ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Սերո Խանզադյան /Իմ բեղերի արկածները, Հատվծներ «Հայրենապատում»-ից
23:47, 25.06.2014
24366 | 0

1998թ այս օրը' հունիսի 26-ին, մահացել է
Սերո Նիկոլայի Խանզադյանը: Ծնվել է 1915թ. դեկտեմբերի 3-ին, Գորիսում: Թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում, հայ արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1974), սոցիալիստական աշխատանքի հերոս (1984), ՀԽՍՀ 1977 թվականի պետական մրցանակի դափնեկիր («Երեք տարի 291 օր» ռազմաճակատային օրագրության համար), Հայկական աշխարհագրական ընկերութւան պատվավոր անդամ (1985), Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի (1985), Գորիս քաղաքի պատվավոր քաղաքացի (1985), ՀԳՄ անդամ 1950-ից։
1934-ին ավարտել է Գորիսի մանկավարժական տեխնիկումը։ 1934—41-ին որպես ուսուցիչ աշխատել է Գորիսի շրջանի Տաթև և Խնածախ գյուղերում։ 1941–45-ին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ Նրա առաջին պատմվածքը՝ «Չոր տափը», լույս է տեսել 1933-ին, Գորիսի «Կարմիր Զանգեզուր» թերթում։ 1990-94-ին Հայ գրողների միության նախագահ: Նրա ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքերով լայս են տեսել ռուսերեն, ուկրաիներեն, պարսկերեն, անգլերեն, գերմաներեն, վրացերեն, արաբերեն, բուլղարերեն, էստոներեն և այլ լեզուներով։ Նրա «Այրված տունը» պատմվածքի հիման վրա «Հայֆիլմը» նկարահանել է «Լքված կիրճի հեքիաթը» կինոնկարը, «Մխիթար Սպարապետ» վեպի հիման վրա՝ համանուն կինոնկարը։ ՀԽՍՀ X և XI գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1984 թվականի նոյեմբերի 16-ի հրամանագրով խորհրդային գրականության զարգացման գործում ունեցած մեծ վաստակի, ակտիվ հասարակական գործունեության համար և ԽՍՀՄ գրողների միության կազմավորման 50–ամյակի առթիվ Սերո Խանզադյանին շնորհվել է սոցիալստական աշխատանքի հերոսի կոչում։ Ս. Խանզադյանն առաջին հայ գրողն է, որ արժանացել է այդ կոչմանը։ 1989-91-ին` ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր:
Ս. Խանզադյանը պարգևատրվել է Լենինի, Հսյրենական պատերազմի առաջին և երկրորդ աստիճանների, Կարմիր աստղի, Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։

Իմ բեղերի արկածները


Պատերազմից հետո եմ ես բնակություն հաստատել քաղաքում: Պատերազմից բերել եմ մի խլացած ականջ, երկու շքանշան և ... բեղերս ... Ինչպես մտերիմներս ու բարեկամներս են վկայում, իմ բեղերը «միանգամայն օրիգինալ» բաներ են:

Քաղաքն ինձ ճանաչել է նախ և առաջ իմ բեղերով:

Դե բեղեր են, է՜լի: Ես դրանք միայն մեկ- մեկ եմ տեսնում, այն էլ, պարզ է, հայելու մեջ: Իսկ ուրիշները երևի ամեն օր ու չեն էլ ձանձրանում:

Վերջերս էր: Իմ անփոփոխ վարսավիր «ուստան» չափից ավելի եռանդ գործադրեց իր ասելով «զագրանիչնի մոդայով» ձևավորելու իմ բեղերը:

- Վարսավիրը պետք է ճաշակով «մոդայով» լինի, - ասաց նա: - Մի քիչ էլ ճաշակով «խուդոժնիկ»:

Ասաց ու այնպիսի ճաշակով «մոդայիկ» դարձրեց իմ բեղերը, որ նրանց թավ խրձերից մնաց միայն մի սև գիծ: Եղինջի թրթուր տեսե՞լ եք, դա Ձեզ օրինակ:

Երբ ետ մղած գլուխս իջեցրի ու նայեցի հայելուն ՝ ցարհուրեցի: Ես այլև ես չէի: «Մոդայիկ» ոճաբան - «խուդոժնիկ» ուստայիս խնդրեցի շրթունքիս վրայից անհապաղ հեռացնել այդ սև թրթուրը:

-Ինչի՞, - զարմացավ նա: - Բեղերի վերջին մոդան էդ տեսակ է: Հիմա սաղ Եվրոպան ........

-Բան չունեմ ասելու, - չուզեցի նշավակել ո՛չ ուստայիս, ո՛չ էլ, մանավանդ, «սաղ Եվրոպան»: - Պարզապես վճռեցի այլևս բեղ չպահել: Հնի մնացուկ է, ավելորդ հոգս ու բեռ:

Վարսավիրանոցից դուրս եկա փշրված սրտով: Իսկ օրը պայծա՜ռ էր, հաճելի՜: Սակայն էլ ի՞նչ հաճույք, երբ վերին շրթունքս կարծես ծածկվում է ասեղներով, կարծես շրթունքս չկա էլ ու ատամներս բաց են:


Երկեր

  • Հայրենի վտակներ (ժողովածուում տպագրվել են Սերո Խանզադւանի մի քանի բանաստեղծություններ), Ե., Հայպետհրատ, 1940, 302 էջ, տպ. 3.000։
  • Մեր գնդի մարդիկ (վեպ), Ե., Հայպետհրատ, 1950, 551 էջ, տպ. 5.000։
  • Հողը (վեպ), գիրք 1, Ե., Հայպետհրատ, 1954, 512 էջ, տպ. 5.000։
  • Որոտանի կիրճում (պատմվածքներ), Ե., Հայպետհրատ, 1954, 28 էջ, տպ. 5.000։
  • Հողը (վեպ), գիրք 2, Ե., Հայպետհրատ, 1955, 500 էջ, տպ. 5.000։
  • Լալ Համազը (պատմվածքներ), Ե., Հայպետհրատ, 1955, 44 էջ, տպ. 10.000։
  • Որոտանի կիրճում, Ե., Հայպետհրատ, 1956, 56 էջ, տպ. 10.000։
  • Հողը (վեպ), Ե., Հայպետհրատ, 1957, 764 էջ, տպ. 20.000։
  • Կարմիր շուշաններ (պատմվածքներ և նովելներ), Ե., Հայպետհրատ, 1958, 330 էջ, տպ. 10.000։
  • Քարանձավի բնակիչները (վիպակ), Ե., Հայպետհրատ, 1959, 120 էջ, տպ. 10, 000։
  • Մխիթար Սպարապետ (վեպ), Ե., Հայպետհրատ, 1961, 844 էջ, տպ. 40.000։
  • Փունջ։ Սովետահայ մանկական գրականութիւն (ժողովածուում գործեր ունի նաև Սերո Խանզադյանը), Ե., Հայպետհրատ, 1961, 356 էջ, տպ. 10.000։
  • Հարստությունը լեռներում, Ե., Հայպետհրատ, 1961, 43 էջ, տպ. 20.000։
  • Մխիթար Սպարապետ (վեպ), Կահիրե, տպարան «Հուսաբեր», 1962, 718 էջ։
  • Դեպքեր լեռներում, Ե., Հայպետհրատ, 1962, 68 էջ, տպ. 5.000։
  • Մխիթար Ապարապետ (վեպ), Բեյրութ, 1962, 715 էջ։
  • Մխիթար Սպարապետ (վեպ), Ե., Հայպետհրատ, 1963, 744 էջ, տպ. 50.000։
  • Կորած արահետներ (պատմվածքներ և նովելներ), Ե., Հայպետհրատ, 1964, 368 էջ, տպ. 10.000։
  • Քաջարան (վեպ), Ե., «Հայաստան», 1965, 588 էջ, տպ. 10.000։
  • Այրված տունը (պատմվածք), Ե., «Հայաստան», 1965, 44 էջ, տպ. 10.000։
  • Մատյան եղելությանց (վեպ), Ե., «Հայաստան», 1966, 228 էջ, տպ. 20.000։
  • Երկերի ժողովածու 5 հատորով, հատոր 1 («Մեր գնդի մարդիկ»), Ե., «Հայաստան», 1967, 380 էջ, տպ. 30.000։
  • Երկերի ժողովածու 5 հատորով, հատոր 2, գիրք Ա («Հողը», վեպ, գիրք առաջին), Ե., «Հայաստան», 1967, 364 էջ, տպ. 30.000։
  • Երկերի ժողովածու 5 հատորով, հատոր 2, գիրք Բ («Հողը», վեպ, գիրք երկրորդ), Ե., «Հայաստան», 1967, 408 էջ, տպ. 30.000։
  • Երկերի ժողովածու 5 հատորով, հատոր 3, գիրք Ա («Մխիթար Սպարապետ», վեպ, գիրք առաջին), Ե., «Հայաստան», 1968, 496 էջ, տպ. 30.000։
  • Երկերի ժողովածու 5 հատորով, հատոր 3, գիրք Բ («Մխիթար Սպարապետ», վեպ, գիրք երկրորդ), Ե., «Հայաստան», 1968, 440 էջ, տպ. 30.000։
  • Երկերի ժողովածու 5 հատորով, հատոր 4 («Կարմիր շուշաններ», «Յոթերորդ աղբյուրը», «Մերոնք ու մեր հարևանները», «Կորած արահետներ», «Վարք հարանց»), Ե., «Հայաստան», 1968, 524 էջ, տպ. 30.000։
  • Անձրևից հետո (վիպակներ, «Կորած արահետներ», «Մերոնք և մեր հարևանները», «Վարք հարանց»), Ե., «Հայաստան», 1969, 468 էջ, տպ. 25.000։
  • Լալ Համազը, Ե., «Հայաստան», 1970, 18 էջ, տպ. 10.000։
  • Ինչո՞ւ, ինչո՞ւ։ Պատմվածքներ, հեքիաթներ, զրույցներ, Ե., «Հայաստան», 1970, 159 էջ, տպ. 10.000։
  • Երկերի ժողովածու 5 հատորով, հատոր 5 («Քաջարան», վեպ), Ե., «Հայաստան», 1970, 532 էջ, տպ. 30.000։
  • Երեք տարի 291 օր։ Ռազմաճակատային՝ օրագիր, Ե., «Հայաստան», 1972, 400 էջ, տպ. 20.000։
  • Սևանի լուսաբացը (վեպ), Ե., «Հայաստան», 1974, 527 էջ, տպ. 20.000։
  • Խոսեք, Հայաստանի լեռներ (վեպ), Ե., «Սովետական գրող», 1976, 536 էջ, տպ. 20.000։
  • Ավանդատուն։ Հեքիաթներ։ Աղվեսագիրք։ Զրույցներ, Ե., «Հայաստան», 1976, 140 էջ, տպ. 20.000։
  • Վերածնունդ (ժողովածուում տեղ է գտել Սերո Խանզադյանի «Ղողանջներ Գրամփայում» գործը), Ե., «Սովետական գրող», 1977, 552 էջ, տպ. 10.000։
  • Թագուհին հայոց (վեպ), Ե., «Սովետական գրող», 1978, 396 էջ, տպ. 15.000։
  • Քարանձավի բնակիչները (վիպակ), Ե., «Սովետական գրող», 1979, 104 էջ, տպ. 30.000։
  • 1971, ամառ (պատմվածքներ, վիպակ և պիես), Ե., «Սովետական գրող», 1979, 455 էջ, տպ. 30.000։
  • Խոսեք, Հայաստանի լեռներ (վեպ), Ե., «Սովետական գրող», 1980, 520 էջ, տպ. 25.000։
  • Հայրենապատում, 1929—1970, գիրք Ա, Ե., «Հայաստան», 1980, 480 էջ, տպ. 20.000։
  • Կարմիր շուշաններ (պատմվածքների ժողովածու), Թեհրան, հրատ., Իրանահայ ազգային և մշակութային միության, 1981, 76 էջ։
  • Հայրենապատում։ 1945—1979, գիրք Բ, Ե., «Հայաստան», 1981, 608 էջ, տպ. 20.000։
  • Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 1 («Մեր գնդի մարդիկ», «Երեք տարի 291 օր» վեպեր), Ե., «Սովետական գրող», 1981, 704 էջ, տպ. 30.000։
  • Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 2 («Մխիթար Սպարապետ», վեպ), Ե., «Սովետական գրող», 1981, 780 էջ, տպ. 30.000։
  • Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 3 («Քաջարան»), Ե., «Սովետական գրող», 1982, 439 էջ, տպ. 29.000։
  • Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 4 («Խոսեք, Հայաստանի լեռներ», վեպ), Ե, «Սովետական գրող», 1982, 456 էջ, տպ. 29.000։
  • Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 5 («Թագուհին հայոց», «Վեց գիշեր», «Ծարավել եմ, ջուր բերեք», «Մատյան եղելությանց»), Ե., «Սովետական գրող», 1983, 616 էջ, տպ. 29.000։
  • Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 6 (պատմվածքներ), Ե., «Սովետական գրող», 1983, 608 էջ, տպ. 29.000։
  • Հայրենապատում. ճամփորդական նոթեր Սովետական Հայաստանում, գիրք 3 (1959-1981), Ե., «Հայաստան», 1984, 664 էջ, տպ. 20.000։
  • Արաքսը պղտորվում է (վեպ), Ե., «Սովետական գրող», 1985, 208 էջ, տպ. 20.000։
  • Հորս հետ և առանց հորս, Ե., «Սովետական գրող», 1986, էջ 320:
  • Ավանդատուն: Պատմվածքներ, զրույցներ, հեքիաթներ, Ե., «Սովոտական գրող», 1987, 288 էջ:
  • Պըլը Պուղի, Ե., «Արևիկ», 1988:
  • Անդրանիկ (վեպ), Ե., «Խորհրդային գրող», 1989, 448 էջ:
  • Շուշի (վեպ), Ե., «Նաիրի», 1991, 478 էջ:
  • Գարեգին Նժդեհ (վեպ), Ե., «Արևիկ», 1993, 320 էջ:

______________________________
Հատվծներ Սերո Խանզադյանի «Հայրենապատում» երկից

Մուղան ճյուղ

1929, մարտ։— Ձյունը տեղ-տեղ հալվել, գնացել է։

Ջրավասերի մեջ տամկել են աշնան ցողունները, ելել է կռութուկի սերմը՝ գիրկ ընդ գիրկ մեռած աշուն և գարնան ծլարձակում։

Ես և մեր խմբի բոլոր տասնմեկ տղաներն ու աղջիկները տասնչորս տարեկան ենք։ Միայն մեր ուսուցիչ ընկեր Մուշեղն է մեծ։ Մեր խումբը գնում է «շրջան» ՝ Մաղանջուղ գյուղը: Երեկույթ պիտի տանք աշխատավոր ժողովրդի համար։ Ես արտասանելու եմ «Կոխը», Արփիկը պարելու է «Գողթանի» ։ Նա շրթունքի վրա խալ ունի, մազերը խիտ են ու պարելիս վիզը մի փոքր թեքում է՝ խեղճ-կրակ։ Ընկեր Մուշեղը դուրեկան ձայնով երգելու է «Բարի, գեղեցիկը» ։ Ապա երկար խոսելու է ուսման կարևորության «կողմանի» ։

Արեգակի ծոպերը կարմիր մահուդ են դարձել, փռվել ձյան պատառիկների վրա։ Ինչ լավ վզկապներ կլինեն մեզ համար, նաև գեղեցիկ շոր, որ ծածկենք մեր Իսկուհու մերկ լանջը։ Իսկուհին «Ծիրանի ծառ» է երգում, երեսն էլ ծիրանի պես շառագույն է, բայց հագնելու շոր չուներ, որ մերկությունը ծածկեր ու մեզ հետ «շրջան» գար։

Ձորի լանջին, ժայռերի մեջ քարակույտեր են ծխում։ Ընկեր Մուշեղը մեզ ասում է, որ դա մեր` Զանգեզուրի գավառի Գորիսի շրջանի Մաղանջուղ գյուղն է:

— Ձեզ քաղաքավարի կպահեք։

Մի շուն է հաչում՝ փորը հարելով։ Մեկ ուրիշը ոտքով ետ է տալիս աթարի մոխիրն ու ալարում հաչել։ Մոխիրը տերն է թափել ձյան վրա, որ շունը չմրսի։

Կանգնած եմ եկեղեցու բեմում։ Տաք գոլորշի է ելնում նստածների բեղերի խրձերից, կարկատած շալերի պատռվածքներից, որոնցով կանայք ծածկել են իրենց գլուխներն ու բերանները։ Եկեղեցու սյան վրա դեղին աչքերով պատկեր-կին կա։ Նա սպառնալիքով է նայում ինձ, քրքջում, երբ ես արտասանում եմ «Ձմռան մի գիշեր կար մի հարսանիք...» ։ Գյուղացիներից մեկը հառաչում է.

— Է՜, հո՞ր ա, է՜, հո՞ր ա...

Արփիկի «Գողթանին» նազանք ունի։ Մի քանի ձեռք ծափ են տալիս՝ կարծես քարեր են զարկում իրար։

— Ադա, Արտե՛մ, եկ էս աղջիկն ուզենք մեր Կարոյի համար։

Արփիկը շփոթում է պարը։ Եկեղեցու պատերը քրքրջում են։

Ընկեր Մուշեղը երկար խոսում է ուսման կարևորության «կողմանի» ։ Մի թաթ է տնկվում փափախներից վերև։

— Էդ ուսում ասածիդ կողմանի համոզ ենք, վարժապետ։ Նմանապես շեն կենա խորհրդային իշխանությունը, մեզ համար ճրագ ա բերել։ Ամա, նախ և առաջ, քոսի ճար բերեք գյուղ։ Քոսը մեզ կերավ։— Մարդը հազում է փափախի մեջ, փափախով սրբում քիթ-մռութը։

Մի կին շալի տուտը հեռացնում է բերանից։

— Հարսս տղիս գլխատարել է, վարժապետ։ Ասում է գնանք քաղաքում ապրենք։ Բո՛, բո՜, բո՛... Բա մեր հողն ու տավարը անտե՞ր թողնենք։ Ճար արա, վարժապետ։

Գյուղխորհրդի նախագահը շրջվում է դեպի նա։

— Ամոթ ունեցիր, հարսի՛։ Էս միամիտ վարժապետը ի՞նչ կարա անի կապը կտրած հարսիդ։ Էստեղ իշխանություն կա։

Հարսի նեղ ուսերը սրվում են։ Նրա լանջը ծածկած շալի վրա գուլպայի կարկատաններ կան։ Գուլպայի կարկատան կա նաև գյուղխորհրդի նախագահի պիջակի ուսին։

Գյուղխորհրդի նախագահը կանչում է.

— Է՜յ, Աբա՛խշ, գլուխդ մի՛ դաղի սյունի քամակում, վարժապետին տար տունդ, դու «կառավաթ» ունես։

Իր «կառավաթով» հպարտ Աբախշը մռնչում է.

— Բա խե՞ չեմ տանի։

Նախագահը մեզ բաժանում է տների վրա, իսկ գյուղում եղած-չեղածը հիսունմեկ ծուխ է՝ 302 բնակիչ: Նախագահն ինձ հրում է դեպի իմ տարիքի մի տղա։

— Էս նախրից ետ ընկածին էլ դու տար։

Տղան ահով նայում է ինձ։

Ջրափոսերի վրայի սառցե բարակ շերտերը պլպլում են լուսնի ցոլքերից։ Ցուրտ է։ Շուն չի հաչում։ Մի տեղ մի ճրագ պեծին տվեց ու մարեց։ Քարայրի դուռը ետ գնաց տնքալով։ Ցուրտ մթություն քրքջաց երեսիս։ Մեկը հազաց կարծես երկրի խորքից:

— Մամի, գյուղխորհուրդն էս աղին ղոնաղ տվեց մեզ։

Մի ձայն էլ է մրսում հառաչանքով.

— Այ ղոնախ, դա ումանցի՞ց ես։

Լույս չկա, ցուրտ է ու ցուրտը տարած հառաչանք։ Տղան բռնում է իմ ձեռքը, տանում խավարի մեջ։ Այծ է լիզում ծոծրակս, հազում.–ի՛..ի՜։ Տղան հեքիաթ է պատմում։ — Լինում է, չի չինում: — Այծի տաք շնչից քունս տանում է։ Լինում է մի բարակ կածան, մի ջրափոս, մեջը դեղին աշուն ու գարնան նշան՝ գիրկ-գրկի։ Այդպես միասին նրանք տաք են և այծի փշոտ լեզուն չի հասնում նրանց։ Լինում է «Գողթանի» պարող Արփիկը՝ շրթունքի կարմրին սև խալ, ծոցում թփրտացող լորիկներ։

Առավոտյան մամին կավե աման է դեմ անում ինձ.

- Էծի կաթ Է, խմիր։ Քոռանա՜մ, հաց չկա։ Էս երկու օրս մեր հալևորը կարպետը տանելու է ձորերը՝ ալրի հետ փոխի:

Հալևորը ապակու բեկորով տրեխացու կաշի է քերում։ Կաշին փաթաթել է եղանի կոթին ու քերում է մազը։

— Հա՛, տրեխս անեմ, կենամ, կարպետը տանեմ ձորերը՝ հացի։

Հալևորը եղանի կոթով գռփում է մեջքը, ինչպես եզը` ծառի քոր անելիս:

— Մեր շենի անունը Մաղանջուղ չի, է՜, ա՛յ որդի, սխալ են ասում: Մեր շենի անունը Մուղանճյուղ է, Մուղանի ճյուղ։ Իմացա՞ր։

Արևը կպել է ձյուներին: Բայց դարձյալ ցուրտ է։


1953, մարտ: — Հին արահետի տեղը խճուղի է՝ եզրերին կեռասենիներ՝ մեկ երկու... հինգ հարյուր: Գյուղը հինն է, ինչպես տեսել եմ քսանչորս տարի առաջ, այսպիսի մի գարնանամուտի օր, երբ հիսունմեկ ծուխ-ընտանիք ուներ։ Հիմա փոքրացել է՝ քառասունվեց ծուխ դարձել` 232 բնակիչով։ Փոփոխության պատկերը սա է— 1831-ին ունեցել է 36 բնակիչ, 1873-ին՝ 182, 1914-ին՝ 225, 1931 թվին՝ 322:

— Ջահելները թողնում, գնում են քաղաք, — ասում են ինձ։— Նոր քաղաքներ են ստեղծվում...

Ձորի լանջերին, ժայռերի մեջ քարակույտեր են ծխում, հին հանգով։ Ես հիշում եմ Արփիկի «Գողթանի» պարը և այն այծին, որ լիզում էր ծոծրակս։

Գյուղթղթակից Լալազար Խաչյանի տանը նորաձև սեղան կա, էլեկտրական լամպ, «Արարատ» կոնյակ և տեղական գինի։

— Շուտով տեղափոխվելու ենք վերև՝ դաշտի հարթը, — ասում է Լալազար Խաչյանը։— Սպասում ենք, որ խմելու ջուր բերեն դաշտ։

Երեք տարի առաջ գյուղի անունը փոխել, Այգեձոր են դրել։ Ափսո՜ս, Մուղանճուղը թաղվեց։ Այս գյուղի բնակչության մի մասը բնիկ է, մի մասը եկել է հայոց Մուղան մեծ դաշտից, մի փոքր մասն էլ՝ Խոյից: Պարսկահայքի Խոյ գավառում մինչև վերջերս էլ Մաղանջուղ հայոց գյուղ կար: Հնարավոր է, որ այդտեղից գաղթած-եկածները բերել են գյուղիս անունը։ Տասնյոթերորդ դարասկզբին սա «մեծ շեն» էր և կոչվում էր Մուղանջուկ։ Սրան գրեթե կից էր Տանձավեր գյուղը, որ հիմա չկա։ Այդ մեկն էլ Օրբելյանի ցուցակի Տանձյակ գյուղն էր։

Այգեձորը շտապում է դուրս գալ ժայռերի մթին խոռոչներից։


1966, նոյեմբեր։– Մաղանջուղ—Այգեձորը նորից է փոքրացել, մնացել են ընդամենը երեսունութ ծուխ՝ 226 շնչով: Խճուղու մոտ տնկված կեռասենիները ելել-մեծացել են։ Բացհորիզոն դաշտում արդեն նոր տնատեղերի հիմքեր են գցել։ Հովիվ Զավեն Պողոսյանն ասում է.

— Հրե՜ն, իմ տան տեղն այն կանաչ թումբն է...

Այդ կանաչ թմբից երևում է աշխարհը։ Զավենը հարցնում է.

— Մի՞տդ է, որ մի գիշեր ես ու դու քնեցինք մեր էծերի հետ...

Ես հազիվ եմ հիշում Զավենին։ Հեքիաթ էր պատմում.— «Լինում Է, չի լինում...» ։ Այն տղան հիմա այս տղամարդն է և սա հեքիաթ չէ։

— Եկող տարի նոր տունս պատրաստ կլինի, ինչքան ընկեր ունես, վերցրու արի ինձ հյուր։

Նոյեմբերյան հաճելի արև է։ Հին ճանապարհից մի նոր ճյուղ թեքվում է ձախ, անցնում Վարարակն գետը և ելնում դեպի Գորահանդ։ Գետափին Առանի բերդի ավերակն է: Առանը Սիսակ նահապետի զարմից էր՝ «Հույժ արի և գեղեցիկ և քաղցր բարուք զԵռան (Առան) անուն» ։ Սա հայոց Վաղարշակ թագավորի կողմից նշանակվեց Աղվանից կուսակալ` մեր թվականությունից առաջ, երկրորդ դարում։ Սրա անունով կոչվեց Առանի դաշտը (այժմ Մուղան) ։ Իր քաղցր բնավորության պատճառով ստացավ Աղու (անուշ) մականունը, որով և իր երկիրը կոչվեց Աղուանք (Աղվանք):

Աշնանային դեղնություն է մի քիչ գինեվետ ու մրգավետ այս ձորում։ Կամրջի մոտ, ուր հին ջրաղացն է, իմ մանկության ընկեր այգեգործ Արամայիս Դադունցը կտրում է ճամփաս.

— Մինչև մի-մի թաս թթի օղի չխմենք, բաց չեմ թողնի։

Հին ջրաղացի մոտ էլ Նիազանց Գրիգորն է կտրում ճամփաս.

— Մինչև մի փարչ նոր գինի չխմես, բաց չեմ թողնի։

Տեղական գինի է, որ ինձ հիշեցնում է Բուրգունդիայում տեսած մի մառան՝ անուշ գինիներով։

Կոշկակար Արտուշ Տատունցն ասում Է.

— Աղջիկս մարդու եմ տալիս: Էսօր տանում են Երևան, ե՛կ:

Ձորի մշուշը ցրվել է... Ուրախ եմ, մանավանդ Արտուշի և նրա կնոջ՝ Սաթիկի ուրախությամբ, որ որբ աղջնակ էր՝ բոբիկ ու խոնարհ և անտուն, որ հիմա լիքը տուն ունի և հարսերի ու փեսայի տեր է։

— Ծարավել եմ, ջուր բերե՜ք...

Բառաչում է հողը։ Բառաչում է, բայց ջուր չկա, անձրև չկա։ Չկա՜։ Իսկ Հազարանփրկիչի սուրբն անտարբեր է։ Հազարանփրկիչի մոտ արտերը մեռնում են չպտղավորված: Ինժեներ-ջրաբան Բադիրյան Գուրգենն ինձ ասում է.

— Այստեղ թունել ենք ստեղծում ջրանցքի համար։ Տասնութ կիլոմետր երկարությամբ թունելով եկած Որոտանի ջրի մի մասը Խոտ գյուղի գլխից կիջնի Տաթևի էլեկտրակայանը բանեցնելու, մյուս մասը կգա այս կողմերը՝ վեց հազար հեկտար չոր հողեր ջրելու։ Այս ջրատարը կառուցող Գուրգեն Բադիրյանը երիտասարդ է, սակայն արդեն փորձված ջրաբան-շինարար։

— Ջուրը սեփական ճնշման ուժով, հզոր խողովակներով կանցնի ձորը ու կբարձրանա սարահարթ, — բացատրում է նա։

Ներքևի ժայռեղեն ձորախոռոչներում մոլորված են երեք գյուղ` Ազատաշենը (Ուրղունի շեն), Այգեձորը (Մաղանջուղ) և Ձորաշենը (Կյուրու-Գորու) ։ Ժայռերի մեջ են՝ անհորիզոն ու անհեռանկար։ Այդ երեք գյուղերը պետք է տեղափոխվեն այս լայնահորիզոն դաշտը, այս ազատ, ազնիվ հողերի վրա հիմնվեն։ Ես Բադիրյանին հարցնում եմ, թե երբ կավարտեն ջրանցքի շինարարությունը։

— Մի երեք-չորս տարի հետո։

Մտնում ենք թունել։ Լույսերի ժապավենի ուղղությամբ քայլում ենք առաջ և դեմ առնում թունելագործներին։ Բոլորն էլ այս լեռների տղաներ են։ Ես նրանց հայրերին եմ ճանաչում, որոնք իմ տարիքի են։ Այս թունելի պետը Յուրիկ Պետրոսյանն է՝ Խնածախ գյուղացի Չոփուռ Գրիգորի տղան։ Ես Չոփուռի հարսանիքում եղել եմ։ Յուրիկը նոր է ավարտել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը և ահա այստեղ շինարարական գործի է։ Ահա Կիզիր***ունց Սմբատը։ Սա էլ մեր Տեղ գյուղացի է, հայրը հմուտ հովիվ էր։ Ջուրը իրենց գյուղի դաշտն էլ է հասնելու։ Սա Տատունց Գեդեոնի տղան է՝ Սերոժը։ Սրա հոր հետ խոտ եմ հարել Ցուրտ աղբյուրի մոտ։ Տխուր երգում էր. «Ծարավել եմ ջուր բհրե՜ք...» ։ Սա Գլազանց Գառնիկն է՝ Խնձորեսկից: Սա էլ Սվարանցից Հայկազ Հովհաննիսյանն է։

Թունելից դուրս եմ գալիս գոհ։ Իսկական մարդկանց հետ շփվեցի: Նայում եմ այս խանձված հողերին և տեսնում խոր ձորում գալարվող Որոտանի արծաթե մեջքը: Ուր որ է մեծ գետը կելնի ձորից, կսփռվի ծարավ հողերի լանջերին: Ակամայից հիշում եմ Լունաչարսկու ասածը Հայաստանում՝ 1924 թվականին։

— Ողջո՜ւյն ձեր բազմաչարչար, բայց հարություն առնող մեծ երկրին, ողջո՜ւյն քեզ, ժողովուրդ։

Երեք գյուղ են ձորից բարձրանամ սարահարթ։ Երեքն էլ փոքր են։ Ազատաշենում 272 շունչ է, Այգեձորում՝ 226, Ձորաշենում՝ 236։ Այգեձոր—Մուղանճյուղը 17-րդ դարում մեծ և նշանավոր էր, շրջակայքը կոչվում էր նրա անունով «Երկիրս Մուղանջուղու» ։ Այս գյուղից են պոկվել ու մի քիչ ներքևում՝ Որոտան և Վարարակն գետախառնուրդում գյուղ ստեղծել երեսուն տուն հայեր։ Սրանցից մի ձիավոր ջոկատ է եղել Դավիթ-Բեկի բանակում և գյուղը կոչվել է Դավիթ-Բեկ, որ այժմ դարձել է Դավութլու: 1731 թվականին օսմանցի թուրքերի կեղեքումով և կոտորածի սպառնալիքով Դավիթ-Բեկ-Դավութլու գյուղի հայ բնակչությունը գլխովին մահմեդական է դարձել։ Մեծ էր նան Ալիղուլիշենը, 1884 թվականին այս գյուղում 150 տուն կար՝ 812 բնակիչով։ Սակավ հող և բնակվելու տեղ չունենալու պատճառով բնակչության մեծ մասը, այս դարի սկզբից սկսած, քոչել-հեռացել է: Այս երեք գյուղը հիմա միացյալ մի սովխոզ է՝ ԶանգեԶուր անունով, 728 բնակիչով։

— Մինչև նոր գյուղը շինենք, ջուրն էլ կհասնի մեզ, — ասում է մաղանջուղեցի Լալազար Խաչյանը։ Նա առաջին ծառն է տնկել նոր գյուղատեղում։ Ես նրան հարցնում եմ.

— Միացյալ գյուղի անունն ի՞նչ եք դնելու։

— Չենք որոշել, վեճ է, — պատասխանում է նա։— Ամեն գյուղ ուզում է իր անունը դնի նորի վրա:

Ես նրան խորհուրդ եմ տալիս նոր գյուղի անունը Հազարանփրկիչ դնել։

— Սրբի անո՞ւն:

— Ոչ։ Թունելի ջուրն է փրկելու ձեզ։ Փրկիչը դա է։

Փոքրիկ բլուր, խանձված խոտ։ Բլրի վրա մատուռի ավերակ, մի սևացած պատ՝ կրակարանով։ Պղնձե երկու մոմակալ է դրված սև մուր կրակարանում, տակը մի քանի մետաղյա դրամ։ Ես էլ եմ դրամ գցում... Ապա օջախին ագուցված է մի սևացած, կարճ ու լայն խաչքար։ Անզարդ է, անգիր, վրան արծվի ծիրտ։ Ցածում ջրամբարն է կառուցվում։


1971, հուլիս։– Հազարանփրկիչ մատուռի մոտ, բետոնի պատերի միջով մի ամբողջ գետ է հոսում։ Ջրատարի շինարարության պետ Գուրգեն Բադիրյանը հանում է շորերը, նետվում ջրի մեջ։ Տաս-տասներկու մանչուկներ ևս լողանում են։

— Ո՞ր գյուղից եք։

— Այգեձորից։ Առաջ Մաղանջուղ էր։

— Ե՞րբ լողալ սովորեցիք։

— Երբ ջուրը եկավ Հազարանփրկիչ։

Սա Հազարանփրկչի ցից քարն է՝ պտղաբերության պաշտամունք։ Նոր բերած ջրի մոտ հանդիպում եմ Ակլունց Բախշի դայուն՝ աղջիկ ծոռան հետ։ Այս տարի լրացավ ծերունու իննսուն տարին։

— Յոթանասունհինգ տարի գյուղում չեմ եղել, էս տարի ասացի մի գամ մեր հողին հասած էս ջուրը տեսնեմ։

Պապն ասում է, թե իր ծոռնիկ Ինան վեց տարեկան է։ Աղջնակը ուղղում է պապին՝ այս կողմերի խոսվածքով.

— Ես վեց չեմ, է՜, օխտը տըրեկան եմ, օխտը։— Ու քրքջում է։

Այդպես քրքջում է նաև Հազարանփրկչի հարթավայրը հասած ջուրը, նոր ջուրը։ Գուրգեն Բադիրյանի կառուցած ջրանցքի ջրերը առատորեն շաղ են գալիս սարահարթի վրա։ Երեք մանր գյուղեր հավաքվում են այստեղ՝ նոր գյուղատեղում, ջրերը դնգում են, ջրերը երգում են, ջրերը սրբագործում են հողի ոգին։ Ես էլ լողացա, մկրտվեցի Հազարանփրկիչի ջրով։ Մի հին խաչքար է թաղված հողի մեջ, Անթառամ և խոռն ծաղիկներ են բուսնել նրա տակ։ Ախր ջրի ցալքունները հասնում են նրանց։ Սքանչելի՜ք է։ Սարահարթում ջուր կա։ Սարահարթում նոր տներ են կառուցել։

Նստեցինք ջրի մոտ՝ թթի օղի խմելու։ Մի թունելագործ ծաղիկը պտկին վարունգ բերեց։

- Այս հողից է։

Լալազար Խաչյանի երազանքը կատարվել է, ջուր է եկել սարահարթ, և գյուղը դուրս է եկել ժայռերի միջից։ Ափսո՜ս, նրան չտեսա, նա ծանր հիվանդ է։ Հիշում եմ՝ 1619 թ. գրիչ Խաչատուրի ասածը, «Կատարեցավ սա (ձեռագրի ընդօրինակումը) ի յերկիրն Մախանջուխու, ի գյողս, որ Տանձավեր կոչի» ։

1972, օգոստոս։—Ջրաշինարարները թունելի ելքի մոտ նորից վարունգ են ցանել։ Գորու գյուղից, որին Կյորոէ էինք ասում, մեր տուն էր գալիս Ագուլ բիբին՝ բոբիկ, կիսամերկ.

— Մանիշակ, երեխեքս էլի քաղցած են...

Ագուլ բիբին հիմա չկա: Ես հիշում եմ նրանց քարանձավը, որ միշտ դատարկ էր, միշտ քաղցած ու ցուրտ։

Հիմա նոր գյուղ է այստեղ՝ անունը Հարթաշեն։ Հավաքվել են Մաղանջուղի, Գորու-Կյորու և Ուրղունիշենի ժայռերի մեջ ծվարած գյուղացիները և ահա նոր տներ են շինում։ Նոր տուն է շինում նաև Երանիկ Ջավադյանը։

— Եկեք հաց կերեք, ա՛յ մարդիկ։

Նոր տների հայացքները դեպի արևն է։ Քարանձավներում շատ են արևի կարոտել, հիմա մի լավ կկշտանան։ Գյուղխորհրդի նախագահ Գուրգեն Գրիգորյանին ասում եմ, որ լավ կլիներ գյուղի անունը Երանիկ դնեին՝ նոր գյուղ ստեղծող կթվորուհու պատվին, որ նաև յոթ երեխա ունի։

Նոր գյուղը խմելու ջուր չունի, ծարավ է։ Սովխոզի դիրեկտոր Հրանտ Բաղդասարյանն ասում է.

— Այս տարվա վերջին խմելու ջուր կունենանք։ Մի կերպ յոլա գնացեք մինչև բերենք։

Գյուղը բուժկետի, ճաշարանի, բաղնիքի, գրասենյակի, գրադարանի շենքեր է կառուցում։ Իսկ միջնակարգ դպրոցն արդեն շենք ունի։ Մինչև ձորերից դաշտ դուրս գալը երեք գյուղերը միասին ունեցել են 118 տուն, այժմ 126 տուն են։ Սիջնակարգ դպրոց ունեն՝ 150 աշակերտով։

Իր համար տուն է շինում նաև դպրոցի դիրեկտոր, բանաստեղծ Գրիշա Մանուչարյանը: Հարցնում եմ.

— Հիմա՞ էլ ես գրում։

— Մեկ-մեկ։ Ավելի լուրջ հոգսեր ունենք՝ նոր գյուղ ստեղծելը:

Հաճելի հոգս է։

1978, հուլիս։— Մաղանջուղ գյուղացի Ասատուր Խաչյանն ինձ ասաց, որ իր պապը բանաստեղծ է եղել և «դավթար» ունի։ Շուտով նրա որդին Սեյրանն այդ «դավթարը» բերեց ինձ մոտ։ Հին, դեղնած թղթեր են. բանաստեղծը կեղծանուն ունի` Սյունիկ Մահտեսի. հետաքրքիր է։ Մի, քանի տող հավանեցի.— «Բախտդ ծիծաղելու մի հուսար երբեք» ։— «Մի կրակի մեջ այրվում են անծուխ, անալավ» ։ «— Ո՜հ, ողորմած աստված, դու փրկիր բոլոր աշխարհն ցավից» ։

Այս տետրակն արժեքավոր է նրանով, որ Սյունիկ Մահտեսու որդի Պետանոս Խաչյանը հոր «դավթարի» էջերի մյուս երեսին գրել է իր հուշերը 1918—1920 թվականներին Զանգեզուրում ու Բաքվում ծավալված դեպքերի մասին, ինքը ևս ակտիվ մասնակցելով լեռնցիների ինքնապաշտպանական կռիվներին։ Իմ խնդրանքով նրա թոռ Սեյրանն օրինակել է այդ հիշողությունները և տվել ինձ։

Նոր ստեղծված Հարթաշեն գյուղից Գրիշա Մանուչարյանի հետ իջնում ենք հին գյուղը Կյորոլ, որ, ասել եմ, Օրբելյանի հիշատակած Գորուն է։ Ճանապարհն ահռելի է անդունդի լանջով։ Այգիները կենդան են, բայց հետզհետե վայրենանում են։ Ձորակով մի ջրաղացի ջուր է գնում: Այգիների մեջ հին ու նոր շիրմաքարեր կան։ Մի քանի արձանագրություն կարդացի։ Գրիշան ինձ ասաց, որ գյուղը յոթ գերեզմանատուն ունի։ Դրանցից մեկը մեծ ձորի այն կողմին է՝ լեռնաոստի մի պատառիկի վրա։ Այնտեղ այլևս անհնարին է գնալը։ Ավանդաբար ասում են, թե հին Խնձորեսկ գյուղի բնակչությունը Կյորուից է գնացել։

Եկեղեցին նոր է, սակայն հիմքերը հին, շատ հին են: Քարերը շատ խոշոր են ու անմշակ։ Պարզ է՝ հեթանոսական աղոթատեղիի վրա է շինված։ Եկեղեցին կանգուն է, ունի երկու հզոր կամար, որ պահում են քարե թաղը։ Եկեղեցու մեջ ու վրան արձանագրություն չգտա։

Գյուղում հիմա ոչ ոք չի ապրում։ Դիրքը կատարյալ անառիկ է՝ կուտակ բերդ։ Մի քանի տուն դեռ կանգուն են: Քարաշեն, հրաշալի տներ են։ Մի տուն չորս հարկանի է՝ առաջին հարկը լավ փորած քարայր։ Ճարտարապետական ու կառուցողական առումով գերազանց լուծում է, անհամար նուրբ ու ներդաշնակ կամարներ ունի։ Սակայն ավերակները, որ շատ են, ծածկվում են մոշի թփերով ու «վայրենի» կոչվող արագ աճող, լայնատերև ծառերով։

— Սա հարուստ ապոր տունն է, — ասում է Գրիշան։ Հրաշալի տուն է, բուխարիկի ծածկակալ քարը քանդակած, նախշած՝ կրակի, օջախի պաշտամունքի մնացուկ։

Այս մի ապերը հարուստ մարդ է եղել։ Սակայն շատ Էլ ժլատ։ Տղաներն ապրել են Բաքվում։ Ամռանը սրանք իրենց ընտանիքներով գալիս են գյուղ՝ հոր մոտ։ Հարուստ ապերը տեսնում է, որ մեծ տղան թամբաքու է ծխում, այն էլ թանկ տեսակի, ասում է։— Էդ պապիրոսդ օգուտ տալի՞ս է, որ ծխում ես։ Ախր փող է գնում, է՜, ա՛յ տղա, փող ես փչացնում։ Դրա թարկը տուր։ Օգուտ տալի՞ս է, որ ծխում ես։

— Հա, ապեր, — պատասխանում է որդին։— Սրա օգուտը մեծ ա, շա՜տ մեծ։— Օրինակիս համար, հինչպե՞ս։– Որ մի պապիրոս եմ քաշում, ապեր, հինգ օր կուշտ եմ մնում, — պատասխանում է տղան։— Հինգ օրում ո՛չ հաց եմ ուտում, ո՛չ գինի խմում։— Հա՞, — ուրախանում է միամիտ ապերը։— Որ էդպես է, ա՛յ բալա, եղբայրներիդ էլ պապիրոս քաշել սովորեցրու, հարսներէն էլ, երեխաներէն էլ։

Պետանոս Խաչյանը կցկտուր, սակայն հարկավոր տեղեկություններ է հայտնում Անդրանիկ Զորավարի Գորիսում գտնվելու մասին։ Ինքը եղել է անձնվեր զինվորական՝ հարազատ ժողովրդի փրկության դժվարին կռիվներում։

Հուլիսի վերջն է։ «Զանգեզուր» թերթի խմբագրության «վիլիսով», որի վարորդը իմ հորաքույր Մանուշակի թոռ Ռազմիկ Բաղդագուլյանն է, Գորիսից գնում եմ Մաղանջուղ։ Ես արդեն ասել եմ, որ Մաղանջուղ գյուղը մի տասը տարի աոաջ է վերացվել։ Այս ձորերի երեք գյուղերը ձորերից դուրս են եկել, միացյալ ուժերով նոր գյուղ շինել գեղեցիկ հարթության վրա, դարձել մի տնտեսություն, անունը դրել Հարթաշեն։

Նոր գյուղը չորս փողոց ոընի` կանոնավոր, լայն: Տները բարեկարգ են, բոլորը թիթեղյա կամ թափածո սալիկներով ծածկած: Աղբյուրի մոտ կանայք ու աղջիկներ են հավաքված: Հարցնում եմ` ջուր ունե՞ն:

— Բա չե՞ս տեսնում, - պատասխանում են։ Ես զղջում եմ հարցիս համար։ Գյուղն առատ ջուր ունի՝ և՛ խմելու, և՛ ոռոգելու։

Տների առաջ պարտեզներ են։ Ջահել հողագործ Անուշավան Կարապետյանն ասում է.

— Պետությունը մեզ հազար վեց հարյուր մետր հող հատկացրեց տներ շինելու, ու պարտեզներ ստեղծելու համար, բայց մեզ հազար երկու հարյուր մետր տվին։

Զարմանում եմ՝ ինչո՞ւ այդպես։ Չէ որ այս կողմերին անպտուղ ու անմշակ հող որքան ուզես կա։ Ինչո՞ւ են խախտել պետական սահմանածը։ Սա ի՞նչ գերխնայողություն է։ Դառնանում եմ գյուղը հիմնադրողների վրա։ Բայց դառնությունս փարատվում է, երբ զրույցի եմ բռնվում երկու երեխայի հետ, մեկը սովորում է երկրորդ դասարանում, անունը Արայիկ, մյուսը Համլետ ՝ չորրոդ դասարանում։ Համլետ անունը երեսունական թվականներից շատ հարգի է մեր լեռներում և չորս-հինգ տղայից մեկն անպայման Համլետ է։ Մարդ ուղղակի չգիտի ինչպես նախատի այս անհամար Համլետների ծնողներին։ Ինչևիցե։ Որոնում եմ բարեկամիս՝ Գրիշա Մանուչարյանին, ապա հին ընկերոջս՝ Կարո Օհանյանին։ Գտնում եմ։ Գրիշան հենց նոր է թթի օղի թորել-քաշել, թորելու սարքը դեռ չի քանդել, ահա դա փողոցի եզերքին։

- Մտնենք տուն։

- Չէ, պատրաստվիր, գնում ենք հին գյուղը՝ Մաղանջուղ։

Գրիշան նեղվում է՝ ախր գամ իր տունր ու ներս չմտնե՞մ։ Սակայն, երևի հիշելով իմ բնավորության այդ մի գիծը, այն, որ ասածիս տերն եմ, զիջում է ու մտնում մեքենաս։

- Որտե՞ղ է ապրում Կարոն։

— Նա պետական շենքում է։

Սովխոզն այստեղ մի երկու պետական շենք էլ է շինել, որ գյուղի ծայրին են, հարկավոր հարմարություններից զուրկ։ Ո՞ւմ են պետք նման բնակարանները։ Գրիշան հրաժարվել է բնակարան ստանալ այդ շենքերից և իր համար շատ գեղեցիկ առանձնատուն է կառուցել, ինչպես գյուղի բոլոր աոանձնատները։

Կարոն ևս ստիպեց, որ ես մտնեմ իր տունը, սակայն...

— Օրը մթնում է, շուտ արեք գնանք։

Գնում ենք սարահարթով։ Ես հիանում եմ ցորենի դաշտերով։ Հրաշալի հաց կա` անքիստ ցորենը պատ առ պատ ոսկուն է տալիս։ Ամենուրեք Որոտանի ջրանցքի ջրերն են վազվզում։ Հիշում եմ հիսուն, վաթսուն տարի առաջ մենք այստեղ արտեր ունեինք ու մի կաթիլ ջուր չկար, որ ծարավներս հագեցնենք։

Արտերը հնձում են մեքենաներով։ Արտերի մեջ անհամար դոլոն հավքեր կան, որ գեղեցիկ են, իսկ մի տեսակ թռչան էլ կա, որ չէի տեսել` կապտավուն է, փոքր, կոլը սպիտակ։ Կարոն, որ նաև որսկան է, ասում է, թե այդ թռչունն իրենց կողմերում չի եղել, այստեղ երևացել է ջուր բերելուց հետո։

Անցնում ենք Լալազար Խաչյանի տնկած ծառուղու արանքով: Առատ-առատ ջրեր։ Թունելի բերանին, որտեղ ես կանաչ վարունգ եմ տեսել դեռ թունելը կառուցելու ժամանակ, ջրհան կայան է դրած։ Մեծ ջրանցքը դուրս է գալիս գետնի տակից ու կապույտ-հրաշք գոտի դառնում ոսկեղեն արտերով պճնված բլուրների մեջքին։

Չէ, շատ բան է փոխվել։ Հրաշալի, աշխարհաշեն գործ է կատարվել այստեղ։

Հին Մաղանջուղը գրեթե կա իր նախկին տեսքով, տներից շատերը պահպանվել են, թեև ոչ ոք չի ապրում մեջը։ Կարոն ասում է, որ միայն իր եղբայրն է մնում հին գյուղում՝ կնոջ հետ։

Թթենիների խտության մեջ կանգնած է գյուղի եկեղեցին։ Փոքր է, ճարտարապետական մարգարիտ։ Սակայն նրա հրաշքը երեք խաչքարերն են։ Դրանք դրսից են բերված, մեկը դրված է եկեղեցու դռան գլխին իբրև բարավոր, մյուս երկուսը` կողքերին։ Ափսոս, այս եկեղեցին կառուցող վարպետները խաչքարերը մի քիչ կտրտել են՝ պատի մեջ հարմարեցնելու համար։ Բարավոր խաչքարն ուզում եմ համբարել՝ շատ է աննման, քանդակները նուրբ, ասես կենդանի: Քարի երկարությամբ զույգ խաչ է քանդակված, արանքներում ՉԾԱ: Սա թվականն է` 1302: Կարոն ասում է, թե այդ խաչքարը, ինչպես լսել է ինքը, բերել են մոտիկ Երիցձորից, որ կնշանակի երեք ձոր: Այնտեղ գյուղատեղ է եղել: Երկու խաչի մեջ մարդու հրաշալի քանդակ կա` զորական, նետ ու աղեղով: Մանավանդ քանդակի աչքերը հիանալի կենդանի են, խոսուն: Պատի տակ հրաշալի տապանաքար. «Այս է տապան հանկուցեալ Մկրտչի որդի Մելքումին. 1842»: Մի ուրիշը` «Այս է տապան Ալավերդի թվ. 1832»: Նաև հանգավոր տապանագրեր կան.- «Այս է տապան ի հանգստեան իջեալ մարմնովն ի գերեզման...» և այլն:

Մի քարի առջև Կարոն հանում է գլխարկը:

— Պապս է:

Հրաշք բան՝ «Օհան Սարգսի, 1806—1931» ։ Կարո Օհանյանի Օհան պապն ապրել է 125 տարի։ Կարոն ասում է։

— Մեռնելուց մի քանի օր առաջ բարձրացավ կեռասի ծառը՝ պտուղ քաղելու։ Քսան տարեկան հասակում մտել է կամավորական ջոկատի մեջ ու ռուսական բանակի կազմում կռվել պարսից Աբաս Միրզա թագաժառանգի զորքերի դեմ։ Այնքա՜ն բան էր պատմում...

— Գրի՞ ես առել։

— Չէ: Խելք ունեի՞...

Գյուղից տասներկու երիտասարդ են այն ժամանակ մտել կամավորական ջոկատների մեջ՝ Հայաստանի փրկության համար։ Հավաքվել են Խնձաղու խութում, երդում տվել ու գնացել կռվի... Խնձաղին ձնծաղիկն է, Ձնծաղիկի խութ, որ գյուղի գլխին է։ Սիրելի անուն։ Կամավորները մի–մի բուռ հող են վերցրել Կանա խաչերի թմբից, որ իրենց ուժ տա կռվում և իրենց հետ լինի, եթե գերեզման գտնեն հեռուներում։

Այս մեկն էլ Քամու խաչն է, սա էլ Պառավի խաչը։ Կամավորները, այդ թվում էլ Օհան պապը, որ այն ժամանակ գրեթե պատանի է եղել, կռվից ետ են եկել հաղթանակած, Հայաստանի արևելյան մասերը փրկած։ Մտել են Կաթկաթի ձորը, զենքը թաքցրել՝ սև օրերի համար։ Հիմա էլ կա Կաթկաթի աղբյուրը, իրոք կաթ-կաթ, այսինքն կաթիլ-կաթիլ, որ շատ բարակ է։ 1918 թվականի օսմանյան բանակի դեմ ինքնապաշտպանական կռիվների ժամանակ Օհան պապը, որ 102 տարեկան է եղել, գնացել է իր թաքցրած զենքը հանել ու դրանով պաշտպանել գյուղը՝ թուրք Նուրի փաշայի զորքերի դեմ։ Հետո զոհ են մատուցել Աղավնաձորի խաչքարերին՝ իրենց հաղթության պատվին։

— Երիցձորում գյուղ է եղել, հիմա էլ կա եկեղեցու ավերակը։ Աղավնաձորում էլ գյուղատեղի կա։

Այստեղից երևում է Բարկուշատի հովիտր՝ Որոտան գետը մեջը։ Հիշում եմ Ստ. Օրբելյան պատմիչի ասածը.— «Բարկուշատը Եղիպտ է» ։

Ուզում եմ տեսնել Կարոյի եղբորը՝ Արամ Խաչյանին, որ իր կնոջ՝ Արշալույսի հետ մեն-մենակ ապրում է հին գյուղում։ Արամը յոթանասունմեկ տարեկան է, Հայրենական պատերազմի քաջամարտիկ։ Բայց մարդ ու կին տանը չեն, երևի գնացել են ձորերը՝ միրգ հավաքելու։ Այստեղից ներքև` ձորերում հին Մաղանջուղի հին այգիներն են, որտեղ գինու հնձաններ կան երեք-չորս հազար տարվա հնությամբ։ Դրանք հիմա լքված են ու ավերվում են։ Կարո Օհանյանը իրենց գյուղի հանրագիտարանն է։

- Մեր գյուղի մի մասը եկել էՀ Գորիսի վերևի Սինդարից, մի մասը Ղափանից, մի մասն էլ Ղարաբաղի Մուղան դաշտից։

Ես ասել եմ, որ Մաղանջուղը Մուղանճյուղն է՝ այսինքն Մուղանի ճյուղ, Մուղան հայոց մեծ դաշտից եկածները։

Վերադառնում ենք նոր գյուղը։ Հրաշալի դպրոց ունեն՝ 140 աշակերտով։ Գյուղի բոլոր 123 տները նոր են։ Գյուղը 580 բնակիչ ունի։

Կապույտ երեկո է։ Դեղին արտերում աղմկում են հնձող մեքենաները։ Նոր գյուղի գլխին պտտվում են մի զույգ բազեներ...


Անապատ ավազախիր

1945, օգոստոս։ — Պատերազմն ավարտվել է, բայց դեռ զինվորական եմ։ Գերմանիայից մի քանի օրով եկել եմ տուն՝ Գորիս: Օգոստոսի վերջին օրերն են: Ասի գնամ Երևան, հորեղբորս տղայի` մեր Արամայիսի երեխաներին տեսնելու։ Արամայիսը զոհվել էր Կերչում: Ես ականանետային վաշտի հրամանատար եմ, պարզ է՝ զինվորականի զգեստով: «ТТ» ատրճանակ ունեմ և ռազմաավարային` բելգիական փոքրիկ «Բրաունինգ» քսանութ փամփուշտով: «ТТ» -ն կախված է գոտուցս, բելգիականը` կիտելիս ձախ գրպանում:

Արարատյան դաշտ հասա Նախիջևանի վրայով, բեռնավտոյի թափքում, որի մեջ, ինձնից բացի, տասը ուղևոր էլ կար: Անտանելի շոգ է։ Անցանք Սադարակը, ապա Արմաշ գյուղը, որ հենց ճանապարհի վրա է: Վիթխարի դաշտը մեռած, չոր ու ցամաք հևում է տապից՝ կրակե լեզուն հանած: Մի տեղ բեռնավտոյի ջուրը եռաց: Մեքենան կանգ առավ, և արևայրուցքը դարձավ սպանիչ։ Վարորդը հորաքրոջս տղան է` մեր Սամվելը։ Ռազմաճակատից նոր է վերադարձել, ոտքից վիրավոր, թեթև կաղում է։

–Ջուր պետք է գտնել, — անհույս խեղդմեղդվեց նա։— Ջո՜ւր...

Ես ու նա երկու դույլ վերցրինք ու մեկնեցինք դեպի լեռը: Չոր տափարակում մի քանի գորշ խրճիթներ կային, այնտեղ, հավանական է, ջուր լինի: Ավազային հողը այրեց սապոգներս, բերանս բացուխուփ եմ անում։

Կիսակառույց տան պատի մի պատառ ստվերում յոթ-ութ մարդ են նստած, առաջները` լաթի վրա, սև բոքոն հաց: Ջրում թրջում են հացը և ուտում։ Մեր Սամվելը, որ շատ բարի ու մարդամոտ է, շոգից հևաց, դույլը ցած դրեց։

— Էս գյուղի անունն ի՞նչ է:

Մարդիկ հռհռացին։

- Սուրենավան, եթե սա գյուղ համարենք։

Մեկը, որ հրետանային զինվորի համազգեստով էր, առանց, իհարկե, տարբերանշանների, վեր կացավ։

— Իմ անունը Գարսևան Մխիթարյան է: Ես բրիդագիր եմ։ Այստեղ սովխոզ է լինելու։ Պատրաստ ենք օգնելու ձեզ, եթե հնարավորություն ունենանք։

– Ո՞րտեղից եք հավաքվել:

— Ամեն տեղից։ Էս ընկերս, օրինակ, քյոռախտեցի է:

Ես զարմանքով նայեցի ախտեցուն, նրան ասացի.

— Այստեղ ջուր չկա, իսկ Ախտան գետ ունի, ուրեմն, ինչո՞ւ եկար։

— Գետ, իհարկե, Ախտան ունի, բայց հողը սակավ է հացը՝ ևս: Կառավարությունը որոշել է սակավահող գյուղերից մարդ բերել, բնակեցնել այստեղ` դաշտում ստեղծվող գյուղերում։ Ես էլ ահա եկել եմ։

— Իսկ ջուր ունե՞ք այստեղ։

— Ջրհան կայան ենք դնում Կախանովի առվի վրա, որ, հրե՜ն, ներքև է։

Կախանովի առվի մասին ես խոսել եմ իմ այս գործի առաջին գրքում:

Ես նայում եմ խանձված տափարակին ու հավատս չի գալիս, թե այս քարուքռաները երբևէ կկանաչեն: Մեր կողքին շոգից հևում, փոշի է անում մեծ ճանապարհը։ Նրա եզրերին մանր ծառեր են տնկել` կապրե՞ն։

Այս դաշտը Արտաշատի հարևանն է, մեր հին Արած գավառը։ Խորենացին ասում է, «Արածա կողմն ընդ մեջ կալով Վայոց ձոր և Շարուր դաշտի» ։ Հները ասում էին «ավազախիր», այսինքն՝ ավազուտ ու անբերրի։ Գարնանը լեռներից եկած գետակները կորչում են այստեղ` առանց Արաքսին հասնելու, և «ոչ բավեն ամարանի արբուցանել դաշտավայրի և առատապես արգասավորել» ։ Գարնան սկզբին այստեղ միայն գեղածաղիկ ու հազարատերև բույս է երևում, որ, սակայն, սմքում-սալարում է հունիսին։

Երևանի վերջին պարսիկ կուսակալ Հյուսեին Սարդար խանը միտք է ունեցել Գեղամ լեռների Արխաշան կոչվող արոտներից ջուր բերել այստեղ։ Եվ որովհետև չորային ու անջուր է դաշտս, ապա «մշակք թողեալ գնան այլ վիճակս», այսինքն հողի մշակները հեռացել են այլ գավառներ: 1867-68 թվականներին Արաքսի Ովայից եղեգնուտից գեներալ Կախանովը առու է հանում, բերում Դավալու, սակայն ջարը չի հասնում այս ընդարձակ դաշտը։

Խորենացուց հետո, հազար տարուց ավելի, այս գավառը գրեթե չի հիշատակվում, մինչև Առաքել Դավրիժեցին։ Ալիշանը Գահանամակի «Աված» անունը ուղղելով Արած, ասում է, թե սա Արածացի տոհմի դաշտն էր, որ 200 զինվոր էր տալիս հայոց բանակին: Հիշվում է Արած մեծ գյուղը, որտեղից էին Ղևոնդ երեցի զինակիցներ Սամվել երեցը և Աբրահամ սարկավագը: Սրանք Արտաշատում ու Դվինում կործանեցին պարսից ատրուշաններն ու մոգերին։ Հազկերտը նրանց արտաքսեց Քուշանաց կողմերը՝ Վատգես (Պատկիզ) գավառը և սպանեց այնտեղ, նախ կտրելով նրանց աջ ձեռքերը՝ դնելով ձախի վրա, հետո գլխատելով։ Հայ եկեղեցին նրանց հիշատակին տոն է սահմանել Հրոտից ամսում (դեկտեմբեր): Արածից հիշվում է իշխան Սահակ՝ որդի Համազասպի, որին 832 թ. Դավիթ Բ կաթողիկոսն անիծեց եկեղեցու հողերը խլելու համար: Հիշվում է նաև Աբուջափր Արածացի իշխանը: Պարտավում արաբները սրան մորթեցին ու մորթին տիկ շինեին: Այլևս ոչ մի պատմական հիշատակություն չկա այս դաշտի բնակիչների կամ բնակավայրերի մասին։ Ախտեցին թիթեղյա ամանով ջուր է տալիս մեզ։

– Բերում ենք Դավալվից, սայլի տակառով։ Բայց ես ձեղ միայն մի վեդրո ջուր կտամ: Չունենք։ Դա ձեր մաշինը կհասցնի մինչև Դավալաու, իսկ այնտեղ ջուր կա։

Մի տղա, որ հազիվ տասնչորս տարեկան լինի, ուշադիր լսում է մեր զրույցը: Հարցնում եմ անունը։

– Ջանիբեկ Տոնոյան։

Տղան ուզում է գյուղատնտես դառնալ. այս տարի, հույս ունի, որ դպրոց կստեղծվի գյուղում։

Ետ եկանք:

1956, հոկտեմբեր։ — Տասնմեկ տարի հետո նորից եկել եմ Սուրենավան: Փոշոտ ճանապարհը մնաց մի կողմ, և ինքս զինքս գտա ջահել այգինեըի ու քարե տների շրջապատում։ Խճուղու եզրերին տնկած այն շիվերը, որ տեսել եմ տարիներ առաջ, այժմ խոշոր ծառեր են դարձել, երկար ու զովասուն ծառուղի ստեղծել։ Փողոցները լայն են, մայթեզրերին ծառեր, բակերում դեղձի առատ պտուղ, և մալաչա տանձ, և խաղողի թառմաներ` դեղին խաղողով, կովի ուռած կրծքեր և երեխաներ, որ կուշտ են երևում։ Երկու մարդ, մեկը երկար, մյուսը` միջին հասակի, վիճում են: Սպիտակ բլուզով, սև շալվարով ջահելն ասում է.

— Հարսը պիտի բերենք միայն սպիտակ «Վոլգայով»: Հարսանիք է, մենք էլ պատվի տեր գյուղ ենք:

Սարենավանը ենթարկվում է Արմաշի գյուղսովետին, որ այստեղից հեռու չէ, ընդամենը հինգ կիլոմետր։ Այս դաշտը հնում մտնում էր Արարատի նահանգի Ոստան Հայոց (նաև Ոստան Դվինու) գավառի մեջ, այժմ` Վեդու շրջան։ Ես մոտենում եմ սուրենավանցիներին, ասում.

— Բարի եղեք մի քիչ էլ ինձնով զբաղվել։ Ես որոնում եմ Գարսևան Մխիթարյանին:

— Գարսևանը գյուղում չէ, — ասաց երիտասարդը։– Գնացել է շրջկենտրոն՝ Վեդի։ Էլ ո՞ւմ գիտեք մեր գյուղից։

— Մի տղա կար՝ Ջանիբեկ Տոնոյան։ Նա տասնչորս տարեկան էր...

— Ի՞նչ, — զարմացավ, ուրախացավ երիտասարդը։— Նա հիմա մեր Սուրենավանի սովխոզի դիրեկտորն է։ Դե, ուրեմն, ծանոթանանք, Ջանիբեկը ես եմ։

Զրուցամ ենք իբրև հին բարեկամներ։ Ես Ջանիբեկին խնդրում եմ ցույց տալ սուրբ Վարդան եկեղեցին։ Սա զարմանում է: Ես ու նա «Վիլիսով» գնում ենք վերև: Նորից ամայի, անմշակ տեղեր են։ Ես Ջանիբեկին ասում եմ, որ եկեղեցու բակում մի փոքր, բարակ աղբյուր կա։ Սուրենավանցիներն այդ աղբյուրի տեղը չգիտեին, իրենք այստեղ նոր բնակիչ են:

— Մենք ուռանոցի ջրից ենք օգտվում։ Լեռան մի ձորակում է, փոքր ջուր։ Իսկ Գյառնիից մեծ ջուր ենք բերում, որ եկող տարի տեղ կհասնի։

Բնիկ անունն է Ուռանոց։ Աղբյուրի և սուրբ Վարդանի մոտ գյուղի ավհրակներ են նշմարվում: Գուցե սա՞ է Ուռանոցը: Արձանագրություն եմ որոնում` չեմ գտնում։ Մի երկու գերեզմանաքար կա անգիր, ձևից երեում է, որ շատ հին են:

Բավականին մեծ գյուղ է դարձել Սուրենավանը։ Փողոցները կանոնավոր ուղիղ են, տներր՝ երկհարկանի։ Դրանք պետությունն է կառուցել ու տվել մարդկանց, հատկապես հայրենադարձված հայերին, որ այստեղ շատ են։ Սակայն տները հարմարարավետ չեն շինել, սենյակները մանր են, պատշգամները փոքր։ Խաղողի ու պտղատու այգիները կանոնավոր շարքերով բարձրանում են դեպի ամայի լանջերը, աչք շոյում` վերևի մրկած ու լերկ լեռների համայնապատկերի վրա: Ջրվոր Դավիթ Շահվերդյանի բահը փայլատակում է կարծես ուրախ։ Դե, ինչու չուրախանա, Իրանից է ներգաղթել այս մարդը, տասը երեխա ունի:

Կենդանացել է վաղուց ավերված-մեռածը։

1975, հոկտեմբեր: - Սուրենավանցի Ջանիբեկը, որին վաղուց գիտեմ, հիմա աշխատում շրջկենտրոնում։ Այստեղի սովխոզի նոր դիրեկտոր Սաշիկ Ղազարյանը ևս ջահել է, գյուղատնտես:

– Էլի՞ խոպան հողեր ունեք, Սաշիկ, — հարցնում եմ նրան:

- Այո, կա, չորս հարյուր հեկտար, — պատասխանում է նա: - Եկող տարվանից կսկսենք մեքենահարմար դարձնել։

Ինձ այստեղ է բերել Արարատի կուսշրջկոմի առաջին քարտուղար Հենրիկ Մինասյանը, իմ հին բարեկամ մանկավարժ Վահրամի որդին, որ հիմա կենսաթոշակի է։ Հենրիկը նայում է խանձված հողին, մրկած-անհրապույր լեռներին ու կարծես շունչը քաշվում է։

– Անիծված հողեր են՝ կավային, սպիտակ։ Գոնե ջուր լիներ:

Ասում է ու ցավի հետ նաև վճիռներ կայացնում` շտապ հերկել չորս հարյուր հեկտար մեռած հողը։ Ես նրան հարցնում եմ՝ իսկ ջո՞ւր կա:

- Կստեղծենք, – ասում է նա։— Կախանովի առվի վրա նոր ջրհան կդնենք և ջուր կտանք լեռնալանջերին։

Գյուղը տարածվում է՝ շուրջը կենդանություն ստեղծելով։ Դպրոցի համար հրաշալի շենք են շինել։ Հինգ տարի առաջ՝ 1970 թվականին Սուրենավանը 1807 բնակիչ ուներ արդեն, բաժանված 331 տնտեսության: Սա մարդու հոգին փառավորող շենացում է:

Երեք տարի հետո հանդիպեցի Մինասյանին, հարցրի՝ կանաչե՞ց Սուրենավանի չորս հարյուր հեկտար ամայի ղռահողը։

— Էն էլ ո՜նց, — պատասխանեց Հենրիկը։— Այս տարի դրա առաջին բերքն ստացանք։

Սուրենավանր հիմա անջատվել է Արմաշից ու իր առանձին ավանսովետն ունի: Չէ՞ որ հիմա ավանս 2050 բնակիչ ունի։ Երեսուն տարում, իրոք, հրաշք է կատարվել այստեղ։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13071 | 0
01:01, 08.12.2017
29952 | 0
23:45, 27.08.2017
21697 | 0
դեպի վեր