհուն
Զոր ձեռքովըս տվի հողին,
Մեռելներ` զոր ուրիշներուն
Պես հարության հույսը չունին։


.
Լուսանալու դեմ

Լուսանալու դեմ գիշեր մըն է լուռ ու տխուր.
Մութ մը վճիտ, լեցուն լույսե բիծերով,
Գիշեր հստակ, համեստ իղձի մը պես, ուր
Կը գծագրվի աշխարհ` տարտամ գիծերով։

Այս մութը չէ այրիին քողն, այլ աղվոր
Երևնալու համար հնարված թելը նուրբ.
Ընդնշմարել միայն տըվող շղարշը` որ
Կը ցուցընե դեմքերն ամեն գողտր ու սուրբ։

Ես ավելի կը սիրեմ մութն այս պայծառ
Անգաղտնապահ ցորեկներու լույսերեն.
Ինչպես կնոջ համակրությունն անբարբառ
Բացե ի բաց խոստովանած իր սերեն։
.
Համկերպություն

Դուն լայն ճամփեդ գընա, ա՛ղվոր,
Ես կերթամ մութ արահետես,
Երջանիկ այն համոզմամբ, որ
Սրտով գոնե ինծի հետ ես:

Ու անխռով կայքես նըսեմ
Աչքըս հառած շավղիդ, ո՛վ իմ
Դալուկ լույսըս, պիտի սպասեմ
Քեզի որչափ որ ես ապրիմ:

Մեկ խնդիրք մը միայն. վերջին
Ժամուս կուզեմ որ մոտս ըլլաս,
Եվ երբ ամենքն ինե փախչին,
Դու գեթ անուշ դեմքըդ ցույց տաս:

Եվ ամեն փառքի փոխարեն,
Միայն պատկերըդ հստակ ու ջինջ
Հետըս տանիմ այս աշխարհեն
Չը հիշելով ուրիշ ոչինչ:
.
Հպարտություն

Ժամանակը թևես բռնած կը տանի.
Եւ կուրորեն կը հետևիմ ես անոր,
Փըճացող հեք իղձերուս տեղ մեկ քանի,
Մեկ քանի հույս, լույս դընելով ամեն օր:

Մերթ կը քալեմ գնացքով համր ու տարտամ,
Հորձանքին հետ մերթ կը վազեմ շուտափույթ,
Կընկըղմիմ և իսկույն նորեն կը ծփամ,
Կը ծփամ, վերն է միշտ երկինքը կապույտ:

Փախչի՞լդ ինե, իրավունքդ է, ո՛վ սերդ իմ,
Ինչպես բոլոր երազներուս ծերունի,
Թռչուններու խուճապ, որուն կը ժպտիմ,
Ժպիտով մը, որ լացի շատ կը նմանի:

Եվ կամքով մը հըզոր սիրուս հավասար,
Ես անտրտունջ կերթամ ճամփես զարտուղի,
Հիմա գոցված գիշերով թանձր ու ըստվար,
Թանձր ու ըստվար` վաղորդյանով մը հղի:
.
Հսկում

Քակե' մազիդ խուրձը ոսկի օձերու
Որ պլլվին պարանոցիդ ձյունեղեն,
Ուսիդ, մեջքիդ փաթթվելով քեզ նեղեն
Միսիդ վրա իբրև քողք մը բոցերու։

Մերկ, խրոխտ, շքեղ օթոցիդ վրա պառկե՛ դուն
Սև մետաքսե գուլպաներըդ պահելով,
Երազներ հյուսե՛, քնացիր դեմս անվրդով,
Ես ըսպասեմ այսահարի պես արթուն։

Կեցի՛ր այդպես, որ իմ հոգվույս մեջ տըպեմ
Ձայտքը, էջքը, թավալումը գիծերուդ,
Հիշեմ տեղվանքն հոս հոն ցրված բիծերուդ,
Ինքզինքըս անով խաբեմ, խաբխըբեմ։
.
Ձյունը

Ակնախըտիղ անբըծություն մը վերեն
Երկնից վճիտ բարձրութենեն կիջնար վար,
Վարանելով, օրորվելով, ծուլորեն,
Քալվածքին պես կնոջ մը մարմնեղ և ըստվար:

Ու փողոցին մայթին վրա կը փռեր
Ճերմակությունն իրեն քընքուշ` ցեխին քով.
Ոտքերու տակ կը կոխկըրտվեր, կը լռեր,
Անտրտունջ միշտ ու քիչ մըն ալ հաճույքով:

Վերեն հիմա ձյունը առատ կը մաղվեր,
Հոժարակամ թողլով եթերը կապույտ.
Անձնամատույց կին էր ան որ կը թաղվեր
Փոսի մը մեջ ցեխի, անհոգ ու անփույթ:


Ոչ ոք

Դաշնակ մըն է հոգիս լեցուն
Նվագներով շատոնց լռած`
Որ մատիդ ծայրը դիպչելուն
Կը սարսըռա, կերգե հանկարծ:

Երգեր մոռցուկ, երգերս իմ հին,
Խոր քուներնին թողածի պես,
Որ շըփելով գոց աչվընին
Կանցնին կարգով ահա դեմես:

Նախ երգերը օրորոցիս
Որոնցմով մայրս զիս մեծցուց.
Ու խոլ երգերն իմ փողոցիս
Զոր տակավին գիտեմ բերնուց:

Վերջը, սիրո երգերը որ
Կես մը իրավ, կես մը կատակ,
Նետեցի չորս դին ամեն օր,
Ծաղկանց նըման ոտքերու տակ:

Վերջը, վերջը բոլոր զվարթ
Այդ երգերուն, - դադարը մեծ,
Լըռությունը, զոր մինչև ցարդ
Քեզնից զատ ո՛չ ոք չէ վըրդովեր:
Տարակույս

Տանթելներուդ փրփուրովը կը մտնես
Երերալով` նավու մը պես ալեհերձ,
Աչքերու մեջ ցանկություններ կը գըտնես,
Ու կը հրճվիս կնկան մը պես այլամերձ:

Մատուցումի մը պես կարծես կը ծփան
Կոհակավետ մարմնիդ բոլոր գիծերը,
Ծըփանքով մը օձագալար խոլական,
Եվ կը զմայլին ապշած տղան ու ծերը:

Ամեն այրերն հորձանքիդ մեջ կը դառնան,
Ու կը փոխվին խելոքներն ալ խենթերու,
Սուրբերն անգամ իսկույն վրադ աչք կը բառնան,
Հոսանքն ես դուն սարսուռներու, տենդերու:

Ըսե՛ շիտակ, թե որ սիրեցիր քիչ մը զիս,
Ո՜վ հասուն կին, որ խոնջենքը մարմնիդ մեջ
Տարիներուն դեմը կելլես, կընդվըզիս,
Ձյունածաղի՞կ արդյոք կամ հո՞ւր ես անշեջ:

Եկուր

Երբոր օր մը ըզգաս պետքը,
Զըզված` շուրջիդ կյանքեն շինծու,
Երջանկության փախչող հետքը
Անցյալին մեջ փընտըրտելու:
Որովհետև, ո~վ դառնություն,
Ասկից վերջը աչքիդ` ծարիր
Պետք է դընես և անարյուն
Շրթունքներուդ` քիչ մը կարմիր:

Քալած ատենդ երբոր ճամփան,
Նայվածքդ ամենքը չը թովե,
Եվ զարմացած` չը փըսփըսան.
" Այս աղվոր կինն ո՞վ է":
Երբոր ներկան` ցուրտ ու ցամաք
Դառնա քեզի կամաց կամաց,
Կսկիծներով լեցվի համակ
Ապագադ ալ` մըռայլամած,
Եվ ուրանա իսկ քեզ, ո~վ իմ,
Կյա՛նքըս, աշխարհը համրորեն,
Ես անցյալն եմ հավատարիմ,
Իմ գրկիս մեջ եկու՛ր նորեն:

«1908»
gisher.org
__________________________
Դէպ ի մահ։ Զօհրապ եւ Վարդգէս

հեղինակ՝ Երվանդ Օտյան


Վավերագիր-հուշագրություն։ Տպագրվել է «Արիամարտ» օրաթաթերթում, 1918։ Նկարագրում է, թե ինչպես են սպանվել Գրիգոր Զոհրապը և Հովհաննես Սերինգուլյանը (Վարդգես)

Պոլիսէն մինչեւ Ուրֆա, իրենց ցաւատանջ ուղեւորութեան միջոցին, երկու նահատակները, Զօհրապ եւ Վարդգէս, գուրգուրոտ ակնածանքով մը ողջունուած են Հայերուն կողմէ։ Երբ իրենց աքսորումէն երկու ամիս ետքը ես ալ նոյն ճամբով մինչեւ Հալէպ գացի, տեսայ, որ իրենց յիշատակը ամենուն մտքին մէջ դեռ վառ մնացած էր։ Գոնիա, Ատանա, Հալէպ, ամեն տեղ այդ անդրանիկ զոհերուն վրայ կը խօսէին։ Հակառակ ոստիկանական հսկողութեան` շատ Հայեր, վտանգը աչք առնելով, գացած տեսնուած էին իրենց հետ ու հիմա երկիւղածութեամբ կը վերյիշէին անոնց վերջին խօսքերը։

Ամէնուն վրայ խորին տպաւորութիւն թողած էր Զօհրապի ընկճուած վիճակը. մինչ Վարդգէս զուարթ անտարբերութեամբ եւ ծիծաղկոտ դէմքով մը կը շատախօսէր իրենց մօտեցողներուն` Զօհրապ հազիւ լռութիւնը կը խզէր քանի մը խօսք արտասանելու համար։ Ամբողջ ժամեր անընդհատ կը ծխէր, մտածմունքի մէջ ընկղմած։

Վարդգէս, միշտ լաւատես, կը ջանայ եղեր մխիթարել ու սրտապնդել իր բարեկամը, բայց ի զո՜ւր։

- Մեզի մեռցնել կը տանին, - կը կրկնէ եղեր Զօհրապ։

Հալէպի մէջ, Պառօն Օթելի տէրը` Պ.Մազլըմեան, քանիցս ճաշի կը հրաւիրէ երկու տարագիրները, որովհետեւ հոն գտնուած ատեննին բաւական լայն ազատութիւն տրուած է եղեր իրենց։ Տիկին Մազլըմեան պատմած է ինծի, թէ սեղանին վրայ ախորժակով կուտէր Վարդգէս, մինչդեռ Զօհրապ հազիւ քանի մը պատառ կառնէր, ան ալ ստիպումներով։ Յաճախ լալով կը յիշէր իր կինն ու զաւակները։

Զօհրապ իր ձերբակալման պարագաները պատմած է Պ.Մազլըմեանի։ Կարժէ, որ յիշենք զանոնք։

Ձերբակալման գիշերը Զօհրապ Սէրքլը տրիանի մէջ մինչեւ կէս գիշեր թուղթ խաղացեր է Թալէաթ փաշայի եւ Խալիլ պէյի հետ։ Յետոյ ոտքի կելլէ մեկնելու համար։ Թալէաթ ինքն ալ ոտքի կելլէ ու մօտենալով Զօհրապի` անոր երեսը կը համբուրէ։

Համակրանքի այս անսովոր ցոյցը կը շփոթեցնէ Զօհրապը։

-Ինչո՞ւ համար այս համբոյրը, - կը հարցնէ։

-Սրտէս բխաւ, - կը պատասխանէ միւսը։

Զօհրապ դուրս կելլէ սրահէն չափազանց յուզուած։ Նախազգացումը կունենայ, թէ այդ համբոյրը աղետաւոր նշան մըն է։

Դուրսը տաք ու գեղեցիկ գիշեր մըն էր։ Կորոշէ հետիոտն երթալ մինչեւ իր` Այազ Փաշայի բնակարանը։

Հազիւ ճամբա ելած` կը նշմարէ, որ մէկը կը հետապնդէ զինքը։ Պահ մը կը խորհի, որ թերեւս սխալ ենթադրութիւն մըն է ըրածը եւ փողոցին միւս կողմը կ անցնի։ Մարդն ալ կը հետեւի իրեն։ Զօհրապ քայլերը կ արագէ, նոյնը կ ընէ զինքը հետապնդողը, վերջապէս` անհամբեր ետին կը դառնայ եւ կըսէ.

-Արդեօք զի՞ս կը հետապնդէք։

-Այո, -կը պատասխանէ միւսը, որ ոստիկանութեան քօմիսէր մըն է եղեր։

-Ինչո՞ւ համար...

-Այնպէս հրաման եղած է ինծի։

-Գիտէ՞ք, թէ ես ով եմ։

-Այո, Զօհրապ էֆէնտին։

-Բայց սխալմունք մը ըլլալու է, - կը գոչէ խեղճը, - ես հիմա Ներքին Գործոց նախարարին հետ էի...

-Կրնայ ըլլալ, բայց ինծի տրուած հրամանը բացարձակ է եւ ստիպուած եմ հպատակելու։

Զօհրապ, ճարահատ, ճամբան կը շարունակէ ու կը հասնի բնակարանը, որուն դրան առջեւ ոստիկան մը կը սպասէր։ Քօմիսէր եւ ոստիկան ափարթըմանին սանդուխներէն վեր, կը հետեւին իրեն։

-Ի՞նչ է ձեզի տրուած հրամանը, - կը հարցնէ Զօհրապ։

-Ձեզ ոստիկանատուն տանիլ։

-Հիմա՞, անմիջապէ՞ս...

-Այո, անմիջապէս։

-Եւ եթէ երթալ չուզիմ։

-Այն ատեն բռնի պիտի տանինք։

-Չէ՞ք գիտեր, որ ես մէպուս եմ։

-Գիտենք, բայց մեզի տրուած հրամանը բացարձակ է։

Քօմիսէրը կը յայտնէ նաեւ, որ հետեւեալ առտու իսկ, այսինքն քանի մը ժամէն, ճամբայ պիտի ելլէ, հետեւաբար անհրաժեշտ գոյքերը կրնայ հետը առնել։

Զօհրապ կը մտնէ իր բնակարանը, ձայն կուտայ իրեններուն, եւ ափյափոյ պայուսակ մը պատրաստելէ ետքը կուգայ կը յանձնուի երկու ոստիկաններուն, իր կնոջ ու աղջկան ողբ ու կոծին միջեւ։

Նոյն միջոցին եւ քիչ մը տարբեր պայմաններու մէջ կը ձերբակալուի նաեւ Վարդգէս, եւ առտուն կանուխ երկուքը միասին կը բերուին Հայտար Փաշայի կայարանը։ Իրենց կընկերանան եղեր ոստիկան մը եւ սիվիլ հագնուած լրտես մը։

Ոստիկանը կ ուզէ երրորդ կարգի վակօնի մը մէջ մտցնել երկու աքսորականները, Վարդգէս եւ Զօհրապ կ ընդդիմանան։ Ոստիկանը կը պնդէ, առարկելով, թէ վակօնը յատկապէս պատրաստուած է իրենց հաամար։ Երկու տարագիրները ձայն կը բարձրացնեն ու կը պահանջեն, որ առաջին վակօնով մը տարուին։

Երկու կողմէն ձայները հետզհետէ կը բարձրանան։ Ի վերջոյ Զօհրապ գրպանէն 25 ոսկինոց թուղթ մը կը հանէ, ոստիկանին կուտաայ եւ կ ըսէ, որ առաջին կարգի չորս տոմսակ առնէ իրենց համար։

-Եթէ ոչ, - կ ըսէ, - տեղ մըն ալ չեմ երթար։

Ոստիկանը կը ստիպուի տեղի տալ, անշուշտ 25 ոսկիէն աւելցած գումարն ալ գրպանելու յոյսով։

Ու այսպէս ճամբորդութիւնը կը կատարուի առաջին կարգով։

Հայտար Փաշայի կայարանին Հայ պաշտօնեաները ճանչնալով Զօհրապը, կ երթան իմաց տալու Պ. Անտօն Թարաքի, որ կը փութայ վար իջնել, առանց գիտնալու, թէ Զօհրապ ինչ պարագաներու տակ կը ճամբորդէ։ Այս վերջինը, երբ կը նշմարէ Պ. Թարաքը, որ դէպի իրեն կուգայ, ձեռքովը նշան կ ընէ, որ չմօտենայ։ Պ. Թարաք, որ վերադարձիս այս մանրամասնութիւնը պատմեց, աւելցուց.

-Խեղճ Զօհրապը չափազանց յուզուած, տժգոյն եւ ընկճուած տեսայ։

Վակօնին անկիւնը քաշուած, լուռ ու մունջ, անընդհատ կը ծխէր, մինչեւ կառախումբին ճամբայ ելլելը։


Բ

Գոնիա հասնելնուն` երկու տարագիրները ընդունուած են մէկ քանի Հայերու կողմէ, որոնք փութացած են իրենց ձեռքէն եկած օգնութիւնը ընելու, հակառակ սպառնացող վտանգին։

Ոստիկանները թոյլ տուած են տեսակցիլ պայմանաւ, որ թուրքերէն խօսին։ Այդ պայմանին տակ բնականաբար խօսակցութիւնը շատ աննշան եղած է։

Ատանա նոյնպէս հայրենակիցներ, իմանալուն երկու ծանօթ Հայերուն ժամանումը, փութացած են կայարան։ Իրենցմէ մէկը, Միհրան Պօյաճեան, ծանօթ վաճառական մը, մօտակայ կայարանի մը համաար տոմսակ առնելով, յաջողած է Զօհրապի ու Վարդգէսի հետ տեսակցիլ հայերէն լեզուով, եւ հարցնել, թէ ի՜նչ ծառաայութիւն կրնայ մատուցանել իրենց։

-Մեր ընտանիքներուն լուր տուէք ասկէ անցնելնիս, ըսած է Զօհրապ, - ուրիշ ծառայութիւն չենք սպասեր ձենէ։

-Դրամի եթէ պէտք ունիք, յայտնեցէք։

-Չէ, շնորհակալ ենք, դրամի պէտք չունինք առ այժմ։

-Ո՞ւր կը տանին ձեզ։

-Տիարպէքիր, դատուելու համար, բայց չեմ կարծեր, որ մինչեւ այնտեղ հասնինք։

Եւ Վարդգէս զուարթ ձայնով աւելցուցած է.

-Տիարպէքիրի բանտը արդէն ծանօթ է ինծի, աղէկ բանտ մը չէ, բայց աւելի գէշերը կան։ Կը տեսնաք սա գորգը, Տիարպէքիրի բանտին մէջ իմ ընկերս եղած է, հիմակ ալ միասին կերթանք կոր։ Հին բանտակիցներ ենք։

Հալէպի մէջ, ինչպէս լսի, Զօհրապ եւ Վարդգէս բաղդատաբար բաւական ազատութիւն վայելած են, շնորհիւ կուսակալին, որ Զօհրապի հին ծանօթ մըն է եղեր։

Այդ ազատութենէն օգտուելով` տեղացի մէկ քանի հայեր ծրագիրը կը յղանան փախցնելու երկու տարագիրները։

Յանդուգն ծրագիր մը թէեւ, բայց ոչ անգործադրելի։ Արաբ ուղտապաններու միջոցաւ երկու աքսորականները Պէյրութ կամ Տրիպոլիս փոխադրել կառաջարկեն ու հոնկէ նաւով Կիպրոս անցնիլ։ Այդ միջոցին Սուրիական ծովեզերքներու վրայ հսկողութիւնը շատ խստացած չէր ու այդպիսի փախուստ մը կրնար յաջողիլ։ Վարդգէս հաւանութիւն կը յայտնէ, սակայն Զօհրապ կընդդիմանայ ու բացարձակապէս կը մերժէ, առարկելով, թէ իր առողջութիւնը չի ներեր այդպիսի արկածախնդրութեան մը մէջ նետուիլ։

-Եթէ կ ուզես` դուն փախիր, - կ ըսէ Վարդգէսին։

Բայց Վարդգէս չհաւանիր երբեք իր բարեկամը լքանելու։

-Ինչ որ ալ ըլլայ, քենէ չեմ բաժնուիր, - կը պատասխանէ։

Զօհրապ ան ատեն կը մտածէ դիմում ընել Ճէմալ փաշայի եւ անոր աջակցութիւնը խնդրել եւ այս մտքով գիր մը կ ուղղէ Սուրիոյ դիկտատորին։ Զօհրապի այդ վերջին գրութիւնը, պերճախօս թուրքերէնով մը գրուած, ինչպէս ինծի հաւաստեց Պ.Մազլըմեան, անպատասխանի եւ ապարդիւն կը մնայ եւ վերջապէս երկու աքսորականները Հալէպէն ճամբայ կ ելլեն դէպի Ուրֆա։

Չեմ գիտեր, թէ որչափ կը մնան Ուրֆա, թերեւս մէկ երկու օր միայն ու հոնկէ կառքով կը մեկնին դէպ ի Տիարպէքիր, միշտ ոստիկանական հսկողութեամբ։

Ահռելի եղեռնը տեղի կունենայ Ուրֆայէն քանի մը ժամ անդին։ Թուրք չէթէներու խումբ մը կը պաշարէ կառքը։ Չէթէներու պետը, ինչպէս լսեցի Հալէպի մէջ, Խալիլ պէյը եղած է, Էնվէրի մէկ ազգականը, որ յետոյ Պաղտատի թրքական բանակին հրամանատար կարգուեցաւ, անշուշտ Զօհրապն ու Վարդգէսը սպաննելու քաջագործութեանը իբրեւ վարձատրութիւն։

Ոճրագործները կառքը կը կեցնեն եւ կը հրամայեն երկու աքսորաականներուն կառքէն վար իջնել։ Զօհրապ կ իջնէ, մինչ Վարդգէս կը պօռայ.

-Ոչ, վար չեմ իջներ, կառքին մէջ մեռցուցէք զիս։

Այսպէս կը նահատակուին Զօհրապ եւ Վարդգէս, հայ ազգին երկու ազնուական զաւակները։

Կառապաանը, որ ինքզինք թուրք կեղծող հայ մըն է եղեր, կը վերադառնայ Հալէպ եւ ինք է, որ պատմած է եղելութիւնը իր մանրամասնութիւններով։

Չէթէները` բնականաբար` կը կողոպտեն իրենց զոհերը։

Զօհրապի նշանտուքի մատանին ու ժամացոյցը ծախուած են Հալէպի մէջ։ Իր ֆէսը, կը գտնուի եղեր, չեմ գիտեր ինչպէս, միսիօնարուհիի մը քով։

Վարդգէսէն որեւէ հետք չէ մնացած։

Թող իրենց յիշատակը անջինջ մնայ ամենուս մտքին մէջ։


1918




«Հայ գրական ժողովածու» գրքից


Երջանիկ մահը
Տոքթոռ Վահանյան սովորական բժիշկ մը չէր. մարմնի հիավնդություններուն չափ ու, թերեւս անոնցմե ավելի, հոգիի ցավերուն հետամուտ, հետաքրքիր բժիշկ է անիկա: Իր ըմբռնումին ու դատողության չափ՝ իր ներողության սահմանը ընդարձակ է: Գիտության ֆոռմյուլներուն, կամ իր արհեստին մեքենական կիրառումին մեջ տափակցած ու չքացած միտք մը չէ:
Իր հմտության մեծությունը՝ չոր ու ցամաք ապառաժի զանգվածին չի նմանիր բնավ, այլ դալար դաշտավայրի մը ծիծղուն երեւույթը ունի:
Վաթսունի մոտ, մազը մորուքը ճերմակած, տկարակազմ բայց զվարթախոս մեկն է տոքթոռը:
Մահվան դեմ իր քառասուն տարվան բժիշկի մղած պայքարովը, մտերմություն մը հաստատած է կարծես անոր հետ. անոր ամեն դավերը ու խաղերը գիտե. անոր զարհուրելի, երբեմն հանկարծահաս ու երբեմն համեցող հարվածներուն բոլոր գաղտնիքները ուսումնսիրած է:
Իր խոսակցությունը օգտավետ դասերով, ուղիղ դիտողություններով ու իմաստուն խորհրդածություններով կվխտա: Անձնական փորձառութենեն ու հիշատակներեն պատմությունները հետաքրքրությամբ մտիկ կ'ըլլվին:
Քատըգյուղի իր տանը մեջ իրիկուն մը ժողվվեր էինք, եւ մարդոց համար ամենեն հետաքրքական հարցումը մեջտեղ նետվեցավ հանկարծ: Ո՞րն էր հազար տեսակ մահերուն ամենեն քաղցրը, բժշկական ու հոգեբանական կրկին տեսակետով:
Հայտնված կարծիքներուն մեջ համաձայնություն չկար. առողջ ու կայտառ աղջիկ մը, որ Ռաֆայել կարդացեր էր եւ դալուկ ու նիհար կազմվածքի մը կտենչար, թոքախտի հյուծումն է, ըսավ, էն գեղեցիկ մահը. երիտասարդի մը կարծիքին նայելով՝ ռեվոլվերի գնդակն էր ուղեղին մեջ. ուրիշ մը՝ ծովահեղձ ըլլալը ամենեն քիչ տանջանք տվող վախճան մը ըլլալուն վրա պնդեց. քլորոֆորմը երկու կուսակից գտավ:
Բնության ու գիտության հնարած բոլոր միջոցները զատ-զատ քննվեցան ու քննադատվեցան. ամենքն ալ իրեց աղեկ ու գեշ կողմերը ունեին:
Տոքթոռը ինքը, մտիկ կ'ըներ ամենուս, առանց բառ մը արտասանելու. վեճը կ'երկարեր ու համաձայնության մը գալե հեռու էինք:
-Ես, - ըսավ տոքթոռը, խոսքերնիս կտրելով, - ամենեն քաղցր մահը տեսա, բայց չեմ կրնար պնդել, որ ամեն անգամ մարդս կրնա զայն իր ձեռքին տակ ունենալ. մեկ հատիկ մահն էր ասիկա զոր, իմ տեսած հազարավորներուս մեջեն, ոչ միայն ամենեն հեշտն էր կրնամ ըսել, այլ իրոք քաղցրն ու երջանիկն էր:
Պատմություն մը ուներ լեզվին ծայրը. խելոք կեցած տղոց պես մտիկ ըրինք զինքը:

Բ

Տասը տարի կա անկե ի վեր. բարեկենդանի գիշեր մը իմ դրացիներես մեկուն տանը մեջ երեկույթ մը կար. տիկին անունը պետք չէ ձեզի, այնպես չէ՞, քառասունը հազիվ թեւակոխեր էր, բայց երեսունհինգ տարու չէր ցուցներ վրայեն. այն շատ հավնված ու շատ սիրված կնիկներեն մեկն էր որոնց սերունդը հետզհետե պակսելու, անհետանալու վրա է մեր մեջ. իր մասին պատմված առասպելներու վրա ամենեն առաջ եւ ամենեն շատ խնդացողը ինքն էր: Սուտ պարկեշտություններու, կեղծավոր կարմրություններու կինը չէր այն կինը. գլխեն մինչեւ ոտքը ամեն բան խիզախ ու համարձակ էր վրան:
-Աղվոր կուրծք մը չունեցողները միայն de՛collte՛-ին թշնամի են, - կ'ըսեր խնդալով, եւ հոժարակամ կպարզեր իր լանջին կոհակները քոռսեին բացվածքեն:
Էրիկը, ծերունի մը, հայր մը գրեթե տարիքով, հոր մը թույլտվությունները, ազատությունները թողած էր անոր: Էն աղվոր երիտասարդները, էն շնորհով մարդիկը իր շուրջն էին, թիթեռնիկներու պես դառնալով, երբեմն էրելով, մրկելով, իր ջերմ ու կիզիչ մթնոլորտին մեջ:
Բոլոր կիները չէին քաշեր զինքը, կնախանձեին, կչարախոսեին իր վրա. անոր համարձակ վարմունքը իրենց պարտկված մեղքերուն, իրենց շինծու ամոթխածությանը դեմ պայծառ արեւի մը հալածիչ լույսին կնմաներ՝ խպնոտ ստվերներու վրա սփռված:
Ասոր հետ մեկտեղ, երբեք չէին պակսեր անոր տունեն, նոր երեկույթներեն, ուր էն աղվոր, էն զվարթ, էն նրաբմիտ ընկերությունը գտնելուն ապահով էին:
Ատեն-ատեն կկանչեին զիս այս տունեն, տիկնոջ համար որ մարելիքի պես տագնապներ կ'ունենար երբեմն: Առջի քննութենես՝ սրտի հիվանդության մը հաստատ նշաները գտեր էի վրան, բայց զինքը չխռովելու համար բավականացեր էի ըսելով.
-Բան մը չեն ասոնք, պարզ ջղային անհանգստություններ:
Գլխավոր բանը քիչ մը հանդարտ կյանք վարելու պետքն էր. այս եղավ իմ պատվերս ալ. բայց ո՞վ մտիկ կ'ըներ ինծի:
Օր մը նեղացա:
-Տիկին, - ըսի, - պարապ տեղը երթալ գալեն չեմ ախորժիր. մանի որ իմ պատվիրած բանս չեք ըներ, պետք չկա որ զիս կանչեք ուրիշ անգամ. ավելի հաճոյակատար բժիշկի մը դիմեցեք, խնդրեմ: Հիվանդս հասկցավ, եւ որովհետեւ մտքի ու սրտի տեր կին մըն էր, իսկույն ներում խնդրեց այնպիսի քաղցր ու անուշ ձայնով մը, որուն դեմ կենալու էն քարսիրտ մարդն անգամ կարող չէր:
-Ձեր աղեկության համար է իմ պահանջումս. չեմ կրնար առողջության բոլոր կանոններուն հակառակ ձեր վարած կենցաղին ավերումները տեսնել եւ լուռ կենալ, չեմ կրնար ձեզ չարգիլել այս կյանքը շարունակելե:
-Օր մը ավելի՞ ապրելու համար, տոքթոռս, - պատասխանեց ինծի ժպտալով, - օր մը ավելի՞ տառապելու համար. եւ բռնելով ձեռքս, ստիպելով զիս որ քովը նստիմ, երբ ես մեկնելու կպատրաստվեի արդեն շարունակեց.
-Դուք, բժիշկներ, կյանքը երկարացնելու աշխատող մարդիկ, կիներուն՝ այս հեք էակներուն կյանքը պահպանելու մի՛ աշխատիք, քանի որ չեք կրնար այդ կյանքը իր թարմության, իր գեղեցկության մեջ անայլայլ ու հաստատ պահել. ճերմակած թափած մազերու, փոթփոթած երեսի, թուլցած մսի մը ավելի կամ նվազ տեւողությունը նշանակություն չունի. կինը իր երիտասարդության, իր հրապույրներուն մեջ կրնա՞ք վար դնել, կեցնել: Չե՞ք կրնար, թող տվեք ուրեմն որ երթա հոսկե. իր պաշտոնը, իր կոչումը ավարտած է ան. ի~նչ, կպահանջես ձայնը մարած երգիչեն՝ որ սրահին վրա՞ կենա, մինչեւ որ սուլեն, ծաղրեն ու նախատեն զինքը. կինը ծիծաղ մըն է, պետք չէ որ լացի փոխվի:
Հիվանդությունը կսաստկանար, հեղձումները կհաճախեին ու միշտ խուլ կմնար անիկա իմ խրատներուս, եւ իր զբոսանքի, հաճույքի կյանքը անխափան կշարունակեր: Տարօրինակ, բայց թերեւս ամենեն ուղիղ ըմբռնումն էր իրենը՝ աշխարհիս մեջ կնոջ մը դերին եւ կոչումին վրա: Հույսը եւ ուրախությունն էր ինքը եւ անձնուրաց արիությամբ մը կբաշխեր իր կենդանությունը, իր շնորհքը, իր հրապույրը, երբոր ինքը պետք ուներ ատոնց: Քոփեի մանիշակ ծախող աղջիկին պես.

Գ

Երեկույթը իր ամենեն ցնծահույզ վայրկյանին մեջն էր: Շատ մը աղվոր կիներ, շատ մը շնորհալից աղջիկներ, այնքան ալ երիտասարդ մարդիկ ու պատանիներ. լուռ ըղձանքներով ծանրացած մթնոլորտ մը, որուն մեջ՝ տանտիկինը իր հասակին ու արդուզարդին շքեղությամբը ամենեն զմայլելին կհանդիսանա:
Քովես՝ պզտիկ ձայն մը. ասանկ երեկույթներու սովորական չարախոսությունները, որոնց ամենեն թունավորները տանտիրուհուն դեմ կ'արձակվեին:
-Տեսեք, իր սիրած երիտասարդեն վայրկյան մը չի բաժնվիր. մարդ չի սեպեր սա կնիկը:
Երիտասարդը՝ տժգույն ու նիհար մեկն էր, զոր կիները իրարու ձեռքե կխլեին: Իր վրդոված կյանքին կպարտեր այս ձգողությունը: Ուրույնություն մը ուներ անիկա, եւ իրեն հատուկ դրոշմ մը կար իրեն պատկանող ամեն բանի մեջ: Արհամարհող պզտիկ ժպիտ մը նուրբ ու սեւ պեխերուն ծայրը, կոպերը կտրած աչքեր, որոնք իր գիշերամոլ մարդու հոգնությունները կպատմեին. վես խրոխտություն մը, որ վաղաթարշամ երիտասարդությանը վրա ծավալած ծանրության պես բանի կնմաներ, կարծես ուսումներու եւ հսկումներու մեջ խորասուզվող մարդու ծանրությունը:
Մտքի ու ճաշակի տեր մեկն էր: Իրավագիտություն սովրելու համար Եվրոպա կեցած տարիներեն՝ միջակ վկայականով մը, բայց նրբացած իմացակնությամբը վերադարձած էր հոս: Համալսարանին սրահներեն ավելի՝ գեղեցիկ կիներու քով, միանգանայն՝ տաղանդավոր մարդոց եւ լավագույն ընկերությանց մեջ մտած ու ապրած էր, մսխելով փճացնելով ունեցածը եւ չունեցածը: Հոս ոչ փաստաբան եղեր էր եւ ոչ դատավոր. անկեղծությամբ, քաջությամբ խոստովանած էր իր ապիկարությունը:
Ամեն ինչ չափավոր, գրեթե մեղմ էր իր վրա, իր ձայնը, իր շարժումները. բայց ատոր խորը կտեսնայիր անձնավստահ մարդու, կամ՝ ավելի ճիշտը ըսելու համար՝ իր գերազանցությունը գիտցող մարդու անխռով հանդարտությունը:
Աղջիկներու հետեւեն չէր վազեր. երեխաներ անոնք՝ իր փորձ, գրեթե հայրական աչքին: Զիջում մը, ստորնացում մը պիտի ըլլար իրեն համար խռովել կույսի մը մաքուր հոգին. այս կենցաղասեր մարդուն մեջ՝ ահա այս կերպ իր կյանքին հակասող ազնվություններ ալ կային: Իր ասպետական, կռիվով, հարձակումով բերդ առնող մարդու համբավին եւ սովորությանցը հակառակ էր տեսլական սիրո մը հեռանկարովը աղջկան մը սրտեն ներս սպրդիլ. այս Ոդիսեւսի միջոցները իրեն չէին պատշաճեր:
Զրուցվածին նայելով՝ տարիե մը ի վեր տիկին *** ի մտերիմն էր, ու ամենքը, իրենց բոլոր չարախոսությանց մեջ անգամ, այս երկուքին միջեւ ճշմարիտ ներդաշնակություն մը գտեր էին, որ երկուքին ալ սովորական էակներ չըլլալեն առաջ կուգար անշուշտ:

Դ

Հիմա կպարեին. այրերը իրենց պահանջումներուն անհամբերությունը բերելով հոս ալ, կիները իրենց անձնամատույց մեղկությունը. խոլական գիրկընդխառնումներու, վետվետումներու անընդհատ շարք մըն էր այս ամենը:
Վալսին՝ տիկինն ալ եկավ այն երիտասարդին հետ, որ իր խոսակիցը եղած էր գրեթե շարունակ, եւ պարողներուն մեջ այս եղավ էն շնորհալի զույգը: Զմայլած կդիտեինք զիրենք. պար մը չէր այս, այլ շլացուցիչ բան մը. եթերային ու ցնորական սլացում մը, հափշտակություն մը, քերթված մը ամբողջ:
Մյուս պարողները իրենք ալ կանգ առեր էին այս զույգին շուրջը հիացած, հիացում, որուն մեջ նախանձը իր արդար բաժինը ուներ:
Հանկարծ, սայթակումի պես բան մը պատահեցավ, կինը իր բոլոր ծանրությամբը վայր իյնալու պես եղավ. երիտասարդը մեծ ճիգով հաջողեցավ իր գիրկին մեջ բռնել զայն:
-Ոտքը սահեցավ, - կ'ըսեին:
Ոչ, ավելի բան մըն էր, նվաղում մը ունեցեր էր:
-Հասե՛ք, տոքթոռ, - պոռաց երիտասարդը:
Իսկույն քովը վազեցի ու երկուքնիս բազմոցին վրա տեղավորեցինք զինքը. հազիվ կրցավ աչքերը բանալ. անմիջապես տեսա սրտի կաթվածի բոլոր նշանները:
Ընդհանուր տակնուվրայնության մեջ՝ դեղ մը ապսպրելն անգամ անկարելի կդառնար. օտարականները հեռացուցինք, հյուրերը մեկիկ-մեկիկ մեկնեցան. բայց դեռ սանդուխերուն վրա անոնց ոտնաձայնը չմարած, անիկա իր հոգին ավանդեց, գլուխը իր սիրած տղուն գիրկին մեջ, նույնիսկ իր բույնին մեջ նետահար սպաննված թռչունի մը պես, ժամանակ չձգելով, որ դեղ կամ դարման մը ընեմ:
Այս եղավ ահա իր վախճանը. կյանքին բոլոր երանությունները միացած խտացած էին այն երկվայրկյանին մեջ ուր կյանքը կթողուր. ասկե ավելի երջանիկ մահ մը կրնա՞ք երեւակայել, պատրաստել, շինել ձեզի համար:
Հիվանդություններու, ցավերու մեջ չտառապեցավ. ծերությունը չփճացուց իր շնորհները. պաշտելի ու պաշտված կինը մնաց մինչեւ վերջի վայրկյանին ու ընդհանուր զմայլումով մը ողջունված, իր սիրած տղուն թեւին վրայեն գնաց հեռացավ անիկա: Բաժակի մը պես, որ կոչունքի մը սեղանի վրա, ցնծության մաղթանքներու, բախումներու մեջ կփշրվի, փոխանակ դուրսը սպասավորներու ձեռքով, լվացքի աղտոտ ջուրին մեջ օր մը կոտրելու անհետանալու, այս կինն ալ էն շնորհագեղ պատերի մը մեջ գերագույն երջանկությունը զգացած ու պարգեւած ժամուն անհետացավ: Ա.
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13093 | 0
01:01, 08.12.2017
29970 | 0
23:45, 27.08.2017
21720 | 0
դեպի վեր