ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Նաիրա Համբարձումյան / Առասպելը դառնում է կյանք, կյանքը` բանաստեղծություն…
23:59, 04.08.2014
7583 | 0

Այսօր ' օգոստոսի 5-ին «Նիդերլանդական Օրագրի» գրական Էջի խորհրդատու, բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ-տեսաբան Նաիրա Համբարձումյանի ծննդյան տարեդարձն է, որի առիթով էլ ջերմորեն շնորհավորում ենք բանաստեղծուհուն' նաև նրա բազմաթիվ ընթերցողների անունից: Ի դեպ Նաիրա Համբարձումյանը նաև «Գրական Չորեքշաբթի» նախագծի մտահաղացման հեղինակն է, աշխատանք, որ կամավոր իր փխրուն ուսերին է վերցրել երիտասարդ գիտնականը:
Մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ և բուռն գրական եռանդ, մեր ընթերցողին ենք ներկայացնում նրա ստեղծագործություններից:


Ծնվել է Երևանում։ 1991-ին ավարտել է Երևանի թիվ 174 միջնակարգ դպրոցը։

1996 թ. ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը։

2003 թ. պաշտպանել է ատենախոսական թեզ և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2003 - 2011 թթ. դասախոսել է «Հրաչյա Աճառյան» համալսարանում։

2008 թ. ստացել է դոցենտի պաշտոն։

2009 թ. ՀԳՄ անդամ։

2009 - 2010 թթ. ՀՀ Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի գրական և մանկական էջերի պատասխանատու։

2010 թ. մինչ այսօր ՀՀ ԳԱԱ-ի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի Սփյուռքահայ գրականության բաժնի ավագ գիտաշխատող։

2011 թ. մինչ այսօր «Գարուն» գրական - գեղարվեստական, մշակութային ամսագրի գրականության բաժնի պատասխանատու։

Բանաստեղծություններն առաջին անգամ տպագրել է «Գարուն» ամսագրում (1999) ։

Հեղինակ է շուրջ 40 գիտական հոդվածների։

Տպագրվել է նաև «Գրական թերթ», «Նորք», «Նոյյան տապան», «Նարցիս», «Առաքյալ», «Բագին», «Գեղarm», «Աղբյուր», «Կանչ», «Բում-բումիկ», «Հանդես հայագիտության», «Հայաստանի Հանրապետություն», «Հույս», «Հայաստանի զրուցակից», «Ազգ», «Արտասահմանյան գրականություն» պարբերականներում։

_________________

Ես

… Արթնանում եմ, ձայն եմ տալիս արևին, իմ ձայնից զարթնում է ծիծաղը ու ծավալվում հորիզոններին…
Ինձ հետ զարթնում է և առասպելը օրվա, կարոտը թևեր է առնում, ցավն ու հրաշքն ապրում են կողք - կողքի, առասպելը դառնում է կյանք, կյանքը` բանաստեղծություն…

Ստեղծագործություններս տպագրվել են Հայաստանի և արտերկրի շատ թերթերում, ամսագրերում և կայքէջերում, թարգմանվել տարբեր լեզուներով:


Բանաստեղծությանը զուգահեռ գրում եմ նաև մանկական պատմվածքներ, զբաղվում գիտական գործունեությամբ: 2003-ին պաշտպանել եմ ատենախոսական թեզ:
2001թ. լույս է տեսել «Մտորումներ աշնան կեսին» բանաստեղծությունների ժողովածուն:
2003թ. «Մարո Մարգարյանի քնարերգությունը» մենագրությունը:
2004-ին «Կանաչ կառեթներ» բանաստեղծությունների ժողովածուն:
2008-ին «Կանաչուկը» մանկական գիրքը:
2008-ին «Ես բառ եմ դարձել» բանաստեղծությունների ժողովածուն:
2009-ին «Խոսե՛ք, դուք ունեք երեք րոպե» թարգմանությունների ժողովածուն (Խուլիո Կորտասար):
2010-ին «Թռիչք մեռած հողում» թարգմանությունների ժողովածուն (Ալֆոնսինա Սթորնի):
2010-ին «Կարմիր հողմաղացներ» հեքիաթների ժողովածուն:
.

Հոգին


Անիրական ազդակների ոլորտինն է հոգին: Բանախոհության մակույկը, որի մեջ տարուբերվում ենք, մեզ դեպի իռացիոնալն է տանում: Կյանքում ամեն ինչ ընթանում է կանխավ որոշված գնացքի ոգով, ուղի, որի մասին երբեք չի բարձրաձայնվում:
Աշխարհում ավերման ենթակա են բոլոր շինությունները, մարդկային հոգու կերտվածքը` երբեք:
.

Սերը


Երբ քեզ են սիրում, դա հաճելի է, բայց երբ դու ես սիրում, դառնում ես հարուստ, ու ողջ աշխարհն է քոնը դառնում:
Մենք բոլորս սիրում ենք, բայց ամեն մեկն իր ձևով:
… Երբեմն - երբեմն պետք է կարողանալ զտել, մաքրել հիշողությունները և վերականգնել տիեզերքը նոր լույսի ներքո, այլապես արտաքին աշխարհը կսահմանափակվի սեփական մարմնի մակերեսով միայն, սեփական քթի երկարության չափով, իսկ ներքինը անձեռնմխելի կմնա ցանկացած զգացմունքի հանդեպ:
Մարդիկ երազում են մե՜ծ սերերի, ասպետների ու փերիների մասին, իսկ մեզ այնքա՜ն քիչ է հարկավոր, իրական ու շոշափելի` ՄԵՐԸ…

Կյանքը


Մեր կյանքը` ծնունդից մահ ընկած ժամանակահատվածը, ալքիմիա է, յուրօրինակ պեղում, որ մեզ տանում է անընդհատ բյուրեղացման: Որոնում ես, փնտրում, հայտնաբերում այն թանկարժեքը, որ օգնում է ներդաշնակվելու, ապրածդ օրը դարձնելու արժեքավոր:
Հ.Գ. Կյանքը դառնում է յուրօրինակ փորձանոթ, որի միջով մենք անցնում ենք սկզբից մինչև վերջ, ծնունդից մինչև մահ` բյուրեղանալով, մաքրվելով, ազնվանալով:

Մարդը


… Մարդը պարտավոր չէ քեզ սիրել կամ հասկանալ: Եվ, բարեկամներով ու թշնամիներով շրջապատված, միևնույն է, մենք հավերժ մենակ ենք, հավերժ մենակ է մեր ԸՆԹԱՑՔԸ: Բայց սա նույնպես ճանապարհ է, քանի որ չկա ոչինչ բարձր մարդկային կյանքից` ժամանակի սահմանափակ տիրույթում: Նախևառաջ` մարդկային կյանքը: Եվ, ինչու չէ` կարելի է հաղթել իրականությունը, երբ հաղթենք ինքներս մեզ` ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՄԱՐԴՈւ ՈՐՈՆՄԱՆ ՃԱՆԱՊԱՀՐՀԻՆ:

Մահը


Կորուստներից վատթարագույնը մահն է. նրանից անդին անդառնալի ոչինչ չկա: Այդ դեպքում միայն ոչինչ փոխել չես կարող: Միայն այդ դեպքում է, որ ցած ես դնում բոլոր զենքերդ:
Արարիչը երբեմն վերցնում է մեր մտերիմներից մեկի կյանքը, որպեսզի մեզ` հասարակ մահկանացուներիս, ապացուցի մեր անզորությունը: Պետք է զգալ Վախճանը, ապրել ամեն վայրկյանով, սիրել կյանքը, ահա մարդու` աշխարհի նկատմամբ ունեցած այն մեծ սերը, որ անհրաժեշտ է ապրելու և ստեղծագործելու համար:

Սիրում եմ


Սիրում եմ հողը, ջուրը, արևը, սիրում եմ առավոտը, արշալույսի այն պահը, որ միայն քոնն է, երբ ոչ ոք չկա, որ խանգարի քեզ, … սրբազան վայրկյան… երբ լռությունն է ու դու… երբ հերթով արթնանում են մարդիկ, արթնանում է աշխարհը, երբ պատուհաններից առկայծում են ճրագները, դիմավորում արևածագը… ոմանք երեկվա կիսատ գործն են շարունակում, ոմանք` նոր գործ սկսում…
Առավոտը ամեն ինչի սկիզբն է…

Բանաստեղծությունը


Բանաստեղծության նյութն անսպառ է. գրել են, գրում են, պիտի գրեն:
Գոյի ու ստեղծումի տիեզերական մի խորհուրդ կա, որ կոչվում է ԿՅԱՆՔ, և դրված է մարդու` հողեղեն ու բանական գոյաձևի հիմքում: Բանաստեղծություն բանաստեղծությունից անդին… այստեղ է արարման խորհուրդը, ժամանակ ժամանակի մեջ` առեղծված, մարդկության չբացահայտված գաղտնիքներից մեծագույնը:

Արվեստը


Արվեստը չպետք է ծնվի օգտակարության խնդրից. այն հոգևոր դաս է, անկեղծության երջանիկ վայրկյան, ճշմարտության հաղթանակ: Այստեղ ինչ ուժգնությամբ որ ընդգծվում է գեղեցիկը, նույն թափով էլ պետք է ընդգծվի տգեղը: Թափանցել իրերի ու երևույթների խորքը, տեսնել ոգին, ահա արվեստագետի կոչումը, ստեղծագործ մտքի սլացքը, որ գեղարվեստական ձևի միջոցով տանում է դեպի իմացական ճանաչողություն…

Ժամանակը


Կա մարդը - կա զգացողությունը, կա ապրելու իմաստը, կան շատ պայմանականություններ, որ շրջապատում են նրան:
Չկա մարդը - չկա և ոչինչ, ապրածը միֆ էր, երազ, առասպել, կա միայն նրա ստեղծածը, իրենից հետո թողածը, լավ ու վատ գործը:
Ժամանակը նույնն է բոլորի համար, նույնն են ժամերը, նույնն են րոպեներն ու վայրկյանները, ուղղակի պետք է կարողանալ կյանքից վերցնել ավելին, լավը, հաճելին: Գոյության պայքարը բոլորինն է` օդ, ջուր, հող, բույս, մարդ, կենդանի, թռչուն. այն ամենը, ինչ կազմում է օրգանական աշխարհը ամբողջության մեջ…

Պոեզիան


Հայացքը կյանքին` ստեղծում է ՏԵՍԱՆՈՂՈւԹՅԱՆ հարաբերականությունը, որն էապես միտում է կյանքի մետաֆիզիկական ընկալումից: Բանաստեղծության հասարակական էույթը ծառայում է տարբեր նպատակների, թեպետ նրա գործառույթը էապես լեզվի զարգացման տիրույթում է: Կյանքն ու մահն անբաժանելի են, և կյանքը հնարավոր է միայն այնքանով, որ ի վերջո, հպատակեցնում է մեզ աստվածային ՍԿԶԲԻՆ, մոտեցնում մահվան, հետևաբար և, Աստծուն: Ձևն ինքը պետք է լինի բովանդակության արտահայտիչը:

Փշերը


Փշերը…
Փշերն անպայման պետք է լինեն, որ գնահատենք մեր ճանապարհին երջանիկ պահերը… Երբեմն կյանքն ավելի լավ հասկանալու համար ուտում եմ բոլորովին անհամատեղելի կերակուրներ, ասենք` աղով բողկ և քաղցր թեյ: Համի այդ անհամատեղելիությունն էլ ինձ ստիպում է հաղթել ստեղծված այն անսպասելի իրավիճակ - ճգնաժամը, որն ինձ հոգեբանորեն ճնշում է:
…Հոգեպես ուժեղներ չկան, կան միայն դրությունը վերահսկողներ: Փորձիր կարտոֆիլը համեմել աղով նրա վրա դրված պատառաքաղի մատների արանքից. այդպիսի շերտեր են հիշեցնում նաև կյանքի պարզ ու բարդ կողմերը:

Ավելի մանրամասը Նաիրա Համբարձումյանի մասին ' այցելեք հեղինակի անձնական կայք էջ



________________________________________
ԵՍ ԿԳԱՄ

Երբ դահճի ձեռքերը
Մերկացնում են պարանոցը երազիդ,
Որ Գողգոթայով տանեն,
ՈՒրեմն,
Աշխարհը քնած է դեռ,
Քանի քնած է
Բանաստեղծությունը,
Որ տանելու է մեզ
ՍԿԻԶԲԸ դեպի…
ՈՒրեմն,
Քնած է բանաստեղծությունը,
Որ անհավատների տաճարում
Մեղմելու է
Սանձակոտոր վազքը ժամանակի…

Սպասիր ինձ,
Ես կգամ,
Բոլոր փորձությունները
Թող մնան ինձ.
Եվ հողը,
Մա՜յր հողը,
Իր անհանգիստ ընդերքի տարողությամբ
Եվ գոտկատեղի համբերատար պարարտությամբ
Կընդունի հեշտալի
Արցունքները կանանց,
Որոնց համար զվարճանք է սերը…

Ես կգա՜մ,
Կգա՜մ,
Կգա՜մ…
Տարվա այս եղանակին
Ես ողջու՜յն կհղեմ,
Եվ նռնածաղիկը կկրկնի ինձ,
Եվ կրկին կփորձեմ աչքերիս
Չերևացող կապույտ երակներում
Համբերատար տեղավորել
Երկիր կոչված մոլորակի
Գնդերը արյան…

Ես կգամ,
Կգամ,
Հպատակման ցավից
Թող ոռնան
Հազարավոր անհայտ օվկիանոսներ,
Եվ սիրտը`
Հրաժեշտի հեռավոր ձայնից
խաղաղված,
Թող կրկնի իրեն`
Լինելության բոլոր երազների
Սառը աղոթքներում…

Ես կգամ,
Ինձ թող`
Ձմռան մերկ սառնությունը
Եվ մաքրությունը ձյան…

.
***

Չեմ գրում,
Քեզ եմ տեղավորում
հիշողությանս մեջ
Հայացքիս մեջ,
Առավոտի մարմինը սառն է սակայն,
Ինչպես ներդաշնակության խարխլված պատը
Մահացողի երակներում...

Միտքս նման է ծաղկանոցի,
Ուր բառերի սեթևեթ աչքերում
Լույսի պատուհանը
Պատգամներից վարդերի
Ցողեր է պոկում
Եվ ընդարձակում իմ առավոտը...

Չեմ գրում,
Քեզ եմ տեղավորում աչքերիս մեջ,
Հայացքիս մեջ...
Հիշողությանս պարունակներում,
Կապույտ դրախտներ եմ գծում`
Փակուբաց դռներով...

Միտքս`
Առավոտ է տենչում,
Առավոտն այնպես սառն է, սակայն...

.
***

Լուսինն իր ուռկանն է գործում,
Որպեսզի վաղը դնի
Անառասպել քաղաքիս
Մենության զոհասեղանին
Գիտակցումի աչքն անարև.
Չմոռանամ,
Վաղը ետ հանձնել
Բանալիները եռանկյուն դրախտի,
Քանզի թիթեռնիկները
Չեն սիրում լույսի պակաս,
Քանզի խեցու մեջ այժմ
Երազներից հեշտապատիր
Չեն ծնվում մարգարիտներ,
Եվ բանաստեղծները
Նման են
Անառասպել քաղաքիս
Գունազնագեղ որմնաշարքերին...

Աչքը
Կթափանցի մտքերիս խորքը,
Ու ես,
Գուցե,
Ողջունեմ
Խոնավությունը հողի,
Որ սերմնահատիկ է օրորում...

Թող գործի՛ լուսինն իր ուռկանը,
Որպեսզի վաղն իր
Զարկերակում զգա,
Ջրի թաց թևաբախումը...
.
***

Աստղերը
Ելարաններն են երկնքի.
Ես կգամ
Եվ ծղրիդի երգին կխառնեմ
Հարդագողի ոսկին,
Մարդկանց կտեղահանեմ նախանձի
Ամայության տափաստանից
Եվ մարգագետնի անուշաբույր ծաղիկներից
Պսակներ կհյուսեմ
Գետի երկար վարսերի համար...
Ի՜նչ բարձր են երկնքի
Ելարանները.
Գուցե լուսավորեմ ճամփաս
Լուսատտիկների մաքուր անուրջներո՞վ,
Ի՜նչ ուրախ են մանուկներն այս`
Մինչև ճամփաբաժանը
Անհոգության ու կյանքի.
Գուցե,
Ստվերում ծառի
Այժմ բողբոջն է ննջել,
Սակայն ջրի հետ
Լուսնի արծաթն է տանում
Աղջիկն այս`
Դեպի ելարանը երկնքի...
Ի՜նչ անուշաբույր է խնձորը,
Մեկը խնձոր է կիսում,
Կյանքը` երևի...
ՆՈՒՅՆ ԱՆՈՒՆՈՎ ԿՆՔԵՑԻՆ ՄԵԶ, ԱՇԽԱ՛ՐՀ

Ծնվեցինք,
Նույն անունով կնքեցին մեզ
Աշխա՛րհ,
Մենք երկուսով
Ամռան երկվորյակները դարձանք:
Քանզի երկուսս էլ
Խորշում ենք ժամանակի
Թրատող մելանե ցրտից:
.
***

Շոգեկառք-ժամանակը ճեղքում է
Ժամանակը` անհունով լեցուն:
Եվ անհետանում ժամանակի մեջ`
Ժամանակով` բեռնավոր:
.
***

Երբ աշխարհի հետ իմ մահից խոսեցի,
Ձայնս հասավ չարձագանքող պատին:
Լռության ձկներն ինձ հուշեցին` մահն իմ
Պետք է թաքցնեմ նույնիսկ ինձից:
.
***

Գետը`
Ուշացած մարգագետին:
Երկինքը`
Խարույկ աստղերի:
Մահը`
Հաղթված ինձանից:
.
***

Հողն այլ բան չէ, քան անհայտությունը,
Ուստի ծնվելիս
Գալիս ենք անհայտից,
Եվ հեռանալիս
Գնում ենք անհայտը:
Բացվի՛ր,
Քանզի չեմ կարող
Բազում մեռածների միջով
Տանել ինձ:

***

Մոխրոտների հեքիաթներն այլևս ցնորք են`
Տեղակայված քաղաքիս
Արվարձանների և
Կենտրոնի մերկ
Գարշապարի տակ,
Որի խոցելիության չափը,
Հայտնի էր դեռևս
Աքիլլեսի ծննդից առաջ:


***

Պայծառացումը մտքի`
Մի պահ
Խելագարին
Ներկայի հետ է կապում:
Պարզվում է, սակայն,
Որ այն
Ոչ ազնվացեղ խառնուրդ է
Ներքին և արտաքին տեսիլների
Թափանցիկ խառնաշփոթում:
.
***

Լռել է աշխարհը
Եռացող ասֆալտի տակ:
Եռացող ասֆալտին`
Վազում է բոկոտն կյանքը
Եվ այրում
Հարթաթաթությունը ոտքերի:
.
***

Կիսալուսնի խորքում
Զարմանքից քարացած
Օրվա հայացքը
Մի պահ վերացավ
Եվ սկսեց սահել
Հողի կարծր ստինքների
Կաթնահոտ օրհնությանն ընդառաջ:
.
***

Ապրելու հպարտությունը,
Երբեմն շփոթում ենք
Սովորական,
Շարքային ստվերների
Խոնարհումի հետ:
.
***

Իմ մարմինը լցվում է
Լռությամբ
Հեռացող քո ոտնաձայների,
Եվ հեռվում
Հորիզոնը
Դադարում է նմանվել քեզ...
.
***

Այժմ ինձ ես նայում
Նույն հայացքով,
Ինչպես այն գիշեր,
Երբ ավարտվել էին բառերը,
Եվ թափանցիկ, կուսական քողը մութի
Իր տեղը զիջում էր առավոտին:
.
***

Ոչ մի կրակ չծնվեց
Առավոտյան արևի շողերից,
Երբ փորձեցի
Հայելու դատարկության մեջ
Տեսնել
Տեսիլքը քո սիրո:
.
***

Ես գիտեմ.
Ես նորից կլսեմ արձագանքները
Հավերժական բախումների:
Եվ նույնիսկ
Մահից հետո
Չի դադարի հանդիպումը
Ռեալիզմի հետ:
Ես գիտեմ
Ես մշտապես
Առավել հասուն կլինեմ,
Քան մահը իմ:
.
***

Այստեղ,
Ուր նույնանում են արևն ու հողը,
Սաղմնավորվում են
Առասպելները բոլոր,
Եվ հիշատակները,
Օրերի անդարձ մայրամուտներից`
Դեպի մեզ են գալիս
Իմացության սերմերի միջոցով:

***

Երբ քամին կորավ երկնի թավուտում,
Ծնվեց անձրևը
Եվ մերկացող ճյուղերին
Հիշեցրեց
Իրենց տարիքը:


***

Աշխարհը` լի լուրերի առատությամբ,
Աշխարհը` քար ու հողի բեռից կքած`
Փոքրիկ գերեզմանների ճիչ է դարձել,
Դարձել է արնաշաղախ տիկնիկների բողոք:
.
***

Իմ հոգու մեջ հազար երազ,
Ու ես` վերցրած հազար երազ,
Անցնում էի ճանապարհս,
Օրը հատնում էր,
Ու ճանապարհը չէր վերջանում:
.
***

Միակ ճշմարիտ երգն է սա.
Որ գրվելու է
Մատյանում տիեզերքի,
Մատյանում կյանքի,
Մատյանում դրախտի,
Եվ Նույնիսկ` դժոխքի,
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում:
.
***

Թե մահվան մասին չիմանար աշխարհը,
Գուցե հավերժ ապրե՞ր,
Գարուն-պատրանքը կդառնար մի դար,
Եվ ձկնորսները կձգեին առագաստները
Հեռավոր նավակների:
.
***
Մենք երդվեցինք աստվածներին,
Կյանքո՛վ երդվեցինք`
Հավերժ ապրել.
Օ՜, եթե հավերժ ապրեի՜նք...
.
***

Ամիսը մայրանում է,
Եվ ծերատված լուսինը
Լցվում է նորից:
Ամի՛սը գուցե ասի`
Կդառնա՞ նորից գարունը:
.
***

Եվ նրա համար,
Որ կյանքը փրփուր է,
Եվ նրա համար,
Որ հեշտ չէ ոչինչ,
Եվ նրա համար,
Որ շարունակում եմ ապրել,
Նորից ու նորից լցվում եմ լույսով:

1-ը մարտի

Կարճ գիշերներին փոխարինել են այսօր
Երկար մղձավանջային երազները:
2008: 1-ը մարտի: Գարուն:
Գարշահոտ ծուխ:
Անողնաշար պայքար:
Արդարության ճռռացեղ շղթաներ,
Միլանտրոպիկ գարտերի պես
Ջրափոսում երգող
Դեղին ներբաններով «երազներ» ,
Որոնց առագաստանավը դոլարի լեշեր է բաժանում
Կեսգիշերին կառանվող
«Շերեփի» համաստեղության
Տեղական դագաղագործին:
Մանկության երազը, սակայն,
Ապրելու սոսկալի հնարավորություն է ընձեռում`
Ջահելության քրտնագեղձերից արտադրվող
Առօրյայի «սննդարար» կրկնության
Եվ դեղնաչք աղբարկղերում խրված
Քաղաքաբնակ մտավորականների միջև
Կորցնելու վերջին կանգառը:


Կարմիր հովտաշուշան

Որպես հսկա, քաղցկեղածին օրգանիզմ`
Բնազդի հնացած թևկապով,
Մի թեթև, միակերպ պարոդիա
Մաշտոցի պողոտայում`
Երազի ճերմակ գլխաշոր հագած
Հանուն ստրկության...

Արվարձանները զարթնել են,
Աղջամուղջի դեռ չցրված խավարում:
Քնաթաթախ մեքենաները հորանջում են
Եվ որոնում սուրճի բաժակը:

Վերևում երկինք է, երկինք, երկինք,
Երևի դրախտը դա է,
Վերևում յոթ դեղին խնկածաղիկ,
Յոթ երկար ճանապարհ,
Հասակավոր ամառ, որի բոցե լեզուն
Վազում է մեր երակների միջով`
Սնելով հասունացած բոռերի
Մի ամբողջ երամակ:

Ե'ս եմ, ե'ս, ե'ս ու կրկի'ն ես,
Ի ՞ նչն է ստիպում ինձ սիրել միայն
Մի' տղամարդու
Եվ ոչ բոլորին:
Այլ կերպ` ինչպե ՞ ս սիրել:

Այդպես,
Հեզությունը ծաղիկների
Վտանգվում է ամռան հոսքում
Դաշտամկան վազվզոցից:

Այդպես,
Սերմի` արգանդ ձգվող ճանապարհին
Բնությունը ստրկություն չի ճանաչում:

Այդպես,
Ժամանակը չի սկսվում, չի ավարտվում
Պառաված շան մորթի վրա,
Որ մաքսատան աշխատողին
Վախից` արծաթ է «պահ» տալիս:

Աշխարհի վերքի մեջ խրված`
Մի զույգ ճերմակ մագիլներ
Հիսուն նահանգների երկրից
Ծծմբադեղնավուն մեղրաբլիթներ է առաքում
Ապրանքագնացքների անիվների տակ
Ճռռացող լաբիրինթոսին,
Որի կարմրադարչնագույն երախից միշտ էլ
Ինչ-որ լպրծուն հեղուկ է ծորում`
Մինչ քաղցած ստամոքսի մեջ
Մի պատառ շպրտելը:

Դրանք Ամանորի գիշերվա նվիրական
Երազներ են գուցե,
Որ գրում ենք Կաղանդ պապին
Եվ գցում վառարանի մոտ կախված
Գուլպաների երախը,
Մինչդեռ դրսում
Ձյունը գորշ է
Երազների անմաքըր շնչառությունից...
Իսկ աչքերիս խորքում
Մի անվերջավոր լուսին
Ամառվա կարմիր կեռասներն է հասունացնում:

«Սիրիր մերձավորիդ» -ը չպատճառաբանված է մնում`
Ինչու ՞, Ինչպե՞ս:
Ստիպված օղակաձև մի պտույտ ես գծում
Քո և մերձավորներիդ միջև,
Որովհետև զոհաբերվում ես ամեն օր,
Ամեն ժամ` ջղաձգվում,
Որպեսզի ապրես:

Ամառվա ցուրտը խայթում է
Նույն ձեռքիս
Նույն ափը,
Այս ե՞րբ արմատները իմ ոտնահետքերի
Այսքան խորացան,
Տե’ր դու’ առաջնորդիր,
Զոհաբերման եղջերափողի գալարաձայնը
Դեպի ցողունը կանաչ,
Գուցե՞, մենք այնտեղ վաղուց կայի՞նք:

Բաղրամյան փողոցի լուսանկարիչը
Անհուշարձան, կլորաթուշ, դդմագույն
Դեմքերով պոետների պատկերներն է «քաշում»:
Եվ թռչունի պես զգոն`
Անհետացման հազարաբույր ստրկությունն է գրանցում,
Եվ չոր ավազանում լողացող
Ձկան պես
Լուսնալույսի տակ բերանն է բացխփում`
Աչքը` սիրամարգի փետուրներին:
.
***
Իսկ երկրաբնակ ժամացույցին
Ես ծանոթացա երեկ գիշեր,
Երբ կոշիկներս իրենք իրենց
Լույսից էլ երկար
Ճանապարհ անցան:

Ես դաշինք կնքեցի
Ազատության հետ
Մինչև որ հեռաստանները բոլոր
Կրունկներիս արձագանքը լսեցին`
Դեպի «բարձրը» ընթանալիս:
Նույն հյութն ու նույն արմատն ունեն
Աշխարհի բոլոր կանայք`
Մինչև ձևավորումը սաղմի,
Մինչև խլրտոցը կրծքի տակ,
Մինչև երկրաբնակ ժամացույցի
Պահածոյացված ավազը`
Քարին մանուշակի քնքշություն
Հաղորդելու համար…
.
***
Անմեղության ու մեղքի խարույկում պարելիս
Քաջություն որտեղի՞ց…
Ձյան փաթիլը` գորշ ու խունացած,
Իր մահկանացուն կնքեց
Գետի ճանապարհում:
Հոգիս դեպի վեր է մղվում,
Եվ թռչունը գիշեր ու զօր
Իր մարմինն է ծեծում
Բանտարկության փոշիացնող միջնաբերդում…
Ու մի տերև` քո աչքերի մեջ
Պարզապես ստիպում է գրել,
Եվ լսել ձևավորվող քարի
Մարմնեղ խոնջանքը:
Անձրևի հետ թափվող տեսիլքի պես
Լուծվում է հողի խոնավությունը,
Որ երեկ դեռ
Ապրում էր ձեռքերիս դողով…
Աառը երգեց իմ մեջ այնպես,
Որպես ծաղիկն այս`
Կրծքիս նիրհած…
.
***
Առավոտյան,
Երբ սուրճ եմ խմում,
Երեկեյան հոգսերից
Լվացվող երկնքի փեշից
Ծիծեռնակների
Մի պարս է կախվում
Արթնացումի երգով սնելու
Աշխարհի տաք երակները…
Հետո ցնցվում են
Բարակավիզ խոտերը,
Եվ մեղուների,
Բզեզների
Ու ճանճերի համար
Փոքրիկ խառնաշփոթ է ստեղծվում`
Տերևների երգին հյուսված`
Ծիծեռնակները նախաճաշում են…

Ես ավարտում եմ
Սրճխմությունս,
Ժամը 7-ն անց է 30:
.
***
Ես խորհել եմ քամիների, տերևների
Ու ծառերի մասին:
Ես խորհել եմ լեռների, քարերի
Ու ճանապարհների մասին:

Ես խորհել եմ մարդկանց մասին,
Հանդիպումների ու նվաճումների,
Հրաժեշտների մաին:
Ես խորհել եմ երազների մասին,
Հորիզոնում ճախրող մայրամուտների
Եվ արևից թահվող
Առավոտների մասին:

Ես աստղերի մասին եմ խարհել,
Միայնակ, գիսավոր աստղերի
Ժպիտների ու արտասուքների
Մասին եմ խորհել:

Մի բուռ ձյուն տուր
Նվաճման օրենքի
Չգրված քաղաքականությամբ.
Գուցե, օրն այս, խորհել չտա՞...
.
***
ՆԱՎԱՀԱՆԳԻ'ՍՏ,
ՔԱՂԱ'Ք իմ,
Գիշերային լույսերով վերածնված,
Կեղտոտ ուրվագծիդ մեկնած ափի մեջ,
Մերկացնելով դեղին ատամնաշարը,
Ժողովրդի զարկերակն է բռնում Մսագործը,
Բենզին լցնողը, Ցորեն բերողը,
Օդային բոլոր փոխադրամիջոցները,
Բոլոր «Թել» -երի,
Բոլոր «Ք» -ենդիների տերերը:

ՆԱՎԱՀԱՆԳԻ'ՍՏ,
ՔԱՂԱ'Ք իմ,
Գիշերային ակումբներում
Անողնաշար քրքիջով պարում է
Կիսամերկ ջահելությունը,
Հպարտ, որ կարող է վճարել
Ափի մեջ դրվող ափիոնի համար,
Բայց և մոլորված,
Որ կողոսկրից իր
Այլևս,
Նոր մարդ չի ծնվի...

ՆԱՎԱՀԱՆԳԻ'ՍՏ,
ՔԱՂԱ'Ք իմ,
Փոշուց չորացած դեմքով,
Վաճառվող երեխաների
Ու գիշերային թիթեռնիկների
Մեղքի գլխարկավոր բեռներով,
Թո` ւյլ տուր նայեմ մարդասպանիդ
«Լուսավոր» աչքերին,
Որ իր գործին հլու` Որովայնն է պատռում ՄԵՆՔ-ի

ՆԱՎԱՀԱՆԳԻ'ՍՏ,
ՔԱՂԱ'Ք իմ,
Երգերի, երազների անհոգ մի օրրան,
Թո` ւյլ տուր,
Դիմավորեմ
Այգաբացը քո:
Կոլաժ

Աղբամանի թափոնների մեջ շնչահեղձ է լինում
Երեկվա գործազուրկ մտավորականը,
Եվ կրիայի քայլերով շարժվող ստվերը նրա կյանքի
Ողջունում է օդը մաքուր,
Որ թաքնվել է մոտակայքում:
Ժամանակի կույր աչքը
Ծաղիկների համար պարտեզ է գծում`
Մեղքի և սիրո
Փակուբաց դռներով...
Ես, Ինձ տեր էի կարծում
Իմ ԿՅԱՆՔԻ...
Բայց արի ու տես,
Որ հոգնել եմ կես-երազից,
Կես-կատակից,
Կես-լրջությունից,
Կես-խավարից,
Ու կես-սիրուց...
Որպես խխունջում ապրող մարգարիտ`
Կծկվում եմ իմ կես-կյանքից,
Երազը վաղուց չորցել է
Կես-ճանապարհին`
Որպես անարցունք աչքի «հրճվանք»
Խաղաղ գիշերամուտին...

Ճերմակ թմբիրի գարշահոտությունից
Սողունների կիրքը հագեցնում է
Աներկինք թևավախումը թռչունների,
Եվ քայլող անշարժությամբ
Երեկվա գործազուրկ մտավորականը
Հրճվում է`
Երջանիկ պեղած մանրաձկան
Փայլուն տուփից...
Ես,
Եղրևանու ծաղիկներից սերմ է քաղում
Եվ քայլում լույսի ետևից...
Ծաղիկների ցողուններն ինձ հարցնում են
Կյանքի մասին.
Ապրելակերպ դարձած
Կախաղանի պնդօղակը,
Անհայտ թռչնի բույն է դարձել:

Ես
Եղրևանու ծաղիկներից սերմ եմ քաղում
Եվ քայլում լույսի ետևից...
Պարզունա'կ մարդիկ,
Երբ քայլեք ջրերի ծփանքի ետևից,
Գերեզմանի խավարը հիշեք...
Ես
Ձեզ եմ բերում թռչնի բույնը,
Եվ եղրևանու ծաղիկներից քաղած սերմը...
Պար ձյան վրա

Քամին խլում է բառերս
Եվ ձմեռը,
Մեր սրտերի մեջ է լցնում
Փաթիլները`
Իմ բառերից հյուսած...
Եվ կյանքը,
Կնճռոտած ճակատով,
Իզուր իմաստներ է որոնում`
Հուշերից հյուսված բառերիս կծիկում...
Ձյան վրա,
Մոռացման հուշի թևին
Շշնջում է արդեն կեռնեխը`
Վանդակից փախած:
Ձյան վրա
Հուշերի քարավանն է պարում`
Քո նվիրած սառցե ծաղիկները փռելով`
Օջախի կրակե լեզուներին...
Մահը

Նրա եկած ժամին
Ոչ ոք,
Ոչինչ չի մտածում,
Ոչ ոք
Ոչինչ չի ասում,
Ոչ ոք
Չի լսում
Նրա քայլերի ձայնը:

Նրա եկած ժամին
Ոչինչ չի մտահոգում
Աշխարհի ժաղովուրդներին,
Կյանքը թվում է այնքան հեռու
Ու վերջը կարծես երևում է...

Նրա եկած ժամին
Լռում են հանկարծ զանգերը`
Սիրտ տանող ճանապարհին...

Քար կամ հավերժություն

Երբ լռության մեջ
Գիշերները
Կրճտում են ատամները իրենց`
Հարատևության մի շող է ընկնում
Քարերի վրա,
Որոնք նույնիսկ
Իրենց բացակայության
Միջուկի մեջ
Ապրում են`
Ժամանակի թևին քնած...


***

Իմ աչքերի
Հեղուկ տարածության մեջ մնացին
Գինով երկրակամարը
Եվ կամուրջը`
Ժամանակի անվախճանությունը մեզ կապող:
***
Իմ ափերի մեջ ճշմարտությունն է
մոմի պես վառվում
ու դառնում է երգ…
2002թ.
.
***
Ես գնում եմ նկարելու այս գիշերը
Փթթող նռնենու ճյուղերին հյուսված

***
Իսկ նավակները,
հի˜ն նավակները`
Իրենց վախեցնող կանխատեսությամբ
Հաստատում են ինձ
ասես աշխարհի
անխախտ լինելը…
2002թ.
.
***
Ու խշշոցի մեջ ինչ-որ անսահման
Հարազատ մի բան շամանդաղի պես
Աղոթում է լուռ
Անմոռուկների երկնագույն-ճերմակ
Քարանձավներում…
2002թ.
.
***
Սեր էր,
Երգ էր
Ու հաց…
Դու մնացիր
հեռու-հեռվում,
փոքրիկ կղզյակ…
Քո մեղավոր ձեռքերի մեջ`
Անմեղ ծաղիկ..
Զանգերի ձայն…
Լռության ճիչ…
…Պարապությունը լցվում էր
սիրով,
Իսկ արբեցումի այդ դաշնության մեջ
Դեռ չապրած մի քիչ`
Կարոտ էր ծնվում…
Մութը գործել էր
շքե˜ղ,
մի շքե˜ղ վարագույր…
Կաթնամշուշից խմորվում էր սեր.
Այդ սերն ապրում էր
Ծամկալի նման
Իմ վարսերի մեջ,
Հետո` կաթկթում…
2004թ.
.
***
Մրսում են ծառերը,
օգնեցե́ք նրանց,
Ծածկեցե́ք նրանց…
Արեգակնավառ
ցոլափոխանքով…
2001թ
.
***
Եվ այս երկնագույն սարսուռից մի պահ,
Ու գլխապտույտ ապրումից գուցե
Ծնվո́ւմ են, այո́,
աստվածներն իրենք
և խելագարվում…
1999թ.
.
***
Քանի դեռ մենք կանք, մահը չկա,
Իսկ հենց որ նա գա, մենք չենք լինի…
1999թ.

***
Անհատական փոքրիկ կյանքերից է ծնվում
կյանքը մեծ աշխարհի:
2003թ.


***
Մի փորձիր լինել ինչ-որ մեկի կարգախոսը,
երբ դու բանաստեղծություն ես:
1998թ.
.
***
Ես վատ եմ ճանաչում մարդկանց,
քանզի չափազանց սիրում եմ նրանց:
1998թ.
.
***
Ծիածանը դաշինքն է` մարդու և բնության միջև:
1998թ.
ՃԱԽՐ ՀԵՌԱԳՐԱՍՅԱՆ ՎՐԱՅՈՎ

Իմ ոտնաթաթերը հասել են խոստումին.
Հեռագրասյան վրայով որ մի թռչուն չանցավ,
Եվ թաց լույսերի տարափի տակ
Երկինքը մխրճվեց երկնքի մեջ,
Մերձեցավ սահմանին:

Անցյալ աշնանից մնացած
Երեք դեղին տերև
Համր ֆիլմի հերոսի ձայնեղությամբ
Պատմում են վաղուց հազար անգամ
Կրկնված մի պատմություն:
Ես միացնում եմ ափերս,
Ջուր խմում մի բուռ,
Որ երազս Սանասարի պես
Լիարժեք ծնվի:
.
* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:
.
***

ՆԱՎԱՀԱՆԳԻ՛ՍՏ,
ՔԱՂԱ՛Ք իմ,
Գիշերային լույսերով վերածնված,
Կեղտոտ ուրվագծիդ մեկնած ափի մեջ,
Մերկացնելով դեղին ատամնաշարը,
ժողովրդի զարկերակն է բռնում
Մսագործը, Բենզին լցնողը, Ցորեն բերողը,
Օդային բոլոր փոխադրամիջոցները,
Բոլոր «Թել» -երի,
Բոլոր «Ք» - ենդիների տերերը։

ՆԱՎԱՀԱՆԳԻ՛ՍՏ,
ՔԱՂԱ՛Ք իմ,
Գիշերային ակումբներում
Անողնաշար քրքիջով պարում է
Կիսամերկ ջահելությունը,
Հպարտ, որ կարող է վճարել
Ափի մեջ դրվող ափիոնի համար,
Բայց և մոլորված,
Որ կողոսկրից իր
Այլևս,
Նոր մարդ չի ծնվի...

ՆԱՎԱՀԱՆԳԻ՛ՍՏ,
ՔԱՂԱ՛Ք իմ,
Փոշուց չորացած դեմքով,
Վաճառվող երեխաների
Ու գիշերային թիթեռնիկների
Մեղքի գլխարկավոր բեռներով
Թույլ տուր նայեմ մարդասպանիդ
«Լուսավոր» աչքերին,
Որ իր գործին հլու՝
Որովայնն է պատռում ՄԵՆՔ -ի:

ՆԱՎԱՀԱՆԳԻ՛ՍՏ,
ՔԱՂԱ՛Ք իմ,
Երգերի, երազների անհոգ իմ օրրան,
Թույլ տուր,
Դիմավորեմ
Այգաբացը քո։
.
***

Տե՛ր Զորավոր,
Առավոտը լիներ
Այս ջրամանի պարզության նման,
Քո երգը լիներ
Քո խորանի մեջ,
Ու թող երկիրն իմ հանդարտ երկունքվեր,
Ձվադրեր հանդարտ
Իմ աչքերի մեջ.
Ես՝ վաղորդայնի լույսերի խորքում՝
Ցերեկանայի...
.
***

Ես քրիստոնյա եմ՝
Ի լուր աշխարհի,
Աշխարհի համար
Աղոթքս՝ դեպի Արևելք
Օրվա շպրտած քարը
Անցնում է աղոթքիս կողքով.
Ամեն առավոտ ես լվացվում եմ,
Ես գիտեմ, որ
Ջրի իմաստնությունը ճիշտ հոսելու մեջ է։
Օրինաչափություններ գուցե և կան,
Ինչո՞վ բացատրել այդժամ
Տրոփյունը լույսի
Առավուոյան աղոթքիս
Սահմաններում անպարագիծ...
Ես քրիստոնյա եմ.
Շպրտված քարը
Անցնում է աղոթքիս կողքով,
Բառերով վանդակներ չեմ ստեղծում ես՝
Ապրելու համար...
Ես հայ եմ,
Քրիստոնյա,
Ի լուր աշխարհի,
Աղոթքս՝ դեպի Արևելք։
.
***

Կանչի՜ր ինձ,
Ձայնդ նման է Արարչի ձայնին,
Վաղորդայնի շիկահեր վարսերը,
Փռի՜ր իմ մանկության
Ոսկեծամ արահետներին,
Մտքի մեղմությամբ բացահայտիր
Տրոփը հոգուս.
Եվ լույսի առատութամբ լցրու
Հայելիներում թաքնված գաղտնիքները։
Կանչի՛ր ինձ.
Եվ ավազանի տոնայնությունից
Վազող ջրերի սլաքների մեջ
Թող ես վերածվեմ շրջանակների,
Ինչպես հալվում եմ իմ տողերի մեջ,
Երբ պատահաբար ջերմացնում է ինձ
Ցայգալույսը տաք...
Ձայնդ նման է Արարչի ձայնին,
Թող հասնի ձայնդ
Մանկության երազին թևավոր,
Քանզի երազը
Տաճար է տանում
Նույնիսկ անհավատներին...
Կանչի՜ր ինձ.
Հայտնագործելուց հետո,
Հասարակածի դեղին շեմին հասցրու...

***

Իմ բախտը բերել է,
Ես մարդ եմծնվել։
Ես չեմ ծեծում լույսը
Տնից տուն ընկած ճանապարհներին,
Եվ չեմ շփոթում աղոթքը
Թութակի պերճախոսության հետ։
Երբ ապրում է բառը,
Բանաստեղծը նրա ապրումից
ճոճք է կապում՝
Անցյալից հավերժություն,
Եվ սանդուղքներ ձգում մենության փողոցներում...
Եվ խամրում է երազը՝
Դատարկության խանդակից
Դեղնած օրենքներ գործելով
Աշխարհի ապականման
Քարե տանիքներին...
Երբ երևում է ձյունը,
Քո աչքերի թաց կարոտներում,
Ես լսում եմ թախանձանքի սրտխփոցները.
Եվ տրտմությունը
Քո երակների գույներով գաղտնի
Տարածությունների անվերջ
ճամփորդություն է դառնում
Անորոշության
Դատարկ վայելքներում։
Երբ ծնվում է թիթեռը,
Նրա թևերի բացխփոցներից
Նռնենու ծաղիկների վրա
Աչքեր են թառում՝
Լույսի ևքո
Շնչառության ոտնաձայները
Զգալու համար...
Իմ բախտը բերել է,
Ես՝ մարդ եմ ծնվել...
Որքան ուզես՝ սեր,
Որքան ուզես՝ արև,
Որքան ուզես՝ կարոտ...
Միայն՝ ապրիր։


***

Ես քայլումեմ այն ճանապարհով, գուցե,
Որով քայլել են իմ նախա - նախա - պապերը.
Եվ նրանից լավ
Ոչ ոք չգիտեր
ՃԱՆԱՊԱՐՀԸ,
Ես ապավինումեմ այն հույսին, գուցե,
Որին ապավինել են իմ նախա- նախա- պապերը,
Եվ նրանցից լավ
Ոչ ոք չէր վստահում
ՀՈՒՅՍԻՆ,
Ես հավատում եմ նույն Աստծուն նաև,
Որին հավատացել են իմ նախապապերը։
Աստվա՛ծ զորավոր,
Քե՜զ էլ օգնական...
Ես հավատում եմ նաև
Նու՜յն ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ,
Որին հավատացել են իմ նախա- նախա- պապերը,
Եվ նրանցից լավ
ԼՈՒՅՍՆ այդ
Ոչ ոք չէր տեսնում,
Ես հավատում եմ նաև այն ՍԻՐՈՒՆ
Որին հավատացել են իմ նախապապերը,
Եվ նրանցից լավ,
Հաստատ,
Ոչ ոք չի սիրել...
ՄԵՏԱՄՈՐՖՈԶՆԵՐ

«Մի զարմանա. մասնագիտությունս
մետամորֆոզներն են»
Ի. Բրոդսկի

Դու խոսում ես ջո՜ւր,
Եվ գաղտնիությո՞ւն,
Թե՞ գաղտնապահություն ես ուսուցանում
Երակներիդ դանդաղ,
Բայց՝ եռքի մեջ։
Բառերը բառեր են միայն,
(ուրիշ ոչինչ),
Երբ ձգվում են թեթև շղարշ որպես,
Եվ հետո,
Շոյանքն է մնում նրանց.
Ընդամենը։
Անվախճանական հրապուրանքները
Տանում են բառերն իրենց շնչին՝
ճանապարհներով,
Որոնք չունեն հասցե,
Եվ անհայրենիք գնչուների պես
Թափառում են
Երկնակամարից երկնակամար։
Դու խոսում ես ջո՛ւր,
Եվ խիղճն այնտեղ է,
Որտեղ բառերը
Բարձրանում են հողից,
Եվ ճառագումը հայտնաՏԵՍՈւԹՅԱՆ
Հզոր գետի նման
Շրջում է միայնակ։
Բառերը բառեր են միայն,
Երբ անկողնուդ մոտ,
Որտեղ երկունք ես ապրել մի օր,
Պտտվում է մահը։
Եվ գետը մթնշաղի
(Ոչ այնքան տարօրինակ,
Որքան թվում է),
Մի օր հանկարծ,
Հետկեսգիշերին,
Երկնքից կախում է թռչունախումբը
Սառնամանիքների,
Եվ բառերը,
Դարձած բուեր,
Հազարավոր երամներով,
Զոհվում են պատերազմում սկյութական։
Չէ, ՜ անմահներին է հասու միայն
Ջերմաստիճանը
Սովորական հարափոփոխ
Աստղերի,
Նրա՛նք գիտեն միայն,
Որ ամեն բան,
Հենց այնպե՛ս,
Անզեն աչքով էլ երևում է,
Որ շրջասությունը ձկան,
Որ անտեսարան ելքը հայելիների,
Որ անաչք ծլարձակումը մամուռի
Ապահովում է
Գաղտնապահությո՜ւն,
Եվ մենք դառնում ենք լոկ ժամանակի
Ամենակերության
Փորձանոթը։
Եվ գաղտնիք չէ,
Որ ապրած բառերից հետո,
Հետկեսգիշերի՜ն,
Երկնքի ճիշտ կենտրոնո՜ւմ,
Քնում ենք առանց ծածկոցի
Եվ լույսի մեջ խճճվելով՝
Փոխարկվում ենք թռչող աստղերի։
.
***

Ես բնակվում եմ ինձնից դուրս,
ԱՅԼ աշխարհում,
Ուր հիերոգլիֆները եգիպտական
Հարավցու խաժ աչքերի մեջ
Լսելիության հասնող
Տարօրինակության պես
Պաւոմություն են ճարտասանում.
Հատկապես,
Երբ, վարակված ամենակերությամբ,
ԱՆՄԱՀՆԵՐԸ
Բացում են դռները
Զվարճանքների տան,
Ետ են քաշում գիշերները
Թռչնի դեմքից,
Եվ շրջասությունը ձկան
Մեկնաբանում են
Աստղերի դեղին ախպերության
Շիկացվածքի մեջ։
Եվ տարրալուծված էությունը
Նո՜ւյն հարավցու
Իզո՜ւր,
Այբուբենի տառերն է փորձում հիշել,
Եվ ընդամենը։
Ես բնակվում եմ նեոլիթի և պալեոլիթի
Շերտերի տակ,
Եվ տիեզերքն ինձ ուսուցանում է
ԳԱՂՏՆԱՊԱՀՈւԹՅՈ ՜ւՆ,
Եվ սողունները,
(Որքան էլ որ տարօրինակ է)
Արդարացնում են գոյությունն իրենց
Առնետագույն։
Եվ գաղթում են թռչունները
Ականապատված երկինքների միջով
Եվ թերթերը դեղին, նարնջագույն,
Հոխորտում են մեկմեկու վրա,
Նստում են անցյալի նստարաններին
Եվ դիտում քաղաքական հրավառությունների
Հավերժական շքերթները։
Ես բնակվում եմ
ԱՀ-ի* և ՌԱ-ի* ճիշտ կենտրոնո՜ւմ,
Ես՝ ՌԱ-ի արցունքի կաթիլն եմ փոքրիկ,
Ես՝ դեմիուրգ*-արևը,
Որ կիսվում է Օսիրիս-ԱՀ-ի*
Եվ Ռեվերի*
Եվ կյանքի միջև,
Եվ դառնում մարդ։
(Աստված իմ, ներիր եգիպտական տերմիններիս համար,
ուղղակի այդպես ավելի հեշտ է, իսկ քեզ համար,
գիտեմ, միևնույն է)
Հանուն ՀՈՐ և ՈՐԴՈւ և ՍՈւՐԲ հոգու
Եվ մոր...
Փոքր շան համաստեղությունը
Հսկում է երկնքից։
Աուպութը
Հերթով դեպի Դուաթ է առաջնորդում
Հոգիները մեռածների,
Որոնց էբ-երը կշռում է Անուբիսը,
ԵվՔեբերը
Ուղեկցում է ստվերները հանգուցյալների
Դեպի Հադես։

Ես բնակվում եմ ինձնից դուրս,
ԱՅԼաշխարհում,
Ոոտեղ միջանցաքամին
Մտմտում է պոկել
Խոցը ստորոգումի խոնարհված ողնաշարից։
Ես բնակվում եմ ջրափոսերում
Եվ կոտրատվո՜ւմ են ոսկորներս նուրբ՝
Խոնավությունի՜ց...
Վարժվել եմ այնպե՜ս
Ես խուսանավել
Պարտականությունների
Անզո՜ւսպ - անզո՜ւսպ ցուցակներից,
Եվ կողքիս մրսող եղյամոտ նստարանին
Մի շրջմոլիկ է նստած հիմա,
Համարյա՜
Եգիպտական քնատ մի աստված
Եվ կարմիր փայտից կերտված
Աչքերի գիշերագույնն է թողնում
Մանուշակագույն շրջազգեստիս դարձածալերին...
Եվ հասկանում եմ ես՝
Ջերմաստիճանի ավելացումը
Տարվա այս եղանակին,
Դարձնում է քեզ
Ամենուրեքյա՜ն,
Եվ կյանքը՝
Մետամորֆո՜զ...
Եվ բանկատոմսերի այլումինե հսկումը
Արագացնում է պտույտը տիեզերքի,
Եվ որպես շուն, որպես առնետ,
Խավարասեր որպես՝
Անմահները տառապում են
Ամենակերությա՜մբ։
Եվ ես լսում եմ
Խոտի փոքրիկ - կանաչ շնչառությունը
Սառույցների մեջ
ՏԱՓԱՍՏԱՆԻ,
Որ նույնպես մետամորֆոզ է,
Եվ հասունանում է ժամանակը
Գահավիժումի՜...
Մետամորֆո՜զ...
*
Ահ- (հին եգիպտական ih, aհ) - «լուսին» -Լուսնի աստվածություն, որ հետո նույնացվում է Թոթի և Օսիրիսի հետ:
Աուպութ- (բառացի՝ ուղիներ բացող) -Այլաշխարհային աստված, որ հանգուցյալին ուղի է բացում դեպի Օսիրիսի Տուն, նրան Անուբիսի հետ միասին ուղեկցում դեպի դուաթ։ Մեռյալների, գերեզմանների, թաղման ծեսերի հովանավորը։
Դուաթ-Այլագոյությունը, եգիպտացիների պատկերացրած այլաշխարհը՝ Դուաթը պատկերվել է որպես աստղային երկինք, ուր ձգտում էին հասնել մեռյալների հոգիները՝ աստղերի մեջ բնակվելու համար։ Երկնքում նրա պատկերն է Փոքր Շան համաստեղությունը։ Հին հունական դիցաբանության մեջ ինչ-որ չափով նույնանում են Քեբերը (Հադեսի դռան մոտ հսկող շունը) և Հերմես-Պսիխոպոմպը, որը հանգուցյալների ստվերները ուղեկցում էր դեպի Հադես։
էբ-հանգուցյալի հոգի-սիրտը։
Անուբիս- (Հին եգիպտական. inpw) -Գլխավոր աստվածը մեռյալների թագավորության մեջ։
Ռա- (հին եգիպտ. Ra) - «Արև», որը ցերեկային մակույկով անցնում է երկնային Նեղոսով, իսկ գիշերն անցնելով ստորերկրյա աշխարհով՝ կռվում էր Ապոպ օձի և չարի ու խավարի այլ ուժերի հետ։
Ռեվեր-Ռա աստծո մակդիրը (նշ.է Մեծ) ։
Օսիրիս-Տիրակալն անդրշիրիմյան աշխարհի, ավագ որդին Գեբի և Նութի, Իսիդայի եղբայրն ու ամուսինը, Հորի հայրը։

Ծանոթ.՝ Հեղինակի
Հանրային Ռադիո. ներկայացվում է Նաիրա Համբարձումյանի ''Տեքստ և մեկնություն'' գիրքը: Հաղորդման հեղինակ` Հուսիկ Արա
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
12978 | 0
01:01, 08.12.2017
29881 | 0
23:45, 27.08.2017
21569 | 0
դեպի վեր