ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Ալիսա Կիրակոսյանը կլիներ 78 տարեկան
20:01, 12.07.2014
6220 | 0
1936թ. հուլիսի 13-ին Արգենտինայի Կորդովա քաղաքում՝ վանեցի Գուրգեն Կիրակոսյանի ընտանիքում, ծնվել է Ալիսա Կիրակոսյանը: Իսպաներեն սկսել է ստեղծագործել դեռևս 14 տարեկանից: Ավարտել է Բուենոս Այրեսի Ազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 10 տարի խաղացել է արգենտինյան թատրոնում: Գրել է իսպաներեն, իտալերեն, հետո նաև հայերեն և անգլերեն:
*1966թ. իտալերեն լեզվով լույս է տեսել բանաստեղծությունների առաջին՝ «Մեկ օրում հինգ ձայն» գիրքը:
*1967թ. առաջին անգամ այցելել է Հայաստան, որից մի քանի տարի անց գրել է «Նամակ առ Հայաստան» բանաստեղծությունը:
*1971թ.-ից բնակվում է ԱՄՆ-ում: ԱՄՆ իսպանախոս գրողների միության պատվավոր նախագահն է:
*1992թ. իսպաներեն, հայերեն և անգլերեն լեզուներով հրատարակվել է բանաստեղծուհու հիմնադրած (1969թ.) գերտարածական կոչվող բանաստեղծական շարժման տեսությունը:
*1993թ. Բրազիլիայի Սան-Պաբլո համալսարանում փիլիսոփայության գծով պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ գրականության բնագավառում:
*Ալիսա Կիրակոսյանի պոեզիայի թեմատիկ առանցքն են կազմում սերը, մայրությունը, հայրենիքը և փիլիսոփայական խոհը: Իսպաներեն և իտալերեն ժողովածուներն են «Էություն և կետադրություն» (1967թ.), «Պեդրո Ամոր» (1969թ.), «Ժամանակի, սիրո, խաղաղության մեջ» (1970թ.), «Հայաստանյան ապրումներ» (1970թ.), «Երկունքի ոլորտ» (1972թ.), «Հակաշխարհ» (1972թ.), «Մոխիրներից հետո և նամակ առ Հայաստան» (1972թ.), «Մայրության քերթվածներ» (1989թ.): Նրա «Պեդրո Ամոր» պիեսը ներկայացվել է Բուենոս Այրեսի «Պայրո» թատրոնում:
*Հայերեն լույս են տեսել նրա «Արմատ և էություն» (1967թ.), «Նամակ առ Հայաստան» (1979թ.), «Խորան I» (1992թ.), «Խորան II» (1992թ.), «Ամբողջական երկեր» (2005թ.) գրքերը: Եռալեզու հրատարակվել է «Բանաստեղծություն և գերտարածություն» (1994թ.), «Խաղաղություն քվանտային» (2005թ.), անգլերեն` «Սեր և մայրություն բառերից այն կողմ» (1992թ.), «Մտորում բառից այն կողմ» (1992թ.), «Արմատ բառից այն կողմ» (1992թ.), «Բեմ` երկնքի համար» (1992թ.) գրքերը:
*Ալիսա Կիրակոսյանի պոեզիան բնորոշվում է ներաշխարհի պատկերներով, արդիական լեզվամտածողությամբ, բանաստեղծական վերաիմաստավորումների ինքնատիպությամբ: Իր վերջին շրջանի գործերում անդրադարձել է դարավերջի հայաստանյան պատմական իրադարձություններին:
*Կիրակոսյանի որոշ գրքեր նկարազարդել է Պ. Պիկասոն:
*Իսպաներեն է թարգմանել Րաֆֆու «Խենթը»:
*Բազմիցս այցելել է Հայաստան: Պարգևատրվել է Խաչատուր Աբովյանի անվան մրցանակով: ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր է (2007թ.):

1960-ականների վերջերին եւ 70 ականների առաջին տարիներին, երբ Հայաստանում Շիրազի ու Պարույր Սեւակի պաշտամունքն էր, երբ ընտրյալ հասարակությունը Սահյան, Կապուտիկյան, Վահագն Դավթյան էր կարդում, Արգենտինայից Հայաստանեկավ Ալիսիա Կիրակոսյանը իր բանաստեղծություններով: Ու ամբողջ Երեւանը բանաստեղծություն էր արտասանում սիրո խոստովանության պես եւ սիրո խոստովանություն էր անում Ալիսիայի բանաստեղծությամբ. «Սերը գոյության հանճարն է միակ. /սիրո հակառակն ամենեւին էլ չսիրելը չէ, /մահն է պարզապես...» ... Հիմա, այս օրերին Ալիսիան նորից Հայաստանում է: Եկել է վաստակած: Ֆրանսիացի մեծ բանաստեղծ Ժակ Պրեւերը նրան անվանել է «գիսավոր մի աստղ, մի արեւ, բանաստեղծության լավ մի պահ...», իսկ գրականության Նոբելյան մրցանակի թեկնածուարգենտինացի Խորխե Լուիս Բորխեսն ասել է. «Զգալի է, որ նա գրում է ճշմարտությունը»:
Մահացել է այս տարվա' 2014թ.մայիսի 22-ին:
***
Ես վախենում եմ
«Սեր» բառը ասել,
Զի նախազգում եմ,
Որ սիրուց անդին
ամայություն է...
Ես վախենում եմ, որ սերը միայն
Բառ լինի,
որ ես
Ճաշակեմ բառն այդ
Եվ քաղցած մնամ:
Ու ես ինքս ինձ օգնում եմ հիմա,
Որ այս աշխարհում
պահպանեմ սերը,
Որն ամենքինն է
Ու իմն է միայն:
Եվ դա համարյա այն միակ բանն է,
Որ իմն է միայն:
Ես վախենում եմ դարձյալ ու դարձյալ,
Որ սերն աշխարհում
ամեն ինչ լինի,
Որ սերն աշխարհում
չլինի ոչինչ...

Վահագն Դավթյանի թարգմանությամբ

***

Առաջին խոսքն իմ,
Որ քեզ համար եմ հորինում կյանքում,
Փորագրում եմ,
Դրոշմում ամուր ու անջնջելի:

Քեզ,
Որ ինձ համար
Բոլոր խոսքերն ես
Եվ լեզուները
Եվ լռությունը:

Ի սկզբանե
Ծնված խոսքերից
Առաջինը քեզ,
Բոլոր ձայներից ամենահինը...

Եվ այդ խոսքերով
Քեզ եմ նվիրում
Հուշերն իմ բոլոր,
Որ ժամանակի հոլովումի մեջ
Մնամ առանց հուշ...
***

Ի՞նչ կլիներ հոգին,
Եթե հարցականի վերածվեին հանկարծ
Կողոսկրները մեր…
Վերածվեին
Մեկ-մեկ,
Երկու-երկու
Երեք-երեք
Եվ թվերով բոլոր,
Որ գոյություն չունեն:
Ի՞նչ կլիներ արդյոք,
Թե աշխարհի
Հարցականներն ամեն
Չձուլվեին մտքի շփոթ խցում,
Դադարեին հանկարծ բեղմնավորել
Զարկերակները մեր…
Ի՞նչ կլիներ հանկարծ,
Թէ աշխարհի
Հարցականներն ամեն վերանային,
Չստիպեին հանկարծ,
Որ թռչուններ ծնվեն
Եվ տրոփեն օդում
Փետուրների փափուկ նվագներով…
Բանաստեղծ չէր լինի…

***

Սահեք
Սպասումիս խոռոչների միջով:
Խլե՛ք,
Տարեք ինձնից
Իմ մենավոր ու որբ
Երազների ռիթմը:
Բազմապատկեք քաղցս:
Ես, որ ահա այսօր
Առանց կրունկների կոշիկներ եմ հագել,
Առավել եմ մոտիկ բարձրությանը:
Հասկանում եմ այսօր,
Որ շրջագիծը մեծ
Կսեղմվի հանկարծ,
Ու հղության պես
Կվերածվի կետի,
Եվ այնտեղ ծնունդ կառնեն ատոմները:
Այդ խելահեղ խղճի ընդերքի մեջ
Սերը կցանկանա փոխվել կյանքի…

***

Անցավ իբրև երազ,
Երազ,
Որ երազվեց առանց լույսի:
Ժամանակի բարակ թելին թառած,
Սուրաց իբրև թռիչք,
Սուրաց
Դեպի մի նոր, անհայտ աշխարհ:
Իսկ ես,
Իսկ ես ահա
Վերադառնամ պիտի իմ բույնը հին,
Որ ծեփված է հույսով,
Բնակեցված ծանոթ հոգիներով,
Որ սպասում են ինձ,
Սակայն ես չեմ զգում անձկությունը նրանց:
Վերադառնամ պիտի
Իմ բույնը հին,
Բայց հոգնած ու տխուր՝
Անձրևի տակ ընկած տերևի պես…

***

Եվ գետերը զսպեցին
Իրենց մոլուցքը
Լուռ բողոքներ փոխանակելով
Աստղագուշական նշանների հետ:
«Քաղցկեղ» եմ, - ասի հանդունգն:
Մի կապույտ-կապույտ
Պոեմ եմ ուզում,
Որ ապաստաններս զարդարեմ:
Եվ ծաղիկների մի սեր,
Որ ինձ սպասի
Իմ ճանապարհին:
Համր գետերը շարունակեցին
Ոճիրներ գործել իմ տնակի դեմ
Եվ չլսեցին
Լեռան աղոթքը:
Այդ օրը, ավա՜ղ,
Չբաժանեցին
Անսպառ հացը…
Մենակ մնացի:
Դիվահանեցի ձեռքերս հողին հարած:
Ու դիպա այն նույն գետին, որ կսնանի նշանս:

***

Չեմ կարող գրել…
Այս ուշ գիշերվա խոր լռության մեջ
Չեմ կարող գրել:
Ուղեղիս միջից
Կախման կետեր են անվերջ թափթփում:
Երեսուն տողից
Բաղկացած երազն արարվում է լուռ՝
Առանց շշուկի:
Ես ուշ եմ եկել…
Հայացքիս անտես շառավիղներով,
Որ մոլորվում են անձրևների դեմ:
Պիտի ետ դառնամ…
Պիտի ետ դառնամ այն մրրիկի հետ,
Որ թրթռում է ձայնիս զուգահեռ:
Ուզեցի
Երկվորյակը լինել
Դիցուհիների,
Բայց ճանաչեցի հանկարծ
Տանջող քաղցը,
Որը վիրավոր երգեր էր լալիս
Արդար հացի հետ…
Դանդաղ եմ մարսում:
Մահվամ հետ կապված
Մանուշակագույն ժապավեններով:
Շատ լռություն կա,
Թաղման լռություն,
Որն աղարտում է այս թուղթը մաքուր…
Եվ կա խնկահոտ,
Թանձր խնկահոտ,
Ու անզոր եմ ես
Այս թղթի վրա քանդակել
Մի կարճ երազ,
Որ բաղկացած է
Երեսուն տողից…

***

Անգամ հուսալքված,
Անգամ անզոր,
Պիտի մերժենք, այո,
Եվ չընդունենք Ոչինչն
Իբրև ճակատագիր…
Պիտի գնանք դեպի
Վճիռը մեծ,
Ուր կա մի տևական արագություն,
Որի նյութը լույսն է:
Եվ հանճարի
Վերջին ներշնչումով
Պիտի դարպասները
Հավետ բանանք…

***

Ամեն ինչից հեռու,
Այնտեղ,
Ուր հավատ ու խորհուրդ
Հանդիպում են իրար,
Հանդիպում նույն ոճով
Ու նույն մակարդակով,
Այնտեղ,
Ուր «հետո» -ին
Սպասելուց հոգնած
Ամպն է տարուբերվում,
Այնտեղ պիտի լինեմ:
Այնտեղ,
Ուր ես իբրև զտված մի նյութ,
Գիտության
Եվ Աստծո
Սեղանի շուրջ
Հացի պիտի նստեմ
Օդից առկախ
Եվ նույն գինին ըմպեմ,
Նույն խոսքերը ասեմ,
Այնտեղ պիտի լինեմ:
Այնտեղ,
Ուր ամեն ինչ
Զարկում ու բախվում է
Ամեն ինչի:


Եթե քեզ ասեմ,
Թե բավական է,
Վերջն է մեր սիրո,
Եթե համոզեմ,
Որ այսուհետև կարող եմ ապրել
Քո հրաժեշտից ծնված անիմաստ
Զառանցանքներում,
Երբ լսես ինձնից,
Թե քեզ հետ ապրած
Օրս օր է լոկ
Եվ ոչ ժամանակ կատարելագույն,
Թե ջանամ հիշել,
Թե երբևիցե ես ունեցել եմ
Առավել մի սեր,
Թե կարողանան շուրթերս ասել,
Որ կյանքն առանց քեզ
Իր իմաստն ունի,
Որ էլ ինձ համար չկա սատանա,
Ու չկա Աստված,
Ինձ մի հավատա...
Սերը գոյության հանճարն է միակ,
Սիրո հակառակը ամենևին էլ չսիրելը չէ,
Մահն է պարզապես...
Սիրահարները անմահությունն են վերանորոգւմ...
Ինձնից այնքան ես բացակա եղել,
Որ, ներիր, արդեն պեըք չէ քո սերը...
Ու ես քեզ այնքան, այնքան եմ հիշել,
Որ մոռացել եմ ներկայությունդ...
Ես ստեղծել եմ
Մի դեմք,
Մի ժպիտ
Ու մի լուռ հայացք,
Որ նմանությունն ու օրինակն են
Ինչ-որ մի դեմքի,
Ինչ-որ ժպիտի,
Ինչ-որ հայացքի..

.***

Եվ Աստված
Առանց հողաթափերի
Իմ ննջարանը մտավ գիշերով,
Ոտնահետքերը
Թողնելով իբրև
Քանդակված պատգամ:

Իր պատուճանը
Նա կախեց պատից
Եվ իմացություն
Հեղեց ինձ վրա:

Մենք մի հայացքով
Բարեկամացանք:
Նա ճանաչում էր
Արդեն իմ հոգին:

Եվ նա լսել էր
Ռախիտով հիվանդ
Պատմությունները
Մի կույր ամբոխի,
Որը կարծում էր,
Թե իբր Աստված
Կոշիկ է հագնում:

Բայց Աստված արդեն
Ճանաչում էր ինձ:
Եվ իմ ուսերի
Կնիքը, որ խոլ
Մրրիկներն էին
Սեղմելով թողել,
Ծանոթ էր նրան:

Եվ նա ցանկացավ
Ինձ արդարություն անել
Գաղտնորեն:
Եվ ննջարանս
Մտավ գիշերով,
Պարզորեն,
Առանց հողաթափերի:

Բոբիկ էր Աստված:
Ես ննջարանս կարգի բերեցի:

Թարգմ. Վահագն Դավթյան

***
Մի լուռ խորհուրդ է կատարվում իմ մեջ.
Ուզում եմ հիմա, երկիր Հայաստան,
Ճանաչել հեռվից
Քարերը քո հին,
Ճանաչել լեզուդ,
Որին հաղորդ են խորհուրդ ու գաղտնիք,
Դարերդ անցյալ,
Որոնք տեսել են
Քո կոթողների քարե շքերթը,
Քո խաչքարերը,
Աստվածայինը քո գեղեցկության,
Որի ծնկները ջարդել են, ավաղ...
Մի լուռ խորհուրդ է կատարվում իմ մեջ.
Կարոտում եմ քեզ,
Թեկուզ քեզանից ես հուշեր չունեմ:
Սակայն թվում է,
Թե այդ հուշերը եղել են ու կան
Եղունգներիս տակ
Եվ, աներևույթ,
Արտաբուրել են
Ծագման,
Գահերի
Եվ արյան շունչը:
Երկիր Հայաստան,
Քեզ ունեմ, առանց քեզ ունենալու...
Քո քայլքն եմ լսում,
Քո հառաչանքը,
Շառաչը ծովի,
Որ արտասվել է սև դագաղներով:
Եվ քո խիտ հուզման
Ծիծաղն եմ լսում:
Մի լուռ խորհուրդ է կատարվում իմ մեջ.
Ու ես փռում եմ
Իմ հուզումների մագաղաթը մեծ,
Որ նրա վրա երգդ սկսեմ
Ճանաչելով քո քարերը վայրի:

Ալիսա Կիրակոսյանը Սիլվա Կապուտիկյանի հետ Նյութի աղբյուրը ` Newsbook.am
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
12978 | 0
01:01, 08.12.2017
29881 | 0
23:45, 27.08.2017
21569 | 0
դեպի վեր