ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Ազատ Վշտունի / ծննդյան 120-ամյակը
00:41, 17.07.2014
6686 | 0

17 հուլիս, 1894 - 26 մարտ, 1958

Կարապետ Մամիկոնյան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է տեղի Երեմյան դպրոցում։ 1908-11թթ սովորել է Կոստանդնուպոլսի կենտրոնական վարժարանում։ Բանաստեղծի գրական անունը 1910-ական թվականների հայ մտավորականության տրամադրությունների արտահայտությունն է։ Հայ ժողովրդի կյանքում հակասական էին ազատության իղձն ու վիշտը, որից էլ ծնվում է «Ազատ Վշտունի» գրական անունը։ Ի դեպ` նույն անունն է կրել գրական փորձեր կատարող թիֆլիսցի մի երիտասարդ, որի անվան դեմ բանաստեղծը բողոքի նամակ է տպագրել։ Բացի այդ, ստորագրել է նաև Կարապ, Ազատ, Կարապետ Թաշճյան, Սեիդ էլ Նուր անուներով։ 1911թ. մեկնել է Փարիզ և դարձել Սորբոնի համալսարանի գրական-փիլիսոփայական ֆակուլտետի ազատ ունկնդիր։ 1914թ. մեկնել է Թիֆլիս։ 1918-19թթ աշխատել է Թիֆլիսի Հին Ներսիսյան որբանոցում, որտեղ հիմնադրել է «Փարոս» տպագիր հանդեսը։ 1919-20թթ եղել է Ղրիմում։ Հայրենադարձության գործով 1921թ. մեկնել է Իրան և Իրաք։ Խմբագրել է «Մուրճ» ամսագիրը (1922թ.), «Դիրքերում» երկշաբաթաթերթը (Թիֆլիս, 1924թ.), «Մուրճ-մանգաղ» թերթը (Դոնի Ռոստով, 1926-27թթ), «գեղարվեստի ֆրոնտում», «Խորհրդային Հայաստան» -ի գրական հավելվածը (Երևան, 1930թ.), «Խորհրդային արվեստ» (Երևան, 1932-34թթ) ամսագիրը։ Եղել է Սովետական Հայաստանի գրական առաջին կազմակերպության` Սովետական Հայաստանի Գրողների ասոցիացիայի նախագահը, Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի ներկայացուցիչը Մոսկվայում (1925թ.), ՀԽՍՀ լուսժողկոմատի արվեստի սեկտորի վարիչը (1929թ.), գրական «Երեքի խմբակ» -ի (Եղիշե Չարենց, Գևորգ Աբով, Ազատ Վշտունի) անդամներից։ 1934թ-ից եղել է ԽՍՀՄ Գրողների միության անդամ։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, ադրբեջաներեն, քրդերեն, ֆրանսերեն, չինարեն և այլ լեզուներով։ Մահացել է Երևանում:

ԱԶԱՏ ՎՇՏՈՒՆՈՒ «ՊԱՅՈԿԸ»

1942-ին հայ գրողների մի խումբ՝ Հարություն Մկրտչյանը, Ազատ Վշտունին, Վախթանգ Անանյանը եւ Բաբկեն Շահումյանը, «ստեղծագործական» գործուղման մեկնեց ռազմաճակատային գիծ՝ Թամանյան թերակղզի, ուր երկար եւ դժվարին կռիվներից հետո դադար էր առել հայկական 89-րդ դիվիզիան։ Առաջադրանքը պարզ էր՝ հայ ժողովրդի ողջույնը հաղորդել մեր քաջարի մարտիկներին եւ մամուլում նկարագրել նրանց սխրագործությունները։

Խումբը ճանապարհ ընկավ ապրանքատար գնացքով, ապա, մի քանի բեռնատար մեքենաներ փոխելով, վերջապես հասավ թերակղզի։ Մինչեւ դիվիզիայի տեղակայման վայր հասնելը հարկ եղավ կանգ առնել թերակղզու կիսավեր գյուղերից մեկում, ուր գրողներին հյուրընկալեց բարի, ծերացած մի կին։ Բոլորը հոգնած էին, եւ հատկապես՝ Ազատ Վշտունին, որը խմբում ամենաավագն էր՝ բոլորում էր հիսուն տարին, բացի այդ՝ առանց այն էլ թուլակազմ էր եւ հազիվ էր քարշ տալիս զինվորական պայուսակը, ուր իր իրերն էին եւ «Սուխոյ պայոկը» ՝ չորացրած տառեխ, տուփերով «չոր կաշա» եւ «բուխանկա» հաց։ Վանում ծնված, Փարիզի Սորբոնի համալսարանում ուսանած, նրբակիրթ ու բարակիրան այդ մարդու համար, իրոք, դժվար էր «դիմանալ» զինվորական պայուսակի ծանրությանը, եւ Դիլիջանի սարերում մեծացած, պնդակազմ ու առույգ Վախթանգ Անանյանն ստիպված էր նրա բեռն էլ կրել։ Այդպես հասան գյուղ, տեղավորվեցին, եւ այն է, անցնելու էին «պայոկին», երբ Ազատ Վշտունին ծոցագրպանից մի ծալած թուղթ հանեց ու մեկնեց խմբի «տնտեսվարի» պարտականությունն ստանձնած Բաբկեն Շահումյանին. «Կարդա՝ անելիքդ կիմանաս» ։

Վշտունու մեկնած թուղթը անվանի բժիշկ, պրոֆեսոր Արտաշես Մելիք-Ադամյանի գրած «ռեցեպտն» էր։ Վշտունին գանգատներ է ունեցել, դիմել է Մելիք-Ադամյանին, որն, ի դեպ, 1932-ից հանրապետական զինկոմիսարիատի ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահն էր, ու նա զննելուց հետո պարզելով, որ Վշտունին հյուծված է, արյան պակասություն ունի, դեղերի հետ նշանակում է նաեւ «ուժեղ սնունդ» ՝ ընդունել թարմ կարագ՝ օրական այսքան գրամ, հում ձու՝ այսքան հատ, այսքան կաթ, կակաո եւ նունիսկ՝ այսքան խավիար…

Բաբկեն Շահումյանը բարձրաձայն կարդում է պրոֆեսորի դեղատոմսը, եւ խեղճ պառավի խրճիթը դղրդում է հռհռոցից։

-Լսի՛ր, էդ պրոֆեսորը քեզ ձեռք է առել, - ծիծաղի միջից ասում է Հարություն Մկրտչյանը, - նրա ռեցեպտով հիմի Փարիզում էլ բան չի գտնվի՝ գերմանացիները մորեխի նման խժռել են ամեն ինչ։

Քաղցած մարդիկ այդքան ընտիր ուտեստեղենի անուններ լսելով ի՞նչ զգացումներ կունենան, եւ Անանյանը բարկացած ասում է Շահումյանին.

-Լսի՛ր, դու էդ ռեցեպտը հո մեզ տանջելու համար չկարդացի՞ր, խիղճ ունե՞ս, թե՞ չէ։

Վշտունին փորձեց կատակը տանել մինչեւ վերջ եւ լուրջ տոնով պնդեց իրենը.

-Իմ գործը չի, Մելիք-Ադամյանն անվանի բժիշկ է, նա անտեղի բան չի գրի։ Թե որ ուզում եք հետներդ դիվիզիա հասնեմ՝ տվեք ռեցեպտով ինձ հասանելիքը։

Գրողները, այնուամենայնիվ, որոշեցին օգնել «հիվանդ բանաստեղծին», եւ տանտիրուհուն խնդրեցին գոնե մի բաժակ կաթ տա։

-Երդվում եմ, կաթ չունեմ, - ասաց բարի պառավը, - գյուղում ոչ մի կով չի մնացել, գերմանացիք բոլորը մորթեցին։ Մի երինջ ունեի, քանի ամիս թաքուն պահեցի գոմում, աչքից հեռու, գերմանացիք որ կորան՝ դուրս հանեցի։ Հանեցի ու փոշմանեցի՝ խեղճ անասունը կուրացավ. երկար ժամանակ լույս չէր տեսել…

Ի՞նչ արած, Վշտունուն մնում էր «մեծ վիշտ» ապրել՝ բավարարվել իր զինվորական «պայոկով» եւ մանավանդ գոհ լինել, որ ընկերներին մի լավ ծիծաղեցրեց։ Պառկեցին քնելու։

-Աքլորականչին բոլորս պետք է ոտքի վրա լինենք, մինչեւ դիվիզիա դեռ ահագին ճանապարհ ունենք գնալու, - հրահանգեց Հարություն Մկրտչյանը, որը խմբի «հրամանատարն» էր։

Ի՞նչ աքլորականչ, գյուղում աքլոր էլ չէր մնացել, որ կանչեր, եւ հոգնած խումբը քնած մնաց մինչեւ կեսօր…

Գրողներն ի վերջո հասան դիվիզիա եւ ինչպես հարկն է ներկայացան Նվեր Սաֆարյանին։ Նրանց պատկերացմամբ՝ փառաբանված դիվիզիայի հրամանատարը պետք է որ բարձրահասակ, ամրակազմ մեկը լիներ, բայց նրանց առջեւ միջահասակ, նիհար ու թուխ դեմքով մարդ էր կանգնած։ Նա գրողներին ընդունեց սիրալիր, հարցուփորձ արեց՝ ի՞նչ կա Հայաստանում, ինչպե՞ս դիվիզիա հասան, եւ կարգադրեց տեղավորել նրանց։ Մոտեցավ դիվիզիայի հրամանատարի տնտեսական գծով տեղակալ գնդապետ Չիլինգարյանը եւ հետաքրքրվեց, թե հյուրերն ինչի կարիք ունեն։ Բաբկեն Շահումյանը, որը «գրողական մասնագիտությամբ» երգիծաբան էր (հետո երկար տարիներ աշխատեց «Ոզնի» հանդեսում) որոշեց նոր երանգներ ավելացնել Մելիք-Ադամյանի «ռեցեպտի» հետ կապված ուրախ պատմությանը եւ Չիլինգարյանին հանձնեց Վշտունու տված թուղթը։ Գնդապետը տնտղեց այն եւ զարմանքով հարցրեց.

-Սա ի՞նչ է, ոչինչ չեմ հասկանում։

-Դա պրոֆեսոր Մելիք-Ադամյանի գրած դեղատոմսն է, Ազատ Վշտունու «պայոկը», - լուրջ-լուրջ բացատրեց երգիծաբանը։

Գրողներն իրար նայելով ծիծաղեցին, իսկ գնդապետը, դարձյալ ոչինչ չհասկանալով, քաղաքավարության համար ասաց.

-Լավ, մի բան կմտածեմ…

Ծիծաղի նոր ալիք բարձրացավ. ախր, որտեղի՞ց էր գնդապետը ճարելու թարմ կարագ, հում ձու, կակաո, հետն էլ՝ խավիար, նույնիսկ գեներալներն այդպիսի «պայոկ» չունեն։

Ուրախ կատակները, զվարճալի պատմությունները թեթեւացնում են կռվող մարտիկների կյանքը, մի տեսակ ապրեցնում մահվան դեմ հանդիման կանգնած զինվորին, եւ երգիծաբան Բաբկեն Շահումյանի հմուտ գունավորմամբ այդպիսին եղավ Վշտունու «պայոկի» պատմությունը, իսկ ահա Վախթանգ Անանյանի համար այն դարձավ հուշագրություն, որը լույս տեսավ արդեն պատերազմից հետո, «Պրոֆեսոր Մելիք-Ադամյանի դեղատոմսը ռազմաճակատում» վերնագրով։

ԼՈՒՍԱԲԱՑԻՆ

Լուսաբացին,
Լացի՜ն, լացի՜ն
Վարդերը՝ սև թերթեր բացին...

Լուսաբացին,
Ջինջ, լուսածին
Հավքեր թռան լուռ, գնացին...

Լուսաբացին,
Ուռին, հացին
Առվի ափին մեղմիկ լացին...

Լուսաբացին,
Ես տուն դարձին,
Խամրած գտա իմ սիրածին...

Լուսաբացին,
Շաղ ու թացին,
Սրտիս համար շիրիմ բացին...


ՕՐՀՆԵՐԳ ՀՄԱՅՔԻԴ

Հասուն նռներով է այգիդ, բայց փակ դռներով է այգիդ,
Անքուն պահապանը լինեմ այգուդ ու դյութող հմայքիդ։

Լինեմ թռվռուն մի թիթեռ, թառեմ քո փարթամ ուսերին,
Հալվեմ աչքերիդ գիշերին, ծալվեմ ծամերիդ հյուսերին։

Վարդի, կնդրուկի բույր ունես, շրթունքս բանամ
տամ բույրիդ,
Թե գանձ ես ուզում՝ անձս տամ այրող մի հատիկ
համբույրիդ։

Սրտիս թագուհին ես դյութող, տիրել ես սրտիս
պերճ գահին,
Խղճա՜, կամ կյանք տուր, որ ապրեմ, և կամ շուտ
հանձնիր ինձ մահին։

Թե կյանք ես տալիս՝ դուռդ բաց, մտնեմ բուրավետ,
վառ այգիդ,
Թե մահ տաս՝ վերջին շնչիս հետ օրհներգ կձոնեմ
հմայքիդ։

Վշտունու հեղինակությամբ հրատարակված գրքերը

  • Սրտիս լարերեն, Բաքու, 1915, 30 էջ։
  • Կամավորի հուշատետրից, Բաքու, 1915, 28 էջ։
  • Բանաստեղծություններ, Թիֆլիս, 1918, 76 էջ։
  • Հուզանք ու զանգ, Ալեք-պոլ, 1923, 47 էջ։
  • Neo orientana (զարթնող Արևելքի երգեր), Երևան, Պետհրատ, 1923, 48 էջ։
  • Սալամնամե, Թիֆլիս, 1924, 39 էջ։
  • Արևելքը հուր է հիմա, Երևան, Պետհրատ, 1927, 116 էջ։
  • Բանաստեղծություններ, Երևան, Պետհրատ, 1929, 172 էջ։
  • Խոսում է ռադիո-Ալժիրը, Երևան, Պետհրատ, 1931, 38 էջ։
  • Երկեր, Երևան, Պետհրատ, 1935, 265 էջ։
  • Ռամ Ռոյ, Երևան, Պետհրատ, 1936, 19 էջ։
  • Լուսադեմին, Երևան, Պետհրատ, 1939, 58 էջ։
  • Ընտիր երկեր, Երևան, Հայպետհրատ, 1941, 280 էջ։
  • Նոր սերունդը, Երևան, Հայպետհրատ, 1941, 29 էջ։
  • Վիլլի Վոլֆ, Երևան, Հայպետհրատ, 1941, 28 էջ։
  • Երբ կայծակը փայլատակում է, Երևան, Հայպետհրատ, 1942, 31 էջ։
  • Մանկական ռազմախաղ, Երևան, Հայպետհրատ, 1942, 4 էջ։
  • Հատընտիր, Երևան, Հայպետհրատ, 1944, 51 էջ։
  • Մանկիկն ու կատվիկը, Երևան, Հայպետհրատ, 1944, 8 էջ։
  • Սեր և ատելություն, Երևան, Հայպետհրատ, 1946, 63 էջ։
  • Երկերի ժողովածու, Երևան, Հայպետհրատ, 1947, 464 էջ։
  • Մանկության օրեր, Երևան, Հայպետհրատ, 1953, 16 էջ։
  • Բանաստեղծություններ և պոեմներ, Երևան, Հայպետհրատ, 1954, 224 էջ։
  • Երկեր, Երևան, Հայպետհրատ, 1956, 367 էջ։
  • Երկեր երկու հատորով, հատոր 1, Երևան, Հայպետհրատ, 1960, 264 էջ։
  • Երկեր երկու հատորով, հատոր 2, Երևան, Հայպետհրատ, 1961, 286 էջ։
  • Ընտիր երկեր, Երևան, «Հայաստան», 1971, 250 էջ։
  • Գիրք մանուկների համար, Երևան, «Հայաստան», 1972, 47 էջ։
  • Երբ կայծակը փայլատակում է (վիպերգ), Հալեպ, տպարան «Անի», գրքում տպագրման թվականը նշված չէ, 30 էջ։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13071 | 0
01:01, 08.12.2017
29952 | 0
23:45, 27.08.2017
21696 | 0
դեպի վեր